Հավատամքի այբբենարանը – Հայոց դիցարանը. խորհուրդներ, զորություններ

6. Իմաստության Աստված Տիրը

Բացարձակ է Հայր Արան՝ Արարիչը մեր, բացարձակ է նրա արարած ամենայնը աշխարհում: Եվ Արարչական բացարձակությունը իմաստությամբ է կերտվում, նորոգվում, պահպանվում: Իմաստուն է Հայր Արան: Եվ Տիրը՝ Իմաստության Աստվածն է Արարչական այդ որակը իրենում կրում, իրենով մարմնավորում:

Տիր խորհուրդը լեզվաբանորեն դեռ պարզված չէ: Ենթադրության կարգով կարելի է ասել, որ այն կազմված է Տ հաստատական՝ պահպանում արտահայտող հունչարմատով եւ Իր բառարմատով: Իր-ը Ար-ի (նշանակում է սերում, ծագում, զորություն) ձեւափոխությունն է, որ նշանակում է Արարչական առկա կեցություն, Արարչից սերված որակական որոշակիություն՝ արարում, բնական գոյություն: Եվ, հետեւաբար, Տիր նշանակում է Արարչական առկա կեցության, Արարչի արարումների հաստատում, պահպանում: Հիրավի՝ Տիր Աստվածն է իր՝ Արարչից բխած տիեզերական իմաստությամբ ճանաչում արարչագործության խորհուրդների համակարգությունը, իմաստավորում դրանց ծագումը, որպիսին լինելը, ինչ նպատակի համար գոյավորումը, եւ՝ այդպիսին լինելով՝ հաստատում, պահպանում դրանց գոյությունը: Որը եւ ամրագրում է Տիր բառ- խորհուրդը:

Ասվածին, որպես հավելում, ավելացնենք, որ Տիր Աստվածը հայոց հավատքային ավանդույթներում անվանվել է նաեւ Արարչի ու Աստվածների գրիչ (դպիր)՝ Արարչական (Աստվածային) գործերը գրի առնող, իսկ նրան նվիրված Հայոց աշխարհի մեհյանները կոչվել են Տիր աստծո դիվաններ՝ տեղեր, որոնցում Արարչական ու աստվածային գործերի խորհուրդների մասին պատմող Տիրական իմաստություններն են պահել-պահպանվել, դրանք Աստծո երկրային եղբոր՝ Հայ Արիի մեջ անընդհատ ներարկվել:

Տիր Աստծո պաշտամունքը Հայոց աստվածապաշտական հավատքի առանցքային մասն է. չէ՞ որ այդ պաշտամունքն է հային տալիս իր հավատքի Արարչա-աստվածային խորհուրդների ամբողջական ու համակարգված պատկերը: Եվ այդ առումով պատահական չէր, որ հայի ամենաոխերիմ թշնամիներից մեկը՝ Գրիգորիսը (մերօրյա՝ հայ մեծամասնության կողմից լուսավորիչ հորջորջյալ) 301թ. ձեռնամուխ լինելով հայ հավատքը հայի միջից արմատախիլ անելու իր սեւ գործին՝ առաջինը ավերեց Տիրի՝ Հայոց իմաստության պահապան տաճարը, ու այդ տաճարի սպասավոր քրմերին նախեւառաջ կոտորեց. եղեռնագործը հասկանում էր, որ հայ հավատքային առանցքը՝ Տիրական իմաստությունը հայի միջից վերացնելով՝ իր մնացած գործը կդյուրացնի:

Հայի՝ իմաստության աստված ունենալը ասում է այն մասին, որ նա իր Աստծո պես իմաստուն է, իմաստապաշտ ազգ է: Նա երեւույթով բավարարվող չէ, նրա համար երեւույթի իմաստն ավելի է թովչական, քան ինքը երեւույթը: Մարդու մեր տեսակի համար Տիեզերքը, տիեզերական զորությունները, բնությունը, կյանքը, կյանքի ամեն մի արտահայտություն (անգամ՝ չ-արը), ոչ թե պարզապես գոյություններ են, այլ բացարձակ Արարչական ու Աստվածային իմաստի հղացումներ: Ամեն գոյություն ու լինելություն Արարչական ու Աստվածային իմաստավորող ուժերով են պայմանավորված,- ասում է հայ Տիրական միտք -զգայարանքը: «Հին հայը,- ասում է Հայկ Ասատրյանը, – խանդ էր դնում գոյությունն իմաստավորող ուժերին հաղորդակցվելու ձգտումի մեջ»: Եթե հին դասական հույնը (ումից ծնվեց իմաստասիրությունը՝ Իմաստությունից կտրվելու այդ ձեւը), ավելի շատ դիտող էր եւ աշխատում էր իր մտքի ձեւերով սահմանել գոյությունը, այն «բերել-խցկել» իր կողմից ստեղծած մտակաղապարների (գաղափարների) մեջ եւ, ըստ այդմ, իր՝ մարդկայնորեն սահմանափակ «իմաստը» դնել գոյության մեջ, ապա դասական հայը գոյության մեջ արդեն իսկ տեսնում էր բացարձակ Արարչական ու Աստվածային իմաստ, նա իմաստավորում էր գոյությունը, եւ իմաստավորելով՝ ապրում ըստ այդմ: Հին հային խորթ էր նաեւ սեմական իմաստությունը՝ «ունայնություն ունայնությանց»-ը: Նա (հայը), նկատել է Նարեկացին, մտածում էր «սրտի խորհրդով»՝ հավատքով եւ ապրում «իմաստի զգայարանք»-ով՝ բանականությամբ, որոնց կենակցությունից էլ ձեւավորվում էր Հայ իմաստնությունը: Իսկ ժամանակակից հայը իր իմաստուն նախնիների ժառանգորդն է: Եվ թեեւ նրանում Արարչատու այդ որակը թուլացել է, նա դարձել է իմաստասեր, գիտնական, մտավորական,…, անգամ կրոնավոր, բայց եւ այնպես այդ որակը նրանում չի վերացել. նա թեկուզեւ անգիտակցաբար ու ոչ ըստ ամենայնի պահում է իր Տիրական իմաստությունը: Հայի համար, դասական հայի պարագայում թանձրացականորեն, այսօրվանի պարագայում նվազ չափով, իմաստը կեցութաձեւ է, այն է՝ ինչով հաղթահարում է իր կյանքի կոնկրետ ժամանակ-տարածությունը եւ հավիտենականություն հաղորդում իր մտածումին, ապրումին, գործին, ներկային: Սահմանակցել բացարձակ իմաստին, «իդեալականին, սրբազանին եւ յաւերժին, նրանց շունչը խառնել իր առօրէական կեանքին, նրանցով սնուցանել իր ստեղծագործական աւիւնը, ահա՛ հայ հոգին»,- ասում է մեր մյուս հանճարը՝ Նժդեհը: Ի վերուստ հայ հոգետիպում իմաստության որակի առկայությունը լավ է նկատել նաեւ Նարեկացին՝ մյուս մեր հանճարը. «Խ
ոսելու շնորհով զարդարեցիր ինձ (այսինքն՝ մարդու մեր տեսակին՝ հայ Արմենին,-Ս.Մ.) եւ փայլեցրիր ներշնչումով,/ Ճոխացրիր ինձ մտքով եւ իմաստությամբ աճեցրիր,/ հանճարով հզորացիր ինձ՝ մյուս շնչավորներից (մարդու մյուս տեսակներից,-Ս.Մ.) տարբերելով»,-ասում է նա՝ դիմելով իր երկնային հորը՝ Արարչին:

Ինչ խոսք, «մտքով եւ իմաստությամբ» աճած եւ հետայդու այդ որակը իրենում ըստ ամենայնի բյուրեղացրած հայը չէր կարող չտեսնել ու չճանաչել համապատասխան բացարձակ աստվածային զորություն-աստվածության՝ իմաստության Աստծո գոյությունը, որն է եւ Արարչական իմաստի, Արարչական իմաստից ածանցյալ՝ իմաստների ողջ բազմազանության պահող-պահպանողը, հովանավորողը, կենսագործողը, դա Արիի՝ աստվածամարդու մեջ սերմանողը:

Ենթադրելի է, որ հեթանոսական ժամանակներում հայոց տոնացույցում Անահիտին, Վահագնին, Աստղիկին… նվիրված մեծափառ տոների (զատիկ, ամանոր, վարդվառ…) հետ մեկտեղ հայը ունեցել է նաեւ Իմաստության Աստված Տիրին նվիրված տոն, որը անուններ տալու մեջ դիպուկ մեր նախնիք անվանել են Տիրատոն, որը տոնվել է աշնանը: Այդ տոնը վերացնելու նպատակն էր հետապնդում եկեղեցու կողմից թարգմանչաց տոնը մտցնելը («Լուսանցք»-ը մի առիթով անդրադարձել է տոնական այս եղեռնագործությանը):

Սերգեյ Մանուկյան

ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ

«Լուսանցք» թիվ 39 (215), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։