Ովքե՞ր են խոսում արդարությունից ու բարոյականությունից եւ ինչու՞ իրենք այդպիսին չէին ու չեն էլ լինելու ՀԱԿ-ը գրեթե սպառելով «իշխանական ավազակախմբի» որակման շարանը՝ տեսականին, նորանոր ձեւակերպումներ է փնտրում: «Մոնղոլ-թաթարական իշխանությունների» հետ բանակցությունները, երկխոսությունը այնքան բացահայտումներ բերեց, հատկապես ամեն գնով իշխանատենչության առումով, որ անգամ ընդդիմադիրների շարքերը նոսրացան, էլ ուր մնաց՝ զանգվածային ցույցի կողմնակիցները հավատան այլեւս… Նրանք իրենց գործածված են զգում, անգամ ոչ օգտագործված, քանզի վերջինիս մեջ գոնե «օգուտ» կա:
Միջազգային դիտորդների կարծիքը որպես «սուրբ մասունք» հարգող ՀՀՇ-ՀԱԿ-ականները այժմ այլ կարծիքի են… նույն Դ. Շահնազարյանը ասել է, թե հույսը չի դնում նաեւ 2 հազար դիտորդների վրա, «կեղծիքներով լի ընտրությունները նրանք համարում են արդար, դրանից հետո մի եկեք այստեղ ու դեմոկրատիայի մասին դասախոսություններ մի կարդացեք: Մենք ինքներս պետք է այստեղ ժողովրդավարություն հաստատենք»,- հավելել է նա: Հիրավի «մարգարեական» խոսքեր, Դ. Շահնազարյանը հո լա՜վ գիտի, թե միջազգային դիտորդների կարծիքը իրենք ինչպես են «ձեւավորել» ժամանակին, ու նրանք էլ գիտեն «ձեւավորվելու» հնարը: Դե նաեւ ի լուր աշխարհի հայտարարել է, թո «ովքեր ուզում են, որ ՀԱԿ-ը տապալվի», դա չի լինելու, «իսկ եթե տեսականորեն տապալվի էլ, եթե նրանք իրենց դեմոկրատներ են անվանում, ասեմ, որ առնվազն առաջիկա 10 տարում սպասվում է միայն այլախոհների կարգավիճակ: Բոլոր այն գործընկերները, ում հետ ճանապարհ ենք անցել (նկատի ուներ նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանն անդամագրված Արարատ Զուրաբյանին, ով վերջերս քննադատել էր ՀԱԿ-ին), այս իրողությունները հասկանում են»:
Սա արդեն պարտությունը զգալու քաղաքական հոտառություն է եւ նախապես ահազանգ է հնչեցվում, որպեսզի հետո բոլորը հիշեն դա ու հասկանան, որ «ընտրությունների արդյունքները կեղծվել են եւ իշխանությունները օրինական չեն ընտրվել»: Այսքան բան:
ՀԱԿ-ին մտահոգել է նաեւ ԲՀԿ-ի հետ համագործակցության տապալումը: Բոլորը լավ հիշում են, թե նախկին պատգամավոր եւ գործարար Խաչատուր Սուքիասյանը ինչքան ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ՀՀՇ-ին, սակայն երբ նրան փորձում էին կալանավորել եւ տնտեսապես «նեղել», նա ՀՀ 1-ին նախագահից եւ նրա թիմից որեւէ լուրջ օժանդակություն չստացավ: Հիմա նախկին պատգամավորը եւ ներկայիս գործարարը ազատության մեջ է, բայց «դասեր քաղած», եւ… դրամական ներդրումներ չեն կատարվում այսօրվա ՀԱԿ-ի համար: Իսկ դա ծանրացնում է իրավիճակը, ՀԱԿ-ի կարկառուն դեմքերը Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հաստատ չքավորներ չեն (՞՞՞), բայց երեւի դժվար է սեփական գումարները մսխելը…
Իսկ ԲՀԿ-ն՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, լավագույն ֆինանսական աղբյուրը կդառնար, եթե համաձայնությունը կայանար: Բայց քաղաքական ոչ մի ուժ՝ իշխանական, թե ընդդիմադիր, չէր հավատում նման ընթացքին: Այդ կարծիքները ներկայացրել են «Լուսանցք»-ի նախորդ թողարկումներում: Իսկ վերջերս ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւս մեկ անգամ նշել էր. «Մի՛ հավատացեք մամուլին», իրականության մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ քաղաքական դաշտի, ընտրություններին մասնակից բոլոր դերակատարները հստակ լինեն, երբ արդեն առաջադրումներ կլինեն կամ դրանից մի փոքր շուտ քաղաքական իրավիճակը մեր երկրում պարզ կլինի: Կազմավորվում են դաշինքներ կամ այլ տիպի միավորումներ, «բայց այս պահին դեռեւս ուժի մեջ է փետրվարի 17-ի արձանագրությունը, որ համաձայնեցված պիտի մասնակցենք ընտրություններին»:
Այս մասին խոսեց անգամ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցությունը անկարելի համարեց. «Մի բան հստակ կարող եմ ասել. Գ. Ծառուկյանը հնարավոր է միանա մյուս բոլոր քաղաքական ուժերի հետ, բացի Լեւոն Տեր-Պետրոսյանից: Դա իմ անձնական համոզմունքն է: Գ. Ծառուկյանն իմ ընկերն է, հետո՝ կոալիցիոն գործընկերն է, ես նրա հետ ամենօրյա շփում ունեմ, եւ նա այնքան խելացի մարդ է, այնքան է սիրում իր երկիրը, որ հաստատ չի միանա Տեր-Պետրոսյանին, ումից իր համախոհներն են փախչում»: Ի վերջո օտարերկրյա արձակուրդից կգա ԲՀԿ ղեկավարը եւ իր խոսքը կասի:
Իսկ ՀԱԿ-ը կորցնում է ոչ միայն իր համախոհներին, այլեւ՝ իր գաղափարակիր լրատվամիջոցներին: Հանրային հեռուստաընկերության եթերով ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությունից հետո, թե իբր հերթական ընտրությունները դառնալու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդեպ վստահության հանրաքվե, «Ժամանակ» օրաթերթն իր առաջնորդողում մի հոդված հրապարակեց, որում խորհուրդ տվեց Զուրաբյանին չընկնել հնացած քաղաքական կարծրատիպերի հետեւից եւ ստեղծել սեփականն ու արդիականը, ինչից հետո ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը հայտարարեց, որ «1in.am» եւ «Ժամանակ» լրատվամիջոցները որեւէ կերպ չեն արտացոլում ՀԱԿ-ի տեսակետներն ու գաղափարները: Այս կապակցությամբ «Գոլոս Արմենիի»-ն գրել է, որ ժամանակին վերոնշյալ լրատվամիջոցները բազմիցս ՀԱԿ-ի գաղափարախոսությունը քարոզող նյութեր են հրապարակել, իսկ «Ժամանակ»-ի ղեկավար Արման Բաբաջանյանը շատ անգամ նշել է, որ Կոնգրեսի գաղափարախոսներից է: Ըստ «Գոլոս Արմենիի»-ի՝ հնարավոր է ՀԱԿ-ում Բաբաջանյանի մասին այնպիսի բան են իմացել, որ առաջ չգիտեին, եւ այդ պատճառով հիմա հրաժարվում են նրա հետ համագործակցությունից: Նշվում է, որ ի պատասխան Մուսինյանի հայտարարության՝ «Ժամանակ»-ը հարցազրույց հրապարակեց ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանի հետ, որն էլ գրեթե ոչնչացրեց ՀԱԿ-ին՝ ցույց տալով Տեր-Պետրոսյանի կողմից ստեղծված կառավարման ավտորիտար ռեժիմը: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը գուցե դառնա ՀԱԿ-ից հեռացածների պատսպարան, ինչից էլ վախենում են ՀԱԿ-ում:
ԲՀԿ-ի հետ կապերի մասով նշենք, որ վերոհիշյալ Դ. Շահնազարյանը ասել էր, թե «ԲՀԿ-ն պետք է ազատվի Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունից», քանի որ ՀԱԿ-ը սա համագործակցության համար պարտադիր պայման է համարում: ՀԱԿ ներկայացուցիչը ՀՀ 2-րդ նախագահին համարում է «մի սուբյեկտ, որը ՀՀ պետականությանը եւ հայ ժողովրդին շատ ավելի մեծ վնաս է պատճառել, քան Օսմանյան կայսրությունն ու Ադրբեջանը միասին վերցրած»: Այստեղ էլի պետք է հիշեցնենք, որ այս խոսքերն ավելի կտրուկ ձեւակերպումներով ասվել է անձամբ իրենց եւ իրենց իշխանության մասին: Թե՞ կարծում են մարդիկ առ այսօր հավատում են, որ իրենք իրենց միլիոններն ու ունեցվածքը պապական ժառանգություն են ստացել: Բոլորը լավ հիշում են «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հագած-կապածը, տունն ու կերածը, եւ այժմ, եթե չի խոսվում իրենց «դարաշրջանի» համազգային թալանի ու կողոպուտի մասին, ապա միայն իրենց չսիրած Ռ. Քոչարյանի մեղքով, ով չլսեց ՀՀ նախագահին կից գործող «Քաղաքական խորհրդի» խորհուրդը, մի կողմ դրեց այդ խորհրդի ուսումնասիրություններն ու մեղադրանքը ՀՀՇ վարչակարգի մասին եւ չդատեց նորանկախ երկրի առաջին թալանչիներին: Գուցե չցանկացավ, որ դա օրինակ դառնա եւ այդ ճանապարհին էլի նախագահներ «քաշվեն»…
Իսկ Քոչարյանին Շահնազարյանը շարունակում է համարել քրեական հանցագործ եւ կասկած չունի, որ նա կանգնելու է դատարանի առաջ՝ եթե ոչ Հաագայի, ապա՝ ժողովրդավարական Հայաստանի, որտեղ իշխանության բոլոր ինստիտուտները կլինեն տարանջատված: Մնում է ավելացնել՝ փա՜ռք ՍՄԿԿ-ին…
ՀԱԿ-ից վաղուց հեռացած «Սարդարապատ» շարժան նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտնել էր, որ քաղաքականությանը չի ուզում այլեւս խառնվել, բայց վերջերս հայտարարել է, թե պատրաստվում է տապալել կարգերը: «Մենք չեն պատրաստվում իշխանության վերարտադրումը կանխել, մենք պատրաստվում ենք նրանց տապալել՝ ժողովրդի կամքի պարտադրմամբ»,- ասել է նա՝ նորից նշելով, որ չեն մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին, քանի որ դրանք կեղծվելու են: Սարդարապատ շարժման անդամը համոզված է, որ ՀՀ-ում ընտրությունների միջոցով հնարավոր չէ հասնել իշխանափոխության:
Զարմանալի հայտարարություն է արել «Միավորված աշխատանքային» կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը: Ըստ նրա, ԱԺ առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ն կհավաքի քիչ ձայներ. «Հասարակության հիմնական դերակատարը՝ հայ ընտրողը՝ Հայաստանի քաղաքացին դժգոհ է վարվող քաղաքականությունից»,- նա հավելել է, որ ՀՀԿ-ում ընտրություններին պատրաստվելու նպատակով արվող կադրային վերջին տեղաշարժները, համենայնդեպս չեն կրճատել երկիրը լքելու ցանկություն ունեցողների թիվը, կադրային տեղաշարժի պարագայում ՀՀ բնակչի կենսամակարդակը չի լավացել, ազատությունների մակարդակը չի ավելացել: Հետեւաբար, ՄԱԿ ղեկավարն ակնկալում է, որ ՀՀԿ-ն կեղծելու է առաջիկա ընտրությունները եւ նա չի ընդունելու իշխող կուսակցության հրավերը միասնական ցուցակով մասնակցել ընտրություններին: Ինքն իրեն տեսնում է բուրժուադեմոկրատական բեւեռում, որտեղ, ըստ նրա, նաեւ «Բարգավաճ Հայաստան»-ն է: Նա հույս ունի, որ այդ բեւեռը կկարողանա վերցնել նրանց ձայները, որոնք չեն սիրում իշխանությանը, բայց ՀԱԿ-ին էլ ձայն չեն տա: Այսպես, ժամանակին ՀՀԿ-ին գովերգող մի շարք ուժեր, արդեն հասկանալի պատճառներով (դե՜ բուրժուա-դեմոկրատական բեւեռի համար) անցնում են ԲՀԿ-ի կողմը, որը նույնպես իշխանության մաս է: Իսկ ՀԱԿ, իհարկե չեն անցնի, այստեղ իշխանություն չկա:
ՀՀԿ-ն ԱԺ-ում նոր նախագահ եւ փոխնախագահ ընտրելով կանոնավորեց ներխորհրդարանական կյանքը եւ անցավ Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցության: ՀՀ 4 կուսակցություններից 3-ը՝ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ «Ժառանգություն»-ը, անդամակցել են ԵԺԿ-ին, իսկ ԲՀԿ-ի անդամակցումը տարօրինակորեն մերժվել է եւ դա փորձ է արվում կապել ՀՀԿ-ԲՀԿ հակասությունների հետ: ԵԺԿ-ի 16 անդամ երկրներ ԵՄ անդամ են:
Քաղաքական դաշտի վերլուծություններն անսպառ են, եւ ահա մի հետաքրքիր տեսակետ էլ հայտնել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Նա նշել է, թե «ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, «Օրինաց երկիր»-ն ու «Ժառանգություն»-ը վաղ թե ուշ միավորվելու են», քանի որ այս կուսակցությունները հայտ են ներկայացրել Եվրոպական ժողովրդական կուսակցությանը անդամակցելու համար: Իսկ այդ դեպքում. «Եթե ԵԺԿ անդամ եք ուզում դառնալ, դուք պարտավոր եք վեր կանգնել անձնական նկրտումներից եւ միավորվել»: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ԲՀԿ միջեւ հնարավոր տարաձայնություններին, ապա Հայրիկյանը գոնե Ծառուկյանի հետ շփումներում որեւէ հակասություն չի նկատել. «Ես նկատել եմ ընդգծված պատկառանք ՀՀԿ-ի նկատմամբ»:
Վերջերս աշխուժացել է նաեւ ՕԵԿ-ը, սա մի փորձ է առանձին ցուցակով ընտրության մասնակցելու համար: «Կոալիցիոն քաղաքական ուժերի մեջ միասնական ցուցակով քննարկումներ ուղղակի տեղի չեն ունեցել: Երկարաժամկետ բամբասանք է»,- ասել է ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ պատասխանելով առաջիկա ընտրություններում կոալիցիայի՝ միասնական ցուցակով մասնակցելու մասին հարցին: Նրա խոսքով, այժմ էլ նկատելի է, որ բոլոր քաղաքական ուժերն այս պահին պատրաստավում են ընտրություններին մասնակցել առանձին-առանձին: Իսկ եթե հանկարծ այնպիսի լուրջ խնդիրներ առաջանան, որոնց լուծումը պահանջում է միասնական լինել, հարցը կքննարկվի: «Հայացք» թերթը, անդրադառնալով ՕԵԿ-ի ընտրական գործերին, գրել է, որ էջմիածնեցի Հակոբ Հակոբյանը վերջնականապես հիասթափվել է ՕԵԿ-ից ու խզել կապերը. «Բոլորը տեղյակ են, որ նա առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստվում էր մասնակցել Արթուր Բաղդասարյանի կուսակցության հետ: Սակայն ՕԵԿ-ն այնքան է «գրուզիտ» արել խեղճ գործարարին, այնքան ֆինանսական ու այլ պահանջներ է դրել, որ մարդն ուղղակի զզվել, թողել, գնացել է»:
Նորից նախընտրական թեմա է դառնում «Մարտի 1»-ի գործը, որի նախաքննությունը դեռեւս շարունակվում է, չնայած եվրակառույցները հարցը սպառված եւ փակված են համարել: Իշխանություններին մնացել է պարզել մի շարք անձանց հարցերը եւ դատավարությամբ վերջնականապես ավարտել գործը: Բայց միեւնույնն է, կարծարծվեն բոլոր հնարավոր թեմաները՝ մարտիմեկյան իրադարձությունների հետ առնչվող: Իսկ «Մարտի 1-ի» գործով կհրապարակի մոտ 4 տարվա աշխատանքի վերաբերյալ մանրամասն զեկույցը. ասել է այդ գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը՝ նշելով, թե մահվան դեպքերի մասով փաստական տվյալներ չունեն:
Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ նոր Ընտրական օրենսգրքից բխող ընտրական իրավունքներ է ուսուցանել առաջիկա ընտրությունների համար պատասխանատու հանձնաժողովների շուրջ 30 հազար անդամների ու տեղական դիտորդների: Մինչեւ տարեվերջ նրանց ընդհանուր թիվը կհասնի 43 հազարի: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հավաստել է, որ ընտրական գործընթացը վերահսկելի կլինի, Ընտրական օրենսգիրքը ամեն ինչ փոխել է ու «նոր մեխանիզմներ ներդրել ընտրական պրոցեսում» եւ «թվանկարչություն չի կարող լինել»:
Ավելացնենք նաեւ, որ հայաստանյան ընտրությունները ոչ միայն հետաքրքրում են եւ Հայաստանի եւ Սփյուռքի հայությանը, այլեւ օտարներին, ովքեր նույնպես զբաղվում են այս կամ այն ուժերի «սեւ ու սպիտակ PR»-ներով՝ իհարկե հանուն իրենց երկրի շահերի:
Վերջերս օրինակ մի արձագանքի պատասխանեց մեր հանրահայտ հայրենակից, այժմ նաեւ դիվանագետ Շարլ Ազնավուրը: «Ես երբեք նման բան չեմ ասել, կարծում եմ դա թարգմանության սխալ է»,- պատասխանելով այն հարցին, թե՝ ռուսաստանյան «lifewhowbiz.ru» կայքի տարածած տեղեկատվության համաձայն, ասել է, որ Հայաստանում տեղի է ունենում ներքին ցեղասպանություն եւ դրա պատասխանատվությունը դրել է ՀՀ իշխանությունների վրա: «Ինձ վերագրվող արտահայտությունը չի համապատասխանում իրականությանը»,- «Արմենպրես» գործակալությանն ասել է Շվեցարիայում ՀՀ դեսպան Շարլ Ազնավուրը:
Իհարկե դեռ բազմաթիվ նման «վրիպումներ» թույլ կտան եւ՛ լրատվամիջոցները, եւ՛ քաղաքական գործիչները, որոնք նույնպես «մարտնչում» են՝ ըստ որոշակի շահերի:
Արտակ Հայոցյան
«Լուսանցք» թիվ 44 (220), 2011թ.



