Ազգայնական հայը այլամերժ չէ

Հանուն Հայի եւ Հայքի

Մեզանում հաճախ են շփոթում ազգայնականությունն ու ազգայնամոլությունը՝ նացիոնալիզմն ու շովինիզմը: Անգամ դրանց չտարբերակելը փորձում են ներկայացնել որպես առողջ եւ անառողջ ազգայնականության դրսեւորումներ: Սա նույնն է, թե չտարբերակեն ժողովրդավարությունն ու ամբոխավարությունը, եւ դրանք բնորոշեն որպես առողջ եւ անառողջ ժողովրդավարական եզրեր:

Հետաքրքիր է, որ Արեւմուտքում, ուր այդքան դեմ են ազգայնական, հատկապես ազգայնամոլական դրսեւորումներին, զանազանում, հստակ տարբերակում են դրանք: Եվ վաղուց պետական-քաղաքական ոլորտում ընդունել են ազգայնական ուժերի գոյության իրավունքը: Իսկ մեզանում, երբ հայը բնական ազգ է, ու ազգայնական լինելու պատմա-քաղաքական անհրաժեշտությունն անգամ ունենք ազգովի, չեն տարբերակում այդ երկու երեւույթները: Իսկ ովքեր էլ տարբերում են՝ ազգայնականությանը դեմ լինելով, միտումնավոր սխալ են ներկայացնում այդ գաղափարները՝ մեզ հասկանալի պատճառներով:

Ազգայնականությունը ազգի ինքնապաշտպանական ոգե-գաղափարական թաղանթն է՝ էներգետիկ-եթերային աուրան: Համամիտ եմ հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ, որ «Ազգը հենց Գենն է, Լեզուն էլ՝ Գենի արտահայտչամիջոցը, եւ Հայը ի բնե Գենի-Տեսակի պաշտամունքն ունի, որը արտահայտվում է ինչպես լեզվամտածողությամբ, այնպես էլ բարոյա-հոգեբանական կեցակարգով»: Ըստ Հայ Արիական միաբանության տեսության՝ ազգայնականությունը առավելապես հոգեւոր-իմաստասիրական ուսմունք է՝ հիմնված Արարչական Սկզբի՝ ազգի ծագման, առաքինությունների եւ առաքելության բնապաշտական կարգի, հայրենիք-բնօրրանի պաշտամունքի եւ հավիտենարժեք այլ բնախոսական հասկացությունների վրա, եւ հայ ազգայնականը (զորօրինակ՝ հայ արիականը) քաղաքական ոլորտում դրսեւորվում է առավելապես որպես ազգային (անգամ ոչ պետական) գործիչ, քան՝ քաղաքական:

Հայ ազգայնականը այլամերժ չէ, ինչպես հայ ազգայնամոլը: Պարզապես նա իր ազգը, իր հայրենիքը ավելի շատ է սիրում ու բարձր դասում, ինչպես յուրաքանչյուր ոք իր ծնողին կամ երեխային է նախընտրում: Այս դեպքում ոչ մի ծնողի չենք դիտարկում որպես ազգայնական կամ ազգայնամոլական, երբ նա իր զավակին գերադասում է այլերից, երեխային էլ անհարկի չենք պիտակավորում, երբ նա ամենաշատն իր մորն է սիրում: Բայց երբ հերթը հասնում է ազգն ու հայրենիքը սիրելուն, հոխորտացողներն ու զազրախոսները հայտնվում են: Սրանց մի մասը տգետ է եւ ոչինչ չի հասկանում ազգային արժեքներից, իսկապես կեցությունն է որոշում նմանների գիտակցությունը: Մի մասն էլ օտարների պատվերով ընդվզում է հայ ազգայնականության դեմ՝ անգամ չհասկանալով, որ իր եւ իր սերնդի ապագան է նաեւ հարցականի տակ դնում…

Այսօր ՀՀ-ում չկան ազգայնամոլական ուժեր, չնայած պարբերաբար փորձում են «միջազգային հանրություն» կոչվածին այլ բան ներկայացնել: Ամենաարմատական ազգայնական ուժը, ինչը հավաստում են նաեւ տեղական եւ միջազգային կայքերը, Հայ Արիական միաբանությունն է, որը հստակ որդեգրել է հայ տեսակի գենետիկ-ծինաբանական տեսության վրա հիմնված գաղափարախոսությունը, հայոց հին հավատի՝ արիադավանության-հեթանոսական պաշտամունքն ունի (Տիեզերքի Արարչի եւ Հայ Աստվածների) եւ Հայկական լեռնաշխարհին-հայրենիք-բնօրրանին վերատիրելու ձգտումը: Սա չի կարող դիտարկվել որպես այլամերժության դրսեւորում, քանզի պաշտվում է այն ամեն հայկականը, ինչն ի վերուստ տրված է հային, եւ դրանք ազգին վերադարձնելու բաղձանքը չի կարող մոլագարական լինել: Մոլագարը հենց այս բնական արդարության վերականգնման դեմ հանդես եկողն է: Հայ ազգայնականի ձգտումը բնական է եւ օրինաչափ՝ բնածին ազգերի կենսակերպին հարիր: Արհեստածին ազգերը (խառնարյունությունից առաջացած եւ այս կամ այն տեղանուններով կոչվող), իհարկե, արհեստական արգելքներ են ստեղծում ու փորձում ազգայնական ուժերին «լուսանցքային» դարձնել… Իրենց անդեմ լինելը բոլորի վրա տարածելու համար:

Շատերը փորձեցին ՀԱՄ առաջնորդին ու հենց կառույցը այլամերժական դարձնել (ազգայնամոլական), ոմանք այսօր էլ այդպես են պիտակավորում ՀԱՄ-ին եւ պարբերաբար բողոքներ ուղղում միջազգային տարաբնույթ կառույցներին (նաեւ օթյակներին), բայց ինչպես Արմեն Ավետիսյանն է նշել. «ՀԱՄ-ը գործում է հանուն Հայի ու Հայքի եւ ոչ թե ընդդեմ թուրքի, ադրբեջանցու, հրեայի, ռուսի կամ եվրա-ամերիկացու… Եվ նրանք, ովքեր գործում են ներկայիս Հայաստանի Հանրապետության եւ հայության դեմ, նրանք ընդդեմ հայի են, որոնց նկատմամբ հայ ազգայնականը պարտավոր է լինել անողոք, անկախ այն բանից՝ նրանք ներքին, թե արտաքին թշնամիներ են»:

Ազգայնամոլական հայկական կազմակերպություն ներկայացնելու ամենաշատ փորձերը (եւ ներազգային եւ միջազգային ասպարեզներում) եղել են հենց ՀԱՄ նկատմամբ, ուստի՝ օրինակը հենց այդ կառույցի մասով բերեցինք: Իսկ ՀՀ-ում չի դադարում «հայ սքինհեդական» կամ «հայ ազգայնամոլական» շարժումներ որոնելու-ստեղծելու փորձերը, որը դեռ չի հաջողվում, քանզի մոլի դրսեւորումների հետեւորդներ առայժմ շատ չեն գտնվում մեզանում: Եվ սա էլ տրամաբանական է: Արեւմուտքն ու Արեւելքը, իհարկե Ռուսաստանն էլ, ողողված են «արմատական» կոչված ուժերով, ինչը Հայաստանին գոնե դեռեւս չի սպառնում: Իսկ ազգայնական կազմակերպություններն արդեն դարձել են կառավարական ու խորհրդարանական ուժեր ինչպես Արեւմուտքում, այնպես էլ Արեւելքում եւ բուն Ռուսաստանում:

Եվ  ոչինչ չի խանգարում, որ հայ ազգայնականությունը նույնպես իր դերն ու նշանակությունը ունենա Հայաստանի առօրյա կյանքում, հատկապես հեռահար ծրագրերում եւ համազգային նպատակների իրականացման գործում: Եվ սա համազգային խնդիր է:

Իսկ Եվրոպան ու ԱՄՆ-ն իրենք թող մտածեն իրենց ազգայնամոլական ուժերին սանձելու մասին, ինչն ավելի մեծ վտանգ է դարձել նաեւ Ռուսաստանում: Օրերս Մոսկվայում՝ «Ազգերի միասնության տոն»-ին, պաշտոնական, նաեւ շուրջ 120 հասարակական-մշակութային միջոցառումները խամրել են ռուս ազգայնամոլների (որ միշտ ոմանք «շփոթում» են ազգայնականների հետ) կազմակերպած «ռուսական երթից»: Ազգայնամոլ-շովինիստները վերջին տարիներին փորձում են այս տոնը սեփականացնել, եւ 7-րդ «ռուսական երթն» իր ծավալներով գերազանցել է նախորդ բոլոր երթերը: Օրըստօրե նոր եւ՛ ազգայնամոլական եւ՛ ազգայնական շարժումներ են կազմավորվում, դրանցից շատերի առաջնորդների դեմ քրեական գործեր են հարուցվել, սակայն դա նրանց չի խանգարում երթերի դուրս բերել տասնյակ հազարավոր համակիրների:

Վերջին երթն աչքի է ընկել նաեւ հակաիշխանական վանկարկումներով: Այլազգիների դեմ կոչեր եւս եղել են, սակայն այս տարի հարվածի սլաքն ուղղված է եղել ՌԴ կառավարությանը: Երթի մասնակիցները պահանջել են «դեմքով շրջվել դեպի ռուսները, կրճատել հյուսիս-կովկասյան հանրապետություններին տրվող օգնության ծավալները: Բավական է կերակրել Կովկասը»: Սա է եղել երթի հիմնական կարգախոսը: Կովկասցիների եւ մյուս այլազգիների դեմ ուղղված կոչերը լի են եղել ամբարտավանությամբ, նաեւ համեմված հայհոյանքներով:

Ազգայնամոլներն, ինչպես միշտ, իրենց գլխավոր երթի ժամանակ աշխատել են կարգապահություն պահպանել՝ իրենց համեմատելով հռոմեական զինվորների հետ, միաժամանակ կրել են Հիսուս Քրիստոսի դիմանկարն ու ռուսական կայսրության զինանշանները՝ միաժամանակ ցուցադրելով իրենց «նացիստական գաղափարախոսության կրող լինելը»: Երթի հսկողությունն իրականացվել է նաեւ օդուժի միջոցով՝ փորձելով հոգեբանական ճնշմամբ թույլ չտալ բռնկումներ: Կալանավորվել է երթի կազմակերպիչ «Սլավոնական միության» ղեկավար Կոնստատին Կռիլովը: Նրա դեմ արդեն իսկ հարուցված գործ կար, եւ նա փորձում էր առժամանակ աչքի չընկնել: Սակայն նրան բերման են ենթարկել «ազգային խտրականություն սերմանելու համար» եւ ոչ թե խուլիգանության կամ նման այլ խուսափողական ձեւակերպմամբ:

Պետք  է նշել, որ երթի մասնակիցներից ոմանք թեւկապերին, նաեւ ցուցապաստառներով ցուցադրում էին ոչ միայն ֆաշիստա-նացիստական խորհրդանշաններ, այլեւ նախկին խորհրդային միության գերբը՝ մուրճ եւ մանգաղը, ինչը հավաստում է, որ սա ոչ միայն ազգայնամոլական-հակաայլազգային հերթական դրսեւորում է, այլեւ ծրագրված վելիկոռուսական քաղաքականություն: Վաղուց «խփի՛ր ջհուդին, փրկի՛ր Ռուսաստանը» կարգախոսը մի աննկատ ձեռքով փոխարինվել է «խփի՛ր կովկասցիներին, փրկի՛ր Ռուսաստանը» (վերջին երթում վերաձեւակերպվել է՝ «խփի՛ր խաչերին (նկատի են ունեցել կովկասցիներին, տողատակով՝ առավելապես հայերին), փրկի՛ր Ռուսաստանը») կարգախոսով եւ սրան «Լուսանցք»-ը նույնպես անդրադարձել է…

Իսկ «ռուսական երթի» մասնակիցները դժգոհել են ՌԴ կառավարությունից, քանի որ վարչապետ Վլադիմիր Պուտինին հաջորդ նախագահական ընտրություններում անհրաժեշտ է լինելու ռուսականացման (կայսերական) նոր քաղաքականություն վարել, ինչն էլ պատվերով անում են նրա համար ռուս ազգայնամոլները (որոնց զգալի մասն ազգությամբ կապ չունի ռուսի հետ, որը ձուլվող տեսակ է բուն Ռուսաստանում)…

Հիշենք, որ վերջերս հանրահայտ Վլադիմիր Ժիրինովսկին նույնպես խոսել է ԽՍՀՄ 15 հանրապետությունների վերամիավորման եւ նոր խորհրդային կայսրության ձեւավորման մասին՝ իհարկե հանրապետությունների մեծ մասին գրեթե ռուսաստանյան գավառների կարգավիճակ տալով:

Այս եւ մնացյալ բոլոր «միջազգային» ազգայնական ուժերին, ավելին՝ ազգայնամոլական կառույցներին հակակշռելու եւ համարժեք պատասխանելու համար, այլեւս անհրաժեշտ է ունենալ պետության շահերը միջազգային ասպարեզում եւ ներազգային շահերը երկրի ներսում պաշտպանող ձեւավորված եւ ազդեցիկ հայ ազգայնական ուժ, որին տարիներ շարունակ փորձում է հասնել Հայ Արիական միաբանությունը…
Հայկ  Թորգոմյան
 

«Լուսանցք» թիվ 39 (215), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.