Տարածաշրջանը եւ մենք –


Հայկական դիրքերն ավելի քան շահեկան են այս պահին
 

Տարածաշրջանային հիմնախնդիրներն ազդեցություն են թողնում նաեւ տարածաշրջանի երկրների ներքին կյանքի վրա, ինչը նաեւ արտաքին միջամտության հետեւանք է:

Իրանական միջուկային ծրագրի դեմ միջազգային սահմանափակումներն ու պատժամիջոցները ներքին անվստահության մթնոլորտ են սերմանել: Հիշենք, դեռ ժամանակ առաջ, ԻԻՀ նախագահի եւ ԻԻՀ հոգեւոր առաջնորդի միջեւ լարվածություն էր առաջացել, ինչը կարծես հարթվեց: Հետո նախագահական շրջապատից մի շարք նախարարների եւ պաշտոնյաների վստահության հարցերն արծարծվեցին: Իսկ օրերս նախագահ Մահմուդ Ահմադինեժադի լրատվամիջոցների հարցերով խորհրդական, Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության գործադիր տնօրեն Ալի Աքբար Ջավանֆեքրը հարցաքննության համար հրավիրվել էր դատարան: Նա Թեհրանի հեղափոխական դատարանի կողմից մեղադրվում է սուտ լուրեր եւ ասեկոսեներ հրապարակելու մեջ, «որոնք նպատակ ունեին, տագնապ առաջացնելով, շեղել հասարակական կարծիքն ընդդեմ դատական իշխանությունների պաշտոնյաների»: Տեղեկատվության մեջ նշվում է, որ ԻԻՀ նախագահի խորհրդականը այդ օրերին սրտի կաթված է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, սակայն վերջինս, բժիշկների կամքին հակառակ, դուրս է գրվել հիվանդանոցից, որպեսզի ներկա լինի դատական գործընթացներին:

Այսպես պարբերաբար փորձեր են արվում Իրանի նախագահի դիրքերը երկրում թուլացնելու եւ Թեհրանի վրա նոր արտաքին ճնշումներն ավելի ազդեցիկ գործադրելու համար:

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի նախաձեռնած միջազգային ճնշումները նաեւ ներքին հակազդեցություն են առաջացրել եւ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանության առջեւ ցուցարարներն անկարգություններ էին արել անգամ: ԻԻՀ ԱԳՆ-ն դատապարտել է ցուցարարների գործողությունները, դեսպանության առջեւ տեղի ունեցածն անընդունելի է համարել եւ ուժային կառույցներին հորդորել՝ շտապ քայլեր ձեռնարկել հանգամանքները պարզելու համար:

Հիշեցնենք, որ մի խումբ ուսանողներ, ճեղքելով ոստիկանների դիմադրությունը, մտել էին Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանության տարածք, կոտրել շենքի ապակիները, իջեցրել այդ երկրի դրոշը, փոխարենը ծածանելով ԻԻՀ դրոշը: Ուսանողները, վանկարկելով «Մա՛հ Անգլիային», «Մա՛հ Ամերիկային» կարգախոսները, պահանջել են կասեցնել դեսպանության աշխատանքը եւ դեսպանին վտարել երկրից:

Այսպես կարծես հիմք է դրվում «սառը պատերազմին», ինչը շարունակվելու դեպքում կվերածվի «տաք պատերազմի»:

Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն դեռ փորձում են միջազգայնացնել իրենց պատժամիջոցները, իսկ Ֆրանսիան հայտարարեց, որ այլեւս Իրանից նավթ չի գնի: Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Բեռնար Վալերոն հայտնել է, որ Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը ներկայացվելու է ԵՄ երկրների արտգործնախարարների խորհրդի, այնուհետեւ ԵՄ գագաթնաժողովի քննարկմանը: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հանդես էր եկել Իրանի նկատմամբ աննախադեպ պատժամիջոցներ կիրառելու կոչով՝ ոչ միայն դադարեցնելով նավթային առեւտուրը, այլեւ սառեցնել Իրանի Կենտրոնական բանկի արտերկրյա պահուստները: Այս տարի Իրանի նավթի արտահանման 18%-ը բաժին է հասել ԵՄ երկրներին, որից ընդամենը 2%-ն է ներկրվել Ֆրանսիա (օրական 49 հազար տակառ):

Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Ըստ այդմ, կպատժվեն նաեւ բոլոր այն երկրները, որոնք կօգնեն Թեհրանին՝ զարգացնել եւ ընդլայնել նավթային միջոցները: Նկատենք, որ ՀՀ եւ ԻԻՀ միջեւ գոյություն ունեն պայմանագրեր մի շարք էներգետիկ նախագծերի շուրջ, այդ թվում՝ Իրան-Հայաստան նավթամուղի եւ նավթավերամշակման գործարանի, ինչպես նաեւ Արաքս գետի վրա Մեղրու ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ: Իսկ Իրան-Հայաստան նավթամուղի կառուցումը նախատեսված է ավարտել 2014թ.:

ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի ներկայիս քաղաքական ռազմավարության հետագա զարգացումները արդեն ազդում են Հայաստանի ու Արցախ-յան հիմնահարցի, ինչպեսեւ՝ տարածաշրջանի վրա:

 ԱՄՆ-ից հետո Մեծ Բրիտանիան եւս հայտարարել է ՌԴ-ի հետ ռազմական տեղեկատվություն փոխանակման դադարեցման մասին՝ վերջինիս մեղադրելով Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու մեջ: Սա հայտնել է Եվրոպայի գործերով նախարար Դեւիդ Լիդինգտոնը: Այս մասին արդեն կարող է վերոնշյալ «սառը պատերազմի» տարածքներն ընդլայնել: Գուցե նաեւ նման հարցեր են քննարկվել ՀՀ ՊՆ 1-ին տեղակալի եւ ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական եւ ռազմաօդային կցորդ գնդապետ Վասիլեւի հանդիպմանը: Ինչեւէ, տարածաշրջանը լի է բռնկումների օջախներով եւ քննարկելու շատ բաներ կան եւ՛ Մոսկվայի եւ՛ Վաշինգտոնի, եւ՛ Բրյուսելի, անգա՛մ Թեհրանի եւ՛ Դամասկոսի, նույնի՛սկ Թել Ավիվի հետ:

Իրանի հետ զուգահեռ լարված իրավիճակում է հայտնվել Սիրիան: Արաբական պետությունների լիգան պատժամիջոցներ սահմանեց Դամասկոսի նկատմամբ, հավանության է արժանացել Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու նախաձեռնությունը. պատժամիջոցներին կողմ են քվեարկել 22 անդամ պետություններից 19-ը: Ձեռնպահ են մնացել Լիբանանն ու Իրաքը: ԱՊԼ-ի պատժամիջոցները ենթադրում է սիրիական Կենտրոնական բանկի հետ ցանկացած գործարքի արգելք, ինչպես նաեւ արաբական պետությունների կողմից Սիրիայում ցանկացած նախագծի ֆինանսավորման դադարեցում: Բացի այդ, մի շարք սիրիացի պաշտոնատար անձանց արգելվելու է այցելել արաբական պետություններ, իսկ վերջիններիս հաշիվները սառեցվելու են ԱՊԼ-ի անդամ պետությունների բանկային համակարգերում: Նշվում է, թե պաշտոնատար անձանց ցանկը կազմվելու է ավելի ուշ:

Պատժամիջոցների կիրառումը արաբական երկրի նկատմամբ աննախադեպ է ԱՊԼ-ի պատմությունում եւ «հիմնավորվում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի՝ երկրում արյունահեղությունը դադարեցնելու անկարողությամբ»: Ավելի վաղ, Սիրիան այդպես էլ չէր պատասխանել ԱՊԼ-ի դիտորդներ ուղարկելու վերջնագրին: Լիգայի պատժամիջոցներ կիրառելու որոշումը բուռն արձագանքի է արժանացել սիրիական հասարակության, ինչպես նաեւ բարձրագույն ղեկավարության շրջանում: Երկրի ԱԳ նախարար Մուալիմը ԱՊԼ-ին անվանել է արեւմուտքի գործիք սիրիական ներքին գործերին միջամտելու հարցում, իսկ Բաշար ալ-Ասադի հազարավոր կողմնակիցներ դուրս են եկել Դամասկոսի կենտրոնական հրապարակ իրենց բողոքն արտահայտելու ընդունված որոշման դեմ: Չի բացառվում ինչպես Թեհրանում, Դամասկոսում եւս հարձակումներ լինեն որոշ դեսպանատների վրա, ինչն ավելի կսրի իրավիճակը:

Իրանը եւ Սիրիան Հայաստանի համար բարեկամական երկրներ են եւ այնտեղ կատարվող իրադարձությունները Երեւանին նույնպես հուզում են: Թեհրանի եւ Դամասկոսի դիրքերի թուլացումը տարածաշրջանում կարող է մեծացնել թուրք-ադրբեջանական ազդեցությունը, ինչը վստահաբար ձեռնտու չէ Երեւանին:

Բայց Երեւանը կարծես կարողացել է կարգավորել հարաբերությունները գերուժերի հետ, որոնք իրենց շահերն են հետապնդում Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի շրջաններում: Մոսկվայի հետ Երեւանը նորից խնդիրներ չունի, ռազմավարական գործընկերությունը շարունակվում է եւ ընդարձակվում ԱՊՀ շրջանակներում: Վաշինգտոնի հետ կարծես թե քաղաքական հարցերը կարգավորված են հիմնականում եւ ֆինանսական աջակցություններ եւս կլինեն, իսկ Բրյուսելի առումով առաջընթացն ակնհայտ է: ԵՄ-ՀՀ հարաբերություններն առաջընթաց են արձանագրել անգամ, հայտարարել է ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն. «Մեր քաղաքական եւ տնտեսական կապերը ամրապնդվում են»:

Նոյեմբերին Վիլնյուսում Հայաստանի եւ Լիտվայի ԱԳ նախարարների մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին Լիտվայի խորհրդարանի անդամներ, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Բացման արարողությունից հետո կայացել է մեր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Լիտվայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնիուս Աժուբալիսի հանդիպումը: Քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Բրյուսելում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ համագործակցության խորհրդի նիստի ժամանակ ՀՀ հիմնախնդիրների հետ նույնպես քննարկվել է ԼՂ հարցը: Եվրոպական կողմը նշել է, որ ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խաղաղ գործընթացին:

Այսպես պաշտոնական Երեւանին այս պահին հաջողվել է «կոմպլեմենտար» (փոխլրացումային) քաղաքականությամբ հասնել հաջողության եւ դա պետք է պահպանել եւ հակադրելի-հակադարձելի կիրառել թուրք-ադրբեջանական քաղաքականության դեմ:

Հայ-թուրքական հարաբերությունների առումով եվրոպական կողմը վերահաստատել է իր դիրքորոշումը Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների՝ առանց նախապայմանների վավերացման եւ իրագործման անհրաժեշտության վերաբերյալ եւ սա նույնպես հայկական կողմի օգտին է: Անկարան թերեւս հասկացել է, որ Բաքվի շահերը զուգահեռ պաշտպանելով կկորցնի վստահությունը Արեւմուտքի առջեւ, ինչը մտահոգիչ է թուրքերի համար: Եվ նրանք սկսել են նորից հայկական կողմի հետ հարաբերություններ փնտրել: Թուրքական որոշ զլմ-ներ նորից նպատակայնորեն աղմկում են, թե պետք է հիշել 1,5 մլն. հայերի տեղահանության եւ սպանդի մասին: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Դերսիմի կոտորածի համար ներողություն խնդրելու ելույթից հետո («Եթե պետք է պետության անունից ներողություն խնդրել, ուրեմն ես հիմա անում եմ դա»), նորից «հայկական ջարդերի» մասին են խոսել: Դերսիմի ջարդերի ժամանակ սպանվել է 13.806 մարդ, իսկ ահա 1,5 իսկ ավելի ստույգ՝ ավելի քան 3 միլիոն ցեղասպանված հայերի մասին դժվարանում են խոսել:

Ամեն դեպքում նորից գրում են. «Ինչպես կուզեք՝ անվանեք, բայց անցած դարասկզբին մոտավորապես 1,5 մլն. հայեր իրենց բնակավայրերից տեղահանվեցին, զգալի մասը սպանդի ենթարկվեց»: Բացի դրանից, թուրքական զլմ-ներում նշվում է, որ պետք է առերեսվել անցյալի հետ ու հիշել 1942թ. ոչ մահմեդականներին թիրախ դարձրած ունեւորության հարկը, որը ռասիստական վերաբերմունք էր՝ այսօրվա գնահատմամբ: Պետք է հիշել, թե ինչպես էին այդ հարկը վճարել չկարողանալու պատճառով 1943թ. հազարից ավելի ոչ մահմեդականներ բռնության ենթարկվում: Պետք է հիշել 1934թ. Թրակիայի դեպքերը, երբ իշխանությունների հրահրած սադրանքի հետեւանքով տեղահանվեցին հրեաները՝ ենթարկվելով սպանության ու կողոպուտի: Պետք է հիշել 1955թ. սեպտեմբերի 6-7-ը Ստամբուլում տեղի ունեցած իրադարձությունները, երբ կոտորվում ու թալանվում էին հույներն ու հայերը: Իհարկե, էլի մանրամասներ կպարզվեն դեռ, բայց արդյո՞ք Թուրքիան համարձակություն կունենա եւ կվերանայի սեփական պատմության արատավոր անցքերից բոլորը:

«Ներողություն խնդրելով թուրքական իշխանությունների՝ Դերսիմում իրականացված կոտորածների համար, Թուրքիայի վարչապետը ակամայից ներողություն է խնդրում նաեւ այստեղ կոտորված հայերից»,- անդրադառնալով Էրդողանի՝ Դերսիմում 1937-1939թթ. կոտորածների համար քրդերից ներողություն խնդրելու փաստին, ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքերով, պատմական հայտնի փաստ է, որ 1915թ. ցեղասպանությունից հետո Դերսիմում ապաստանել էին շուրջ 30.000 հայեր: Որոշ վերլուծաբաններ, այսպես թե այնպես, համարում են, որ Թուրքիայի վարչապետն իր ներողությամբ թուրք հասարակությանը նախապատրաստում է Հայոց ցեղասպանության համար ներողություն խնդրելուն: Միաժամանակ խոսակցություններ են գնում, որ կրած դժվարությունների համար որոշ դերսիմցիներ դատական կարգով փոխհատուցում կստանան, ինչը, սակայն, այնքան էլ հավատալի չէ: Չնայած ակնհայտ է, որ այժմ թուրքերի վիճակը այս հարցում այնքան էլ լավ չէ եւ գուցե նրանք դեմ չլինեն Հայոց ցեղասպանության հարցը միայն տույժ-տուգանքներով փակելուն, եթե վստահ լինեն, որ դրան չի հետեւի հայկական պահանջատիրությունը:

Այնուամենայնիվ, թուրքերը «ճգնում» են եւ Թուրքիայում պատրաստվել է հայ-թուրքական հարաբերությունների մասին 24 հատորանոց հանրագիտարան: Հայ-թուրքական հազարամյա պատմությունը բովանդակող հանրագիտարանը կրում է «Հայ-թուրքական հարաբերությունները պատմության ընթացքում» անվանումը, գրքի կազմման աշխատանքներում ներգրավված է եղել հայ, ռուս, ադրբեջանցի, անգլիացի, ամերկացի եւ ֆրանսիացի 361 գիտնական: Հանրագիտարանը բաղկացած է 18 գլխից եւ 365 ենթագլխից: 17 հազար էջ պարունակող այդ աշխատությունը 5 տարվա աշխատանքի արդյունք է, նախատեսված է մինչեւ 2012թ. գիրքը թարգմանել ու հրատարակել անգլերեն, այնուհետեւ՝ այլ լեզուներով եւս:

Այս ամենին դեռեւս չի արձագանքել պաշտոնական Բաքուն, որն անմիջապես աղմկում եւ աղաղակում է նման դեպքերում: Ադրբեջանում ոչ միայն պատրաստ չեն առերեսվել իրենց պատմության հետ, այլեւ վախենում են մտածել այդ մասին անգամ, քանզի «Ադրբեջանի եւ ադրբեջանցիների պատմություն» իրականում գոյություն չունի եւ առանց չակերտների հնարավոր չի գրել դրանք: Ադրբեջանը կեղծում է ոչ միայն հայկական, այլեւ իրանական եւ այլ ազգերի պատմագիտական փաստերը, եւ այս հարցում Անկարան եւս խնդիրներ է ունենալու: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը համբերատար եւ հետեւողական, շեշտենք՝ նաեւ անվճար, պատմության դասեր էր տալիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որը հաստատ ուսանելի եղավ նաեւ Թուրքիայի ղեկավարության եւ այլոց համար:

Իսկ վերջերս Թեհրանի 8 համալսարանների ուսանողական միությունները քննադատական հայտարարություն ուղղեցին Ադրբեջանի նախագահին՝ դատապարտելով նրա վարած հակաիսլամական քաղաքականությունը: Մասնավորապես, նշել են. «Բաքվի անբարոյական եւ արժեզրկված կառավարության կողմից նսեմացվում են կրոնական համոզմունքները: Հակաիսլամական ուղղվածությամբ ընդունված օրենքի կնիքը դեռ չչորացած, Ադրբեջանի Մեջլիսը նոր օրենք է ընդունում: Պարոն Ալիեւ, լավ իմացեք, պայքարի մեծ ալիքը հարստահարված ձեր պալատները ամբողջությամբ ավերակ կդարձնեն»: Ադրբեջանը ոչ միայն հակահայկական, հակաքրիստոնեական, այլեւ հակաիրանական, հակաարաբական, հակաիսլամական քաղաքականության օջախ է դարձել, ինչը նույնպես կարող է նպաստավոր լինել հայկական քաղաքականության համար:

Չմոռանանք նշել, որ դեռ լարված վիճակում են ռուս-վրացական հարաբերությունները, ինչը նույնպես տարածաշրջանային գործոն է: Վրաստանը փորձում է այժմ կարգավորել դա, ինչպես նաեւ հայ-վրացական հարաբերությունները: Առաջին դեպքում դեռ առաջընթաց չկա, իսկ ջավախքահայերի հարցերի անտեսումը կարող է սառեցնել արդեն իսկ նախաձեռնված վրացական մերձեցման քաղաքականությունը հայկական կողմի հետ: Տարածաշրջանը եռուն հեռանկարների մեջ է եւ Հայաստանի ու հայկական շահերի պաշտպանության դիրքերն ավելի քան հաստատուն են այժմ եւ պետք է գործել անվարան, արագ եւ հաշվենկատ իհարկե:
Հայկ  Թորգոմյան
 

«Լուսանցք» թիվ 42 (218), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.