Ներքաղաքական պատկերը՝ ուղիղ արտացոլանքով

Մեղադրանքների ու խարդավանքների  նոր փուլ է

ՀԱԿ-ն անտեսվածի կարգավիճակում է. այսպես են արձագանքում շատ վերլուծաբաններ: Անտեսված է ինչպես ՀՀ հանրության «անհաշտ» եւ մշտապես հանրահավաքային տրամադրություններ ունեցող զանգվածների, այնպես էլ միջազգային որոշակի ուժերի կողմից: ՀԱԿ-ը պարբերաբար անդրադառնում է գործող կոալիցիայի հնարավոր փլուզմանը, սակայն չի կարողանում ընդդիմադիր նոր կոալիցիա ձեւավորել: Կարծիք կա, թե հենց դա է պատճառը, որ այլեւս հույս չկա ընդդիմադիր դաշտը «ՀԱԿ-ով անելու», ուստի ՀԱԿ-ը փորձում է մեկ հարվածով երկու նապաստակ սպանել՝ իշխող կոալիցիան պառակտել ու իշխանության գնացող նոր կոալիցիա ձեւավորել…

Սակայն ԲՀԿ ղեկավար Գ. Ծառուկյանը դեռ անգամ պատասխանի չի արժանացրել համագործակցության վերաբերյալ ՀՀ 1-ին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի առաջարկը: Տեսակետ կա, որ ԲՀԿ ղեկավարը լռում է, որովհետեւ նրան գոհացնում է ստեղծված իրավիճակը՝ մի կողմից նա կոալիցիայում է, մյուս կողմից՝ ընդդիմադիրներիի վերլուծությունների կենտրոնում:

Բայց բոլորն են հասկանում, որ ԲՀԿ-ն այլեւս չի ընդունի ՀԱԿ-ի առաջարկը: Եվ ՀԱԿ-ը նոր քայլ է նախաձեռնել՝ չի բացառում ՀՅԴ-ի հետ համագործակցությունը: Կոնգրեսը ներկայացնելու է նոր պլատֆորմ: Եվ բոլոր այն ուժերը, որոնք կընդունեն դա կամ դրա առանցքային կետերը, այդ ուժերի հետ հնարավոր է համագործակցել: Այս շրջանակներում ՀԱԿ-ը կհամագործակցի նաեւ ՀՅԴ-ի հետ: Վերջին շրջանում ՀՅԴ-ն մի քանի անգամ հայտարարել է, թե ընտրությունները վերահսկելու համար Դաշնակցությունը պատրաստ է համագործակցել նաեւ ՀԱԿ-ի հետ: Ըստ ՀԱԿ-ի, իշխանություններն ընդհատեցին ՀԱԿ-ի հետ երկխոսությունը, քանի որ մտածեցին, թե լարումը նվազել է: Սակայն հանրահայտ է, որ ընդդիմությունն ինքը նախապայմանների լեզվով սկսեց խոսել, ինչը անընդունելի համարվեց իշխանության կողմից: Բայց ՀԱԿ-ը պատրաստվում է իշխանափոխության հարցը բարձրացնել 2012թ. մարտին, որպեսզի «սրբեն» այս իշխանություններին…

ՀԱԿ-ում կարծում են, որ 2011թ. որեւէ լուրջ բացթողում կամ սխալ չի կատարվել, պարզապես չի իրագործվել այն ծրագիրը, որը ամրագրվել է 2008թ. ՀԱԿ-ի հռչակագրով. իշխանությունների հեռացման մասին կետը չի կատարվել: Որոշ ընդդիմադիրներ հայտնում են, թե քանի որ իշխանությունները չեն ցանկանում հեռանալ խաղաղ ճանապարհով, ապա դա կանեն մյուս տարի՝ ուժով: Գուցե սա է պատճառը, որ տարեվերջին «Մարտի 1»-ի արդեն եվրակառույցներում «փակված» թեման կրկին սկսեց արծարծվել քաղաքական դաշտում…

ՀՅԴ եւ ՀԱԿ համագործակցության մասին դեռ մեծ արձագանքներ չկան, բայց ԲՀԿ-ի առումով դեռ խոսակցությունները շարունակվում են: ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովը հերքել է ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ հակասությունների մասին լուրերը: Ըստ նրա՝ կոալիցիոն իրենց գործընկերներն էլ համախմբված են նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ, ինչի մասին է վկայում կոալիցիայի հայտարարությունը. «2011-ն արդյունավետ տարի էր կոալիցիայի համար, դա է վկայում փետրվարյան փաստաթուղթը, որով կոալիցիոն ուժերը պետք է նախագահի միասնական թեկնածուի պաշտպանեն: Կարեւորն այն է, որ 3 կոալիցիոն ուժերը համախմբված են նախագահի շուրջ»: ՀՀԿ-ն պաշտոնապես չի քննարկել ԱԺ ընտրություններին իր մասնակցության ռազմավարության եւ մարտավարության վերաբերյալ հարցերը եւ չի անդրադարձել նաեւ ԱԺ ընտրություններին կոալիցիայի՝ միասնական ցուցակով գնալու խնդիրը, ինչը հավանաբար կքննարկվի փետրվար-մարտին՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ, որից հետո միայն պարզ կլինի համամասնական ցուցակի մասին հարցը:

Ամեն դեպքում ԲՀԿ-ն սկսել է նաեւ մարզային հանդիպումներ անցկացնել: Իսկ Գ. Ծառուկյանը տարվա ամենահամերաշխ գործիչն է ճանաչվել: «Համերաշխություն» շարժումը այս էլ երկրորդ անգամ մրցանակաբաշխություն է իրականացնում, որով պարգեւատրում է համերաշխության մրցանակով անցնող տարում իր գործունեությամբ աչքի ընկած ամենահամերաշխ մարդուն: Եվ ահա 2011թ. այդ պատվին արժանացավ ԲՀԿ նախագահը, ով ըստ պարգեւատրողների, իր գործունեության մեջ միշտ առաջնորդվել է համերաշխության, համաձայնության ու հանդուրժողականության սկզբունքներով: Հանդիպումներ է կազմակերպում նաեւ ՕԵԿ-ը՝ Ա. Բաղդասարյանի գլխավորությամբ:

Իսկ ՀԱԿ-ից հեռացած եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ստեղծած ընդդիմադիրները, ի դեմս Ա. Զուրաբյանի, անդրադառնալով ԲՀԿ-ի հետ համագործակցելու վերաբերյալ Լ. Տեր-Պետրոսյանի առաջարկին, ասել է. «Ակնհայտ է, որ ԲՀԿ-ն Ռ. Քոչարյանի քաղաքական ուժն է եւ փաստացի Կոնգրեսը պատրաստակամություն հայտնեց համագործակցել Քոչարյանի քաղաքական ուժի հետ, ոչ թե Ս. Սարգսյանի դեմ պայքարելու համար, այլ՝ հանուն իշխանության…»: Ստացվում է՝ ամեն ինչ հանուն իշխանության:

Ակտիվանալու փորձերը չի դադարեցնում նաեւ ՀՅԴ-ն: Պետական իշխանությունն ու կուսակցությունը սերտաճել են, սա կործանման սկիզբն է. ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վ. Հովհաննիսյանը: «Դաշնակցությունը անդամատոմս չունի, եթե նույնիսկ ունենար, հրապարակավ չէր բաժանի, դա անթույլատրելի է, դա կոմունսիտներից մնացած խայտառակ պրակտիկա է»,- ասել է ՀՅԴ պատգամավորը եւ հավելել, որ խայտառակ պրակտիկան սկսվեց այն ժամանակ, երբ պետական պաշտոնյաները սկսեցին «ֆռֆռալ» կուսակցական նշաններով. «Այդ նշանները մարդկանց վրա ճնշող ազդեցություն են թողնում, ես նման բան չեմ տեսել ոչ մի երկրում»: Դաշնակցականները կարծում են, որ ՀՀ-ում վերեւից «քվեահունձ» է տեղի ունենում, բայց հույս կա, որ ժողովուրդը ինքն իր ճակատագիրն իր ձեռքը վերցնի, «կհասկանա որ իր քվեի արժեքը ոչ թե 10 կամ 20 հազար դրամ է, այլ իր երեխաների ապագան է, հենց դա հասկանա, այդ բոլոր ձայնահավաք մեքենաները կփչանան: Հույսը ժողովրդի արթնանալն է, նրա զգոնության եւ իմունային համակարգի վերելքը»: Իհարկե լավ եւ կարեւոր ցանկություններ են, սակայն այս ամենն ասվում է բոլոր ընտրությունների նախօրեին գրեթե բոլոր ուժերի կողմից:…

Ըստ Վ. Հովհաննիսյանի, ՀԱԿ-ի բոլոր, հատկապես վերջին ժամանակների նախաձեռնությունները ավելի շատ հակված են տպավորություն ստեղծելու, ոչ թե ռեալ արդյունքի հասնելու. «Մեկուկես տարի առաջ Դաշնակցությունը եւ «Ժառանգությունը» միավորեցին իրենց ուժերը՝ սկսելով պայքար նոր ընտրական օրենսգրքի համար: Հետո այդ բոլոր առաջարկները առանձնաբար ներկայացվեցին որպես ալտերնատիվ նախագիծ իշխանական նախագծին՝ կռվեցինք շաբաթներով ԱԺ դահլիճում, ինչ-որ բաների էլ հասանք: Իսկ ՀԱԿ-ը միայն նոր է հանդես գալիս ընտրական օրենսգրքին վերաբերող առաջարկով, երբ արդեն դժվար է այդպիսի պայքար բարձրացնել»:

Չնայած ՀԱԿ-ը ստվերել է ՀՀՇ-ի գործունեությունը, իսկ իրականում թե իշխանավորները, թե ընդդիմադիրները տարբերություն չեն դնում այլեւս ՀԱԿ-ՀՀՇ առումով, բայց ահա ՀՀՇ երիտասարդական միության համաժողով կայացավ վերջերս: Ըստ երեւույթին, ՀԱԿ-ի ղեկավար կազմը կփորձի ընտրությւնների ժամանակ որոշ հարցերում արծարծել ՀՀՇ-ի անունը:

«Ժառանգություն»-ն էլ բավականին ակտիվ է խորհրդարանում եւ օրինաստեղծ նախաձեռնություններ է հանդես բերում եւ իրավական հարցեր է շարունակում արծարծել: Վերջերս անգամ պահանջում էր քաղաքական գնահատական տալ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից կին գործարարի նկատմամբ կիրառած բռնությանը:

Իսկ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հ. Հարությունյանը ՀԺԿ վարչության քարտուղար, ՀԱԿ ներկայացուցիչ Ֆ. Խաչատրյանի հետ համատեղ ասուլիսում նշել է, որ 2011 թ. թե՛ հաջողությունների, թե՛ կորուստների տարի էր: Նա ձեռքբերում է համարում քաղաքական նոր մշակույթի ձեւավորումը՝ կոալիցիայի եւ կոնգրեսի բանակցային գործընթացը: Սակայն ընդդիմադիր կողմը պնդել է, որ ներկա իշխանությունների գործունեության գնահատականը կլինի երկրում արտահերթ ընտրությունների անցկացումը: Նա նույնիսկ հարցադրում է արել, թե ինչո՞ւ է ԱԺ նախկին նախագահ Հ. Աբրահամյանը հայտարարում, որ բոլոր ճանապարհները տանում են դեպի ՀՀԿ նախընտրական շտաբ…

Բայց բոլորն են հասկանում, որ արտահերթ ընտրությունների թեման իրականում սպառված է, քանզի մի քանի ամիս է ընդամենը մնացել հերթական ընտրություններին: Ուստի վերստին «առաջին պլան» է մղվել վարչապետ Տ. Սարգսյանի հրաժարականի հարցը: ՀՅԴ-ն այս անգամ էլ բարձրացրեց հարցը ԱԺ-ում, սակայն այն նորից ընթացք չունեցավ: Վարչապետի հրաժարականն են պահանջում նաեւ մի շարք սոցիալական խմբեր, տարբեր խնդիրներով ստեղծված կոմիտեներ, շենքերի բնակիչներ եւ այլք, քանզի հանրության սոցիալ-տնտեսական վիճակը ծանր է: Բրիտանական «Էկոնոմիստ» հանդեսի հրապարակած «Ժողովրդավարական ինդեքս-2011» զեկույցում Հայաստանը 111-րդ հորիզոնականում է 167 երկրների շարքում: Նախորդ տարի 109-րդ տեղում էր: Հայաստանը համարվել է հիբրիդ վարչակարգի երկրիր: Ցանկում այսպիսի երկների շարքը բացում է Ուկրաինան: Վրաստանը նույնպես համարվել է հիբրիդ վարչակարգի երկիր՝ 102-րդ հորիզոնականով, Թուրքիան եւս՝ 88-րդ հորիզոնականով: Ադրբեջանը ավտորիտար՝ բռնատիրական վարչակարգի երկրների թվում է՝ 140-րդ հորիզոնականով, Իրանը նույնպես՝ 159-րդ հորիզոնականով: Ռուսաստանը եւս համալրել է վերջիններիս շարքը՝ 117-րդ հորիզոնական:

Հայաստանում ժողովրդավարության մակարդակը 10 միավորանոց սանդղակով գնահատվել է 4,09 միավոր, ընտրական գործընթացի եւ բազմակարծության մակարդակը՝ 4,33 միավոր, կառավարության գործունեության մակարդակը՝ 3,21 միավոր, քաղաքական մասնակցության մակարդակը՝ 3, 89 միավոր, քաղաքական մշակույթի մակարդակը՝ 3,13, քաղաքացիական ազատությունների մակարդակը՝ 5,88 միավոր: Ըստ հանդեսի հետազոտության՝ ամենաժողովրդավար երկիրը Նորվեգիան է, այնուհետեւ՝ Իսլանդիան, Դանիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Ավստալիան, Շվեյցարիան, Կանադան, Ֆինլանդիան եւ Նիդեռլանդները: Ամենավերջին տեղում Հյուսիսային Կորեան է:

Այսպես ՀՀ սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ նաեւ քաղաքական ու իրավական խնդիրներ են առաջացել: Հայաստանի Պառլամենտարիզմի կենտրոնը հայտնել է, թե պարզել են, որ պետական ռեգիստրում գրանցված բազմաթիվ կուսակցություններ չեն համապատասխանում օրենքի պահանջներին, այն է՝ առնվազն, չունեն օրենքով սահմանված ստորաբաժանումներ, այսինքն՝ կուսակցություն  չեն, այն էլ՝ վաղուց: Սակայն, նաեւ պարզել են, որ դրանցից ոմանց դա չի խանգարում ՀՀԿ-ի հետ «արդյունավետ»  համագործակցել եւ  առաջիկա ընտրություններում սատարել անգամ: «Այդպիսիներից մեկի ղեկավարը՝ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խ. Հարությունյանը այնքան է ոգեւորվել, որ որոշել է հեռավոր  2013թ.-ին սատարել նաեւ Ս. Սարգսյանին, հավանաբար, ինչպես ժամանակին՝ Տեր -Պետրոսյանին եւ Քոչարյանին»: Կենտրոնը կարծում է, որ ՀՀԿ-ն շարունակում է օգտագործել ապօրինի գրանցված կուսակցություններին հօգուտ իր կուսակցական շահերի…

Քննարկման փուլում է նաեւ այսպես կոչված օլիգարխների, ԱԺ-ում այս անգամ չընտրվելու հարցը: ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտնել է, որ կենթարկվի ՀՀԿ-ի որոշմանը: Խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու որոշումն ուժի մեջ է: Ինչպես արդեն նշել էին, էջմիածնեցի Հ. Հակոբյանն էլ կարծես հրաժարվել է ՕԵԿ-ին ֆինանսավորելուց, իսկ Ս. Ալեքսանյանն ընտրվել է «Նիգ-Ապարան» միության նախագահ: Հիշեցնենք, որ «Նիգ-Ապարան»-ի պատվավոր նախագահներն են Հայաստանի գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը եւ «Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատեր Վ. Մարկոսյանը:

Ամենատարբեր կուսակցություններ արդեն վաղուց են անցել հայտարարութւյունների եւ ասուլիսների գործելաոճով տեսակետներ հայտնելու: Իր մասին նաեւ հիշեցրել է «Նոր ժամանակներ»-ը, բայց այս անգամ կոչ է արել ՀՀ նախագահին Մոսկվայում Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում միանալ Եվրասիական միությանը:

Հայ Արիական Միաբանությունը օրերս նշեց իր 18-ամյակը եւ ՀԱՄ առաջնորդ եւ Հայ ազգայնականների համախմբման նախաձեռնող Արմեն Ավետիսյանը հերթական անգամ ներկայացրեց հայ ազգայնականների վճռականությունը՝ մասնակցելու ԱԺ գալիք ընտրություններին: Ա. Ավետիսյանը չբացառեց, որ երկար ժամանակ ՀՀ նախագահի որեւէ թեկնածուի ՀԱՄ-ը առ այսօր չի պաշտպանել, բայց չի բացառվում, որ ընտրական գործընթացներին մասնակցությունը վերանայելու հիմք ծառայի նաեւ այս հարցում: Հայ արիները հոբելյանական միջացառման ընթացքում նշեցին այնպիսի երկրներ, որտեղ ազգայնականները կառավարական եւ խորհրդարանական ասպարեզներում իրենց ներկայացուցիչներն ունեն, անգամ եվրաարժեքակիր երկրներում՝ Հոլանդիա, Բելգիա, Դանիա, Նորվեգիա, Մեծ Բրիտանիա… Իսկ Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Իտալիայում ազգայնականները ազդեցություն ունեն նաեւ քաղաքական որոշումների վրա: Այսպես է նաեւ Ռուսաստանում, հարավամերիկյան եւ ասիական մի շարք երկրներում: Նման կարծիքներ հայտնեցին նաեւ միջոցառման մասնակից սփյուռքահայ հյուրերը:

Հավելենք, որ ներքաղաքական կյանքում, ըստ որոշ մեկնաբանների, Ս. Սարգսյանը դեռ չի հասել իր ուզածին: Նշվում է, որ ԲՀԿ-ին չի կարողացել ստիպել խորհրդարանական ընտրություններին մասնակցել միասնական ցուցակով, նաեւ, որ Գ. Ծառուկյանը հայտարարի, թե գալիք նախագահական ընտրություններին սատարելու է գործող նախագահին: Իսկ ԲՀԿ-ին չեն կարող փոխարինել Խ. Հարությունյանի, Ա. Սադոյանի, Յ. Մանուկյանից, Ա. Գեղամյանի եւ այլոց կուսակցությունները: Սակայն ՀՀԿ-ն համոզված է իր քայլերում եւ հայտնի չէ, թե ընտրական դաշինքներն իրականում ինչ տեսք կունենան 1-2 ամիս անց:

Հայկ  Թորգոմյան

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի  համակարգող

«Լուսանցք» թիվ 45 (221), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։