Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության -

Այն երկիրը, միայն որտեղ հնարավոր էր գեղեցիկ գործեր անել (Արմենիա էթոնիմի իմաստաբանության շուրջ)

Տե՛ս  նաեւ թիվ 36

Մեր հաջորդ էթնոպատկան անունն է Արմենիա: Այս տերմինի ծագումնաբանական խնդիրների հետ կապված նույնպես բավականին ուսումնասիրություններ կան: Մենք չենք անդրադառնա Արմենիա տերմինի առաջացման տեսակետներին, այլ այդ տեսակետների միջից դուրս կբերենք հնարավոր ռացիոնալը եւ կներկայացնենք մեկ այլ տեսակետ՝ եզրահանգումը թողնելով ընթերցողին: Մենք մերժում ենք այն տեսակետը, որ հայ էթնոտեսակի կայացման մեջ էական դեր են ունեցել երկու էթնիկ տարր՝ հայերը եւ արմենները:

Միանգամից ասենք, որ ընդունելի չէ Արմենիա տերմինը բխեցնել Արամ անունից: Ըստ տրամաբանության՝ Արամ անունից պետք է առաջանար Արամենիա տերմինը: Արմենիա տերմինի հիմքում ընկած է ոչ թե Արամ անունը, այլ Արմեն տերմինը, որը կազմված է Ար եւ մեն մասերից: Ար(ա)մենիա տերմինի մեջ «ա» ձայնավորի բացակայությունը, այլ ոչ թե սղումը, սկզբունքային է եւ պետք է հուշի, որ տերմինները նույնական չեն:

Անտեսվում է Արմենիա եւ Արմենոիդ քաղաքակրթական տերմինների ուղիղ կապը Արմեն տերմինի հետ: Արմեն երեւույթը պետք է դիտարկել միայն եւ միայն որպես քաղաքակրթական համակարգի մի մաս, Արմենիա մակդիրը հայ էթնոսի համար էթնիկական է դարձել բավականին ուշ շրջանում, իսկ ավելի հստակ՝ Ուրարտական կայսրության լուծարումից հետո: Արմեն տերմինը գաղափարախոսական է եւ այն առկա է Հայոց Լեռնաշխարհում հետեւյալ տերմիններով՝ Ս(շ)ուբուր կամ Ս(շ)ուբարի, շումերերեն՝ U.BUR-SU. BIR կամ ARATTA, աքադերեն՝ ubartu, Subartum, ասուրական՝ ubari կամ ubria, իսկ վերջինս արդեն ուրարտական աղբյուրներում հայտնի է որպես Arme-Urme:

Արմենիա տերմինը բխեցվել է հայ էթնոտեսակի ներսում երբեւէ գոյություն ունեցող Արմեն գաղափարախոսական ուղղությունից, ինչպես ժամանակին Թոնդրակ եւ թոնդրակեցիները, Պավլիկ եւ պավլիկյանները եւ այլն: Յայ-Հայ էթնոտեսակի վրա դրված Արմենիա մակդիրը միայն եւ միայն կապված էր գաղափարական խնդիրների հետ, ուստի եւ հենց գաղափարական դրույթներից ելնելով փորձ կատարվեց հայ էթնոսին ծագեցնել արեւմտյան Բալկաններից եւ նախնական օրրան հայտարարելով հայ էթնոսի համար Կապադովկիան: Հետընթաց հայացքով կարող ենք տեսնել, թե ինչու հենց Արամը պետք է Կապադովկիայում հաղթանակեր: Ամրապնդման համար հիշենք՝ Կապադովկիայում հայերի հետքերը կարող են բացահայտվել ոչ միայն հայ էթնոտեսակի առասպելական հաղթանակից հետո: Հայկի ժառանգ Արամի առաջնորդությամբ Կապադովկիայում պետք է շարունակվեր գեղեցիկ գործի գաղափարը կամ ուղղակի մեզ հայտնի Արա Գեղեցիկ տերմինը: Մեր կարծիքով՝ Արա Գեղեցիկ գաղափարախոսությունից ստեղծվեց Հետտիտների Վիլուս մայրաքաղաքի անունը, որն ուղղակիորեն կապվում է Արամի որդի՝ Ուլուսի անվան հետ, երկուսի հիմքում ընկած է «լույս» հայկական տերմինը, եւ որը հետագայում պետք է դառնար լուքս, այսինքն՝ բարձրագույն կամ կատարելություն:

Արամական կամ գեղեցիկ գաղափարախոսության ամուր հիմքը ապահովելու նպատակով Մասիս սարը եւ նրա հարակից տարածքները, նաեւ լեռները կոչվեցին այդ գաղափարախոսությունը իրականացնող Արամանյակի սերունդների անուններով, իսկ ամբողջ նահանգն ու նրա կենտրոնը կոչվեց Արա Գեղեցիկ կամ Դաշտն Արայի: Այդ առասպելական ժամանակներից մինչեւ այժմ Այրարատը մնում է որպես գլխավոր քաղաքակրթական կենտրոններից մեկը, Արարատ եւ Այրարատ էպոնիմները հիշատակված են հնդեվրոպական ավանդույթներում որպես սրբազան կենտրոն: Արա, Արամ անունը նույնական է Ուրարտու կայսրության արքա Արամուի (մ.թ.ա. 860-840թ.) անվանը:

Արամուի նշանավոր կենտրոնը կամ արքայական քաղաքը Ar asku-ն է: Արամուի եւ Արամ անունների նույնությունից կարելի է կարծել, որ Արամուն ներկայացնում էր «արա գեղեցիկ» գաղափարախոսությունը եւ, որպես հայոց արքա, պետք է կռվեր Ասորեստանի արքա Սալմանասարի դեմ հենց Վանա լճի հյուսիսում: Մեր կարծիքով՝ Արամը կամ Արամուն Ուրարտական կայսրության հայոց յոթերորդ իշխան կամ գահակալն էր Այրարատում, իրականում այդ դարաշրջանում էլ Հայքը իշխող դիրք էր գրավում տարածաշրջանում, իսկ Հայքի ներսում հստակորեն գերակայում էր Ար կամ քաջ մարդու, այսինքն՝ մեն-մարդու գաղափարախոսությունը:

Այսպիսով՝ Արայի կամ Արա Գեղեցիկ երկիրը կամ Դաշտն Արային Հայքի մեկ հատվածն է, որը համապատասխանում է ուրարտական աղբյուրների կամ գերմանո-սկանդինավյան դյուցազներգության շինարար էթունների երկրին, որոնք բնակավայրեր են պատրաստում եւ վաների եւ ասերի համար: Մեր կարծիքով՝ Արամուից հետո փոխվում է Ուրարտական կայսրության գաղափարախոսությունը, որին հաջորդում է Շամիրամի հաղթանակը: Շամիրամին հաջողվում է նվաճել Հայքը, որի փոխաբերական անունն էր ARME, հաղթանակած թագուհու ոստանը ուրարտական կայսրության տերմիններով կոչվում էր Բիայնիլին: Ասորիքի անկումից եւ Ուրարտուի լուծարումից հետո անմիջապես տարածաշրջանում ձեւավորվում է հայոց Արմինա պետությունը, որին այդ անվան տակ անմիջապես ճանաչեցին հռոմեական, պարթեւական կողմերը: Քննախուզության արդյունքում չկարողացանք պարզել հույների մասնակցությունը Արմենիա անվանակոչման խնդրի հետ կապված:

Մ.թ.ա. 3000-ից սկսված գրավոր մշակույթի մեջ տեսնում ենք հետեւյալ պատկերը. Միջագետքի բարձրադիր լեռնային տարածքը օտար ընկալումներում հաստատված է որպես Արատտա, մեր ընկալումներում էթնոպատկան երկիրը կոչվել է Հարք, հետագայում՝ Հայք, իսկ էթնոսը՝ հայ, նույն տարածաշրջանը կոչվում է Սուբրիա կամ Սուբարտու, որին անմիջապես զուգահեռ օգտագործվել է Արմե տերմինը: Հարք տերմինը ցույց էր տալիս առաջին հերթին հայ էթնոտեսակի զբաղեցրած աշխարհագրական դիրքը, իսկ Արմեն տերմինը իրապես ցույց էր տալիս էթնոտեսակի վարած քաղաքականությունը, Արմեն տերմինը այսօրվա հայոց ընկալումներում գրեթե եզրեր չունի քաջ կամ արի մարդ ձեւակերպման հետ, սակայն ավանդաբանորեն Արմենը եզրեր ունի «արա գեղեցիկ» գաղափարախոսության հետ:

Այսպիսով՝ հայ տեսակը իր գաղափարախոսությունը արտաքին եւ ներքին աշխարհներին ներկայացրել է մի քանի դրույթներով, որոնցից առավել պահպանվել է Արմին-Արմեն տարբերակը, որը, ըստ էության, միջագետքյան հնագույն ընկալումներում արտահայտում է անկրկնելիության գաղափարը:

Եվս մեկ անդրադարձ. Հայկի որդիներից Արամանյակն է, որ հեռանում է Հարքից եւ հաստատվում Մասիսի հովտում՝ ձեւավորելով Մեծ Հայքի կենտրոնական նահանգը, որը հետագայում պետք է ստանար Այրարատ անունը եւ պետք է դառնար բոլոր ժամանակների համար հայոց ցիտադել կամ ազնավուրաց ոստանը: Հայկ նահապետի ժառանգ Արամանյակի անջատման փաստը գաղափարապես ամրապնդված է Այրարատ տերմինի մեջ, որը բառացիորեն նշանակում է «տղամարդուց անջատված»: Այս տրամաբանության շրջանակներում է նաեւ շարադրված Քսենոփոնի տեղեկությունը Հայքի կամ պարթեւական ընկալումների Արմինայի մասին: Քսենոփոնը «Անաբասիս» տրակտատի մեջ (մ.թ.ա. 401թ.) նշում է, որ երկիրը կազմված է արեւելյան եւ արեւմտյան մասերից, որպես բուն Արմենիա, իսկ մեր ընկալումներով՝ Հայքը ներկայացնում է արեւելյան մասը, որը, ըստ մեր կարծիքի, համապատասխանում է այն շրջաններին, որտեղ բնակվել են էթիունիները կամ ուղղակի էթունները:

Արմենիա տերմինի խնդիրների քննարկման ժամանակ կարեւոր են նաեւ հունական ավանդույթները: Ըստ ավանդույթի, Ակիլիսներում է սկզբում հաստատվել արգոնավորդ Արմենոսը: Ավելացնենք մեկ միտք՝ Արմենոսը, որպես հերոս, կրում է Ար մեն-քաջ մարդ գաղափարախոսությունը, որը մենք, որպես տերմին, անհասկանալի ձեւով նույնացնում ենք Արամի հետ:

Հիշենք նաեւ, որ Հայոց աստվածների մեծ մասի պաշտամունքները կենտրոնացված են նույն Ակիլիսների շրջանում, Բարձր Հարքի երեք հարեւան՝ Դարանաղի, Եկեղյաց, Դերջան գավառներում:

Արգոնավորդների առասպելի գաղափարախոսության հիմքը գեղեցիկ գործ անելն է, իսկ այդ գեղեցիկ գործը հնարավոր է իրականացնել միայն այն երկրում, որը հունական ընկալումներում կոչվում է Այա: Մհերի դռան դիցացանկում կա Աիա-Այա աստվածուհին, Այան Միջագետքում հայտնի էր որպես «Ութ ու»՝ Արեւի աստծո կին, Արցախի բարբառում «Այա»-ն ունի նաեւ մեծ–ավագ կամ տատիկ իմաստը: Հունական աղբյուրներում հիշատակված Այան բոլոր իր սկզբունքային եւ լեզվական դրույթներով համապատասխանում է Հայքին: Հավելենք նաեւ՝ Hayasa-ի եւ Այայի համադրությունները հաստատում են, որ տերմինների արմատը նույնական է նաեւ աշխարհագրական տարածքի առումով, որի մուտքը Կոլխիդան է, որտեղ վիշապը հսկում է ոսկե գեղմը կամ խոյի մորթին կամ գեղեցիկ արվածը:

Արամ Մկրտչյան, Գերմանիա

«Լուսանցք» թիվ 39 (215), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։