ԱԺ նորընտիր նախագահ Սամվել Նիկոյանը նույնպես հանդիպել է Լիբանանի նախագահի հետ, քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ ԱԺ նախագահը կարեւորել է տարածաշրջանային կայունությունը եւ խաղաղությունը, որի համար շահագրգռված է նաեւ Լիբանանը, որ ցուցաբերում է հավասարակշռված դիրքորոշում: «Նման հարցերում անթույլատրելի է երկակի ստանդարտների կիրառումը»,- ասել է ՀՀ ԱԺ խոսնակը, որին ի պատասխան Լիբանանի նախագահը նշել է, թե ԼՂ հարցը պետք կարգավորվի միջազգային չափանիշներին համապատասխան, ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա:
Սակայն այսօր ամենաընդգծված եւ լարված տարածաշրջանային խնդիրը Իրանի միջուկային ծրագրին է առնչվում: Չնայած իրանական կողմը պնդում է, որ միջուկային ծրագիրը միայն պատրվակ է, Արեւմուտքն անհանգստանում է Թեհրանի հակաիսրայելական գործողություններից եւ պաղեստինյան հարցի նկատմամբ ունեցած ազդեցությունից: Վերջերս էլ BBC-ն հաղորդեց, որ Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Համենեին հանդես է եկել պաղեստինյան ղեկավարության քննադատությամբ, որն, ըստ իրեն, այդքան էլ ջանք չի թափում, որպեսզի ՄԱԿ-ն ընդունի Պաղեստինի անկախությունը: Ըստ Համենեի՝ պաղեստինցիների փորձերը՝ լուծել պաղեստինա-իսրայելական խնդիրը երկու պետություն ստեղծելու միջոցով, դատապարտված է անհաջողության: Թեհրանում նա հայտարարել է, որ վիճելի բոլոր տարածքները պատկանում են պաղեստինցիներին, եւ Պաղեստինի ղեկավարությունը չպետք է կենտրոնանա 1967թ. սահմաններով պետություն ստեղծելու վրա:
Թեհրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակների համար է եւ չի դադարեցնի այն ոչ մի ճնշման պայմաններում: Իսկ Արեւմուտքը պատրաստվում է լուրջ պատժամիջոցների: Կարծես կռահելով նաեւ ռազմական ներխուժման հնարավորությունը՝ ԻԻՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարի մարտավարական գծով տեղակալ, գեներալ Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ իրանական բալիստիկ հրթիռներն ի զորու են շարքից դուրս հանել Թուրքիայում տեղակայվելիք ՆԱՏՕ-ի հրթիռային համակարգերը: Իրանցի գեներալը նշել է, որ «Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ պետություն, իր համաձայնությունն է տվել իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգերը եւ Իրանի զինված ուժերը յուրաքանաչյուր սպառանալիքի դիմաց համապատասխան մշակված մարտավարական ծրագրեր ունեն, ուստի ամենակարճ ժամկետում Իրանի զինված ուժերը ի զորու են ծանր հակահարված տալ թշնամուն»:
Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ի ռադարային համակարգերի տեղակայման մասին որոշումն ընդունելուց անմիջապես հետո Իրանի ԶՈւ ռազմաօդային ուժերը երկրի հյուսիս-արեւմուտքում լայնամասշտաբ զորավարժություն անցկացրին: Իսկ Իրանի ՊՆ Ահմադ Վահիդին, անդրադառնալով Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ռադարային համակարգերի տեղակայման խնդրին, հայտարարեց. «Փորձը ցույց է տալիս, որ տարածաշրջանում օտար ուժերի ներկայությունը վնասում է տարածաշրջանի երկրների միջեւ առկա վստահությանը: Իրանի հյուսիս-արեւմուտքում ԻԻՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի զորավարժությունը վկայեց, որ վերջին 30 տարում պատժամիջոցների պայմաններում Իրանի ռազմաօդային ուժերն այսօր էլ լիովին պատրաստ են պաշտպանելու երկրի սահմանները»:
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն զանգահարել է Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալիհիին եւ խնդրել պարզաբանել իրանական կողմի հայտարարությունը՝ կապված Մալաթիայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման հետ: ԻԻՀ ԱԳ նախարարը, հասկանալի է, եւս մտահոգություն է հայտնել եւ փորձել է հավաստիացնել, որ դա Իրանի պաշտոնական տեսակետը չէ, այլ առանձին անձի կարծիք է: Անկարային մտահոգել է, որ Իրանի վրա ամեն մի հարձակման դեպքում պատասխան հարվածի թիրախ է ընտրելու հենց Թուրքիայում գտնվող համակարգը: Դավութօղլուն զրուցել է նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ եւ իրազեկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմակերպած վերջին հանդիպման ընթացքի մասին: Նախարարները համաձայնության են եկել Թուրքիա-Իրան-Ադրբեջան եռակողմ խորհրդաժողովը հունվարին անցկացնելու շուրջ: Նաեւ կարծիքներ են փոխանակել Ֆրանսիայի խորհրդարանում քննարկման պատրաստվող հայկական բանաձեւի վերաբերյալ:
ԻԻՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա հարձակումն ավելի սրեց իրավիճակը: Այս երկրների հարաբերությունները պաշտոնապես իջեցվեցին գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակի: Մի շարք երկրներ եւս հետ կանչեցին իրենց դեսպաններին:
ԱՄՆ նախագահն էլ հայտարարեց, թե չի բացառում ԻԻՀ շուրջ իրադրության զարգացման եւ ոչ մի տարբերակ, որ Վաշինգտոնը սերտորեն համագործակցում է դաշնակիցների՝ այդ թվում նաեւ Իսրայելի հետ, որպեսզի թույլ չտան Իրանին հասնել միջուկային զենքի ստեղծմանը:
Թեհրանը, չնայած ռազմագոչ հայտարարություններին, այնուամենայնիվ, մտահոգ է՝ հասկանալով, որ պատերազմը ծանր հետեւանքներ կունենա, եւ ՄԱԿ-ից պահանջել է պաշտպանել Իրանն ԱՄՆ-ից: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մուհամեդ Հազաին նամակներ է հանձնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունին, ՄԱԿ ԱԽ նախագահ Վիտալի Չուրկինին եւ ՄԱԿ ԳԱ 66-րդ նստաշրջանի նախագահ Նասիր Աբդուլազիզ Ալ-Նասերին: Նամակում նշված է. «Ոչ վաղ անցյալում ամերիկյան RQ-170 լրտես անօդաչու ինքնաթիռը, որն ունեցել է հստակ սերիական համար, խախտել է Իրանի օդային սահմանը: Ապա այն Իրանի տարածքում խորացել է 250 կմ՝ հասնելով մինչեւ հյուսիսում ընկած Թաբաս քաղաք, ուր եւ ստացել է ԻԻՀ զինված ուժերի կողմից վճռական պատասխան: Մեր կառավարությունն ընդգծում է, որ ԱՄՆ-ի կառավարության այս քայլը թշնամական ակտ է՝ ուղղված Իրանի դեմ, ինչպես նաեւ միջազգային իրավունքի, այդ թվում՝ նաեւ ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական սկզբունքների խախտում: Իրանն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները իր ազգային ինքնիշխանության պաշտպանության համար: Միջազգային հանրությունը պետք է հստակ եւ արդյունավետ միջոցներ ձեռնարկի այդ վտանգավոր ու ապօրինի ակտերի շարունակմանը վերջ դնելու ուղղությամբ»:
Դիվանագիտական հարձակումներից բացի, Իրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բերվել է մարտական բարձր պատրաստականության:
Արեւմուտքն ու Իսրայելը շարունակում են Իրանի դեմ գործածել նաեւ ադրբեջանական խաղաթուղթը: «Ադրբեջանը բացահայտ խախտում է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթները»,- հայտարարել է Իրանի բանիմացների խորհրդի (Մաջլես-է խոբրեգան) անդամ, այաթոլլահ Հաշեմ Հաշեմզադե Հարիսին՝ հավելելով, որ Ադրբեջանի իշխանությունների հակաիսլամական քաղաքականության հետեւանքով մեկ հեջաբն է արգելվում, մեկ արգելվում է կրոնական քարոզչություն իրականացնել, մեկ իսլամական գործիչները բանտարկվում եւ, խոշտանգումների ենթարկվելով, սպանվում են:
Այսպես փորձ է արվում հակաիրանական եւ հակաիսլամական խնդիրներով Իրանին ներքաշել միջազգային առճակատման մեջ: Եվ թուրք-ադրբեջանական դաշինքը պատրաստ է օգտվել այդ իրավիճակից: Սակայն Սիրիայի եւ Իրանի դեմ այդ դաշինքի նկրտումները դուր չեն գալիս ահաբեկչական եւ զինյալ մի շարք իսլամական խմբավորումների: Վերջերս «Հեզբոլլահ»-ը զգուշացրել է, որ Սիրիայի վրա հարձակման դեպքում իր մարտիկները կմիջամտեն: Հիշեցնենք, որ իսրայելա-լիբանանյան վերջին բախումների ժամանակ հենց «Հեզբոլլահ»-ը պատերազմեց Իսրայելի դեմ եւ հաղթեց:
Նորից ակտիվացել է «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական կառույցը: Թուրքիայի անվտանգության ուժերի աշխատակիցները հայտնել են, որ այդ ցանցի 11 անդամների են ձերբակալել եւ պարզվել է, որ ահաբեկիչները պատրաստվում էին պայթեցնել Թուրքիայի խորհրդարանի շենքը: Հաղորդվել է, որ նրանք պատրաստվում էին հարձակվել նաեւ Անկարայի ու Ստամբուլի քրիստոնեական եկեղեցիների վրա: Եթե դա այդպես է, ապա տարածաշրջանում իսլամա-քրիստոնեական հակամարտությունը եւս չի բացառվում:
Իսկ Թուրքիան եւ Կաթարը պաղեստինյան «Համաս»-ին ստիպել են լքել Սիրիայի նախագահ Ասադին, որից հետո, ըստ ամերիկյան The Wall Street Journal»-ի, «Համաս»-ի բոլոր ակտիվիստները գործնականում կլքեն Սիրիայի տարածքը: Նշվում է, որ մերժվել է անգամ պաղեստինյան կազմակերպության գլխավոր հովանավոր Իրանի վերջնագիրը, որում Թեհրանը սպառնում էր դադարեցնել սպառազինության մատակարարումը: Բացի այդ, «Համաս»-ի զինյալները չեն կարող ռազմական նախապատրաստություն անցնել իրանական ուսումնական ճամբարներում:
Իրանը ռազմավարական պարտություն կկրի, եթե պաղեստինյան այս կազմակերպությունը հովանավորչություն ստանա Թուրքիայից ու Կաթարից, սակայն սա մի խաղ է, որը կարող է ավարտվել առավելապես Պաղեստինի պարտությամբ, քանզի Անկարան երբեք վստահելի գործընկեր չէ, իսկ Կաթարը չի կարող ունենալ Իրանի դերն ու ազդեցությունը: Թուրքիայի խաղն ավարտվելուց հետո Պաղեստինը հնարավոր է մեն -մենակ մնա Իսրայելի դեմ հանդիման:
Հետաքրքիր ծավալումները շարունակվում են, եւ այս անգամ էլ Սիրիան է կանխել Թուրքիայից «զինված ահաբեկիչների» ներխուժումը՝ սահմանը ապօրինի անցնելու փորձը: Սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը հայտնել է, որ Իդլիբի նահանգում սիրիացի սահմանապահները փոխհրաձգության մեջ են մտել զինյալների խմբի հետ, ինչի հետեւանքով մի քանի ահաբեկիչ վիրավորվել է, մյուսներն էլ վերադարձել են Թուրքիայի տարածք: Հիշեցնենք, որ սիրիական իշխանությունները երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամում մեղադրում են Արեւմուտքի եւ որոշ հարեւան երկրների, այդ թվում նաեւ Թուրքիայի կողմից հովանավորվող «զինված ահաբեկչական խմբավորումներին»:
Քրդական գործոնի հետ պայմանավորված արծարծվում է նաեւ Իրաքի հարցը: Հայտնի է, որ իրաքյան քրդերը լուրջ ծրագրեր ունեն Թուրքիայի (մեզ համար՝ Արեւմտյան Հայաստանի), Սիրիայի, Իրանի եւ Իրաքի տարածքների վրա Քուրդիստան հիմնելու համար, եւ միայն ԱՄՆ զինված ուժերի առկայությունն է Իրաքում սառեցրել քրդական գործոնը: Եվ ահա ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ մինչեւ 2011թ. ավարտն ԱՄՆ-ն Իրաքից դուրս կբերի իր զինվորական կազմը. «ԱՄՆ-ն եւ Իրաքը համագործակցության փուլ են մտնում: Հունվարի 1-ից մեր հարաբերությունները կվերածվեն երկու հավասար ինքնիշխան երկրների հարաբերությունների»: Ներկայումս Իրաքում մնում է մոտ 40 հազար ամերիկացի զինվորական:
Չնայած նավթա-գազային խնդիրները կարող են հետաձգել ամեն խոսք-խոստովանություն:
Իսկ «Bloomberg»-ը հայտնել է, որ նավթն էժանանում է՝ հաշվի առնելով նավթի պահանջարկի նվազումը՝ պայմանավորված եվրագոտու երկրների պարտքային խնդիրներով, որոնց լուծումը դեռեւս չի գտնվել: Հունվարյան WTI նավթի ապառքային պայմանագրերի արժեքը նյույորքյան ապրանքային բորսայի էլեկտրոնային գործարքներում (NYMEX) նվազել է 0,16 դոլարով (0,16%)՝ դեկտեմբերի 8-ի մակարդակի համեմատ, 1 բարելի համար՝ մինչեւ 98,18 դոլար: Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent նավթի հունվարյան ապառքը նվազել է՝ 0,39 դոլարով (0,36%)՝ 1 բարելի համար՝ մինչեւ 107,72 դոլար:
Իսկ ահա Իրանը Կասպից ծովում գազի նոր հանքավայր է հայտնաբերել: Այստեղ նախատեսվում է ավելի քան 50 հազար միլիարդ խմ գազ արդյունահանել, որը կարող է 10 տարի ապահովել Իրանի ներկայիս գազի ներքին սպառման ծավալների մակարդակը:
ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նշել է, որ գազի նոր հանքավայրն Իրանի դերը կբարձրացնի Կասպից ծովի տարածաշրջանում եւ կփոխի տարածաշրջանի քաղաքական ու էներեգետիկ հավասարակշռությունը:
Մերձկասպյան 5 երկրները՝ Ռուսաստանը, Իրանը, Թուրքմենստանը, Ղազախաստանն ու Ադրբեջանը, Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ որոշակի տարաձայնություններ ունեն եւ Իրանն առաջարկում է այն բաժանել 5 հավասար մասի: Այդ առնչությամբ՝ Իրանի ԱԳՆ մամլո խոսնակը վերջերս հայտարարել էր, որ մինչեւ Իրանի շահերը Կասպից ծովի իրավական կարգավիճակի որոշման հարցում առավելագույնս ապահովված չլինեն, Իրանը ծովի բաժանման ոչ մի տարբերակի հետ չի համաձայնի:
Բայց չնայած Իրանի էներգետիկ պաշարների առկայությանը, Արեւմուտքը չի հրաժարվում Իրանին պատժելու մտքից, եւ 2012թ. հունվարին կընդլայնվի Իրանի դեմ նախատեսված պատժամիջոցների ցանկը: Ճնշումներ կարվեն ոչ թե հակադրությունն ահագնացնելուն ուղղված, այլ կլինեն քայլեր՝ ի պատասխան Իրանի միջուկային քաղաքականության:
Ի դեպ, որոշում է ընդունվել Իրանի 180 մասնավոր անձանց եւ ընկերությունների նկատմամբ:
Թեհրանը շարունակում է հերքել բոլոր մեղադրանքները եւ հայտարարում, որ միջուկային ծրագիրն ուղղված է խաղաղ նպատակների եւ պետք է ծառայի երկրին էլէներգիա մատակարարելու նպատակին:
Սիրիայի եւ Իրանի հաջողված դիմակայության կամ հնարավոր տեղի տալու հետեւանքները լրջորեն կազդեն տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակին, եւ Հայաստանը պետք է կարողանա իրապես հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերել, քանզի չեզոքություն պահպանելը դժվար կլինի, որովհետեւ երկու դեպքում էլ հնարավորություններ կան հայկական շահերի առաջխաղացման համար, բայց նաեւ կան վտանգներ՝ թյուրքական գործոնի հետ կապված:
Արամ Ավետյան
«Լուսանցք» թիվ 44 (220), 2011թ.



