Որո՞նք էին մերժման պատճառները, գործակալներին գտնելը դժվա՞ր է, դրանք շա՞տ են, գաղտնազերծումից հետո շա՞տ բան կփոխվի հանրության շրջանում. այս եւ այդ կարգի հարցադրումներին ի պատասխան արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը որոշ պարզաբանումներ տվեց: Ի դեպ, օրինագծի ընդունումը մերժելու մասով մոտավորապես նույն եզրակացությունն էր տվել Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանը:
Միով բանիվ, ըստ նախարարի խոսքերի շարունակության, գաղտնազերծման մասին օրենք ընդունելու անհրաժեշտություն բնավ չկա (նախարարը օրինագծում ներառված կետերի մասով իրավական ձեւակերպումներ էլ տվեց):
Նշենք, որ ցանկացած բացահայտում իր հետւից բերում է բարի եւ չար հետեւանքներ: Բանավեճ չծավալելով արդարադատության նախարարի իրավական ձեւակերպումների մասով (ինչը գուցե հետագայում կանենք՝ երկուստեք պարզաբանումներից հետո), դա առայժմ թողնենք մասնագետներին, բայց մեզ համար մի բան հստակ է՝ ԽՍՀՄ-ը հայության հայրենիքը երբեք չի եղել եւ ամեն մի գաղտնի համագործակցություն էլ հանուն հայի ու Հայաստանի չի կատարվել:
Ավելին ասենք՝ ԽՍՀՄ ձեւավորման ընթացքում, թուրք-բոլշեւիկյան համագործակցության պատճառով հայապատկան որոշ տարածքներ Թուրքիային նվիրվեցին, իսկ ԽՍՀՄ ձեւավորված ժամանակ նաեւ Արցախը, Նախիջեւանը եւ Ջավախքն ենք կորցրել, դրանք էլ Ադրբեջանին ու Վրաստանին նվիրվեցին: Զանգեզուրն էլ չկորցրեցինք՝ միայն Գարեգին Նժդեհի կամքի շնորհիվ:
Իսկ մնացյալ երկրները կարող են «մոմ վառել», որ եղան ԽՍՀՄ կազմում եւ հսկայական տարածքներ, հարստություններ ձեռք բերեցին, խառնամբոխի կարգավիճակից անգամ «ազգ» դարձան ու «մշակույթ» ունեցան:
Ուկրաինան, չնայած մեծ տարածք ուներ, սակայն Ղրիմն էլ նվեր ստացավ Խրուշչովից, որի համար Ռուսաստանը դարեդար արյուն է թափել: Միջինասիական երկրները ներկայիս Հայաստանից տասնապատիկ անգամներ մեծ տարածքներ ունեցան, իսկ Ղազախստանը աշխարհի գերտարածքներ ունեցողների շարքում է: Դե, Ռուսաստանի մասին էլ չենք խոսում, անծայրածիր մի երկիր է, դեռ ԽՍՀՄ հարստություններն էլ մնացին միայն Մոսկվային…
Իսկ չիմանա՞նք, թե մեր սովետական հայերն ինչո՞վ են զբաղվել, ի՞նչ ազգանվեր ու մեզ անհասու գործեր են այդպես գաղտնի արել, որ չեն ցանկանում բացահայտել… Իսկ Արցախի ազատամարտի եւ Հայաստանի անկախության ճանապարհին քանի՞ հայեր են գաղտնի մեր շահերի դեմ գործել, վտանգել ու վնասել նաեւ մարդկանց… Դա էլ չիմանա՞նք… Թե՞ դա էլ է հանուն իրենց ԽՍՀՄ հայրենիքի արվել: Երեւի սա էլ նախարարի ասած «հակաիրավական արարք չէ»-ի շարքից է, իսկ հակազգային հակահայ արարքը իրավակա՞ն է մեր արդարադատության համար:
Բացահայտումն ինչքան էլ վատ հետեւանքներ թողնի, միեւնույնն է՝ դրականն ու դաստիարակչականն ավելի շատ են լինելու…
Համապատկերում նկատենք, որ հանուն արդարության ընդհանրապես պետք է խոսել ոչ միայն ԿԳԲ-իշնիկների բացահայտումից, այլ՝ այս կամ այն երկրին ծախվածների ու լրտեսների գաղտնազերծումից (հատկապես վերջերս Արեւմուտքին սիրահարվածների բացահայտումից): Իսկ եթե գանք նյութին, ապա ի վերջո, գաղտնազերծումը վնաս չէ տվյալ մարդու համար, եթե նա իրապես հայավնաս գործեր չի արել, չէ՞ որ անձի բացահայտումը ենթադրում է նաեւ տվյալ անձի գործունեության բացահայտում: Հակառակ պարագայում նա եղել է ոչ թե պարզապես ԽՍՀՄ ՊԱԿ կամ ՆԳՆ աշխատակից, այլ՝ այդ աշխատակիցը՝ ի վնաս այն ժամանակվա ՀԽՍՀ-ի, այլ կերպ՝ լրտես՝ ի վնաս հայ ազգի:
Հավելենք, «Լուսանցք»-ին հետաքրքրիր կլինի թեմայի շուրջ լսել այլ՝ թեկուզ տրամագծորեն հակառակ տեսակետներ՝ բայց հիմնավորումներով:
Աստղինե Քարամյան
Իրավախախտումն առօրյա կյանքից է ծավալվում
Պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ նախորդ տարվա համեմատ, այս տարի, խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների թիվը նվազել է. «Մենք շուտով կհրապարակենք տվյալները եւ հստակ կլինի, թե ինչ պատկեր է ստացվում»:
Նա նշել է, որ իրավապաշտպան շատ կազմակերպություններ հայտարարել են, թե բանակում զոհված զինծառայողների թիվը հրապարակելը համարվում է պետական գաղտնիք, բայց օրենսդրական որոշ փոփոխություններ են կատարվել, ու այսուհետ բոլոր վիճակագրական տվյալները կհրապարակվեն ժամանակին: Մեկնաբանել է, թե ինչու են գրեթե միշտ բանակում զինծառայողի մահվան կապակցությամբ գործերը հարուցվում քրեական օրենսգքրի 110-րդ հոդվածով՝ «Ինքնասպանության հասցնելը»: ՊՆ 1-ին փոխնախարարը պարզաբանել է, որ դա ձեւակերպումների խնդիր է, «մենք այսուհետեւ ավելի ուշադիր ենք լինելու, իսկ եթե հետո հոդվածները չենք փոխում, ապա նախնական ձեւակերպումները ճիշտ են լինում»:
Հիշեցնենք, որ հայ իրավապաշտպանների ներկայացրած տվյալների համաձայն, այս տարի զինված ուժերում 30-ից ավելի զինվոր է մահացել: Նրանցից միայն 9-ն է մահացել հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով: Մնացածը մահացել են խաղաղ պայմաններում՝ հիմնականում կանոնակարգային հարաբերությունների խախտման հետեւանքով:
«Ամեն ինչ արվում է, որ մեր աշխատանքի
արդյունքում բարելավվի վիճակը եւ՛ մարդու իրավունքների, եւ՛ հիմնարար ազատությունների հետ կապված, բայց առաջնայինը մեզ համար կանոնադրության պահպանումն է»,- հավելել է փոխնախարարը:
Վերջերս 2011թ. սկզբին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի օժանդակությամբ հայերեն էր թարգմանվել Զինված ուժերի ժողովրդական վերահսկողության ժնեւեւյան կենտրոնի կողմից պատրաստված «Զինված ուժերի անձնակազմի մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին» ձեռնարկը: Դրա հիման վրա ՀՀ ԶՈւ ուսումնական ծրագրերում ներդրվելու է «Մարդու իրավունքները զինված ուժերում» դասընթաց: Որպես այդ դասընթացի նախապատրաստական փուլ՝ ՀՀ ՊՆ-ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ-քաղաքացիական հասարակություն եռակողմ արդյունավետ համագործակցության շրջանակում ս.թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ ԶՈւ բոլոր զորամիավորումներում, ռազմական ոստիկանությունում եւ ռազմաուսումնական հաստատություններում անցկացվում են վերոնշյալ դասընթաց-թեմայով դասախոսություն-քննարկումներ:
Քննարկումներն անցկացնում են «Ժողովրդավարության եւ իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության փորձագետները, իսկ ծրագիրը ֆինանսավորվում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից: Դեկտեմբերի 8-ին դասախոսություն-քննարկում տեղի ունեցավ Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկում, որին ներկա էին նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչները:
Մեզանում խնդիր կա կարգավորելու ինչպես հայ զինվորի մարդկային իրավունքների հարցը, այնպես էլ քաղաքացիական անձանց, ովքեր կենցաղում, կամ թե կյանքի այլ ասպարեզներում դեռեւս իրավական խնդիրների են հանդիպում: ՄԻՊ գրասենյակը փորձում է ընթացք տալ շատ բողոքների, սակայն այստեղ էլ խնդիրներ կան, արգելքներ են հանդիպում:
«Ես չեմ զգում, որ իշխանությունը կամ ընդդիմությունը ինձ աջակցում է»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ նշելով, որ իրեն չեն սիրում ոչ իշխանության ներսում եւ ոչ էլ ընդդիմության: «Չունենք քաղաքական հենարան ոչ ընդդիմության եւ ոչ էլ իշխանության մեջ: Ինձ համար այդքան էլ կարեւոր չի եղել երբեւէ իշխանության կամ ընդդիմության աջակցությունը, սերը, ոգեւորությունը: Ինձ համար ավելի կարեւոր է քաղաքացիական հասարակության որոշակի ինստիտուտների աջակցությունը, եթե ոչ գործակցությունը, ապա գոնե լուռ աջակցությունը», – հայտնել է Կ. Անդրեասյանը:
Երբ Մարդու իրավունքների պաշտպանը Արմեն Հարությունյանն էր, մի առիթով նա էլ էր հայտարարել, որ ոչ իշխանությունը եւ ոչ էլ ընդդիմությունը իրեն չեն սիրում՝ իր զեկույցներում երկու կողմին ոչ ցանկալի դիրքորոշման համար:
Իհարկե լավ է, որ Հայաստանի ՄԻՊ-ը սիրո դրսեւորումների հետեւից չի ընկնում, սակայն պիտի իրապես բարձրաձայնել, անգամ օգնության համար հանրությանը դիմել, եթե այս կամ այն բողոքի համար որեւէ իշխանական, գործարարական կամ մեկ այլ «պատնեշ» է հայտնվում…
Անարդարություններն ու իրավախախտումները մեր առօրյա կյանքից են եւ՛ բանակ տեղափոխվում, եւ՛ այլ բնագավառներ կամ ոլորտներ:
Ի դեպ, իսկ մեր բանակում կարելի էր շատ հանգիստ իրավիճակը շտկել (մեկ անգամ չէ, որ գրել ենք, թե ինչպես), որպեսզի գոնե այստեղ… միջազգայիններ չթափանցեին…
Կարեն Բալյան
Ռազմագերիների հարցը կարեւորվել է
ՊՆ Ս. Օհանյանը նշել է, որ 2012թ. միջազգային կառույցների հետ համագործակցությունը ավելի է խորացվելու՝ Ադրբեջանում գտնվող հայ մյուս գերիների վերադարձը եւս ապահովելու համար: Վերջերս ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստը՝ հանձնաժողովի նախագահի՝ պաշտպանության նախարարի գլխավորությամբ:
Նիստի ընթացքում քննարկվել են 2011թ. կատարված աշխատանքները եւ 2012թ. աշխատանքային ծրագիրը: Փաստելով, որ հանձնաժողովի աշխատանքները թեեւ դանդաղ, բայց արդյունք են տվել, արձանագրել են, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներից տարվա ընթացքում Հայաստան է վերադարձել Արթուր Բադալյանը, եւս 3 հայ ռազմագերիների ադրբեջանական կողմը ուղարկել է երրորդ երկիր: 2011թ. ընթացքում հայկական կողմը Ադրբեջանին է վերադարձրել 1 ռազմագերու, 1-ին էլ ուղարկել է երրորդ երկիր:
ՀՀ-ում մարդկանց շահագործման խնդիրը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա. Գեւորգյանի մոտ կայացել է ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդի հերթական նիստը: Քննարկվել է մարդկանց շահագործման զոհերին հատուցում տրամադրելու նպատակով պետության կողմից համապատասխան հիմնադրամի ստեղծման հարցը: Կարեւորելով ստեղծման անհրաժեշտությունը՝ խորհուրդը որոշել է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, համագործակցելով շահագրգիռ այլ մարմինների հետ, եռամսյա ժամկետում կուսումնասիրի միջազգային փորձը եւ առաջարկներ կներկայացնի հիմնադրամի ձեւավորման սկզբունքների մասին՝ միաժամանակ ներկայացնելով նաեւ անհրաժեշտ իրավական ակտերի փաթեթ:
Խորհուրդն ընդունել է միջգերատեսչական աշխատանքային խմբին կից 2 ենթախմբերի ստեղծման առաջարկը, ենթախմբերից մեկը կզբաղվի ազգային ուղղորդման կարգի վերանայմամբ, իսկ մյուս ենթախումբը կուսումնասիրի ԱՄՆ պետքարտուղարության եւ Եվրոպայի խորհրդի՝ մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի ԵԽ փորձագիտական խմբի (GRETA) զեկույցները եւ աշխատանքային խմբին առաջարկներ ներկայացնի:
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 44 (220), 2011թ.



