ՀՀԿ-ականները մեկնաբանելով Ս. Սարգսյանի պաշտոնանկությունը պահանջող հռչակագիր ընդունած ՀԱԿ մտադրությունը, նշում են, թե բնական երեւույթ է, մարդիկ խորհրդարանում ամբիոն չունեն, փորձում են օրենքի շրջանակներում իրենց կարծիքն արտահայտել: Բնական է համարվում նաեւ, որ արտախորհրդարանական ընդդիմությունը կցանկանա սրել շեշտադրումները, առավել եւս, որ արտախորհրդարանական ընդդիմության որեւէ քաղաքական կանխատեսում իրական չեղավ:
Այդ պատճառով էլ, ըստ նախագահի, բազմաթիվ փոփոխություններ են արվել ընտրական օրենսգրքում, որոնք արժանացել են եվրոպական եւ մյուս գործընկերների հավանությանը. «Այսինքն, մենք ոչ միայն նպատակ ունենք, այլեւ գործողություններ ենք կատարում: Կարծում եմ, որ այս հայտարարության նպատակը, ուղղակի սեւացնելն է եւ այդ գործընթացներին վնասելը: Կարծում եմ, որ մեզ ոչինչ չի խանգարելու, եւ հաստատուն քայլերով առաջ ենք շարժվելու եւ ոչ միայն ընտրություններն ենք անցկացնելու լավագույն ձեւով, այլ բոլոր քաղաքական պրոցեսները հանդարտ, հանգիստ, առանց աղմուկի, առանց ուշադրություն դարձնելու չարությամբ լցված մարդկանց կարծիքին: Հաշվի չառնելով նրանց թույնը, հաշվի չառնելով նրանց նպատակը, մենք փորձելու ենք ամեն ինչ բարելավվել, եւ կարծում եմ, որ բոլորը հնարավորություն ունեն դրանում համոզվելու»:
Իհարկե, «ժառանգության» ղեկավարն ու անդամները տարօրինակ համարեցին երկրի նախագահի արձագանքը եւ Ս. Սարգսյանին խորհուրդ տվեցին սթափվել: Կուսակցության վարչությունը նույնպես պատասխանեց նախագահին. «Մեր տարակուսանքն ենք հայտնում Ր. Հովհաննիսյանի նոյեմբերի 21-ի պաշտոնական նամակին ի պատասխան ՀՀ գործող նախագահ Ս. Սարգսյանի նոյեմբերի 26-ի արձագանքի առնչությամբ եւ գնահատում այն իբրեւ ոչ պետականավայել, հատվածական հարձակում Ր. Հովհաննիսյան անհատի ու ՀՀ 1-ին ԱԳ նախարարի, «Ժառանգության» եւ, ընդհանրապես, ամբողջ ընդդիմության, ՀՀ հասարակության ու քաղաքացու վրա»:
Ընդդիմադիրները կարծում են, որ ՀՀԿ-ն նախկինում նշել էր, թե «անհրաժեշտ է զերծ մնալ իշխանության ստանձնած քաղաքական պարտավորությունները բացարձակացնելու փորձերից, քանզի դրանք ունեն ողջամիտ սահմաններ», բայց նախագահ Սարգսյանի պատասխանով բացահայտվեց նաեւ այդ «սահմանը»:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Ա. Սարգսյանն էլ կարծիք է հայտնել, թե ինչ նկատի ունի նախագահ Սարգսյանը «հիմնականում» բառի ներքո. «Ս. Սարգսյանը կամ ինքն իրեն խաբում է, կամ այնքան է կտրվել իրականությունից, որ արդարն ու անարդարը չի տարբերում»: Նման եզրակացության նա հանգել է՝ ծանոթանալով Ր. Հովհաննիսյանի ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու նամակին Ս. Սարգսյանի պատասխանից:
Իշխանություն-ընդդիմություն երկխոսության տապալումից հետո, երբ այն վերածվեց միայն ՀՀԿ-ՀԱԿ չստացված բանակցությունների, սա կարծես մի նոր երկխոսության փորձ էր, այս անգամ խորհրդարանական ընդդիմության կողմից նախաձեռնված, որը նույնպես տապալվեց:
Ազատ եւ արդար ընտրությունների թեման հետաքրքրում է բոլորին: Արդարադատության նախարար Հ. Թովմասյանը կառավարությանն է ներկայացրել «Կուսակցությունների մասին», Քրեական օրենսգրքում, Վարչական իրավախախտումների եւ Քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու առաջարկ: Որպեսզի, ըստ այդմ, քրեական պատասխանատվության ենթարկվեն նաեւ կաշառքի խոստում տվողներն ու պահանջողները: Նախարարն առաջարկում է քրեական պատասխանատվության ենթարկել այն պաշտոնյաներին, ովքեր ոչ միայն կաշառք են ստանալու կամ միջնորդելու են կաշառքը փոխանցել, այլեւ նման խնդրանք են արտահայտելու կամ առաջարկ ստանալու. «Գործող օրենսդրության համաձայն՝ կաշառքը որպես հանցակազմ ավարտված էր համարվում այն պահին, երբ գումարը պաշտոնյային արդեն իսկ փոխանցվել էր: Այժմ նաեւ հանցակազմ է նախատեսում նման խոստում կամ պահանջ ներկայացնելու համար, այսինքն այն պահին, երբ պաշտոնատար անձը իր հետ շփվողից կպահանջի նման գումար որոշակի ծառայություններ մատուցելու դիմաց, սա եւս կդիտարկվի որպես հանցագործություն: Սա վերաբերում է ոչ միայն կաշառքին, այլեւ կոռուպցիոն մյուս դրսեւորումներին, մասնավորապես՝ եւ առեւտրային կաշաքին, եւ վարձատրությանը, որոնք պաշտոնատար անձի հետ կապ չունեն»: Ապացուցել կաշառք տալու խոստման փաստը բավականին դժվար գործընթաց է, բայց նախարարն ընդգծել է, որ չպետք է վախենալ, բոլորը պետք է հասկանան, որ անգամ նման խոսակցություններն ու առաջարկները իրենց մեջ հանցակազմ են պահանջում: «Մեկ քայլով կամ օրենսդրական փոփոխություններով դժվար է խնդիրը լուծել: Բայց դրանք անհրաժեշտ էին եւ դա է վկայում միջազգային փորձը»:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը հայտարարել է, թե թոշակառուների թիվը կպակասի, «մեռած հոգիներից» կեսնաթոշակային բազան մաքրել են. «Ամոթալի վիճակում էր գտնվում մեր կենսաթոշակային բազան: Այսինքն՝ մահացածներ կային, որոնք ընդգրկված էին համակարգում, կային կենսաթոշակառուներ, որոնք բացակայում էին ՀՀ-ից, կային կենսաթոշակառուներ, որոնք գրանցված էին ուժային կառույցներում եւ ստանում էին աշխատանքային կենսաթոշակներ»: Եղել են դեպքեր, երբ պարզվել է, որ աշխատանքային ստաժի ավել հաշվումներ են արվել, ինչն էլ ազդել է կենսաթոշակի բարձր չափին, պարզվել է նաեւ որ պակաս հաշվարկներ էլ են արվել: Ինչեւէ, այժմ այլ պատկեր է, եւ 2012թ. սկզբից հստակ կլինի, թե ՀՀ-ում քանի կենսաթոշակառու կա: «Մեռած հոգիներն» էլ ընտրություններին այլեւս չեն «մասնակցի»:
Դառնալով ներքաղաքական կյանքին՝ նշենք, որ ՀՀԿ-ի կարծիքով ՀԱԿ-ը փորձում է իրեն վերագրել կոալիցիոն կուսակցությունների հաջողությունները, եւ օրըստօրե լսարան կորցնող կոնգրեսը փորձում է ամեն գնով ցույց տալ, թե ինքը որոշակի կապ ունի երկրի ներսում կատարվող քաղաքական իրադարձությունների եւ պաշտոնանկությունների հետ, ինչը բացարձակապես անհիմն է: Դա է պատճառը, որ ՀԱԿ-ը փորձում է խառնակչություն առաջացնել իշխող կոալիցիայում:
ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցությունը որոշ քաղաքագետներ չեն բացառում: Կարծում են, դեռ ԲՀԿ-ն իր առանձին քաղաքական գիծն ունի, եւ այն կոալիցիոն հուշագիրը, որը ստորագրվեց, փաստացի չի գործում ու չէր կարող գործել, քանզի «մեռելածին փաստաթուղթ է»:
Տեսակետներ էլ կան, թե Ս. Սարգսյան-Ռ. Քոչարյան համաձայնությունը (հօգուտ գործող նախագահի) կարող են առաջ քաշել ՀԱԿ-ԲՀԿ մերձեցումներ, եւ ԲՀԿ-ն կցանկանա իշխանափոխություն: Բայց հաշվի չի առնվում այն փաստը (անգամ ընդդիմադիրներն են դա ընդունում), որ ԲՀԿ-ն առավելապես պատրաստ է աջակցել ՀՀ 2-րդ նախագահին, ում՝ գործող նախագահի հետ համաձայնության գալը պետք է ենթադրի ՀՀԿ-ԲՀԿ առավել սերտացում, քան՝ հակասություն:
Իսկ ՀՀ 1-ին նախագահի քաղաքական քայլերը, ըստ «Ժառանգության» ներկայացուցիչ Ռ. Հակոբյանի, ուղղված են ամեն գնով իշխանության մաս կազմելուն, ինչը ՀԱԿ-ի համար դարձել է նպատակ: ՀՀԿ պատգամավոր Կ. Ավագյանը համոզված է, որ ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս գալու մտադրություն չունի. «Մենք շատ լավ ենք ճանաչում Լ. Տեր-Պետրոսյանին: Նրա ամբողջ ելույթը ապացուցում է, որ ՀԱԿ-ը ազդեցություն չունի քաղաքական դաշտի վրա»: «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Ա. Կարապետյանը նույնպես չի կարծում, որ ԲՀԿ-ն դուրս կգա կոալիցիայից. «Լ. Տեր-Պետրոսյանի ելույթից հետո հիմա ԲՀԿ-ին ավելի ամուր կպահեն կոալիցիայում: Ինչ վերաբերում ՀՀ 1-ին նախագահի ելույթին, ապա կարծում եմ, որ նա այս պահին մի քիչ խճճված է»: Իսկ ՀՅԴ պատգամավոր Ա. Մինասյանը լուրջ չի համարում այս թեմայի արծարծումը:
ՀԱԿ-ի թեման մեկ այլ կտրվածքով է արծարծել «Հայոց աշխարհ» թերթը՝ նշելով, որ վերջերս մամուլում հրապարակումներ եղան առ այն, որ «Բելգիայի Թագավորությունում Հայաստանի դեսպանատան 2-րդ քարտուղար Մ. Մկրտչյանը, ավարտելով դիվանագիտական ծառայությունը, Բելգիայի իշխանություններից քաղաքական ապաստան է խնդրել, եւ այն ստանալու համար ներկայացել է որպես ընդդիմադիր գործիչ: Իսկ հետո, պարզվում է, «լուրջ հիվանդությամբ տառապող» նախկին երկրորդ քարտուղարը ակտիվորեն զբաղվում է ՀԱԿ-ի մոտեցումները եվրոպական կառույցներում ներկայացնելու պատասխանատու գործով: Որտե՞ղ եք տեսել այսպիսի «հիվանդ»,- գրում է թերթը եւ ավելացնում,- բայց հարցերը սրանով չեն ավարտվում, այլ միայն սկսվում են: Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս է պատահում, որ դիվանագիտական ծառայությունն ավարտելուց անմիջապես հետո ՀԱԿ-ի շտաբը որոշում է հենց Մ. Մկրտչյանին նշանակել իր ներկայացուցիչը Բրյուսելում: Սա արդյոք չի՞ նշանակում, որ նա նախկինում եղել է ՀԱԿ-ի ծպտյալ անդամ, ավելին՝ դեսպանատան 2-րդ քարտուղարի պաշտոնը ծառայեցրել է միջազգային կառույցներում «հայաստանյան զարգացումներիե վերաբերյալ ՀԱԿ-ի տեսակետներն ու դիրքորոշումները ներկայացնելու հույժ կարեւոր գործին»: Ահա այսպես ներքաղաքական հարցերը կարող են եւ միջազգայնացվել:
Որոշ կուսակցություններ էլ բռնել են աղմուկով քաղաքական դաշտում երեւալու ճանապարհը: ՀՌԱԿ ատենապետ Հ. Առաքելյանը փորձ արեց սպառնալ վարչապետին, որից հետո վարչապետ Տ. Սարգսյանը գործն ուղարկեց դատախազություն: Անգամ խոսում էին, թե ՀՌԱԿ ատենապետը դեմ չէր լինի քաղբանտարկյալի կարգավիճակ ստանալուն, չնայած նրան մեղադրում են կուսակցության գույքը հափշտակելու մեջ: Եվ շարունակվում է ՀՌԱԿ ատենապետի ոդիսականը: ՌԱԿ փոխատենապետ Հ. Առաքելյանը, որը ՀՌԱԿ ատենապետ ընտրվելու մասին նոյեմբերի 20-ին կայացած համագումարի արձանագրությունները փոխանցել է Արդարադատության նախարարության պետական ռեգիստր. «Հիմա պետռեգիստրը վարույթ է ընդունում այդ նյութերը եւ նորից պետք է նայեն»,- տեղեկացրել է Հ. Առաքելյանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին նա դիմել էր պետռեգիստր եւ ներկայացրել համագումարի արձանագրությունները, որոնցով պետք է անվավեր ճանաչվեն Է. Անտինյանի՝ կուսակցության ատենապետի լիազորությունները, եւ իրեն գրանցեն որպես ատենապետ: Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի եւ ոչ առեւտրային կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողության բաժնի պետ Ա. Բաբայանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 23-ին ՀՌԱԿ ատենապետ Է. Անտինյանը վարչական բողոք է ներկայացրել՝ պետական գրանցման գործընթացը սկսելու դեմ: Նախարարության վերահսկողության բաժինը վարույթ է հարուցել, որովհետեւ ըստ օրենքի՝ մինչեւ վերադասությամբ բողոքարկվող վարչական վարույթը լուծում չստանա, այսինքն, մինչեւ իրենք որոշում չկայացնեն, ստորադաս մարմինը, այս դեպքում՝ պետռեգիստրը, իրավունք չունի գրանցման շարունակել գործընթացը, ուստի այն կասեցվում է: Այսպես՝ առժամանակ կարծես սառեցվում է այս կառույցի կարգավիճակը:
Վաղուց քաղաքական ասպարեզում չէր երեւում «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տ. կարապետյանը: Եվ ահա նա եւս խոսեց ու նշեց, թե ՀԱԿ-ը հուսախաբ է արել իրեն: Նա փոշմանել է, որ համալրել է ՀԱԿ-ի շարքերը՝ մեղադրելով Կոնգրեսին իշխանության հետ գործարք կնքելու մեջ. «Ես տեղեկություններ ունեմ, որ ՀԱԿ-ին 17 տեղ են խոստացել՝ 1 տեղ յուրաքանչյուր կուսակցության համար»: Մի շարք մեկնաբաններ կարծում են, որ նեղանալու պատճառն այն չէ, որ «իշխանությունները ինչ-որ բան են խոստացել ՀԱԿ-ին, այլ այն, որ Կոնգրեսը ոչինչ չի խոստացել Կարապետիչին»:
Քաղաքական դաշտում չեն դադարում նաեւ ԱԺ նախկին նախագահ Հ. Աբրահամյանի մասին խոսակցությունները, ընդդիմադիր ճակատից պնդումներ կան, թե նա շարունակում է գնալ ԱԺ, ինչը մտահոգիչ է, քանզի Հ. Աբրահամյանը ղեկավարում է ՀՀԿ նախընտրական շտաբը:
Վերջերս նույնիսկ խոսակցություններ եղան «Դաշինք» կուսակցության նախագահ Ս. Բաբայանի վերադարձի մասին: Այժմ նրա գտնվելու վայրն անհայտ է: Ըստ լուրերի, ԼՂ ՊԲ նախկին հրամանատարը տարբեր բանկերում գրավ է դրել իր ծանոթներից ոմանց, այդ թվում՝ Երեւանի նախկին քաղաքապետ Ա. Բազեյանի տունն ու անհետացել: Մեկ այլ աղմուկի ձեւի է դիմել նախկին պատգամավոր Հմ. Հովհաննիսյանը, ով ԿԳ նախարար Ա. Աշոտյանին «Էշոտյան» է անվանել: Իսկ նախարարը խորհուրդ է տվել նրան՝ դիմել առողջապահության մասնագետների: Այս ընթացքում նորից անդրադարձեր են լինում Ս. Սարգսյանի եղբայր՝ ԱԺ պատգամավոր Ա. Սարգսյանին՝ ասելով, թե հիմա էլ «ԴԱՀԿ-ի Միհրանի փոխարեն Սաշիկն է մոնոպոլիստ դարձել»: Եվ ազդում է ներկրողների «քաղաքական հայացքների» վրա:
ԲՀԿ թեման առժամանակ կարող է «հանգստանալ», եթե իհարկե առաջին դիրք չմղվի այն խոսակցությունների իսկությունը, թե ՕԵԿ նախագահ Ա. Բաղդասարյանը Ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնից կազատվի շուտով: Ըստ շրջանառվող տեղեկությունների, դա նման է լինելու ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի պաշտոնանկությանը, այն իմաստով, որ ՕԵԿ նախագահը հայտարարելու է, թե պաշտոնից հեռանում է ՕԵԿ-ի նախընտրական շտաբի աշխատանքները համակարգելու համար: Եվ իբր իշխանությունների հաշվարկն այն է, որ Ա. Բաղդասարյանը արդեն ոչ ԱԽՔ պաշտոնում կփորձի փոքր-ինչ ընդդիմադիրի դեր խաղալ, եւ հաջողելու դեպում ՕԵԿ-ը առանձին կմասնակցի ընտրություններին: Եթե ոչ, կուսակցությանը 2-3 տեղ կհատկացվի ՀՀԿ-ի ցուցակում:
Եթե «Ժառանգության» պատգամավոր Ա. Մարտիրոսյանը պատրաստ է ողջունել ՀԱԿ եւ ԲՀԿ համագործակցությունը, իհարկե, երբ այն կայանա, ապա ՀՀԿ պատգամավորները չեն հավատում դրան, հրաժարվել են անգամ մեկնաբանել ԲՀԿ-ի հետ համագործակցելու վերաբերյալ ՀԱԿ հայտարարությունը: ՀՀԿ պատգամավոր Կ. Աճեմյանը պարզապես նշել է. «Դա մեր քննարկման թեման չէ»: Իսկ ՀՀԿ խոսնակ Է. Շարմազանովը խորհուրդ է տվել հարցնել ԲՀԿ-ի 26 պատգամավորից: ՕԵԿ պատգամավոր Խ. Հարությունյանն է շատ վստահ, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը տեղի չի ունենա:
Ուստի, շատերի կարծիքով, կոնգրեսը կոալիցիան պառակտելու սին հույսեր ունի եւ միակ նպատակը ընտրություններից հետո իրավիճակն ապակայունացնելն է… Դեռ «նոր մարտիմեկ» ձեւակերպումը խուսափում են օգտագործել: Իսկ ՀԱԿ-ը, ըստ իշխանության ներկայացուցիչների, կերակրում է իր հետեւորդներին պատրանքներով, որոնք նույնքան հեռու են իրականությունից, ինչպես Գ. Ծառուկյանը Լ. Տեր-Պետրոսյանին միանալու տարբերակը:
ՀՀ քաղաքական դաշտը մտել է պրպտումների լուրջ փուլ, որը դեռ կշարունակվի ձմռան «հարաբերական անդորրի» ընթացքում եւ կարող է ավարտվել հաջորդ տարի՝ փետրվար-մարտին միայն: Բայց մինչ այդ հիմնական գործող ուժերն ու դեմքերը վստահաբար կընդգծվեն, ինչը կարող է նաեւ մեզ համար ամեն բան հստակեցնել՝ վերջնական քայլերից առաջ:
Արամ Ավետյան
Հ.Գ. – Քանի որ մեզանում դեռ ազդեցություն ունեն ռուսաստանյան ընտրական գործընթացները, նշենք, որ ՌԴ-ում նախընտրական քարոզարշավի մեկնարկը տրված է՝ նախագահական ընտրությունները կայանալու են 2012թ. մարտի 4-ին:
Առաջինը նախագահի թեկնածու առաջադրել է «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը. նախկին նախագահ եւ ներկայիս վարչապետ Վ. Պուտինն է պայքարելու նախագահի պաշտոնի համար: Մյուս թեկնածուների անունները կհստակեցվեն ամենաուշը դեկտեմբերի 25-ին:
Հիշեցնենք, որ այսուհետ ՌԴ-ում Պետդումայի եւ նախագահական ընտրությունները տարբեր տարիներ են լինելու, քանի որ որոշում է ընդունվել Պետդումայի ընտրություններն անցկացնել 5, իսկ նախագահական ընտրությունները 6 տարվա կտրվածքով՝ նախկին 4 տարվա փոխարեն:
Ռուսաստանում կարեւորվում է նաեւ Դաշնային խորհրդը: Ըստ գործող օրենսդրության՝ այդ խորհրդի անդամ կարող է դառնալ քաղաքային կամ մարզային դումայի պատգամավորը: Վերջերս հայազգի Ա. Չիլինգարովը, ով եղել է Պետդումայի բոլոր 5 գումարումների պատգամավոր, աշխատելու է Դաշնային խորհրդում: Նրա թեկնածությունը առաջադրել է Տուլայի գուբերնատոր Վ. Գրուզդեւը:
Նախընտրական գործընթացները լի են տարօրինակություններով, ինի ականատեսն ենք լինում նաեւ Հայաստանում: Բայց մի հետաքրքիր նախաձեռնություն է հանդես բերել ՌԴ կոմունիստների ղեկավար Զյուգանովը: Նա, որպես անհավատ լենինյան առաջնորդ, համակիրների հետ եկեղեցի է գնացել՝ Մոսկվայի Փրկչի տաճար եւ խոնարհվել Տիրամոր գոտու առջեւ: Անգամ ամեն ինչ տեսած զլմ-ներն են զարմացել՝ ի՞նչ են ուզել անհավատներն աստծուց… Շատերը կարծիք են հայտնել, որ Զյուգանովի արարքից «մահացած կոմունիստները շուռ են եկել դագաղներում»:
Բայց դե՝ նախընտրական ժամանակներ են՝ ի՜նչ կարող ես անել…
«Լուսանցք» թիվ 42 (218), 2011թ.



