Սկիզբը՝ թիվ 34-40-ում
8. Վանատուր Աստվածը
Հայոց դիցարանի Վանատուր բառ-խորհուրդը լեզվաբանորեն կազմված է Վան (նշանակում է բնակ, բնօրրան, տուն-տեղ) եւ տուր/տալ բառերից եւ նշանակում է բնակ (բնօրրան, տուն-տեղ) տվող-պարգեւող:
Արարչի կողմից Վանատուր Աստծո վրա է դրված նաեւ ի վերուստ որոշյալ բնատեղի ունեցող Բնական Տեսակների՝ իրենց այդ բնատեղիներում՝ բնականոն կենսագործունեության համապատասխան պայմաննների ապահովման պարտականությունը:
Հայ դիցաբանությունում եւ, հատկապես, հայ դիցաբանական խորհուրդների օտար ընկալումներում Վանատուր Աստվածը երբեմն ընկալվում է որպես Հյուրընկալության Աստված: Աստծո դերի այդպիսի ըմբռնումը ըստ էության պայմանավորված է նրա՝ որպես Բնական Տեսակների բնատեղիների պահպանիչ ու հովանավորիչ տիեզերական զորության ըմբռնմամբ: Բանն այն է, որ Բնական Տեսակները միմյանցից անկախ չեն, այլ բնական ամբողջության մաս են կազմում, ըստ այդմ, պատասխանատու են միմյանց նկատմամբ, անընդհատ միմյանց սնելու, մեկը մյուսին պահել-պահպանել նորոգելու, այլ Տեսակի հիվանդության դեպքում՝ նրան բուժելու, տկարության դեպքում՝ նրա մեջ ուժ ներարկելու, վհատության դեպքում՝ կենաց ջերմությամբ սնելու, տիեզերական ու երկրային գործընթացների բերումով վերանալու վտանգի դեպքում՝ նրան փրկելու եւ այդպես անվերջ Արարչական համակարգության բացարձակությունը պահպանելու պարտականությունն ունեն: Տեսակների այդ՝ միմյանց նկատմամբ պատասխանատվությունն ու պարտականությունն աճում է ըստ այնմ, թե տվյալ Տեսակը Տեսակների աստիճանակարգությունում ինչ տեղ է գրավում:
Միջտեսակային այս հարաբերությունները կարգավորում է Վանատուր Աստվածը, ով էլ այդ դերի համար նրան պաշտողների կողմից անվանվում է նաեւ Հյուրընկալության Աստված:
Բնության տեսակներից է մարդը, ում բնակատեղին է Երկիր մոլորակը: Եվ մարդը բնության ամբողջության մեջ իր դերը կատարում է իր այդ հաստատուն բնօրրանը ունենալով: Բնության մարդ տեսակն էլ ունի իր ենթատեսակները՝ ցեղերը, որոնք էլ, համապատասխանաբար, ունեն իրենց որոշյալ բնատեղիները՝ Երկիր մոլորակի այս կամ այն հատվածը: Եվ յուրաքանչյուր մարդատեսակ մարդ համակարգությունում իր՝ ի վերուստ սահմանված դերը կատարում է հենց իր բնօրրանում: Յուրաքանչյուր ցեղ հարազատ ծնունդ է իր բնօրրանի, եւ իր բնօրրանից դուրս նա սնող արմատ չունի, եւ դա չունենալով՝ իր դերն էլ չի կատարում կամ թերի է կատարում: Օտար բնօրրանն էլ իրեն անհարազատ ցեղին չի սնում: Էլ ինչպե՞ս Արան նրան նորոգի: Չէ՞ որ նա ամեն ցեղի իր բնօրրանում է արարել եւ հենց այդտեղ է նրան զգում:
Երկիրը որպես մարդ տեսակի հաստատուն բնատեղի, երկրի տարբեր հատվածներն էլ՝ մարդկային տարբեր ցեղերի,- Արարչի կողմից սահմանված այս կարգը պահում-պահպանում, ցեղերի մեջ այդ կարգի զգացողությունը հովանավորում է Վանատուր Աստվածը:
Մարդկային ցեղերից մեկին՝ Արիին, հենց Արարիչն է արարել (եւ այդ իսկ պատճառով նա անվանվում է հայ, երկրային աստված կամ Արմեն՝ Արարչի Որդի): Եվ արարել է հենց Արարատում՝ իր՝ Արարչի երկրային արարման վայրում: «Արարատն է սուրբ Մայրական Արգանդ, եւ ես Արարատի երկունքի ծնունդ, ամբողջ էությամբ կապված եմ նրան: Արարատից դուրս ի՜նչ Արի ծագում: Ես Արարատի ծիլն եմ բնական, եւ արմատ ունեմ ես այս հողի մեջ: Ցեղածառն Արի խոր Արմատ ունի Մայր Արարատում, եւ այդ Արմատով Մայր Արարատի ստինքներն է քամում, կենաց սնունդով անվերջ զորանում եւ ապա փարթամ ճյուղրեն արձակում՝ Ազգերը Արի»:
Արարման վայրում՝ Արարատում արարվա
ծ Արիի բնակը, որպես նրա հաստատուն բնակատեղի, պահում-պահպանում է Վանատուր Աստվածը, ով էլ նաեւ հովանավորում է ցեղի մեջ բնօրրանի պաշտամունքը:
Հզոր հյուրընկալ աստվածը նաեւ Արարատը՝ երկիր մոլորակի կենաց գոտիներից մեկն է դարձնում փրկության տեղ, հողածին մարդկանց՝ ադամականների եւ երկրային այլ կենդանի տեսակների համար Մեծ ջրհեղեղից՝ երկրային կյանքի այդ մեծ ցնցումից հետո:
Սերգեյ Մանուկյան
ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ
«Լուսանցք» թիվ 41 (217), 2011թ.



