Ենթակառուցվածքների զարգացում -

«Զվարթնոց» կգնանք նոր ճանապարհով ու երկաթուղային գծով

Գործադիրը երեկ հավանություն տվեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի եւ ազատ տնտեսական գոտու մոտեցման տրանսպորտային ենթակառուցվածքների ծրագրին:

Ըստ այդ ծրագրի, ինչպես տեղեկացնում է տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, դեպի օդանավակայան տանող նոր ավտոմոբիլային մայրուղի եւ երկաթգիծ կկառուցվի: Երկաթուղային նոր գիծը թույլ կտա, որպեսզի միեւնույն երկաթուղային գծով «Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորատար տերմինալը կապ հաստատի գոյություն ունեցող Չարբախ մետրոպոլիտենի կայարանի հետ, իսկ բեռնային համալիրը՝ Կարմիր բլուր կայարանի հետ՝ արագընթաց գնացքի միջոցով: Գծի երկարությունը մոտավորապես 7.5 կմ է: Նոր անցնող գծին զուգահեռ անցնում է գոյություն ունեցող Մասիս-Նուռնուս երկաթգիծը եւ չգործող՝ ապամոնտաժված քար ջարդման տեսակավորման գործարան տանող երկաթգիծը:

Իսկ վերգետնյա  երրկաթգծային տարբերակը կպահանջի կառուցել ուղեւորային հարթակ Չարբախ մետրոպոլիտենի կայարանի մոտակայքում, որից հետո, կկառուցվի նոր երկաթգիծ՝ 200 մ երկարությամբ շարունակելով դեպի Չարբախ կայարանը: Անցնելով Կարմիր բլուր կայարանը՝ գոյություն ունեցող գծով միանում է Մասիս-Նուռնուս երկաթգծին: Այնուհետեւ կառուցվում է 3.7 կմ երկարությամբ նոր երկաթգիծ՝ մինչեւ «Զվարթնոց» օդանավակայան: Բեռնափոխադրումներն առաջարկվում է իրականացնել՝ կապելով «Զվարթնոց»-ի բեռնային տերմինալը կառուցվելիք գծի հետ եւ ելք ապահովելով դեպի Կարմիր բլուր կայարան: Իսկ ուղեւորափոխադրումներն առաջարկվում է իրականացնել՝ կապելով «Զվարթնոց»-ի ուղեւորատար տերմինալը մետրոպոլիտենի Չարբախ կայարանի հետ: Ի դեպ, օտարման գոտին հատկացվում է միայն նոր կառուցվող 3,9 կմ հատվածի համար եւ կազմում է 3,84 հա: Ծրագրի կառուցման արժեքը, առանց հաշվի առնելու օտարման համար անհրաժեշտ գումարը, կկազմի 5 մլն. ԱՄՆ դոլար, որից 1,5 մլն. դոլարը՝ 3,6 կմ պատրաստի հողապաստառի վրա վերանորոգման,  3.1 մլն. դոլարը՝ 3,9 կմ նոր երկաթգծի կառուցման եւ 0,4 մլն դոլարը՝ 2 արհեստական կառույցների համար:

Իսկ դեպի «Զվարթնոց» օդանավակայան նոր ավտոմոբիլային մայրուղին նախատեսվում է իրականացնել երկու առանձնացված եռագիծ տարբերակով: Ճանապարհի գծերից մեկը նախատեսվում է հասարակական տրանսպորտի երթեւեկության համար: Մայրուղին շրջանցելու է Փարաքար եւ Արգավանդ բնակավայրերը եւ կմիանա ապագայում կառուցվելիք Իսակովի պողոտա – Շիրակի փողոց տեղամասին: Մայրուղու ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 3,5 կմ:

 Երկու մայրուղիների հատման տեղամասում նախատեսվում է իրականացնել տարբեր մակարդակներով՝ տրանսպորտային հանգույց, որը կապահովի երթեւեկության անվտանգ շարժումը բոլոր ուղղություններով:

Նախնական հաշվարկների համաձայն, կառույցի ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 45 մլն. դոլար՝ առանց օտարման գոտու համար նախատեսվող գումարների: Նշված գումարից 25 մլն. դոլարը նախատեսված է ավտոճանապարհի եւ էստակադայի կառուցման համար, իսկ 20 մլն. դոլարը՝ տրանսպորտային հանգույցի, ինժեներական ենթակառուցվածքների եւ լուսավորման սյուների համար:

Այս ծրագիրը, ինչպես «Լուսանցք»-ին պարզաբանեց տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, հետեւյալ արդյունքները մեզ կտա:

Նախ՝  «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղեւորահոսքը կապահովվի, դեպի օդանավակայան տանող միակ ավտոմոբիլային ճանապարհը կբեռնաթափվի, Երեւանի, որպես զբոսաշրջային քաղաքի, վարկանիշը կբարձրանա եւ այլն:

Դատելով ծրագրից, այն կարեւոր է մեր երկրի համար: Ուստի «Լուսանցք»-ը մշտապես ուշադրության կենտրոնում կպահի թեման:

Հավելենք, որ դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան նոր ավտոմայրուղու եւ երկաթգծի շինարարությունը նախատեսվում է իրականացնել պետություն-մասնավոր համագործակցության միջոցների հաշվին: Նախագծերի իրականացման հիմնական շահառուներից են «Զվարթնոց»-ի կոնցեսիոները, «Հարավ Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն:

Աստղինե Քարամյան

Այդ աճերի հակառակ էֆեկտը

ՀՀԿ տնտեսական համաժողովում նշվեց, որ 2008-2011թթ. ընթացքում կառավարության կատարած քայլերը հնարավորություն են տվել ապահովել արդյունաբերության 13% աճ, որը 20-ամյա անկախ Հայաստանի զարգացման ընթացքում աննախադեպ է: Մասնակիցները համարում են, որ ՀՀ կառավարությանը հաջողվել է ճգնաժամից հետո կայունացնել տնտեսությունը:

Համաժողովին ներկա արտերկրից ժամանած պատվիրակների թվում էր ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Իգոր Չերնիշենկոն, ով հայտարարեց, որ «թե Ռուսաստանում, թե Հայաստանում քաղաքական դաշտը շատ բարդ է, եւ երկու երկրներն էլ պետք է պահպանեն այն կուրսը, որ մինչ օրս որդեգրել
են: Հայաստանը Ռուսաստանի համար ոչ միայն ռազմավարական գործընկեր է, այլեւ հայրենի երկիր, քանի որ Ռուսաստանում այսօր բնակվում են բազամաթիվ հայազգի քաղաքացիներ: Բացի այդ, մայրս հայուհի է, ու ես շատ եմ հարգում հայ ազգին»,- ընդգծել է Չերնիշենկոն՝ հավելելով, որ «մեր երկրներն առանց մեկը մյուսի չեն կարող»:

«Եվրոպական ժողովրդական» կուսակցության անդամ Նիկոլա Բրիքը հայտարարեց, որ ԵԺԿ-ն լիովին սատարում է ՀՀ իշխանություններին՝ իրենց բարեփոխումների իրականացման ճանապարհին եւ տեղեկացրեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրավիրվելու են դեկտեմբերին Մարսելում կայանալիք ԵԺԿ-ի համագումարին:

Մինչ այդ ՀՀ վարչապետը հայտնեց, որ սպասվում է համաշխարհային ճգնաժամի նոր ալիք, ինչին պետք է պատրաստ լինել:

Նկատենք՝ համաշխարհային տնտեսությունը վտանգավոր փուլ է մտել, որի ընթացքում զարգացած պետությունների տնտեսությունները կարող են կրկին հայտնվել տնտեսական անկման պայմաններում, ինչը բացասական կանդրադառնա նաեւ զարգացող պետությունների տնտեսությունների վրա: Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը:

Տնտեսական թույլ աճը եւ հսկայական ծավալների հասնող պարտքային պարտավորությունները չեն նպաստում պահանջարկի, ներդրումների ծավալների եւ աշխատաշուկայի աճին: Հարցը բարդանում է զարգացած պետություններում պարտքի պատճառով գոյացած խնդիրները լուծելուն ուղղված քաղաքական կամքի բացակայությամբ: ԱՄՀ-ի ղեկավարը հորդորել է միջազգային հանրության առաջնորդներին ձեռնարկել այնպիսի հրատապ համատեղ միջոցներ, ինչպիսիք վերջիններս ձեռնարկել են 2009թ.՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի դեմն առնելու նպատակով:

Զուգահեռաբար ասվում է, որ մեր երկրի 2012թ. բյուջեին ունենալու է սոցիալական ուղղվածություն: 35 մլրդ. դրամով կավելանան սոցիալական հատկացումները, 3000 դրամով՝ թոշակները, 2700-ով՝ սոցիալական նպաստները: 2012թ. հարկահավաքությունը կկազմի 101 մլրդ. դրամ, իսկ hարկային եկամուտները կազմելու են 96 մլրդ. դրամ: ՀՆԱ աճը նախատեսվում է 4,%:

Ի՞նչ է ստացվում. ՀՀԿ համաժողովում խոսվում է արվածից եւ արվելիքից, արտերկրի պատվիրակները գեղեցիկ խոսում են ու խոստումներ տալիս, Արժույթի միջազգային հիմնադրամը ընդհանրապես շատ երկրների, այդ թվում եւ՝ Հայաստանին վարկեր է տալիս, հետո խոսում է պարտքի պատճառով գոյացած խնդիրներից, միջազգային ճգնաժամից, հետո մերոնք ասում են, որ կենսաթոշակներն ավելանալու են, տարբեր սոցհատկացումները նույնպես, բայց քաղաքացուն այս ամենը չի հետաքրքրում, որովհետեւ նա այդ աճերը իր մաշկին ճիշտ հակառակ էֆեկտով է զգում. 3 հազ դրամով թոշակն ավելանում է, բայց նա այդ ամիս եւս 3 հազ դրամով ավելի ծախս է անում, որովհետեւ թանկանում են առաջին անհրաժեշտության ապրանքները: Այսինքն՝ քաղաքացու համար ավելացումը ավելացում չէ իրականում:

Անի  Մարության

Շնչանք  եւ արտաշնչանք –
Ժաժքի՞ հարկն է

Թուրքիայի «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Ինչպես փոխանցում է թուրքական «Milliyet»-ը, ընդդիմադիր կուսակցապետը ելույթի ժամանակ, դիմելով Էրդողանին, շեշտել է. «Վանի երկրաշարժի հետեւանքով հարյուրավոր մարդկանց գերեզման դարձած անորակ շենքերի բնակեցման թույլտվությունն ո՞վ է տվել: Ժողովուրդը երկրաշարժի համար հարկ է վճարում, դու ի՞նչ ես արել: Ահաբեկչությունը ինչպե՞ս ես վերացնելու»:
Թրքական շնություն

Թուրքիայի կառավարությունը երդվյալ հակահայ գործիչ (այժմ «Էրգենեկոն»-ի գործով ձերբակալված է) Դողու Փերինչեքի կողմից Շվեյցարիայի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացրած հայցով գրություն է ուղարկել:

Բանն այն է, որ  Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիայից գրություն է պահանջել՝  Փերինչեքի կողմից Շվեյցարիայի դեմ բացած դատական հայցի համար: Թուրքիան Փերինչեքի օգտին գրություն է ուղարկել ՄԻԵԴ:

Տեղեկացնենք, որ շվեյցարական դատարանը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար դատապարտել է Փերինչեքին: Սա հայտնի է խիստ հակահայ գործունեությամբ:  Նրա ստեղծած «Թալեաթ փաշա» կազմակերպությունը Եվրոպայում պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: Մինչդեռ թուրք լրագրողները պարզել էին, որ Փերինչեքը արմատներով հայ է, քանի որ այն գյուղում, որտեղ ապրել են իր հայրն ու մայրը, բնակչությունը կազմել են բացառապես հայերը:
Թուլացնող ճաշ

Թուրքական «Hurriyet»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 1-ի առավոտյան սկսված Աֆղանստան-Պակիստան բանակցություններն անցել են բավականին լարված մթնոլորոտում, ինչը ստիպել է Թուրքիայի նախագահին լարվածությունը թուլացնելու քայլ անել:

Այլ
կերպ՝ Աբդուլլահ Գյուլը անձամբ նստել է մեքենայի ղեկին եւ հյուրերին տարել ճաշի՝ «Four Seasons» (թարգմանաբար՝ «Չորս եղանակներ») հյուրանոց: Մեքենայում Գյուլի կողքին նստել է Պակիստանի նախագահ Զերդարին, իսկ հետեւում՝ Աֆղանստանի նախագահ Քարզաին եւ Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն:

Ամենամեծ ուշունցը

Ամերիկյան բարձրաշխարհիկ երեկույթների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի ամուսնալուծությանն անդրադառնալով՝ ամերիկյան «New York Times» պարբերականի սյունակագիր Նիկոլաս Քրիստոֆը գրել է. «Քիմ Քարդաշյանը կարող էր իր հարսանեկական արարողության վրա ծախսած գումարով 200 դպրոց կառուցել աղքատ երկրներում: Ամերիկահայերի անունից ես ներողություն եմ խնդրում Քարդաշյանի համար: Եկեք լուրեր տարածենք, թե նա իրականում թուրք է»:

Քրիստոֆի այդ խոսքերը զայրացրել է ամերիկյան մեկ այլ պարբերականի՝ «Forbes»-ի վերլուծաբան Էլմիրա Բայրասլիին, որը գրել է. «Քիստոֆը հանդես է գալիս աղքատների պաշտպանությամբ, բայց պատրաստ է մի ամբողջ էթնիկ խմբի (թուրքերին) վարկաբեկել»:

Հետաքրքիր է, «Forbes»-ի վերլուծաբանը չգիտի՞, որ «թուրք»-ը վիրավորանք է բոլոր ժամանակներում եւ՝ արդեն վաղուց…

Իսկ «New York Times»-ի սյունակագիրն էլ թող հասկանա, որ Քարդաշյանը անող լիներ, ՀՀ-ի համար կաներ: Մեր աղքատները նրան լիուլի բավարար էին:

Երկրի ժանտախտը

Ադրբեջանցի երգիչներն այլեւս չեն կարող երգել Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգում: «Ադրբեջանցի երաժիշտներին այսուհետ արգելվում է մասնակցել Իրանի Արեւելյան Ադրբեջան նահագում կազմակերպվող հարսանիքներին եւ այլ հանդիսավոր միջոցառումներին: Հարսանիքներին Ադրբեջանից երաժիշտներ հրավիրելն անօրինական կհամարվի»,- «Սեհերին» ասել է իրանցի պաշտոնյա Մուհամմեդ Գաֆարզադեն՝ ընդգծելով, թե այդպիսի որոշում կայացրել են իրանական իշխանությունները, եւ որ ադբեջանցի երաժիշտների ներկայությունն Իրանում կարող է մշակութային լուրջ խնդիրներ առաջացնել:
Խելոք գերմանացին

Գերմանիայի հանդեպ ջերմ վերաբերմունք ունեցող թուրքերը այլեւս հիասթափվել են այդ պետությունից, քանի որ «Գերմանիայում 3 մլն. թուրքեր են ապրում, բայց Բեռլինը բավականաչափ ուշադրություն չի դարձնում գերմանաբնակ թուրքերի՝ հասարակությանն ինտեգրվելուն»: Այս մասին գերմանական «Bild» պարբերականին տված հարցազրույցում ասել է Գերմանիայում գտնվող Թուրքիայի վարչապետ Էրդողանը: Նա նաեւ քննադատել է Գերմանիայի իշխանություններին՝ Թուրքիային ԵՄ անդամակցության գործում չաջակցելու համար:

Գերմանիան սկսել է իր ապագայի մասին մտածել: Եվ ընդհանրապես, եվրոպական շատ երկրներ են իրենց ժողովրդավարության պատճառով թուրքերի ձեռքը կրակն ընկել:

Համացանցի փնտրտուքներից՝

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 38 (214), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։