Հայաստանի վերամիավորումը՝ քաղաքական կարգավիճակ

Միջազգային ասպարեզում նոր ձեւակերպումներ պետք է առաջադրվեն

Վերջին ժամանակները կրկին արցախյան թեման միջազգային արծարծումների «թեժ տասնյակում» է: Հաճախակի են դարձել ՀՀ ու ԼՂՀ ԶՈւ ղեկավարների հանդիպումները եւս: Քննարկվում են բանակաշինությանը վերաբերող հարցեր: Աշխատանքային այցով ԼՂՀ էր մեկնել նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած պատվիրակությունը, հանդիպումներ են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի եւ ԼՂՀ ԱԺ պատգամավորների հետ: ԼՂՀ նախագահն ընդունել է ՀՀ զինդատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Կոստանյանին եւ քննարկվել են զինվորական դատախազության գործունեության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

Ադրբեջանական կողմն իհարկե ցավագին է ընդունում այսօրինակ հանդիպումները եւ երկու հայկական հանրապետությունների համագործակցությունը. իսկ ադրբեջանական զլմ-ները, հակառակ այս իրողությանը, պարբերաբար շրջանառում են, թե հարկավոր է նախաձեռնել Արցախի եւ Ադրբեջանի միջհամայնքային երկխոսություն: Այս հանգամանքը չի անտեսվում նաեւ հայկական զլմ-ների կողմից, որոնք արձագանքում են այսպես.- եթե նման երկխոսություն է նախաձեռնում Ադրբեջանը, ուրեմն Բաքուն փաստացի ընդունում է ԼՂՀ-ի անկախությունը եւ պարզապես դա դեռ արվում է այսպես կոչված ժողովրդական դիվանագետների միջոցով: Գուցե հասունանում է հենց Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի անկախությոան փաստացի ընդունումը:

Չի բացառվում, որ նման քննարկումներ եղած լինեն նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ աշխատանքային այցով Մոսկվայում եղած ժամանակ: Նա մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, ԱՊՀ 20-ամյակին նվիրված՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, ինչպես նաեւ ԵվրԱզԷս-ի միջպետական խորհրդի նիստին:

ՀՀ նախագահը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նիստին, որտեղ Հայաստանը 2003թ.-ից ունի դիտորդի կարգավիճակ: Նա Կրեմլի Մեծ պալատում մասնակցել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի անունից տրված հանդիսավոր ընդունելությանը: Մոսկվայում էր նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով մասնակցել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերին, ինչպեսեւ՝ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի, արտգործնախարարների խորհրդի եւ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի լիագումար համատեղ նիստին ու պաշտպանության նախարարների խորհրդի առանձին նիստին, հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:

Հասկանալի է, որ քննարկվել են հավաքական անվտանգության եւ համատեղ քայլեր նախաձեռնելուն ուղղված գործողություններ, որոնք սերտ առնչություններ ունեն նաեւ Կովկասյան տարածաշրջանի հակամարտությունների հետ:

Իհարկե քննարկվել են նաեւ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ լարված հարաբերությունները: Բայց, ըստ ՌԴ հասարական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեյեւի, դա որեւէ ազդեցություն չի ունենա Կովկասի վրա, քանի որ մոտ ապագայում Վրաստան-Աբխազիա եւ Հարավային Օսեթիա հարաբերություններում, ինչպես նաեւ ԼՂ հիմնահարցում ստատուս-քվոն կպահպանվի. «Իսկ ԼՂ հիմնահարցի վերաբերյալ հանդիպումների մեծ մասը տեղի են ունենում ՌԴ հովանու ներքո: Բացի այդ, ԱՄՆ նախագահը, ով պատրաստվում է երկրորդ անգամ ընտրվել, կտրուկ քայլեր չի ձեռնարկում այս ուղղությամբ: Այդ իսկ պատճառով, ԱՄՆ-ի կողմից ակտիվ ներգրավածություն այս հարցում ես հիմա չեմ ակնկալում»:

Հայ-ադրբեջանական հակամարտությանը զուգահեռ լարվում է նաեւ ադրբեջանա-իրանականը: «Լուսանցք»-ը բազմիցս անդրադարձել է այս թեմային եւս: Վերջերս էլ Իրանի ռադիոհեռուստատեսության ներկայացուցիչն ընտանիքով հանդերձ վտարվել է Բաքվից: Ըստ «Արաքս» շաբաթաթերթի՝ արտաքսման պատճառ թերեւս եղել է նրա վերադասի՝ ԻԻՀ Ռադիոհեռուստատեսության նախագահ Էզզաթոլլահ Զարղամիի հայտարարությունը, ով ասել էր, որ Ադրբեջանի կառավարությունը պիտի ավելի հարգալից մոտենա իր ժողովրդի կրոնական հավատամքներին ու վերացնի չադրա կրելու արգելքը:

Ադրբեջանն Իրանի հետ ունի ոչ միայն կրոնական հակասություններ, այլեւ տարածքային նկրտումներ, ինչն ավելի է լարում այս երկրների հարաբերությունները:

Այս առումով հայկական եւ իրանական հակասություններն Ադրբեջանի հետ որոշակիորեն նույնական են եւ իզուր չէ, որ Թեհրանը անկողմնակալ վերաբերմունք ունի արցախյան խնդրի նկատմամբ եւ սատարում է հայկական կողմին իսլամական աշխարհում:

Սա եւս կարող է նպաստել, որ ԼՂ-ն վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Քանզի Արեւմուտքն ու Ռուսաստանը հանգում են այդ եզրակացությանը, որի պատճառով թուրք-ադրբեջանական դաշինքը փորձ արեց արցախյան թեման շահարկել իսլամական աշխարհում՝ որպես կրոնական հակամարտություն: Սակայն սա էլ կանխվեց Իրանի եւ մի շարք արաբական երկրների ջանքերով:

Արցախում եւս համոզված են, որ ուշ, թե շուտ, ԼՂՀ-ն կվերադառնա բանակցային սեղանի շուրջ՝ որպես անմիջական մասնակից: Իհարկե Ադրբեջանը դեռ ամեն ինչ անում է, որ սա տեղի չունենա, սակայն այդ ջանքերը ապարդյուն են լինելու: ԼՂՀ-ն հետզհետե ավելի լայն ճանաչում է ստանում աշխարհում: Դրա վկայությունը ԼՂՀ նախագահի վերջին հանդիպումներն էին Գերմանիայում, Շվեյցարիայում, Արգետինայում, Ուրուգվայում եւ մի շարք այլ երկրներում: Չնայած արցախցիները արդեն ձերբազատվել են չճանաչված լինելու բարդույթից, բայց խնդրի միջազգային բարենպաստությունը կարեւոր է:

Պատերազմի վերսկսման վտանգը միշտ էլ կա, չնայած հավանականությունը շատ քիչ է, քանի որ ռազմական հավասարակշռությունը կողմերի միջեւ պահպանվում է, պահպանվում է նաեւ հավասարակշռությունը տարածաշրջանում խաղացողների միջեւ: Սակայն պատերազմին միշտ պետք է պատրաստ լինել:

Բաքուն չի դադարեցնում նաեւ դիվանագիտական պատերազմը, եւ վերջերս Ֆրանսիայի Սենատում ադրբեջանական լոբբիստների կողմից կազմակերպած ԼՂ հարցով քննարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարել է. «Մեր նպատակն է այսօր թույլ չտալ պատերազմի վերսկսումը: Ներկայիս ստատուս քվոյի շարունակման դեպքում պատերազմը կարող է բռնկվել ցանկացած պահի»: Այսպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատը խախտվում է հենց իրենց կողմից, չնայած նրան, որ այդ փաստաթուղթը պետք է իրենց համար ծառայի որպես գործողությունների ուղեցույց: Չնայած խաղաղ կարգավորմամբ եւ բանակցություններով զբաղվում է ոչ թե Մինսկի խումբը, այլ համանախագահների ինստիտուտը, ինչն արտահայտված է ՄԱԿ-ի ԱԽ-ի եւ անմիջականորեն ԵԱՀՀ/ԵԱՀԿ-ի փաստաթղթերում: Մինսկի խմբի համանախագահների մանդատը սահմանվել է դեռեւս 1995թ. մարտին ԵԱՀԿ գործող նախագահի կողմից: Առաջին հերթին, այն սահմանում է, որ համանախագահներն իրենց գործողություններում պետք է առաջնորդվեն ԵԱՀՀ նախարարական խորհրդի 1992թ. մարտի 24-ի որոշմամբ (այդ որոշումը օրինականացրեց Լեռնային Ղարաբաղում ընտրությունների անցկացումն ու կոչ արեց ակտիվորն աշխատել «ԼՂ ընտրված եւ այլ ներկայացուցիչների հետ») ընդունված Բուդապեշտի 1994թ. գագաթաժողովին (ի լրումն մնացածի, այստեղ ԵԱՀՀ-ն ճանաչում էր անդամ պետությունների՝ հակամարտության գոտի մարդասիրական օգնություն ուղարկելու իրավունքը՝ գործելով ինչպես առանձին նախաձեռնությամբ, այնպես էլ միջազգային կազմակերպության կազմում) եւ ՄԱԿ-ի ԱԽ համապատասխան բանաձեւերով:

Համանախագահները պետք է առաջնորդվեն այդ մանդատով, որն իրենց շնորհել է ԵԱՀԿ-ն 1995 թ., որում նոր պատերազմի սկսումը կանխարգելվում է: Իսկ ադրբեջանական «կուտ կերած» Ֆասիեն խառնում է կարեւոր այդ կետը՝ պատերազմի վերսկսման կանխարգելումը բոլոր հակամարտություներում բոլոր խաղաղապահների առաջադրանքն է, քանի որ նոր պատերազմը անխուսափելիորեն կնշանակի միջնորդական ջանքների տապալում: ՄԱԿ-ի ԱԽ 874 բանաձեւը հստակորեն սահմանում է «օկուպացիոն զորքերի դուրսբերումն» ու «հաղորդակցության ու տրանսպորտի համար բոլոր խոչընդոտների վերացումը», այն է՝ Ադրբեջանի կողմից ցամաքային ու օդային շրջափակման վերացումը որպես փոխադարձ եւ անհետաձգելի միջոցներ գրավյալ տարածքներից զինված ուժերի դուրսբերման հետ մեկտեղ: Այսպիսով, եթե խոսվում է ԼՂԻՄ տարածքից դուրս գտնվող որեւէ զորքերի դուրսբերման մասին (չնայած հետագայում ՄԱԿ-ի 884 բանաձեւին կցված Մինսկի խմբի ներկայացրած «Նորացված ժամանակացույցի» համաձայն, զորքերի հետքաշման լիովին այլ գիծ էր առաջարկվում, ինչը, թերեւս, այլ թեմա է), ապա դա պետք է տեղի ունենա ոչ թե «հանուն նոր պատերազմի վտանգի չեզոքացման», այլ ԼՂՀ-ի ու Հայաստանի ապաշրջափակման հարցի համատեքստում:

Մի  խոսքով՝ Բաքուն խճճվել է նաեւ դիվանագիտական պատերազմում, եւ սա եւս պետք է օգտագործել ԼՂՀ անկախության ճանաչման ճանապարհին: Հատկապես, որ միջազգային ասպարեզում այլ չճանաչված պետությունների թեմաների քննարկումները նույնպես աշխուժացել են, օրինակ՝ Պաղեստինի անկախության ճանաչման խնդիրը, Մերձդնեստրի նախագահական ընտրությունները, Աբխազիայի եւ Մերձդնեստրի նախագահական ընտրությունների հարցերը, Հարավային Օսիայի նախագահական ընտրությունների եւ երկրի գերագույն դատարանի միջեւ եղած ծավալումները եւ այլն:

Այս առումով հնարավոր են որոշակի տարածաշրջանային իրադարձություններ, ասենք՝ վերոնշյալ չճանաչված երկրների ցանկում «ներառեն» նաեւ Ջավախքի ինքնորոշման հարցը: Չնայած Հայաստանը եւ Վրաստանը պետք է առաջիկայում ստեղծեն թափանցիկ սահմաններ, ինչը բխում է երկրների տնտեսական ու տարածաշրջային ինտեգրացիայի շահերից, այնուամենայնիվ Ջավախքի խնդիրը նախեւառաջ քաղաքական է… Այստեղ է, որ Արցախի անկախության ճանաչման կարեւորությունը զուգամիտվում է Հայաստանին վերամիավորվելու խնդրի հետ, ինչը գուցե առավել առաջնային է դառնալու հետզհետե: Գուցե նաեւ պետք է առաջնային դարձնել…

Արամ Ավետյան

Գյուլիեւը եւ Գուլիեւը՝ ընդդեմ Ալիեւի

«Ռեգնում»-ը տպագրել է ադրբեջանցի քաղաքագետ Զաֆար Գյուլիեւի հոդվածը, որտեղ նշվում է. «Վերջին ամիսների իրադարձությունները՝ զլմ-ների, ինչպես նաեւ երիտասարդ ակտիվիստների վրա ճնշում գործադրելը, քաղաքացիների գույքի վրա հարձակումը եւս մեկ անգամ ցույց են տալիս, որ Ադրբեջանը մի երկիր է, որտեղ չկա ո՛չ իշխանություն, ո՛չ ընդդիմություն եւ ո՛չ համայնք»:

Պաշտոնապես Ադրբեջանում գոյություն ունի կառավարության ներքո գործող մի շարք ինստիտուտներ.- շարունակել է քաղաքագետը. «Ունենք եւ՛ նախագահ, եւ՛ կառավարություն, եւ՛ պառլամենտ: Գոյություն ունի պաշտոնապես անկախ դատական համակարգ: Գոյություն ունեն Սահմանադրություն, օրենքներ: Ամեն ինչ կա, սակայն չկա ամենակարեւորը՝ կառավարման իրական գործող համակարգ: Արդյո՞ք կարելի է անվանել այն աշխատանք, որ տեղի է ունենում Ադրբեջանում վերջին տարիների եւ ամիսների ընթացքում»: Ըստ հոդվածի, դժվար է հասկանալ, թե ով ինչով է զբաղված, ով եւ ինչի համար է պատասխանատու, ով ինչն է ղեկավարում: Այս ամենը հիմք է խիստ բարդ, կիսաքրեական ու ֆեոդալական հատկանիշներով իշխանական համակարգի ստեղծման համար:

Իսկ Ադրբեջանի խորհրդարանի վտարանդի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւը հայտնել է, թե մասնակցելու է 2013թ. անցկացվելիք նախագահական ընտրություններին. «Եվ հաղթելու եմ: Բոլորին 100 տոկոսով վստահեցնում եմ, որ իմ ընտրվելու գործում որեւէ կեղծարարություն չի լինելու: Ադրբեջանի ժողովրդին ստեղծված իրավիճակից հանելու համար ամեն ինչ անելու եմ եւ պայքարելու եմ մինչեւ վերջ: Թույլ չենք տալու, որ այժմ էլ մի այլ խումբ իշխանության գա եւ թալանի այս որբ ժողովրդին»…

Արտակ Հայոցյան

Հարսանիքը մե՛ր փողոցում է լինելու

Թուր քական «Միլլիեթ» (Milliyet) օրաթերթը տեղեկացրել է, որ 2012թ. Թուրքիայի տնտեսությունում անկում է արձանագրվելու: Հղում անելով Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմանը՝ պարբերականը նշում է, որ հաջորդ տարի Թուրքիայի տնտեսությունում կապիտալի ներհոսքի նվազեցման պատճառով տեղի է ունենալու 2% անկում: Իսկ սղաճը, ըստ նախնական գնահատականների, այդ տարի գերազանցելու է 10.05 %-ի ցուցանիշը:

Նշենք, որ համախառն ներքին արդյունքի ցուցանիշով Թուրքիան աշխարհում 16-րդն է, տարածքով (տարածքո՜վ,-Ն.Մ.) (780.580քկմ)՝ 37-րդը, բնակչության թվով (74մլն)՝ 17-րդը: Տնտեսության ավանդական ճյուղերն են տեքստիլ եւ սննդի արդյունաբերությունները, գյուղատնտեսությունը, շինարարությունը, զբոսաշրջությունը (տարա՜ծքն են ցույց տալիս,-Ն.Մ.): Զարգացող ճյուղերն են մեքենաշինությունը, դեղագործությունը, քիմիական արդյունաբերությունը, ենթակառուցվածքները եւ ծառայությունների ոլորտը:

Տեսնես Թուրքիայի  տնտեսության անկմանը ինչպե՜ս են դիմանալու Երեւանում թուրքական խանութ բացած «հպարտ» գյումրեցի երկու քույրերը, թուրքական նորաձեւությանը գերի մեր «հուրի-փերի» աղջիկները…

Նարե  Մշեցյան

Եվս մեկ հակասություն

Ռուսաստանի նավերի խումբը՝ ավիակիր «Ադմիրալ Կուզնեցով»-ի գլխավորությամբ, չի մասնակցելու թուրքական նավատորմի հետ համատեղ ժորավարժություններին: Դեռեւս այս տարվա գարնանը նախատեսված է եղել անցկացնել «Թուրրաշ-2011» զորավարժությունները, սակայն հոկտեմբերին դրանք չեղյալ են հայտարարվել Թուրքիայի՝ իր տարածքում եվրոպական հակահրթիռային պաշտպանության ռադարի տեղակայման որոշման պատճառով: Ավելին, ռուսական կողմը հրաժարվել է նույնիսկ թուրքական ռազմանավերի հիմնական բազա այցից:

Մոսկվան նաեւ նշել է, որ վերջին շրջանում լարվածություն կա թուրք-իսրայելական հարաբերություններում, եւ այդ պայմաններում կողմերից որեւէ մեկի հետ ռազմական համագործակցության իրավունք չունի: Իսկ տարածաշրջան այցի ընթացքում ռուսական նավերը ծառայություն են իրականացնելու Սիրիայի ափերից ոչ հեռու:

Մարմինը՝ հողերի դիմաց

Վրաստանի նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե պատրաստ է հրաժեշտ տալ իր մարմնի որոշ մասերին, միայն թե դրա դիմաց հետ բերի կորսված տարածքները: Այս մասին նա հայտարարել է Քութաիսիում տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ:
Իր առաջարկը Սահակաշվիլին հասցեագրել է ՌԴ իշխանություներին՝ հիշեցնելով, թե վերջիններս հաճախ են ցանկացել իրեն կախել մարնի որոշ մասերից. «Նրանք ցանկանում են կախել Վրաստանի ղեկավարներին մարմնի որոշ մասերից: Ես մեծ հաճույքով պատրաստ եմ ուղարկել մարմնիս ցանկացած մաս, որպեսզի նրանք վերադարձնեն մեր տարածքների թեկուզ եւ մի մասը: Իսկ ավելի լավ է՝ բոլոր տարածքները: Եվ ինչքան կբավականացնի մարմնիս մասերը, այդքան տարածքներ էլ հետ կբերեմ»,- ասել է Սաակաշվիլին:

Ռուս-վրացական պատերազմից հետո ֆրանսիական մամուլում տեղեկատվություն էր հատնվել, համաձայն որի ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ներկայությամբ սպառնացել էր կախել Սաակաշվիլիին մարմնի մի մասից: Ավելի ուշ, հարցազրույցներից մեկում Պուտինին հարցրել էին, թե արդյոք իրականությանը համապատասխանում է իրեն վերագրվող դիտարկումը, Պուտինն ասել էր. «Իսկ ինչու մի մասից»…

Քրդական «նավթարտահանում»

Իրաքի անմշակ նավթը մաքսանենգ ճանապարհով տեղափոխվում է Ադրբեջան, Աֆղանստան եւ Պարսից ծոցի այլ պետություններ: Այս մասին ակնարկել է Իրաքի էներգետիկայի հարցերով փոխվարչապետ Հուսեյն ալ Շահրիստանին: Նա մասնավորապես ասել է. «Մաքսանենգ ճանապարհով Ադրբեջան, Աֆղանստան, Իրան եւ Պարսից ծոցի այլ նավահանգիստներ իրաքյան նավթի տեղափոխումն իրականացվում է երկրի քրդական շրջաններից: Մենք նկարել ենք այդ գործընթացները արբանյակների միջոցով ու հիմա ապացույց փաստաթղթերին կից նաեւ լուսանկարներ ունենք»: Իրաքի հյուսիսում բնակվող քրդերը գողացված նավթը տեղափոխում են երկրի հարավ: Պաշտոնական տվյալների համաձայն, Իրաքի քրդական շրջաններում հանվող նավթի քանակը օրական 100 հազար բարել է կազմում:  

Վահագն  Նանյան

«Լուսանցք» թիվ 45 (221), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։