Ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշեւի կարծիքով՝ առաջիկա ամիսներին Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում երկարատեւ ընդմիջման ականատես կլինենք: Թեպետ դա պայմանավորված կլինի ոչ միայն Հայաստանում եւ Ռուսաստանում սպասվող ընտրական գործընթացներով: Քաղաքագետի խոսքերով, շփման գոտում վերջին իրադարձություններն իրենց հերթին արդեն իսկ ստեղծում են ծայրահեղ բացասական մթնոլորտ՝ ցանկացած երկխոսության համար:
Ըստ հայ քաղաքագետ Վարդան Խաչատրյանի, Արեւմուտքն ու Ռուսաստանը չեն փորձի հակադրություն ստեղծել ԼՂ հարցում, քանի որ հնարավոր չէ պատկերացնել ԼՂ բանակցային գործընթացում ՌԴ-ի դերի նվազումը եւ ԵՄ-ի դերի բարձրացումը: ԵՄ-ն ինչպիսին կար, մնացել է նույնը, եւ չի կարող փոխարինել ԵԱՀԿ միջնորդությանը:
Նա անիմաստ է համարում նաեւ բանակցային գործընթացում ֆրանսիացի համանախագահին ԵՄ ներկայացուցչով փոխելու գաղափարը. «Ֆրանսիան արել է այն՝ ինչ կարող էր: Խնդիրը ռուս-ադրբեջանական հարաբերություններն են: Այսինքն, փորձում են խուզել ռուսական շահերը»: Եվ իզուր չէ, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ-ին աջակցելու պատրաստակամության մասին ԵՄ-ն արդեն հայտարարել է Բրյուսելում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ համագործակցության խորհրդի 12-րդ նիստի ընթացքում:
Իսկ Վաշինգտոնն առանց Բրյուսելի աջակցության չի գնա Մոսկվայի հետ հարաբերությունների սրման, քանզի դեռ տարիներ առաջ ռուսաստանյան կողմից փորձեր արվեցին լավացնել հարաբերությոտնները եվրոպական ուղղության հետ՝ ի հաշիվ ԱՄՆ-ի, երբ Վաշինգտոնը որոշ պայմաններ փորձեց թելադրել Եվրոպային՝ ընդդեմ Ռուսաստանի՝ ՆԱՏՕ-ի ծավալման առումով: Եվ ամերիկացիները ստիպված էին համակերպվել Ֆրանսիայի եւ Գերմանիայի տեսակետների հետ:
Օրերս ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, երկուստեք քննարկել են դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ընդգծել է հայկական կողմի ջանքերն ու մասնակցությունը կազմակերպության գործունեությանը՝ այն համարելով ամենաակտիվը ՀԱՊԿ-ում:
Եթե Արեւմուտքը դեռ լուրջ չի վերաբերում թուրք-ադրբեջանական գործոնին, ապա Մոսկվան՝ ի դեմս ԼԴԿ ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու, ահազանգում է հնարավոր թուրքական ծավալումների մասին:
Մեզ համար էլ պարզ է, որ Անկարան դեմ չէ տարածքներ կորզել Սիրիայից, Իրաքից, Հայաստանն էլ միշտ (այժմ՝ Արցախի հետ) համարել է ոսկոր թյուրքական կոկորդում, իսկ Բաքվի միջոցով ծրագրում է Իրանից կորզել տարածքներ: Միջին Ասիայի թյուրքալեզու երկրներն էլ համարում է «Մեծ Թուրանի» մասերը՝ մինչեւ ռուսաստանյան Սախա-Յակուտիա եւ չինական Ույղուրստան:
Հայաստանը այս դեպքում իրապես ոսկոր է թյուրքական ծավալապաշտական կոկորդում, եւ Մոսկվայում դա գիտակցում են (չնայած երբեմն «մոռանում» են): Վստահ ենք՝ Արեւմուտքը նույնպես գիտակցում է, չնայած ցուցադրական անտարբերությանը:
Ուստի Հայաստանին մնում է միջազգային ասպարեզում «արդիականացված» ներկայացնել պանթուրքիզմի խնդիրը:
Վահագն Նանյան
Միակուսակցական Ադրբեջան
Ադրբեջանում միակուսակցական քաղաքական համակարգ ստեղծելու համար իշխանությունը օրենքում փոփոխություններ է նախատեսել.-նշել է «Ազադլըգ»-ը:
Օրինագծում նախատեսվում է պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցի 90%-ը տալ խորհրդարանում ներկայացված կուսակցություններին, իսկ 10%-ը՝ վերջին քվեարկության ժամանակ նվազագույնը 3% ձայներ ստացած՝ խորհրդարանից դուրս մնացած կուսակցություններին:
«Նշանակում է, որ պետբյուջեից հատկացված ամբողջ գումարը կհասնի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությանն ու նրա «արբանյակներին»… 2010թ. խորհրդարանական ընտրությունները հենց այդ «հեռատեսությամբ» են կեղծվել, որ ոչ մի ընդդիմադիր ուժի 3% ձայն չի վերագրվել»,- ընդգծում է թերթը:
Կպատերազմի՞ Իսրայելը
Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը
հայտարարել է, թե Թել Ավիվը ներկայումս ոչ մի հարձակում չի պատրաստվում իրականացնել Թեհրանի նկատմամբ: Սակայն նորից կոչ է արել Իրանի իշխանություններին՝ հետ կանգնել միջուկային ծրագրի զարգացման գործողություններից, որոնք արեւմտյան երկրների կողմից դիտարկվում են միջուկային զենք ստեղծելուն միտված ջանքեր:
«Մենք ներկայումս որեւէ ծրագրեր, (երեւի նաեւ պատերազմ սկսելու – Կ.Բ.), չունենք, սակայն Իսրայել պետությունը պարալիզացված չէ վախով: Այն գործելու է հանգիստ եւ լուռ. մեզ անհրաժեշտ չեն խոշոր պատերազմներ»,- իսրայելական ռադիոյին տված հարցազրույցում ասել է նախարարը: Սակայն իսրայելցի նախարարը որեւէ կերպ չի ակնարկել, թե ի՞նչ ռազմական համագործակցություն է սկսված Ադրբեջանի հետ, ի՞նչ ռազմարդյունաբերական կենտրոններ են ստեղծվում եւ ի՞նչ նպատակով: Արդյո՞ք Իրանի վրա հարձակվելու, թե՞ Ադրբեջանը դրանք կգործադրի Հայաստանի դեմ՝ իր նենգ ծրագրերում…
Ինչեւէ, Է. Բարաքը նաեւ հույս է հայտնել, թե Թեհրանի նկատմամբ ընդունված պատժամիջոցները կստիպեն իշխանություններին հստակեցնել դիրքորոշումը սեփական միջուկային ծրագրի զարգացման լրիվ դադարեցման հարցում:
Սակայն հայտնի է, որ Թեհրանը հայտարարել է, թե չի պատրաստվում հրաժարվել իր միջուկային ծրագրից:
Կարեն Բալյան
«Լուսանցք» թիվ 42 (218), 2011թ.



