Մարզական տարին ամփոփվեց – 2011թ. լավագույն մարզիկները

Հրանտ Մելքումյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Գրոսմայստեր Հ. Մելքումյանը գերազանց հանդես եկավ Լեհաստանում կայացած կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում եւ արժանացավ ոսկե մեդալի: 1 օրում անցկացվեց 13 կրկնակի տուր: Հայ շախմատիստը 26 հնարավորից վաստակեց 20 միավոր եւ ռուս Ալեքսեյ Դրեեւի ու լեհ Ռադոսլավ Վոյտաշեկի հետ բաժանեց 1-3-րդ տեղերը, բայց լրացուցիչ ցուցանիշներով հռչակվեց կայծակնային շախմատի Եվրոպայի չեմպիոն: Մեր մյուս ներկայացուցիչները՝ Սերգեյ Մովսիսյանը եւ Հրայր Սիմոնյանը 17,5 միավորով բաժանեցին 15-րդ հորիզոնականը, իսկ Զավեն Անդրիասյանը 17 միավորով գրավեց 29-րդ տեղը:

Սերգեյ  Մովսիսյանը բաժանեց 2-6-րդ տեղերը

Լեհաստանում կայացած արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 4 շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը: Նա 13 հնարավորից վաստակեց 10,5 միավոր եւ բաժանեց 2-6-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով մեր շախմատիստը ի վերջո գրավեց 6-րդ տեղը: Եվրոպայի չեմպիոն դարձավ վրացի շախմատիստ Բադուր Ջոբավան, որը կես միավոր ավելի էր վաստակել: Մեր մյուս ներկայացուցիչ Զավեն Անդրիասյանը 9,5 միավորով գրավեց 20-րդ տեղը, Հրանտ Մելքումյանն ու Հրայր Սիմոնյանը 9-ականով զբաղեցրին համապատասխանաբար 50-րդ եւ 56-րդ տեղերը:

Էլինա Դանիելյանը զերծ մնաց մեդալներից

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ավարտվեցին ինտելեկտուալ մարզաձեւերի համաշխարհային 2-րդ խաղերը, որին մասնակցեց այս տարվա կանանց Եվրոպայի անհատական առաջնության բրոնզե մեդալակիր Է. Դանիելյանը: «Կույր» շախմատի մրցաշարում մեր առաջատար շախմատիստուհին 7 հնարավորից վաստակեց 3,5 միավոր եւ հնդկուհի շախմատիստ Հարիկա Դրոնավալիի հետ կիսեց 9-10-րդ տեղերը: Այս մրցումներում հաղթեց աշխարհի չեմպիոն Խոու Յիֆանը՝ 5,5 միավոր: «Արագ» շախմատում Է. Դանիելյանը զբաղեցրել է վերջին՝ 16-րդ տեղը, իսկ «Կայծակնային»-ում՝ բաժանել է 8-11-րդ հորիզոնականները:

Հաղթեց Արթուր Աբրահամին հաղթողը

Ատլանտիկ Սիթիում (ԱՄՆ) պրոֆեսիոնալ բռնցքամարտի «Սուպեր Սիքս» մրցաշարի հաղթող դարձավ ամերիկացի բռնցքամարտիկ Անդրե Ուորդը: Եզրափակիչ մարտում մինչեւ 76,2 կգ քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնը միավորներով հաղթեց բրիտանացի Կառլ Ֆրոչին՝ 118:110, 115:113, 115:113 եւ տիրեց վերջինիս պատկանող WBC գոտուն: Հաղթողը կիսաեզրափակիչ մարտում առավելության էր հասել նաեւ Գերմանիայում բնակվող մեր հայրենակից Արթուր Աբրահամի նկատմամբ:

Խորեն Գեւորը կրկին ծեծեց մրցավարին

Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Խ. Գեւորը հերթական անգամ ծեծկռտուք է հրահրել մրցամարտից հետո: Սիրիացի բռնցքամարտիկ Բեյկեր Բարակատի հետ մարտի առաջին 5 ռաունդներն անցել են մեր հայրենակցի առավելությամբ: Համարելով, որ միավորներով արդեն հաղթում է, վերջին ռաունդում նա հիմնականում պաշտպանվել է: Արդյունքում, մրցավարները ոչ-ոքի են արձանագրել, ինչը զայրացրել է Խ. Գեւորին, ով հարձակվել է ռինգի մրցավարի վրա, ապա ձեռնամարտի բռնվել միջամտողների հետ: Սա երկրորդ դեպքն է, որ բռնցքամարտիկը հարձակվում է մրցավարի վրա: Առաջին միջադեպը տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 9-ին, երբ WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար մարտում նա պարտվեց Ռոբերտ Շտիգլիցին: Այդ պատճառով, Խ. Գեւորը 6 ամիս իրավունք չուներ մարտեր անցկացնելու: Ինչպես նշում են գերմանական լրատվամիջոցները, հայազգի բռնցքամարտիկին այս անգամ ավելի խիստ պատիժ է սպասում՝ ընդհուպ ցմահ որակազրկում:

Դավիթ Բեջանյանը՝ գավաթակիր

Ռուսաստանը ներկայացնող հայազգի ծանրորդ Դավիթ Բեջանյանը հաղթող ճանաչվեց Բելգորոդում ավարտված ՌԴ նախագահի գավաթի խաղերում: 105 կգ քաշային կարգում մեր հայրենակիցը երկամարտում ցույց տվեց 421 կգ արդյունք (183+238) եւ 15 կգ-ով առաջ անցավ 2-րդ տեղը զբաղեցրած Գենադի Մուրատովից: Ի դեպ, Դ. Բեջանյանը հրում վարժությունում 1 կգ գերազանցեց բուլղարացի Ալան Ցագաեւին պատկանող համաշխարհային ռեկորդը, որը սահմանվել էր 7 տարի առաջ, Կիեւում:

Աշխարհի չեմպիոն՝ ծնողների աջակցությամբ

Հայաստանի բազկամարտիկներ Վրեժ Սեդրակյանն ու Աշոտ Ադամյանը եթե չկարողանային գումարներ հայթայթել եւ մեկնել Ալմա Աթա, ապա չէին դառնա աշխարհի չեմպիոն: Ղազախստանի նախկին մայրաքաղաքում կայացած բազկամարտի աշխարհի առաջնությունում մեր մարզիկները հաջող հանդես եկան իրենց քաշային կարգերում եւ գրավեցին 1-ին տեղը: Ա. Ադամյանի ծախսերը հոգացել են ծնողները, իսկ Վ. Սեդրակյանին օգնության ձեռք են մեկնել ծանոթ-բարերարները: Ինչ վերաբերվում է մեր բազկամարտի ֆեդերացիային, որի պատվավոր նախագահը ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն է, ապա այն չի ֆինանսավորվում ՀՀ կառավարության կողմից, ուստի կայուն բյուջե չունի: Որոշակի խնդիրների պատճառով չի հաջողվել գումարներ հայթայթել աշխարհի առաջնությունից առաջ եւ միայն 2 մարզիկ են մեկնել:  

Տարվա 10 լավագույնները

Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվեցին 2011թ. 10 լավագույն մարզիկները: Հարցմանը մասնակցել են մարզական 42 լրագրողներ: 2011թ. Հայաստանի թիվ 1 մարզիկ է ճանաչել հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանը:

2011թ. Հայաստանի 10 լավագույն մարզիկները. – 1. Ռոման Ամոյան (հ/հ ըմբշամարտ) 346 միավոր, 2. Արսեն Ջուլֆալակյան (հ/հ ըմբշամարտ) 300, 3. Լեւոն Արոնյան (շախմատ) 296, 4. Հենրիկ Մխիթարյան (ֆուտբոլ) 237, 5. Աղասի Աղասյան (ծանրամարտ) 151, 6. Արթուր Ալեքսանյան (հ/հ ըմբշամարտ) 145, 7. Յուրա Մովսիսյան (ֆուտբոլ) 140, 8. Հարություն Մերդինյան (մարմնամարզություն) 129, 9. Վլադիմիր Սարուխանյան (բռնցքամարտ) 124, 10. Մուսա Մուրթազալիեւ (ազատ ըմբշամարտ) 111:

– Տարվա լավագույն թիմ է ճանաչվել աշխարհի չեմպիոն, շախմատի ՀՀ տղամարդկանց հավաքականը: Հաջորդում են ֆուտբոլի եւ հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականները:

Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են եւս 14 մարզիկների անուններ. – սամբիստներ՝ Վաչիկ Վարդանյան, Հակոբ Առաքելյան, ծանրորդներ՝ Արայիկ Միրզոյան, Հռիփսիմե Խորշուդյան, ֆուտբոլիստներ՝ Ռոման Բերեզովսկի, Կառլեն Մկրտչյան, շախմատիստներ՝ Էլինա Դանիելյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսիսյան, նավամոդելավար՝ Հրաչյա Շահազիզյան, բռնցքամարտիկ՝ Արմինե Սինաբյան, հունահռոմեական ոճի ըմբիշ՝ Յուրի Պատրիկեեւ, հրաձիգ՝ Նորայր Բախտամյան:

Դրամական պարգեւներ՝ լավագույններին

ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ 2011թ. աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած հանրապետության 106 մարզիկներին, նրանց մարզիչներին (անձնական մարզիչներ, հավաքականի ավագ մարզիչներ, երկրորդ մարզիչներ), բժիշկներին ու մարզական կազմակերպություններին շնորհվել են դրամական մրցանակներ:

Պարգեւատրվող մարզիների թվում են՝ ծանրամարտիկ Եվրոպայի առաջնության 2-րդ մրցանակակիր Արայիկ Միրզոյանը, կանանց ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը, հունա-հռոմեական ոճի ըմբշամարտիկներ՝ աշխարհի չեմպիոն Ռոման Ամոյանը, աշխարհի առաջնության 3-րդ մրցանակակիր՝ Արսեն Ջուլֆալակյանը, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Յուրի Պատրիկեեւը, աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոններ՝ Նարեկ Խաչատրյանը եւ Ռաֆիկ Մանուկյանը, սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության 3-րդ մրցանակակիր Հարություն Մերդինյանը: Դրամական մրցանակների արժանացածների թվում են նաեւ շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոնի կոչումը նվաճած Հայաստանի հավաքականի անդամները՝ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, շախմատի աշխարհի մինչեւ 18 տարեկանների չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը եւ այլ մարզաձեւեր ներկայացնող մարզիկներ, ովքեր այս տարի Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում բաձր են պահել Հայաստանի մարզական պատիվը:

ՀՖՖ-ն  հրապարակեց լավագույն ֆուտբոլիստի անունը

ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակեց «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» եւ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերի հարցման արդյունքները: Ըստ այդմ, 2011թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը՝ 284 միավոր: Նրան 1-ին են գնահատել 44 հոգի: 2-րդը՝ Յուրա Մովսիսյանն է՝ 226 միավոր: Նրա օգտին քվեարկել է 22 մասնակից: Ի դեպ, Հ. Մխիթարյանը իր միավորների առյուծի բաժինը վաստակել է ակումբների նախագահների, գլխավոր մարզիչների, ավագների, մրցավարների, տեսուչների եւ ՀՖՖ գործկոմի անդամների ձայների շնորհիվ (32 առաջին տեղ՝ 47-ից): Իսկ միայն զլմ-ների ուղղարկած քվեաթերթիկներով (12 առաջին տեղ՝ 22-ից) Հ. Մխիթարյանն ընդամենը 7 միավորով է առաջ Յ. Մովսիսյանից: «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում բացահայտ առավելությամբ հաղթել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ 331 միավոր, 69 մասնակիցներից 62-ը նրա օգտին են քվեարկել:

– Ֆուտբոլի միջազգային միությունը հրապարակեց ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի ազգային ընտրանին պահպանեց իր տեղը եւ տարին ավարտեց 46-րդ հորիզոնականում: Սա մեր ամենալավ տարեվերջյան ցուցանիշն է:

Արսեն Պետրոսյան

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

«Լուսանցք» թիվ 45 (221), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։