«Հայփոստ»-ի կառավարման ձեւը կա՛մ կփոխվի կա՛մ…

Նախարարը  կխոսի պայմանագրի լուծարման մասին

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը  տարեվերջյան ամփոփոիչ ասուլիսում, երբ անդրադարձավ «Հայփոստ»-ի գործունեությանը, ասաց. «Ես իմ դժգոհությունը մի քանի անգամ ներկայացրել եմ՝ կառավարման ձեւի հետ կապված»:

Բանն այն է, որ վերջերս, երբ Մանուկ Վարդանյանը եւ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը ստորագրել էին 2006թ. կնքված պայմանագրի գործողության ժամկետը 6 ամսով երկարաձգելու մասին հավատարմագրային կառավարման պայմանագիր, Մ. Վարդանյանը ընդգծել էր, թե «Հայփոստ»-ի կողմից նախատեսված ծրագրերն ամբողջությամբ չեն իրականացվել, ներդրվել է ունիվերսալ ծառայությունների մի մասը: Ըստ նախարարի, կատարված աշխատանքները բավարար չեն փոստային նորմալ ծառայությունների մատուցման համար:

Դա ասելուց  հետո նախարարն առաջարկել է փոխել կառավարման ձեւը, ինչը հնարավորություն կտա նոր պայմանագրով ներդրումներ կատարել ոչ միայն «Հայփոստ»-ի շահույթի, այլեւ նոր ներդրումների հաշվին, որի արդյունքում հնարավոր կլինի ունենալ արդիական փոստ՝ վերանորոգված բաժանմունքներով, ունիվերսալ ծառայությունների ամբողջ ցանկով, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ եւ նոր կադրերի համալրմամբ: Հակառակ դեպքում կքննարկվի պայմանագրի կա՛մ վերանայման, կա՛մ լուծման հարցը:

Սա մեր պետական  այրերի այն եզակի որոշումներից է, որին կարող ենք սատարել: Բանն այն է, որ, կենցաղային լեզվով բացատրած, ցայսօր գործող պայմանագրի համաձայն (չգիտես ինչու մեր պետությունը հաճախ է, ի վնաս մեզ, արտերկրի ներդրողների կամ կառավարիչների հետ փաստաթղթեր ստորագրում) «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ին խնդրել ենք, թե մենք չենք կարող մեր ընկերությունը կառավարել, արի ու կառավարիր մեզ: Դե, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ն էլ կառավարում է եւ ներդրումներ է անում ոչ թե ի՛ր միջոցների, այլ այդ կառավարածի հետեւանքով ունեցած շահույթի հաշվին: Թե ինչու դա ձեռնտու չէ մեր երկրին, վստահաբար բացատրելու կարիք չկա: Այս իսկ պատճառով էլ նախարարն առաջարկել է փոխել կառավարման ձեւը, կամ էլ վերանայել ու լուծել պայմանագիրը: Իսկ նոր ընկերություն հաստատապես կգտնվի: Հակառակ պարագայում մենք կկառավարենք, ի՞նչ է, մեր երկրում մի կառավարիչ չունե՞նք:

Գամ ընդհանրապես միջազգային ընկերությունների հետ սխալ (հասկանալ՝ ոչ մեզ ձեռնտու) կազմվող պայմանագրերին: Չգիտես ինչու՝ հենց մեկն ուզում է մեր երկիր գալ, ձեռք ու ոտ ենք ընկնում, այդ մարդու դեմը կանգնում, թե՝ եթե եկել ես մնա, մի բան էլ ավել, առ քեզ հարկային արտոնություններ, աշխատի, ինչ ուզում ես՝ գրիր, կստորագրենք: Մանավանդ, եթե այդ միջազգային ընկերության ղեկավարը չգիտեմ որ պորտով հայ է լինում, պրծա՜վ, սիրտներս թուլանում է: Ասում ենք՝ սփյուռքահայ է, մերն է ու՝ վերջ: Մինչդեռ տուժում է պետությունը, որովհետեւ եկածին՝ ով ուզում է լինի՝ գործարարին, կառավարչին ընկալում ենք իբրեւ բարերարի, այլ՝ ոչ իբրեւ գործ անողի:

Այս ամենը փակագծերում  մեջբերեցի, բայց կարեւոր հավելում է, թե չէ մեռա՜նք կեղծ բարերարների ձեռը, մեզ իսկական գործարարներ են պետք: Ու նաեւ հաշվի առնենք, որ եթե մեր պետությունը շարունակի իր ապրանքը այդքան էժան վաճառել՝ հասարակ բազարի ձեւով, գնորդները հենց «բարերարներն» են լինելու, ոչ թե գործարարները:

Իսկ այսքանը գրեցինք, որովհետեւ երբ Մանուկ Վարդանյանը ասուլիսում հավաստեց իր ասածը «Հայփոստ»-ի հետ կապված, վառված սիրտս հովացավ: Վերջապես պետական մի այր ասում է, որ դժգոհ է, որ պետք է փոխել, հակառակ պարագայում… Վերջապես մի այր «հակառակ պարագայից» է խոսում: Ի դեպ, որպեսզի սա էլ, ժամանակակից լեզվով ասած, PR չդիտարկվի նախարարի հասցեին, խոստանամ ընթերցողին, որ «Հայփոստ»-ի հետ կապված խնդրին ու դրա լուծմանը հետեւելու եմ միշտ:

Համապատկերում նախարարին մի հուշում էլ անեմ (ցանկության պարագայում կարող եմ ներկայացնել մանրամասները). «Հայփոստ»-ում նույնիսկ կառավարման տեսակետից բազմաթիվ խնդիրներ կան:  Իսկ դրա պատճառները բազմաթիվ են՝ սկսած նորամուծված ու ոչ բանիմաց եվրոկադրերից:

Այնպես որ, սպասենք  նախարարի հետագա որոշումներին: Հույս է ներշնչում մի բան. նրա կենսագրությունը հուշում է, որ նա համակարգաստեղծ գործելաոճ ունի:

Աստղինե Քարամյան

Թերությունները  դեռ շատ են, բայց կշտկվեն

«Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրի համաձայն 2011թ. կտրվածքով ներդրումային ծրագրով նախատեսվել են 13 465.44 մլն. դրամի ներդրումային ծախսեր, որոնք կկատարվեն 100%-ով, իսկ կոնցեսիայի սկզբից մինչեւ 2011թ. վերջ ներդրումային ծրագրով նախատեսված պարտավորությո
ւնները կկատարվեն 100.6%-ով:

«Կոնցեսիոն պարտավորությունները կատարվել են: Իսկ ամբողջական կատարողականը կներկայացվի հունվարին»,-ասուլիսում վստահեցրեց տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը:

Ինչ վերաբերում է հայկական երկաթուղու աշխատանքին, ապա նախարարի խոսքերով՝ ճիշտ է, թերություններ դեռ կան, բայց փոփոխություններ հաստատ կլինեն. «Մենք երկաթուղային տեսչություն ենք ստեղծել»:

Երկաթուղային բեռնափոխադրումների ծավալն այս տարի աճել է շուրջ 6,2%-ով եւ կազմել 3252 հազար տոննա, այդ թվում՝ արտահանվող բեռների ծավալն աճել է 30,9%-ով, իսկ ներհանրապետական փոխադրումներինը՝ 12,2%-ով, ներկրվող բեռների ծավալը նվազել է 5,2%-ով:  

Խորովածն  ու քյաբաբը՝ ճամփից էն կողմ

Գիտենք մեր պետական ճանապարհները՝ ամենուրեք վահանակներով՝ «դագաղ», «խորոված», «քյաբաբ», «5 մ վերեւ վարսավիրանոց», «10 մ վերեւ սառը պիվա» եւ այլն:

Այս հակագեղագիտական վիճակը, տրանսպորտի եւ կապի նախարարի հավաստմամբ, կշտկվի, քանի որ ընդհանուր օգտագործման պետական ավտոճանապարհներին գովազդային վահանակների տեղադրման թույլտվությունների համար կստեղծվի էլեկտրոնային  հաշվառման համակարգ եւ կտրամադրվեն ժամկետային թույլտվություններ՝ նախապես առանձնացված վայրերի համար:

Նախատեսվել է թույլտվություն ստանալուց հետո վահանակի տեղադրման աշխատանքներն ավարտելու համար առավելագույն ժամկետ (6 ամիս), վահանակի պահպանման պահանջների, ապամոնտաժման հարաբերությունների կարգավորման մասին դրույթների սահմանումը: Թույլտվությունների էլեկտրոնային գրանացամատյան կվարվի:  

Ինտերնետ՝ կույրերի համար

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության ու Հեռահաղորդակցության միջազգային միության ԱՊՀ երկրների տարածաշրջանային բաժնի նախաձեռնությամբ, ինչպես նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության բնագավառում տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի մասնակցությամբ, 2011թ. նոյեմբերի 21-ին Երեւանում բացվել է «Կույր եւ վատ տեսողություն ունեցող անձանց համար ինտերնետային հասանելիության կենտրոն»:

Կենտրոնը կույր եւ վատ տեսողություն ունեցող անձանց տեղեկատվական միջոցներից օգտվելու հնարավորություն է տվել: Այն նաեւ ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու նպատակով կրթական հարթակ է տրամադրել ինչպես կույրերի, այնպես էլ իրենց կրթությամբ եւ վերականգնումով զբաղվող անձանց համար:

«Զվարթնոց»-ից դուրս՝ ոչ միայն տաքսիստներ

Դեպի «Զվարթնոց» օդանավակայան նոր մայրուղին նախատեսվում է իրականացնել երկու առանձնացված եռագիծ տարբերակով: Ճանապարհի գծերից մեկը նախատեսվում է հասարակական տրանսպորտի երթեւեկության համար: Մայրուղին, ըստ Մանուկ Վարդանյանի, շրջանցելու է Փարաքար եւ Արգավանդ բնակավայրերը եւ կմիանա ապագայում կառուցվելիք Իսակովի պողոտա – Շիրակի փողոց տեղամասին: Մայրուղու ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 3,5 կմ: Երկու մայրուղիների հատման տեղամասում նախատեսվում է իրականացնել տարբեր մակարդակներով տրանսպորտային հանգույց, որը կապահովի երթեւեկության անվտանգ շարժումը բոլոր ուղղություններով: Նախնական հաշվարկների համաձայն, կառույցի ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 4.5 մլն. դոլար՝ առանց օտարման գոտու համար նախատեսվող գումարների:

Իսկ «Զվարթնոց» օդանավակայանին մոտեցման երկաթուղային նոր գիծը թույլ կտա, որպեսզի միեւնույն երկաթուղային գծով «Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորատար տերմինալը կապ հաստատի գոյություն ունեցող Չարբախ  մետրոպոլիտենի կայարանի հետ, իսկ բեռնային համալիրը՝ Կարմիր բլուր կայարանի հետ՝ արագընթաց գնացքի միջոցով: Գծի երկարությունը մոտավորապես 7.5 կմ է: Ծրագրի կառուցման արժեքը կկազմի շուրջ 5 մլն. ԱՄՆ դոլար:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 45 (221), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։