Զե՛րծ մնացեք դրամաշորթությամբ զբաղվելուց

Ինչպես «Լուսանցք»-ի թղթակցին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից, նոյեմբերի 9-ին նախարար Մանուկ Վարդանյանի մոտ տեղի է ունեցել տրանսպորտային տեսչության կատարած աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են նաեւ տեսչության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Նախարարին ներկայացվել է այս տարվա 9 ամիսների ընթացքում տրանսպորտային տեսչության իրականացրած տեսչական աշխատանքները, այդ թվում՝ տարբեր խախտումների վերաբերյալ կազմած արձանագրությունները, որոնց թիվը զգալիորեն ավելացել է:

Մասնավորապես՝ 2010թ. կազմվել է 3674 արձանագրություն եւ գանձվել է 23 մլն 883 հազար դրամ, իսկ 2011թ. 9 ամիսներին, համապատասխանաբար, 4101 արձանագրություն եւ 25 մլն 380 հազար դրամ:

Ի դեպ, նախարար Մ.Վարդանյանին այդուհանդերձ չի բավարարել տրասնպորտային տեսչության աշխատանքը եւ ոլորտի պատասխանատուներին ժամանակ է տրվել իրավիճակը ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում շտկելու եւ բարելավելու համար:

Ընդ որում, ըստ նույն աղբյուրի, տրված ժամանակը շատ չէ՝ ընդամենը մեկ ամիս: Շատ չէ, բայց, կարծում ենք, բավարար է՝ թերացումները շտկելու համար:

Մ. Վարդանյանը շեշտել է, որ տրանսպորտային տեսչության աշխատանքներում նկատվում են դրամաշորթության դեպքեր եւ տեսչության պետի, նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ուշադրությունն է հրավիրել՝ ուժեղացնելու վերահսկողությունը, խստացնելու կարգապահությունը եւ տեսչություն-ավտոկայան համագործակցությունը: Նկատենք, որ նմանատիպ դեպքերի (դրամաշորթության) պատճառով տրանսպորտային տեսչության մարզային ստորաբաժանման երկու ղեկավարներ եւ աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից:

Նախարարը հայտնել է նաեւ, որ տրանսպորտային տեսչության աշխատանքը կլինի իր անմիջական վերահսկողության ներքո եւ ոլորտի պատասխանատուներին հորդորել է զերծ մնալ դրամաշորթության դեպքերից:

Լրատվության մեր մեկ այլ աղբյուր հուշում է, որ տեսչության որոշ աշխատակիցներ բավականին լարված են հեռացել խորհրդակցությունից:

Անի Մարության

Սննդամթերքի անվտանգությունը վտանգված է

Երբ ամեն ինչ սպառողի ուսերին է բարդվում

Սա գրում եմ ոչ որպես լրագրող, այլ՝ որպես սպառող: Եվ ուրեմն՝ մտահոգություններիս, վստահաբար, համամիտ են շատ սպառողներ: Մինչեւ վերջին ժամանակներս գիտեինք, թե այն միսը, որ ուտում ենք, միս է, բայց պարզվեց ԳՁՕ է՝ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմ: Ու քանի որ չասվեց, թե որ ընկերության արտադրած կամ ներկրած մսերն են, այդպես էլ մինչեւ հիմա մտածում եմ, թե միսը միս չէ, եթե նույնիսկ սուպերմարկետներից եմ գնում: Քանի որ հացակեր եմ, օրերս էլ ինձ ապշեցրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանի ասածը, թե իրենց ծառայության կողմից կասեցվել են որոշ սուբյեկտների հացի արտադրություններ, քանի որ նրանց գործունեությունը չի համապատասխանել սահմանված պահանջներին: Բայց քանի որ չասվեց, թե որ ընկերությունների ու ինչ չափանիշների մասին է խոսքը, նաեւ չհասկացա, թե կերածս հացը ի՞նչ է եղել: Ինձ մնում էր արդեն կասկածել, որ մեր երկրում սննդամթերքի անվտանգությունը վտանգված է, բայց Աբրահամ Բախչագուլյանի մյուս ասածները (նոր է լրացել նրա պաշտոնավարման 100 օրը) ամրապնդեցին ենթադրությունս:

– Խնդիրներ կան ու այդ խնդիրները շատ են,-մի քանի օր առաջ ասուլիսը միանգամից այսպես սկսեց բանախոսը՝ միաժամանակ հավելելով, թե իրենց կառույցի նպատակը չպետք է լինի առանձին ստուգումների միջոցով առանձին խնդիրների լուծումը, այլ համալիր փոփոխություններ են անհրաժեշտ, այն է՝ արտադրում, տեղափոխում, պահպանում, իրացում. ասել է թե՝ խնդիրները շղթայական են, դրա համար էլ համակարգված մոտեցում է պետք:

Երբ նա տեղեկացրեց, որ այս՝ իր 100 օրերի ընթացքում ստուգումների արդյունքում 1 մլն դրամի տուգանք է կիրառվել, 7 տնտեսվարող սուբյեկտների արտադրություն կասեցվել է, հարցրեցի, թե ո՞ր ընկերությունների մասին է խոսքը: Ի պատասխան Ա. Բախչագուլյանը նշեց, թե ընկերությունների իրավաբանական անունները չի հիշում: Լա՛վ, իսկ ի՞նչ անվանումներ ունեն այդ ընկերությունների արտադրանքները: Բանախոսն ասաց, թե դրանք էլ չի հիշում: Նկատենք՝ գուցե իսկապես չի հիշում, բայց քանի որ մեր երկրում ձեւավորված «ավանդույթ» կա, չհավատացինք: Իսկ այդ «ավանդույթը» հետեւյալն է՝ ասել, որ գտել են ԳՁՕ-ով հարուստ միս, բայց չասել, թե ումն է, գտել են կեղծ բնական հյութեր, բայց չնշել ընկերության կամ ապրանքանիշի անունը եւ՝ այսպես շարունակ (իհարկե բացառություն էր վերջին՝ «Արմֆուդ»-ի հետ կապված դեպքը): Ինչու՞ չեն ասում, չեն ուզում խփել ընկերության վարկանիշի՞ն, իսկ սպառողին խփել-վնասե
լ կարելի՞ է: Մոռանու՞մ են,  որ այդ սպառողը մի օր կարող է հենց իրենց ընտանիքի անդամը լինել:

Մի հարց էլ կա. պարզվեց՝ ցայսօր մենք չունենք հացի արտադրության տեխնիկական կանոնակարգ, ու դրա մշակումը նոր-նոր է ծառայությունը նախաձեռնել:

Անկեղծ լինելու համար մի բան էլ ես ասեմ՝ լավ է, որ չկա, այլապես վերնագրի համար ինձ կարող էին դատի տալ՝ պատճառաբանելով, թե հանրության համար մտահոգիչ լրատվություն եմ «գցում»՝ առանց հիմքերի: Իսկ հացի արտադրության տեխնիկական կանոնակարգ չունենալը ինձ ազատում է դատվելու հեռանկարից: Թե ինչ է նշանակում այդ կանոնակարգը չունենալը, մեկ այլ առիթով կանդրադառնամ:

«Մինչ օրս նման բան (նշածս կանոնակարգի մասին է խոսքը) չի եղել,- ընդգծեց բանախոսը՝ յուրօրինակ ձեւով հաստատելով իմ մտահոգությունները,- խնդիրը կա, ահազանգեր են եղել, ես սպառողներին կոչ եմ անում բոլոր իրացման կետերում պահանջել հացաթխման հետ կապված փաստաթղթերը»:

Իսկ այդ փաստաթղթերում ներառված պետք է լինի այն ժամկետը, թե երբ է նորաթուխ հացը դուրս բերվել վառարանից, ինչպես նաեւ հացի բաղադրությունը պետք է նշված լինի:

Զգուշացումը լավ բան է ու ճիշտ է, բայց ստացվում է, որ ամեն ինչ դարձյալ բարդվեց սպառողի ուսերին: Այսինքն՝ սպառողը փոխարենը վստահ լինելու, որ մեր երկրի խանութներում նորմալ հաց է վաճառվում, պետք է փաստաթղթեր պահանջի (տվող էլ լինե՜ն): Հետո պիտի փաստաթղթեր պահանջի մսի համար, հետո՝ կաթ-մածունի… ու այսպես այնքան ժամանակ, մինչեւ վերջացնի գնումները ու այլեւս ի վիճակի չլինի ոչ պատրաստել եւ ոչ էլ ուտել: Սա դեռ ոչինչ, եթե ընտանիքներում տնային տնտեսուհիներ կան: Իսկ պատկերացնու՞մ եք այն ընտանիքների վիճակը, որտեղ բոլորն աշխատում են. սովորական 10 րոպեանոց գնումները կարող են ժամեր տեւել:

Հարց է առաջանոմ, որ այդ անվտանգությունը ես ստուգեմ, բա դու՞ք, որ կոչված եք հենց ոլորտը կարգավորելու համար, ի՞նչ անեք: Այլ խնդիր է, որ, որպես սպառողներ, կեղծիք տեսնելով ահազանգենք, օգնենք, տեղեկացնենք սննդամթերքի անվտանգության ծառայությանը, բայց որ անվտանգությունը ստուգելու պատասխանատվությունը պիտի սպառողների ուսերին բարդվի, արդեն ճիշտ չէ:

Իսկ որ բարդվում է, սպառողի կողմից փաստաթղթեր պահանջելու «գործընթացն» է վկայում:  

Աստղինե Քարամյան

Ոչ  միայն առողջապահական -

Օդանավակայանը չպե՛տք է լինի թշնամու աչքի առաջ

Ուզում եմ բարձրաձայնել մի խնդրի մասին, որ թեեւ չի քննարկվում, բայց շատ կարեւոր է:

Խոսքս մայրաքաղաքի սահմաններում գործող «Էրեբունի» օդանավակայանի, այդտեղից օդ բարձրացող գերձայնային սավառնակների մասին է: Ուսումնական թռիչքների ժամանակ այդ օդանավերն աղմուկ են արձակում: Ձայնային այդ ալիքները տասնյակ անգամ գերազանցում են մարդու ականջի համար ընդունելի ամենաբարձր ձայնային՝ 40 դբլ ալիքը: Սրան գերազանցող ձայնը, ճիշտ է, անմիջապես չի գործում, սակայն օրգանիզմի գերլարված վիճակը աստիճանաբար քայքայում է մարդու առողջությունը:

Անվիճարկելի է, որ այս օդանավակայանը պետք է, բայցեւ՝ անքննարկելի է, որ այն պետք է մայրաքաղաքի սահմաններից տեղափոխվի:

Ի՞նչ կլինի, եթե, աստված մի արասցե, բայց ասենք օդանավը վթարի ենթարկվի  ու ընկնի մայրաքաղաքի շենքերից մեկի վրա: Բացի այդ՝  իր նշանակությամբ կարեւոր այդպիսի օդանավակայանը ինչու՞ պետք է լինի թշնամու աչքի, նրա հարվածային նշանակետի առաջ: Օդանավակայանը պետք է տեղափոխվի ազատ տարածք, քիչ բնակեցված վայր: Օրինակ՝ Արզնիի՝ դեռեւս Հայրենական պատերազմի տարիներին կառուցումը սկսած օդանավակայանի վայրում: Սրանով կլուծվեն եւ՛ առողջական, եւ՛ անվտանգության բազմաթիվ հարցեր:

Սերգեյ Ավագյան

Հ.Գ.- Հետաքրքիր կլինի լսել  պատկան եւ շահագրգիռ կառույցների տեսակետները:

Նաեւ  առողջապահական -

Երեւանն աղետի գոտի ենք դարձնում

Բնապահպաններն ահազանգում են՝  մայրաքաղաքի բնական բնութագիրը խիստ մտահոգիչ է եւ առաջացնում է երեւանցիների դժգոհությունը ու հիմնական պատճառը երեւանյան հակաբնապահպանական շինարարությունն է:

Բանն այն է, որ, ըստ բնապահպանների, վերջին տարիներին Երեւանի կառուցապատումը՝ բարձրահարկ շենքերով, ռեստորանային, առեւտրային եւ այլ համալիրներով, հիմնականում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ու բակերի հաշվին է կատարվում: Ու խիտ կառուցապատում է արվում: Իսկ այդ խտացումը հանգեցրել է նաեւ սեյսմիկ ռիսկերի աճին:

Բնապահպանական ու սեյսմիկ ռիսկերից զատ այլ ռիսկեր էլ կան.  Գետառի հունը փակելը եւ Ավանի ջրատեխնիկական կառույցի գործունեության խաթարումը հանգեցրեցին սելավների ու հեղեղումների ռիսկի աճին:

Բնապահպանները նշում են, որ ներկ
այումս ստեղծվել է վտանգավոր փակ շղթա. կառուցապատման խտացումը բերում է կոմունալ համակարգի ու փողոցների գերծանրաբեռնվածությանը, ուստի ճանապարհներն ընդլայնվում են նոր կանաչ տարածքների հաշվին, «զարգանում է ստորգետնյա ուրբանիզացիան՝ մեծացնելով սեյսմիկ ռիսկերը: Թվարկված խնդիրներից հետեւում է, որ Երեւան քաղաքում ու հատկապես կենտրոնում պետք է դադարեցնել որեւէ նոր կառուցապատում»:

Համապատկերում նկատենք, որ այս տարվա հուլիսի 21-ին Երեւանի քաղաքաշինական խորհուրդը հերթական նիստում «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայանի հարակից տարածքում 7-8 հարկանի հյուրանոցի կառուցման որոշում ընդունեց: Հյուրանոցի կառուցումը հավանության արժանացավ կառավարության օգոստոսի 18-ի նիստում: Իսկ հյուրանոցի կառուցումը, ինչպես ահազանգում են բնապահպանները, քաղաքի համար լուրջ խնդիրներ է առաջ բերելու. ավելացնելու է խցանումները, որի պատճառով ավելի շատ է աղտոտվելու է օդային ավազանը՝ առողջապահական բոլոր խնդիրներով հանդերձ, ազդելու է քաղաքի պատմամշակութային տեսքի վրա:

Հուսանք, որ Թռչկանի ջրվեժը պահպանողների հաղթանակը կլիցքավորի բոլորիս՝ հայրենի բնությունն ու մեր բնակավայրերը բնական աղետներից զերծ պահելու համար պայքարում:

Այլապես հետո բնությունն է մեզ պատժելու: Ու դաժանորե՛ն է պատժելու:

Անի Մարության  

«Լուսանցք» թիվ 39 (215), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։