Վրացական խաչեղբայրություն Կազատե՞ն Վահագնին

 

Ջավախքի բնակիչները դիմել են անձամբ ՀՀ նախագահին՝ քաղբանտարկյալ Վ. Չախալյանի հարցի կարգավորման համար: Ս. Սարգսյանին առձեռն փոխանցվել է հանրագիր (կից ստորագրություններով)՝ ի պաշտպանություն ջավախքահայ քաղաքական գործիչ Չախալյանի: Հանրագիրը կազմվել է Ջավախքում, այն ստորագրել է երկրամասի 1600-ից ավել բնակիչ, որում ասվում է. «Ջավախքահայ ազգային, հասարակական, քաղաքական գործիչ Չախալյանը իր գործունեության ընթացքում պայքարում է ոչ միայն Ջավախքի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման, ջավախքահայության ազգային, մշակութային, լեզվական, կրոնական եւ կրթական արժեքների պահպանման համար, այլ նաեւ Ջավախքի հայաթափման ու թուրքերով վերաբնակեցման դեմն առնելու, ՀՀ-ն կատարյալ շրջափակումից զերծ պահելու, ի հաշիվ թուրքերի Վրաստանի էթնիկ կազմի փոփոխումը արգելելու ուղղություններով: 

Վերոնշյալ գործողության պատճառով Չախալյանը Վրաստանի իշխանությունների կողմից ենթարկվեց քաղաքական հետապնդումների՝ ապօրինի ձերբակալության, դատավարության եւ բանտարկության: Բանտարկված Վահագնը մարմնավորում է հայաթափվող Ջավախքի, շրջափակված Հայաստանի, Արցախի եւ աշխարհով մեկ սփռված հայության գոյապայքարի ճակատագիրը: Ուստի մենք՝ ներքոստորագրյալներս, կոչ ենք անոմ Ձեզ՝ Վրաստան կատարվելիք ձեր առաջիկա այցի ընթացքում (Սերժ Սարգսյանն արդեն վերադարձել է Վրաստանից-խմբ.) վրաց իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ բարձրացնել շինծու մեղադրանքներով ազատազրկված Չախալյանի արդարացման եւ ազատ արձակման խնդիրը»:

Իսկ մինչ այդ  Երեւանում տեղի ունեցավ երթ՝ ի պաշտպանություն Ջավախքի հայության իրավունքների պաշտպան, ազգային գործիչ Վահագն Չախալյանի: Սակայն Վրաստանի դեսպանատունը չի ընդունել երթի մասնակիցներին եւ չի լսել նրանց օրինական պահանջները: 2008թ. վրացական իշխանությունները շինծու մեղադրանքով ձերբակալել են հայազգի գործչին դատապարտել 10 տարվա ազատազրկման:

Մինչ երեւանյան ցույցն էլ, Վահագնը անժամկետ հացադուլ էր հայտարարել բանտում, որի ժամանակ ջավախքահայերը նամակով դիմել էին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ խնդրելով, որ նա Սաակաշվիլու առջեւ բարձրացնի եւ՛ այդ հայցը եւ՛ Վրաստանի հայ համայնքի խնդիրները նույնպես:

Այս բուռն պայքարում առավել քան տարօրինակ հնչեց ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սանոսյանի այն տեսակետը, թե Վահագն Չախալյանին որպես քաղաքական գործիչ չի ճանաչում: Այս պատգամավորին «Լուսանցք»-ը ժամանակին անդրադարձել էր, քանի որ նա ցանկություն ուներ Ջավախքում բանտ կառուցել, ինչը հաստատ ջավախքահայության շահերից չէր բխում, եւ Ջավախքը «գողական» կարգավիճակին բերելը հաստատ ազգային գործ չէր: Խոստացված աշխատատեղերն էլ արդեն ծիծաղելի էին հնչում……

Այս պատգամավորը Չախալյանի ազատազրկման հիմնավորումներն իմանալու համար առաջարկում էր դիմել վրացական իշխանություններին: Բայց նա ստացավ մեկ այլ պատասխան. «Մի՛ շահարկիր ջավախահայության խնդիրները».- այս կոչով նրան դիմեց «Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդ»-ը, որ մասնավորապես նշում է. «Հաշվի առնելով այն հանրահայտ իրողությունը, որ պարոն Սանոսյանը տնտեսական եւ այլ բնույթի սերտ կապեր ունի վրաց տարբեր պաշտոնյաների հետ, որոնց թվում են նաեւ վրաց ուժային կառույցների ու հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, նրա վերոհիշյալ հայտարարությունը կարելի է գնահատել որպես վրաց իշխանություններին հաճոյանալու ոչ բարոյական փորձ»: Նա, կատարելով վրաց իշխանությունների խոսափողի դերը, նաեւ արդարացնում է Ջավախք հայալեզու գիրք–գրականության տեղափոխման հարցում վրացական սահմանապահների կողմից հարուցվող խոչընդոտները՝ հայտարարելով, որ այդ գրականությունը ահաբեկչական բնույթի է,- ասվում է հիշյալ խորհրդի հայտարարությունում:
Կճանաչե՞ն ցեղասպանությունը
 

«Վրաստանի հայ համայնք»-ը կոչ է արել ՀՀ նախագահին ՎՀ նախագահի հետ քննարկել նաեւ Հայոց ցեղասպանության ու հայատյացության հարցերը: Բաց նամակ է հղվել Միխեիլ Սաակաշվիլիին եւ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով «նախագահ Սարգսյանի Վրաստան նախանշված պաշտոնական այցի շրջանակում նախատեսված հանդիպումներում, այլ հարցերի թվում, ուշադրություն հրավիրել եւ քննարկել նաեւ հարցեր, որոնք կնպաստեն մեր ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունների բարելավմանը»:

Վերոնշյալ հասարակական կազմակերպությունը կոչ է անում քննարկել մայրենի լեզվով կրթության մատչելիությունը ու ներկայացնում դրա հետ կապված խնդիրները. «Թբիլիսիում վերջին տարիների ընթացքում փակվում են հայկական դպրոցները/բաժինները եւ հեռացվում են պրոֆեսիոնալ մանկավարժները:

Մեր կողմից բազմիցս արձանագրվել են ազգային փոքրամասնությունների (հայերի) իրավունքների խախտման փաստեր. մայրենի լ
եզվով կրթություն ստանալու դեմ արհեստական խոչընդոտների ստեղծում, հայկական դասարանները փակելու կամ չբացելու փորձեր եւ փաստեր, հայկական բաժիններում միավորված դասարանների ստեղծում, մանկավարժներին աշխատանքից անհիմն հեռացում եւ այլն:

Այս ամենի մասին տեղյակ են պահվել պետական բազմաթիվ հաստատություններ, այդ թվում՝ Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունը: Հարցը մինչեւ հիմա մնում է չլուծված»: Երկրում գոյություն չունի մանկավարժական համալսարան (ֆակուլտետ), որտեղ հնարավոր կլիներ նոր կադրեր պատրաստել Վրաստանի դպրոցների հայկական բաժիններում աշխատելու համար, ինչը կբարձրացներ կրթության մակարդակը հայկական դպրոցներում եւ բաժիններում:

«Վրաստանի հայ համայնք»-ն առաջարկում է քննարկել նաեւ Հայոց ցեղասպանության հարցը՝ հիշեցնելով, որ Վրաստանը դեռեւս չի ճանաչել եւ չի դատապարտել 1915-1923թթ. Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը. «Մենք ամեն տարի դիմում ենք Վրաստանի համապատասխան կառույցներին եւ գերատեսչություններին՝ կոչ անելով ճանաչել աշխարհի առաջատար պետությունների կողմից արդեն ճանաչված Հայոց ցեղասպանությունը»:

Վացական զլմ-ներում ավելանում են հակահայկական եւ հայատյաց արտահայտությունները եւ ելույթները: Մենք հույս ունենք, որ ՀՀ նախագահի այցը դրականորեն կանդրադառնա եւ կամրապնդի վրաց-հայկական բազմադարյա բարեկամական հարաբերությունները, կնպաստի վերոնշյալ խնդիրների կարգավորմանը,- ասված է բաց նամակում:
Կանցնե՞ն սահմանը
 

Մերթընդմերթ լինում են դեպքեր, երբ Վրաստանից Հայաստան եկող վրացական պետհամարանիշներով մեքենաները ժամերով ստիպված են լինում կանգել հայ-վրացական Բավրայի անցակետւմ կամ հետ են դառնում Ախալքալաք:

Սահմանապահները պահանջում են ցույց տալ վրացերեն

թարգմանված եւ նոտարական գրասենյակում վավերացված փաստաթղթեր՝ ուղեւորափոխադրում իրականացնելու համար: Այսուհետ վրացական պետհամարանիշներով որեւէ մեքենա չի կարող հատել հայ-վրացական սահմանը օտարալեզու եւ հատկապես ռուսերեն փաստաթղթով: Սահմանապահների հետ երկարատեւ բանավեճերից հետո մի շարք վարորդների հաջողվել է պարզել, որ Վրաստանի իշխանությունների այս նոր որոշումը օրենքի ուժ է ստացել նոյեմբերի 26-ից, որի մասին տեղեկատվություն չի տրվել:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 42 (218), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.