Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հայտարարել է, թե Իրանի նկատմամբ ռազմական գործողություն իրականացնելու հավանականությունն ավելի է մեծացել: «Իրանը մոտենում է միջուկային զենքի ստեղծմանը, եւ քանի դեռ մենք ժամանակ ունենք, պիտի պահանջնեք համաշխարհային գերտերություններից կատարել իրենց պարտավորությունները, այլ ոչ թե միայն պատժամիջոցներ սահմանել: Պետք է անել այն ամենն, ինչ անհրաժեշտ է, եւ մենք շատ տարբերակներ ունենք»,- նշել է Պերեսը՝ հավելելով, որ կան հանգամանքներ, որոնք մոտեցնում են խնդրի ռազմական լուծումը. «Կարծում եմ, իրավիճակն հենց այդպիսին է: Տարբեր երկրերի հետախուզությունները հետեւում են ժամային մեխանիզմով դրված ռումբի վրա նստած եւ տեղեկացնում իրենց ղեկավարներին, որ այդքան էլ շատ ժամանակ չի մնացել»:
Վաշինգտոնը դեռ վստահ չէ, չի տիրապետում հավաստի տեղեկությունների, պատրաստվո՞ւմ է արդյոք Իրանը ստեղծել միջուկային զենք, թե՞ ոչ, չնայած արեւմտյան երկրները մեղադրում են Իրանին միջուկային զենք ստեղծելու ցանկության մեջ: Իր հերթին Թեհրանը հավաստիացնում է, որ իր միջուկային ծրագիրն ունի բացառապես խաղաղ բնույթ:
Թեհրանն էլ իր հերթին նշում է, որ Իսրայելը ավելի իրական վտանգ է տարածաշրջանում: Եգիպտական «Ալ-Ահբար» թերթին տված հարցազրույցում ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադն ԱՄՆ-ին ու Իսրայելին զգուշացրել է Իրանի դեմ հնարավոր ռազմական օպերացիայի կապակցությամբ. «Թեհրանը թույլ չի տա իր դեմ որեւէ գործողություն, ԱՄՆ-ն մեզանից վախենում է: ԱՄՆ-ն ու Իսրայելը փորձում են աշխարհին ներքաշել միջուկային զենք չունեցող Իրանի դեմ պատերազմի մեջ: 300 միջուկային մարտագլխիկ ունեցող Իսրայելը ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանին»:
Թեհրանը հայտնում է, որ շահագրգռված է բացառապես խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիաների գործածմամբ՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին համապատասխան: Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների ծրագրերը նորույթ չեն, դրանք կային դեռեւս Բուշի ժամանակ: «Իսկ ո՞ւր է այժմ Բուշը, եւ ո՞ւր է Իրանը»,- ասել է Իրանի նախագահը, ով կարեւորել է նաեւ ծանր ժամանակներ ապրող Եգիպտոսի հետ հարաբերությունների բարելավումը՝ պատրաստակամություն հայտնելով այցելել Եգիպտոս, եթե իհարկե այդպիսի պաշտոնական հրավեր ստանա Կահիրեից: Իսկ Քուվեյթի «Ել Սիյասահ»-ն էլ գրել է, թե Իրանն ու Սիրիան օտար ռազմական միջամտության դեմ համատեղ ծրագիր են մշակել, որը բաղկացած է 6 ռազմաճակատից: Պարզ է, որ «ռազմաճակատներից» գոնե մեկը կլինի Իսրայելի դեմ:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այս առումով նույնպես հայտարարություն է արել, թե Ֆրանսիան ձեռքերը ծալած չի նստի, եթե Իսրայելի գոյությանը վտանգ սպառնա: Սարկոզին կարծում է, որ այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ, «Իսրայելի գոյությունը դարձել է 20-րդ դարի կարեւորագույն գործոններից մեկը»: Միաժամանակ Ֆրանսիան բացառում է Իրանի նկատմամբ կանխարգելիչ ռազմական հարվածների իրականացման հնարավորությունը, որն անընդունելի է համարում: Իրանական խնդրի խաղաղ կարգավորման առկա հնարավորությունների տապալման դեպքում ավելի ընդունելի է համարվում կիրառվող պատժամիջոցների խստացումը:
Այս համապատկերում, երբ լարվածություն կա նաեւ իրանական եւ թուրք-ադրբեջանական կողմերի միջեւ, ակնհայտ է դարձել պաշտոնական Երեւանի դիրքորոշման կարեւորությունը: Եվ ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի այցը Հայաստան հենց այդ նպատակով է հիմնականում: «Իրանը եւ Հայաստանը ոչ մի խնդիր չունեն, ո՛չ սահմանային, ո՛չ էլ որեւէ այլ: Այնպես որ, մեր ջանքերը պետք է ուղղենք առկա երկկողմ հարաբերությունների խորացմանը»,- ասել է ԻԻՀ ԱԳ նախարարը եւ հույս հայտնել, որ կգա մի օր, երբ Իրանից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կհասնի 1 մլն-ի:
ՀՀ եւ ԻԻՀ ԱԳ նախարարները հավաստել են, որ հարեւան երկրներն իրենց ջանքերը կենտրոնացնելու են տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման շուրջ: Նշվել է, որ հնարավոր է մինչեւ տարեվերջ Իրանի նախագահն այցելի Հայաստան:
Սիրիայի խնդիրը նույնպես դարձել է տարածաշրջանային լուրջ հարց: Լիբիայի նախագահ Մուամմար Քադաֆիի անկումից հետո Դամասկոսը մեկ այլ պատնեշ է դարձել Արեւմուտքի ծրագրերի համար: Արաբական պետությունների լիգան իր արտահերթ նիստն է գումարել Սիրիայի հարցով: Չնայած քննադատական մոտեցումներին՝ Սիրիան եւ մնացյալ արաբական աշխարհը համաձայնության են եկել երկրում քաղաքական ճգնաժամի լուծման վերաբերյալ:
Այլեւս հրատապ է հայ-ադրբեջանական (նաեւ Արցախի մասով) սահմանային հատվածներում սադրանքներին արագ արձագանքելն ու դրանք միջազգային ասպարեզում լայնորեն արծարծելը: Քանզի Մերձավոր Արեւելքի կամ Կովկասի որեւէ հատվածում զինված ընդհարումն անգամ կարող է սրել արցախյան հակամարտությունը: Նախորդ ամսում Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1350 անգամ, իսկ ՀՀ սահմանին գրանցվել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ավելի քան 200 դեպք: ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տվյալների համաձայն՝ նշյալ ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 1150 անգամ, իսկ հրադադարի խախտումների ժամանակ ադրբեջանական կողմը կրակել է տարբեր զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար զինատեսակներից՝ ավելի քան 250 անգամ:
Հայկական զինուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը եւ պատասխան գործողությունների են դիմում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում եւ լիովին վերահսկում են իրավիճակը հակառակորդի հետ շփման գծում: Եվ առայժմ լայնածավալ բախումների առիթ Ադրբեջանը չի գտնում:
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն էլ այցելել է ՀՀ-ում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության Գյումրի քաղաքի սահմանապահ ջոկատ, հանդիպել է ռուս սահմանապահներին՝ ԱԴԾՎ սահմանային վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովի հետ: ՀՀ ԱԱԽ քարտուղարը կարեւորել է ռազմավարական դաշնակիցներ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ծավալված սերտ համագործակցությունը՝ ՀՀ հարեւան երկու երկրների հետ սահմանների անվտանգության ապահովման ուղղությամբ՝ ընդգծելով, որ Երեւանը որդեգրել է ժամանակակից չափանիշներին համապատասխանող անվտանգ ու ապահով սահմաններ ունենալու նպատակ: Խոսվել է սահմանապահ ջոկատի սպայակազմի մասնագիտական բարձր պատրաստվածության, ՀՀ պետական սահմանների անվտանգության ապահովման եւ նաեւ տարածաշրջանային անվտանգության ու կայունության պահպանման հարցերի մասին:
Իսկ Ադրբեջանում շարունակում են խոսել «արաբական հեղափոխական ալիքի» արձագանքների մասին: Նշում են անգամ, թե Ադրբեջանին սպասվում է Լիբիայի ճակատագիրը, քանի որ Բաքվին ուղղված Արեւմուտքի ուղերձներն ու զգուշացումները, ԱՄՆ-ի նախագահ Օբամայի կողմից ԱՄՆ որոշ ադրբեջանցի պաշտոնյաների մուտքի արգելքը, Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ողորմելի վիճակը եւ այլ հարցերի առկայությունը դրան են հանգեցնում: Անգամ Ադրբեջան-Իսրայել համագործակցությունը չի ստվերում այս ամենը: Իսկ Թուրքիա-Իսրայել հակասությունն իր հերթին մեկ այլ կնիք է դնում ադրբեջանական կողմի քայլերի վրա:
Անկարայի քայլերն՝ ուղղված արաբական եւ իսլամական երկրների համար տարածաշրջանային առաջատարը դառնալուն, նույնպես մեծ հաջողություններ չի արձանագրել, եւ հատկապես Սիրիան, Իրաքը եւ Լիբանանը զգույշ են վերաբերում թուրքական խոստումներին: Իսկ Իրանն անգամ քրդական հարցում դանդաղեցնում է Թուրքիայի հետ գործակցելը:
Վրաստանն էլ է փորձում ներգրավվել տարածաշրջանային հարցերում՝ հասկանալով, որ միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ համագործակցելով, տնտեսական ծրագրեր նախանշելով չի կարող դառնալ տարածաշրջանային խաղացող երկիր: Հատկապես Ռուսաստանի ու Իրանի հետ Հայաստանի մերձեցումները ստիպում են Թբիլիսիին շրջվել նաեւ դեպի Երեւան: Եվ Հայաստան է ժամանել Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ քննարկվող հարցերի լայն շրջանակով: Կողմերն անդրադարձել են առաջիկա երկկողմ փոխայցերի ժամանակացույցին, միջկառավարական հանձնաժողովի նիստին, հայ-վրացական քաղաքական, տնտեսական, էներգետիկ, մշակութային, ինչպես նաեւ իրավապայմանագրային դաշտին, վիրահայությանն առնչվող հարցերին: Նախարարները մտքեր են փոխանակել Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումների շուրջ եւ խոսել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացից: Երեւանում էր նաեւ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Վերա Կոբալիան, ով հանդիպել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանին: Անդրադարձ է եղել Մեղրիից Բաթում ավտոճանապարհի կառուցմանը, որը 180 կմ-ով կկրճատի Իրանից Սեւ ծով ճանապարհի երկարությունը, ինչը նաեւ Թեհրանի հետաքրքրությունների շրջանակում է:
Ամեն դեպքում Թուրքիան փորձում է շտկել թուրք-ադրբեջանական դաշինքի բացթողումները տարածաշրջանում՝ ներկայիս ոչ ամուր դիրքերն ամրապնդելու համար: Հատկապես փորձում է Ադրբեջանին կառուցողական դարձնել արցախյան խնդիրը կարգավորելու հարցում, որը շահեկան քայլ կդիտվի եւ հնարավորություն կտա վերստին դառնալ Արեւմուտքի դերակատարը Կովկասյան տարածաշրջանում, ինչը չի կարող դրականորեն չանդրադառնալ Մերձավորարեւելյան արծարծումներում:
Սակայն Անկարան նոր հարցերի պատասխաններ դեռ ունի տալու: Թուրքական խորհրդարանի որոշ պատգամավորներ նշել են, թե Անկարան քրդերի դեմ պայքարում քիմիական զենք է գործածում: Մասնավորապես, ասվել է, որ անցյալ ամսվա ընթացքում ՔԲԿ-ի 24 անդամները պատահական չեն սպանվել, նրանց դեմ քիմիական զենք է կիրառվել. «Եվ դա այն դեպքում, երբ Թուրքիան ստորագրել է միջազգային կոնվենցիա՝ նման զենքի օգտագործման անթույլատրելիության մասին»:
Երեւանը պետք է մեծացնի արտաքին քաղաքական շարժերի ծավալները եւ օգտվելով իրավիճակի ընձեռած հնարավորություններից քննարկումներ սկսի տարածաշրջանային ռազմա-քաղաքական եւ տնտեսական ծրագրերի փոփոխման կամ նորերի առաջարկման շուրջ:
Հատկապես Իրան-Հայաստան -Վրաստան-Ռուսաստան, Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա ուղղություններով, որոնց կարող են միանալ նաեւ արաբական եւ միջինասիական երկրները, անգամ մինչեւ Չինաստան: Հայաստանը պետք է փորձի ներգրավվել տարանցիկ ճանապարհներում, օգտվելով Սիրիա-Թուրքիա եւ Իրան-Թուրքիա հակասություններից եւ այս պահին Վրաստանի միջոցով Արեւմուտքի եւ Հյուսիսի հետ կապող միջանցք դառնալու հարմար պահից:
Ի վերջո իրանական նավթն ու գազը (եւ ոչ միայն իրանական) կարիք ունեն եվրոպական ուղղություն դուրս գալու, եւ Հայաստանը կարող է դա կազմակերպել Վրաստան-Սեւ ծով կապի միջոցով՝ առաջ անցնելով Թուրքիայից, որին հնարավոր ներքաղաքական եւ տարածաշրջանային ճգնաժամեր են սպասում:
Իսկ այդ սպասումները, նաեւ ադրբեջանական ուղղությամբ, պիտի խթանվեն Հայաստանի կողմից, առանց «հարեւանային» ավելորդ բարդույթի…
Արամ Ավետյան
«Լուսանցք» թիվ 39 (215), 2011թ.



