Հայաստանն ու հայությունը հակաիսլամական խնդիրների մեջ ներքաշելուն ուղղված փորձեր միշտ եղել են: Եվ դրանք միանշանակ մեր թշնամիների նախաձեռնություններն են:
Վերջերս Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում եւ ոչ հեռու գտնվող Ուտոյա կղզում Անդրես Բերինգ Բրեյվիկի իրականացրած հայտնի մարդասպան հարձակումից հետո համացանցում հայտնվել էր «Ասպետական ուխտ-2083» անվամբ տեսանյութ՝ հակաիսլամական բովանդակությամբ: Բրեյվիկի ահաբեկչական գործողությունից ժամեր առաջ, էլի համացանցում, հրապարակվել էր «Եվրոպայի անկախության մանիֆեստ -2083» անվանմամբ 1518 էջանոց փաստաթուղթ Բրեյվիկի կեղծանվամբ, ինչը հաղորդել էր BBC ռադիոկայանը:
Սակայն որքան էլ հրապարակված փաստաթղթում ներառված են նաեւ հայերի խնդիրները, փաստաթուղթն ինքնին հակաիսլամական բնույթի է: Հայությունը երբեք հակաիսլամական տրամադրություններ չի ունեցել ոչ 20-րդ դարում, ոչ էլ այժմ: Մեր շատ բարեկամ պետություններ ու ազգեր նաեւ իսլամ են դավանում եւ երբեւէ որեւէ մեկը չի կարող պնդել, թե հայությունը հակաարաբական կամ հակաիրանական տրամադրություններ ունի: Մահմեդական կրոնի դեմ անգամ հայ քրիստոնյա կրոնավորները չեն արտահայտվել: Հայաստանյայց Առաքելական եկեղեցին առանձնակի դիրք ունի իսլամական աշխարհում եւ իսլամ դավանող ժողովուրդների շրջանում, որը տարածվում է նաեւ ներկայիս հայության մասով:
Իսլամական աշխարհն այսօր էլ հարգում է 1917թ. Մեքքայի Շարիֆ եւ Արաբական հողերի թագավոր Ալ Հուսեյն Իբն Ալիի հրովարտակը՝ հայերին պաշտպանելու վերաբերյալ: Ասված է, որ յուրաքանչյուր մահմեդական (մուսուլման), հանուն Աստծո ողորմության, պարտավորվում էր իր պաշտպանության տակ առնել հայերին 1915թ. ցեղասպանությունից հետո:
Հայերը խնդիր չունեն իսլամի հետ: Խնդիր ունենք միայն թուրքերի ու ադրբեջանցիների հետ, որոնք ամեն գնով փորձեցին արցախյան հիմնահարցը կրոնականացնել եւ սրբազան ջիհադի կոչ անել, սակայն իսլամական աշխարհը չընդունեց դա, անգամ չքննարկվեց արցախյան հարցի կրոնական «պատկանելությունը»:
Սակայն, նորվեգացու հայտնի «մանիֆեստը» զուտ հակաիսլամական է, որտեղ հայերն անելիք չունեն, եւ գուցե հայերի խնդիրները հենց միտումնավոր էլ ներառնված են այդ փաստաթղթում: Մեզանում մի քանի արձագանքողներ եղան մի պահ, թե ահաբեկիչը որպես բարբարոսներ ներկայացրել է նաեւ թուրքերին ու հիշատակել է Հայոց ցեղասպանությունը: Բայց մեր խնդիրը, հայկական հարցը այդ ճանապարհով չի լուծվելու, եւ հակաիսլամական ոլորտում Հայաստանն ու հայությունը անելիք չունեն:
Իսկ Հայաստանի՝ այդ ոլորտում հայտնվելու դեպքում կշահեն միայն թուրք-ադրբեջանցիները՝ խաղալով իսլամական խաղաքարտով: Մինչդեռ այսօր էլ իսլամական աշխարհում անվստահություն կա եւ՛ Անկարայի եւ՛ Բաքվի՝ իսլամսական երկրներ լինելու հարցում…
Վահագն Նանյան
Երկդեմ ու անհավատ Ադրբեջանը
Հերթական անգամ իսլամական աշխարհում քննադատության է ենթարկվում Ադրբեջանը: Այս հանգամանքը նպաստավոր է, որպեսզի Հայաստանը նորից հիմնավորի արցախյան հիմնախնդրի ոչ կրոնական լինելը, ինչը պարբերաբար փորձում են անել ադրբեջանցիները՝ քրիստոնեական եւ իսլամական հակամարտող կողմեր ներկայացնելով հայ-ադրբեջանական առճակատումը:
Վերջերս նաեւ «Հեզբոլլահ»-ը դատապարտեց Բաքվի հակաիսլամական քաղաքականությունը. «Հեջաբի արգելումը ամբողջովին հակասում է մարդու իրավունքներին, եւ աշխարհի ոչ մի երկրում դա ընդունելի չէ, ուստի Ադրբեջանի ժողովուրդը իրավունք ունի իր իրավունքների համար բարձրաձայնել ու պայքարել, իսկ այդ երկրի իշխանությունները, որպես ժողովրդի ներկայացուցիչ, պետք է կատարեն նրանց պահանջները»:
Իրանական զլմ-ները եւ պաշտոնյաները, որոնք եւս սուր քննադատության են ենթարկում ադրբեջանական ձեւական իսլամական կեցվածքը, նշել են, որ «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Շեյխ Թաաիմ Ղասեմը՝ դատապարտելով ժողովրդի նկատմամբ ճնշումներ կիրառելու Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությունը, զգուշացրել է պաշտոնական Բաքվին: Անգամ Թուրքիայում գործող մահմեդական կազմակերպություններն են բողոքում Ադրբեջանի հակաիսլամական դրսեւորումների դեմ:
Իսլամական աշխարհում, շատերի կարծիքով, կրոնի հարցում պաշտոնական Բաքուն վարում է երկակի քաղաքականություն. այս մասին խոսվել է նաեւ «Իսլամական համագործակցության կազմակերպության» անդամ երկրների ԱԳ նախարարների նստաշրջանում, քանզի Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ելույթը հարուցել էր բազմաթիվ փորձագետների զարմանքը: Ադրբեջանցի նախարարը նշել էր, որ իր երկիրը կաջակցի բոլոր այն քայլերին, որոնք ուղղված են կանխարգելելու հակակրոնական որեւէ գործողություն: Մասնակիցները արձագանքել են, որ Ադրբեջանի ԱԳ նախարարն այն պարագայում է խոսում հակաիսլամական գործողությունների կանխարգելման մասին, երբ Ադրբեջանը ԻՀԿ անդամ այն երկրներից է, որտեղ պետական պաշտոնյաների կողմից վարվում է հակաիսլամական քաղաքականություն:
Ադրբեջանի վարած հակաիսլամական քաղաքականության նկատմամբ մուսուլմանական 30 անդամ երկրների անունից քննադատական հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ Իսլամական հեռուստառադիոյի միությունը:
Արման Դավթյան
* * *
«Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսի» (ԱԱԿ) ներսում չի դադարում դիմակայությունը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Սաֆթար Ռահիմլին խորհրդարանի պատգամավոր Սաբիր Ռուստամխանլիին մեղադրել էր Իրանի հետախուզության հետ կապեր ունենալու մեջ:
Եվ հիմա էլ «աշխարհի ադրբեջանցիները» չեն կարողանում վստահել միմյանց:
Ադրբեջանական սփյուռքը բողոքում է, որ ԱԱԿ-ն վերածվել է ընտանեկան կառույցի, ինչն էլ անվստահության ու մեղադրանքների պատճառ է դառնում:
«Լուսանցք» թիվ 40 (216), 2011թ.



