Հայաստանը՝ տարածաշրջանային խաչմերու՞կ

Մերձավորարեւելյան ճգնաժամը շարունակվում է, եւ օրերս մի նոր հակամարտության օջախ  իր մասին վերստին զգացնել տվեց: Լիբանանի տարածքից դեպի Իսրայել մի քանի հրթիռ բաց թողնվեց, ինչն անսպասել էր գոնե այս պահին, երբ իսրայելա-արաբական հարաբերական անդորր է: Հրթիռային գնդակոծումների են ենթարկվել Գալիլեայի արեւմտյան հատվածները: Իսրայելի զինվորականները պատասխան գործողություններ են իրականացրել՝ հարվածելով այն տարածքի ուղղությամբ, որտեղից բաց են թողնվել հրթիռները: Հաղորդվել է, որ Գալիլեայի արեւմտյան շրջաններ հարավային Լիբանանից բաց է թողնվել 4 հրթիռ, որոնցից մեկը չի պայթել: Զոհեր ու վիրավորներ չկան:

Բայց սա արդեն նախազգուշացում է, որ Իրանի կամ Սիրիայի դեմ արեւմտյան հարձակումները կամ իսրայելական նկրտումները լուրջ դիմադրության կարժանանան: Վստահաբար՝ լիբանանյան կողմից հրթիռակոծությունը իրականացրել են «Հեզբոլահ»-ի մարտիկները, որոնք Լիբանանի բանակից առանձին իրենց զորքն ունեն եւ աջակցություն են ստանում նաեւ Իրանից:

Հետաքրքիր է, որ այս ամենը տեղի ունեցավ հենց այն օրերին, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով սպասվում էր Լիբանանի նախագահ Միշել Սլեյմանի եւ նրա տիկնոջ՝ Վաֆաա Սլեյմանի պաշտոնական այցը Հայաստան: Այցի ընթացքում Լիբանանի նախագահը հանդիպումներ կունենա Ս. Սարգսյանի, օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ղեկավարների, ինչպես նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի հետ: Նախատեսվում է նաեւ հայ-լիբանանյան համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Արաբական երկրներից որոշները դեռ կփորձեն շտկել հարաբերությունները Երեւանի հետ, որպեսզի նաեւ հասկանալի դարձնեն իրենց մերձեցումները Անկարային ուղղված, ինչը պայմանավորված է Թուրքիայի ներկայիս որդեգրած հակաիսրայելական կեցվածքով: Անկարան այժմ կարողանում է Իսրայելի դեմ ընդվզելով՝ խաղալ արաբական եւ իսլամական ուղղությունների հետ, միաժամանակ արծարծելով նեոօսմանիզմի եւ պանթուրքիզմի գաղափարները: Եվ հենց սա շատ վտանգավոր է՝ ու ո՛չ միայն Հայաստանի, այլեւ՛ տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Իրանի ու արաբական պետությունների համար, ինչի մասին պետք է բացահայտ խոսի Երեւանը բանակցությունների ընթացքում:

Բայց Իսրայելը նույնպես դաշնակիցներ է փնտրում: Այստեղ իսլամական գործոնը գնալով ուժեղանում է, եւ Թել Ավիվը փորձում է նոր դաշնակիցներ գտնել: Ինչպես նշում են վերլուծաբանները՝ Իսրայելը 3 խումբ է ընդգծել, 1-ինը՝ Հունաստան, Կիպրոս, Ռումինիա եւ Բուլղարիա, այստեղ Թուրքիայի պատմական մրցակիցները կարող են օգնել Իսրայելին: 2-րդը, որոնք պայքարում են իսլամական ահաբեկչության դեմ՝ Քենիա, Ուգանդա, Եթովպիա, Տանզանիա, Նիգերիա եւ Հարավային Սուդան: Եվ 3-րդը՝ Պարսից ծոցի երկրները: Նշվում է, որ Իսրայելը կփորձի լավ դաշնակիցների շարքում ներառել նաեւ Գերմանիային, քանի որ, երբ 1965թ. Գերմանիան եւ Իսրայելը դիվանագիտական կապեր հաստատեցին, Իսրայելի համար Գերմանիան Եվրոպայում դարձավ ամենաուժեղ դաշնակիցը:

Վստահաբար նոր փուլ են մտնում նաեւ հայ-հրեական կապերը, եւ փոխադարձ այցերը Երեւան ու Թել Ավիվ հենց դրա մասին են խոսում: Չեն բացառվում անգամ Հայոց ցեղասպանության եւ Արեւմտյան Հայաստանի հարցերի արծարծումները:

Իսկ ահա արաբական համերաշխությունը վերականգնելու համար Սիրիայի իշխանությունները համաձայնել են ընդունել Արաբական պետությունների լիգայի դիտորդներին, ինչը նախկինում մերժել էին եւ արժանացել ԱՊԼ-ի պատժամիջոցներին, ինչը վստահաբար կվերանայվի, ինչն էլ կխառնի Իսրայելի ու Արեւմուտքի որոշ ծրագրեր:

Մինչ  Թուրքիան զբաղված է հակաիսրայելական քարոզչությամբ, Ադրբեջանը լավացնում է հարաբերությունները Իսրայելի հետ, անգամ ռազմական ոլորտում է համագործակցում: Սա, իհարկե, Թել Ավիվն անում է Իրանի դեմ գործելու նպատակով, իսկ Բաքուն՝ Հայաստանի:

Վրաստանում նույնպես կարգավորում են հարաբերություններն Իսրայելի հետ: Նման փորձեր էլ իրականացվում են Հայաստանի հետ առնչվող հարցերում, ինչը շփոթեցնում է Թուրքիային եւ Ադրբեջանին:

Բայց Ջավախքի եւ ջավախքահայության խնդիրները վրացիների համար մեծ եւ իրական խոչընդոտներ են: Անգամ համեմատություններ արվեցին զլմ-ներում, թե ինչ արժեն հայ-վրացական ջերմ կապերը, երբ հրեա 2 գործարարներ Վրաստանի պետական այրերին կաշառելու համար, ովքեր մեղադրվում էին 7 մլն. դոլար կաշառք տալու փորձի մեջ եւ դատապարտվել էին համապատասխանաբար 6,5 ու 0,5 տարվա ազատազրկման, դեկտեմբերին համաներմամբ ազատ արձակվեցին, իսկ հայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը՝ ոչ: Հրեաները ներվեցին, իսկ հայը՝ ոչ, այսպես էր արձագանքը: Սա այն դեպքում, երբ ՀՀ նախագահը օրերս Թբիլիսիում էր «իր վաղեմի բարեկամ Սաակաշվիլու հետ հանդիպման համար»: Իսկ Սաակաշվիլին մի
քանի ամիս առաջ թուրք վարչապետի խնդրանքով ազատ էր արձակել անգամ ցմահ դատապարված 2 թուրք հանցագործների՝ հանձնելով Թուրքիայի իշխանություններին:

Վրաստանը հիմա երկու սարերի արանքում է եւ խճճվել է: Եվրոպան գուցե նաեւ պարտադրում է Հայաստանի հետ լավ հարաբերություններ ունենալ, քանզի պաշտոնական Երեւանը կարող է միանշանակ հիմնավորել, որ արտաքին աշխարհի հետ միակ գործող ճանապարհը Իրանի միջոցով է ապահովում, որովհետեւ Թուրքիան եւ Ադրբեջանը շրջափակել են Հայաստանը, իսկ Վրաստանը անհուսալի հարեւան է եւ հաճախ է իր ճանապարհները «քաղաքական» դարձնում, ինչը չի կարող ընդունելի լինել Երեւանի համար:

Ռուսաստանի հետ հարաբերություններում նույնպես Թբիլիսին խնդիրներ ունի: Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կորուստները նաեւ թուլացրել են վրացական դիրքերը տարածաշրջանում: Նախկինում աբխազական, իսկ այժմ օսական նախագահական ընտրությունների  կազմակերպումը եւ դրանց վրա ազդելու լծակները գտնվում են Մոսկվայի ձեռքում, եւ Թբիլիսին անգամ չի կարող այդ տարածքներում թեկնածուներ առաջադրել: Եվ հասկանալի է, որ Արեւմուտքի պահանջները Վրաստանի համար հրահանգի պես մի բան են հնչում:

Այս իրավիճակը սրված է, հատկապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն Եվրոպայում ՀՀՊ-ի տեղակայման աշխատանքները շարունակելու մասին է հայտարարել, անկախ այն բանից՝ ՌԴ-ին դա դուր է գալիս, թե ոչ…

Հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղադրումը, որին համաձայնել է նաեւ Վրաստանը, մի նոր հակամարտության տեղիք է տվել: Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հատուկ հայտարարությամբ էր հանդես եկել, որում ներկայացրել էր ՌԴ կողմից ձեռնարկվելիք միջոցառումների ցանկը Եվրոպայում տեղակայվելիք ՀՀՊ-ի ներդրման դեպքում: Ռուսաստանն անգամ կարող է դուրս գալ Միացյալ Նահանգների հետ կնքած ռազմավարական հարձակողական սպառազինությունների վերաբերյալ պայմանագրից ու Եվրոպայում ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերի տեղակայման շուրջ անբարենպաստ իրավիճակի ստեղծման դեպքում հրաժարվել զինաթափման ու զինամթերքների վերահսկողության հետագա քայլերից: Սա նաեւ հիմք կտա, որ հայ-ռուսական ռազմական պայմանագրի եւ ԱՊՀ ՀԱՊԿ պայմանագրերի համաձայն Հայաստանն էլ դառնա ՀՀՊ համակարգերի տեղադրման մեկ այլ վայր:

Կովկասյան կոչված տարածաշրջանում առկա հարաբերական անդորրը (Արցախի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրներ) կարող է խախտվել մի նոր բռնկումով, ինչը պայմանավորված է գերտերությունների ռազմավարական շահերով:

Իսկ Մերձավոր Արեւելքում արաբական եւ իսրայելական խնդիրներից ավելի քան առաջնային են դիտարկվում Արեւմուտք-Իրան հարաբերությունները: Մեծ Բրիտանիայում հավատարմագրված իրանցի բոլոր դիվանագետները արդեն լքել են այդ երկիրը: Հիշեցնենք, որ նոյեմբերին Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանության առջեւ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ, մի խումբ իրանցի ուսանողներ, ճեղքելով ոստիկանների դիմադրությունը, մտել էին դեսպանության տարածք, կոտրել շենքի ապակիները, իջեցրել այդ երկրի դրոշը, փոխարենը՝ ծածանել ԻԻՀ դրոշը: Լոնդոնը փակեց իր դեսպանատունը, որին հետեւեցին մի շարք եվրոպական երկրներ եւս:

Իհարկե՝ Իրանի ԱԳՆ-ն քննադատեց միջադեպը եւ հայտարարեց. «Հարգելով միջազգային օրենքներն ու կանոնները եւ շեշտելով դիվանագիտական հաստատությունների անձեռնմխելիությունը, ԻԻՀ ԱԳՆ-ն ընդգծում է դիվանագիտական հաստատությունների եւ աշխատակիցների պահպանությանն ուղղված ԻԻՀ պարտավորությունը: Անշուշտ, համապատասխան մարմինները օրինական միջոցներով հետամուտ կլինեն խնդրին» (հայտարարությունը «Լուսանցք»-ին փոխանցել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժինը): Բայց հայտարարությունը Արեւմուտքի համար այլեւս ուշացած էր:

Թեհրանի նկատմամաբ հաստատ նոր պատժամիջոցներ կկիրառվեն: Պարբերաբար խոսում են նաեւ ռազմական միջամտության մասին: Իրանում արդեն ոչնչացվել է ամերիկյան անօդաչու մի սարք, որը պատկանել է Կենտրոնական հետախուզական վարչությանը: Ամերիկյան որոշ աղբյուրներ նշում են, թե «RQ-170 Sentinel» տեսակի անօդաչուն, որը հայտնվել է իրանցի զինվորականների ձեռքում, գաղտնի առաքելություն է իրականացրել Աֆղանստանում կամ Իրանում: Ինչպես նշվում է, սարքն, ամենայն հավանականությամբ, դուրս է եկել ամերիկացի հետախույզների վերահսկողությունից, խորացել է Իրանի տարածքում, այնուհետեւ վառելիքի սպառման արդյունքում ընկել է երկրի արեւելյան մասում գտնվող լեռնային հատվածում: ԿՀՎ-ում հերքել են իրանական կողմի այն վարկածը, թե անօդաչուն ոչնչացվել է տեղի զինվորականների կողմից: Ամերիկացի փորձագետները մտահոգություն են հայտնել, թե անօդաչուի հետ մեկտեղ իրանցի զինվորականների մոտ կարող են հայտնվել սարքի գաղտնի տեխնոլոգիաները, այդ թվում դիտարկման տեսախցիկները, անտեսանելիությունն ապահովող տեխնոլոգիան, ինչպես նաեւ տարաբնույթ ցուցիչներ: Նմա
ն անօդաչու սարք ամերիկացիներն օգտագործել են նաեւ Պակիստանում, երբ դիտարկում է իրականացվել «Ալ Քաիդա»-ի առաջնորդ Ուսամա Բեն Լադենի առանձնատան նկատմամբ:

Ահա այսպես կամա, թե ակամա, կարող է նաեւ մթնոլորտը թեժանալ: Մեկ անգամ չէ, որ «Լուսանցք»-ը նշել է, թե ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելը ոմանց համար Արեւմուտքում նպատակ է՝ ԼՂ տարածքը՝ Իրանի դեմ գործածելու համար: Ամերիկացիները հերքում են, թե անօդաչու սարքն Իրանի տարածք են ուղարկել եւ պնդում են, որ պարզապես վայր է ընկել, ինչը հերքում է իրանական կողմը՝ նշելով, որ խախտվել է ԻԻՀ տարածքային անձեռնմխելիությունը, եւ սարքը խփվել է: Հիշեցնենք, որ սեպտեմբերին ադրբեջանական (իսրայելական թողարկման) նույնանման սարք ոչնչացվեց նաեւ ԼՂՀ օդային տարածքում: Այդ ժամանակ նույնիսկ Բաքվի որոշ զլմ-ներ հեգնանքով էին ընդունում պաշտոնական պնդումները, թե դա ադրբեջանական սարք չէ… Գուցե, նաեւ ադրբեջանցինե՞րը տեղյակ չէին, թե անօդաչու սարքն ինչ հետախուզական խնդիրներ է լուծում…

Եվ անօդաչու սարքերի ներխուժումը հայ(արցախա)-իրանական վերահսկողության գոտիներ ընդգծում է, որ Իրանի հետ հարեւան տարածքները կարեւորվելու նոր միտում կունենան:

Ըստ փորձագետների, Իրանի դեմ Արեւմուտքի հնարավոր հարձակման ժամանակ Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի, որովհետեւ կարող է զրկվել արտաքին աշխարհի հետ կապող վստահելի դաշնակցից: Բացի այդ, Երեւանը չի կարող նպաստել ադրբեջանական հնարավոր ծավալումներին: Բայց չի բացառվում, որ առաջացած խառն իրավիճակից փորձի օգտվել Բաքուն, եւ այդ դեպքում տարածաշրջանում Իրանի դեմ Արեւմուտքի «ամենահավանական պլացդարմը» կարող է լինել հենց Ադրբեջանը: Իսկ սա չի կարող չազդել ԼՂ հակամարտության վրա, ինչը նշանակում է՝ Հայաստանն ու Արցախը, կամա թե ակամա, կարող են ներգրավվել այդ հակամարտության մեջ:

Բոլորն են նշում, թե Իրանը Իրաք չէ, եւ Թեհրանը կարողանում է ինքնուրույն համալրել իր զինարանը: Նույնիսկ երբ Մոսկվան հրաժարվեց հ-300 ՀՕՊ համակարգեր վաճառել Իրանին, Թեհրանը սկսեց ինքնուրույն արտադրել համարժեք սպառազինություն: Բացի դրանից, Թեհրանը վերահսկում է Ծոցի նավթային պաշարների գերակշիռ զանգվածը: Վերլուծաբանների գնահատմամբ, Իրանի դեմ պատերազմի դեպքում համաշխարհային շուկայում մեկ բարել նավթի գինը կարող է հասնել մինչեւ 280 դոլարի, եւ կան էլի խնդիրներ, որոնք կվերածվեն համաշխարհային հարցերի:

Եվ  իզուր չէ, որ հայ-ռուսական ռազմա-քաղաքական շահերը համընկնում են տարածաշրջանում: Երեւանին մտահոգում է թուրք-ադրբեջանական ծավալումների հեռանկարը, Մոսկվային՝ Արեւմուտքի:

Վերջերս Երեւանում հանդիպեցին նաեւ ՀՀ ՊՆ 1-ին տեղակալն ու ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական եւ ռազմաօդային կցորդը, քննարկվել են նաեւ առաջնային խնդիրները ՀԱՊԿ-ի շրջանակներում:

Ինչպես նշեցինք վերեւում, Եվրոպան նույնպես որոշակի փոփոխությունների է ենթարկում իր ծրագրերը մեր տարածաշրջանում, որտեղ Հայաստանը կարծես ավելի նպաստավոր դիրքերում է:

Ֆրանսիան ու Գերմանիան պատրաստվում են ԵՄ նոր համաձայնագիր ստեղծել նաեւ: Նոր համաձայնագիրը պետք է նպաստի Եվրագոտու պարտքային ճգնաժամից դուրս գալուն:

Ֆրանսիայի նախագահի խոսքերով, նոր եվրապայմանագիրը պետք է պատրաստ լինի մինչ 2012թ. մարտը, որպեսզի հնարավոր լինի կասեցնել նոր ճգնաժամերը: Նոր համաձայնագիրը պիտի ստորագրվի ԵՄ անդամ բոլոր 27 պետությունների կողմից, սակայն եթե այն չհաջողվի, ապա գոնե՝ Եվրագոտու անդամ 17 պետությունների կողմից:

Փարիզը նորից եվրոպական ուղղության նախաձեռնող է հանդես գալիս, ինչը հավաստում է, որ Վաշինգտոնի ու Մոսկվայի կողքին միշտ կարող է լինել առանձին հանդես եկող եվրոպական ուղղություն:

Վերջերս ՀՀ դեսպանների խորհրդակցությունը նույնպես եղել է Փարիզում: Եվրոպական երկրներում հավատարմագրված Հայաստանի դեսպանների խորհրդակցությունն անցկացրել է ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը, անդրադարձել են նաեւ ՀՀ նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին:

Բարձրաստիճան դիվանագետները հանգամանալից քննարկել են մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:

Հուսանք, որ այդ քննարկումները կամրապնդեն հայկական դիրքերն ու շահերը ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 43 (219), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.