Դեռ ճամփա ունինք՝ պիտ հասնինք Սասուն

Ինչպե՞ս կվարվի Սարկոզին

Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ժխտելու փաստը քրեականացնող օրինագիծը£

Չնայած թուրքական երկարատեւ հակադրությանը, պաշտոնական Փարիզը մի քանի անգամ վաղուց տրված եւ մի քանի անգամ դրժած խոստումը, ի վերջո, կատարեց:

Միջազգային մամուլը մինչ ընդունումն էլ արձագանքում էր Հայոց ցեղասպանության օրինագծի հարցին: Վերջին օրերի ընթացքում մի շարք միջազգային լրատվական գործակալություններ եւ պարբերականներ անդրադարձան Ֆրանսիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծի ընդունման գործընթացին:

«Le Figaro» պարբերականը ներկայացրել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժերար Լոնգենի դիրքորոշումը հարցի վերաբերյալ. «Ֆրանսիայի կառավարությանը խորհուրդ չէի տա քվեարկել հօգուտ օրինագծի, որը քրեական պատիժ է սահմանում ցեղասպանությունները հերքողների հանդեպ եւ առաջացնում է Անկարայի զայրույթը»:

«AFP»-ն գրել է, որ Ֆրանսիայի եվրոպական գործերով նախարար Ժան Լեոնետին Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ որպես պատմական անհերքելի փաստ: Նա հեքել է այն տեղեկությունները, թե Ֆրանսիայի սենատում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի քննարկումը նախընտրական նպատակներ ունի:

«Euronews»-ը թեմայի առնչությամբ գրել է. «Փարիզ մեկնած թուրքական պատվիրակությունը փորձում է այնպես անել, որ Ֆրանսիայի կառավարությունը հրաժարվի խորհրդարանական՝ հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրինագծի քննարկումից: Թուրքիայի նախագահը կոչ է արել՝ հրաժարվել օրինագծից: Սակայն Ֆրանսիայի կառավարությունը պնդում է, որ չի կարող դադարեցնել օրինագծի քննարկումը, եթե նույնիսկ ցանկանա»:

«Ռեգնում» լրատվական գործակալությունը տպագրել է Ստանիսլավ Տարասովի հոդվածը, որտեղ նշվում է. Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիան եւ Ֆրանսիան ծուղակ են պատրաստել Ադրբեջանի համար:

«CnnTurk» լրատվական ծառայությունը գրել էր, որ Բեռլինի թուրք երիտասարդների միության ղեկավար Բեյհան Յլդըրըմն էլ հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության հարցը վերկուսակցական համազգային հարց է, եւ թուրքական կուսակցությունները պետք է միավորված գործեն: Դեկտեմբերի 22-ին թուրքերը ծրագրել են բողոքի մեծամասշտաբ հանրահավաք կազմակերպել Փարիզում գտնվող խորհրդարանի շենքի առաջ:

«Chicagi Tribute» պարբերականում մասնավորապես ասվում է, որ Ֆրանսիայի թուրքական համայնքը Փարիզի կենտրոնական փողոցում բողոքի ցույց է կազմակերպել՝ բողոքելով օրինագծի ընդունման կապակցությամբ:

Թեմայի առնչությամբ գրել են «History of Truth», «The Christian Science Monitor», «AL jaszzira», «Reuters», «Cantredaily.com», «BBC» եւ այլ զլմ-ներ:

Եվ  այնուամենայնիվ, դեկտեմբերի 22-ին՝ ձմեռային արեւադարձի օրը՝ Հայոց արդարադատության Աստված Միհրի վերածննդի տոնին մի նոր փուլ մտավ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացը:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նույն օրը հայտարարություն տարածեց Ֆրանսիայի Ազգային խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման վերաբերյալ. «Այսօր, Ֆրանսիայի Ազգային Ժողովի կողմից ընդունված՝ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծով, Ֆրանսիան վերահաստատեց մարդու իրավունքների բնօրրան լինելու իր բարձր համարումը եւ մեկ անգամ եւս ապացուցեց իր հավատարմությունը

համամարդկային արժեքներին: Այս առիթով կցանկանայի եւս մեկ անգամ երախտիքի խոսք ասել Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարությանը, Ազգային ժողովին եւ ողջ ֆրանսիացի ժողովրդին: Դեռեւս 10 տարի առաջ օրենքի ուժով ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ ֆրանսիական ժողովուրդը ցույց տվեց, որ մարդու իրավունքները բարձրագույն արժեք են, իսկ այսօր, ընդունելով այս օրինագիծը, վերահաստատեց, որ մարդկության դեմ գործած հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ, եւ որ դրանց ժխտումը ենթակա է միանշանակ դատապարտման»;

Սակայն դեռ պետք է դրվի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ստորագրությունը, որ օրենքն ուժ ստանա: Հուսանք՝ այս անգամ քաղաքական ոչ նպաստավոր իրավիճակներ չեն առաջանա, եւ այժմ էլ նախագահը չի ուշացնի ստորագրումը:

Ինչու ենք, այնուամենայնիվ, այս մասին խոսում: Որովհետեւ լավ  ենք հասկանում, որ երբ գալիս է սեփական (ֆրանսիական) շահը վնասելու պահը, խղճի փոխարեն արդեն բացառապես քաղաքականությունն է գործում: Իսկ պահն այն է, որ Թուրքիան իր ասածը շատ արագորեն իրագործում է. նա արդեն հետ է կանչել Ֆրանսիայում իր դեսպանին: Խոստացել է, որ տնտեսական կապեր է խզելու Ֆրանսիայի հետ: Հիմա՝ վերջինս, հանուն պատմական ճշմարտության ու արդարության վերականգնման, կհամաձայնի՞ սեփական շահը մի կողմ դնել ու նախագահի մակարդակով վավերացնել օրենքը (չնայած, բացառված չէ, որ հենց քաղաքականությա՛մբ պայմանավորված Ֆրանսիան նման քայլ անի):

Ինչեւէ, Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո, Անկարան ի նշան դժգոհության, դիմել է պատասխան գործողությունների: Ըստ թուրքական «Սաբահ» օրաթերթի, Թուրքիան խորհրդակցության նպատակով հետ է կանչել Փարիզում գտնվող իր արտակարգ եւ լիազոր դեսպան Բուրջուօղլուին:

Հիշեցնենք, որ այդ  մասին Թուրքիան սպառնալիք հնչեցրել էր դեռ օրեր առաջ: Թուրքական մամուլում հայտնվել էր ներքոնշյալ պատժիչ գործողությունների ցանկը, որոնք թուրքական իշխանությունները պետք է կիրառեն Ֆրանսիայի դեմ:

Թուրքիան Ֆրանսիայից պահանջելու է հետ կանչել Անկարայում գտնվող իր դեսպանին, այլապես վերջինս կհայտարարվի անցանկալի անձ (persona nongrata): Անկարան իր ներկայացուցչական մակարդակը Փարիզում իջեցնելու է գլխավոր քարտուղարի աստիճանի: Ֆրանսիայում գտնվող Թուրքիայի ռազմական կցորդները հետ են կանչվելու: Չեղյալ են հայտարարվելու Ֆրանսիայի ռազմական կցորդների հավատարմագրերը: Աճուրդի չեն ընդունվելու ֆրանսիական ընկերությունները: Վերջիններիս հետ համագործակցող թուրքական ընկերությունները եւս չեն մասնակցելու հայտարարված աճուրդներին:

Այս ամենից զատ, դարձյալ ըստ հիշյալ թուրքական  թերթի, Թուրքիայի օդային տարածքը ամբողջովին փակվելու է ֆրանսիական ռազմական ինքնաթիռների համար:

Խոչընդոտվելու է Ֆրանսիայի ռազմանավերի մուտքը Թուրքիայի տարածքային ջրեր:

Թուրքիան միջազգային կառույցներում չի պաշտպանելու Ֆրանսիայի քաղաքականությունը:

Իրանի, Սիրիայի եւ Մերձավոր Արեւելքի թեմայով Փարիզի հետ տեղեկատվական փոխանակում այլեւս չի լինելու:

Կասեցվելու է Ֆրանսիայի հետ գիտատեխնիկական եւ կրթամշակութային համագործակցությունը (Ֆրանսիան հատկապես առանց թուրքական գիտատեխնիկական ոլորտի հետ համագործակցության ի՜նչ է անելու,- այ, այս մասով Թուրքիան արդեն ծիծաղելիորեն չափն անցել է…):

Ի դեպ, օրվա վերջում  ադրբեջանական կայքերից արդեն խուճապ էր թափվում. իսկ ի՜նչ կլինի, եթե Թուրքիան պարտվի: «Կսկսվի շղթայի բացումը»,- գրել էին կայքերում: Իսկ սա, ըստ այդ էլեկտրոնային զլմ-ների, նշանակում է, որ Թուրքիան այսքան ժամանակ զուր հույսեր էր տվել Ադրբեջանին՝ Արցախի հարցում հանգիստ լինելու, եւ ներքաշել էր տարբեր տնտեսական ծրագրերի մեջ՝ իր իսկ շահի համար: «Մինչ մենք Թուրքիային էինք հարստացնում, հայերը Ղարաբաղում իրենց հողերն էին շենացնում…»: Թյուրքական եղբայրությունը թողնենք մի կողմ ու հավելենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած հայկական բանաձեւի համաձայն, Հայոց ցեղասպանության ժխտումը այդ երկրի տարածքում հարուցելու է վարչական ու քրեական վարույթներ՝ 45.000 եվրո տուգանք եւ 1 տարի ազատազրկում:

Հուսանք, որ գոնե ՀՀ հաջորդ Ազգային Ժողովը եւս կընդունի նման, գուցե ավելի խիստ բանաձեւ, որ այս կամ այն երկրին սիրաշահող հայերը Հայաստանում եւս «մոռանան» ցեղասպանության ժխտման մասին…

Արման Դավթյան  

*  *  *

Հայոց պահանջատիրության նոր փուլը

Հայ Արիական Միաբանությունը ողջունում է Ֆրանսիայի խորհրդարանի որոշումը՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու փաստը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ:

Աշխարհի ավելի քան 20 երկրներ ու միջազգային կազմակերպություններ արդեն ճանաչել ու դատապարտել են թուրքերի ու այլոց վայրագությունները 1915-1923թթ., ինչը ողբերգական ավարտ ունեցավ հայության համար՝ մարդկային հսկայական կորուստներից բացի, հայությունը կորցրեց նաեւ իր հայրենիքի զգալի մասը: Ըստ պաշտոնական տվյալների, ցեղասպանվեցին ավելի քան 1,5 միլիոն հայեր, սակայն, 1915թ.-ով դա չավարտվեց եւ մինչեւ 1923թ.-ն Արեւմտյան Հայաստանում, ըստ մի շարք պատմագիտական տվյալների, ցեղասպանվել են շուրջ 3 մլն. հայեր: Թուրքական զանգվածային մարդասպանությանը, ցեղասպանությանը հետագայում միացել է նաեւ ադրբեջանցի հորջորջվող մեկ այլ թյուրք հրոսակախումբ, եւ հայերի զանգվածային ջարդերը շարունակվել են նաեւ Արեւելյան Հայաստանում, որն այսօր էլ բռնազավթված է Ադրբեջան կոչված պետության կողմից:

Կրկին ողջունելով ֆրանսիացիների՝ պատմական արդարությունը վերականգնելու ջանքերը, կոչ ենք անում պաշտոնական Փարիզին՝ շարունակել եւ երկրի նախագահի մակարդակով ավարտին հասցնել օրինագծի՝ օրենքի վերածվելու գործը, ինչպեսեւ՝ ցեղասպանության բարոյական ճանաչմանը եւ դատապարտմանը զուգահեռ քննարկել Հայոց պահանջատիրության հարցը: Եթե հրեաների ցեղասպանություն-հոլոքոսթը միայն բարոյական ճանաչման եւ նյութական փոխհատուցման խնդիր ուներ (ինչը լուծվեց), քանի որ հրեաներին իրենց հայրենիքում չէին կոտորել, ապա հայերի ցեղասպանությունն իրականացվել է բուն Հայաստասնում եւ բարոյական ու նյութական վնասների հատուցումից զատ պետք է դրվի նաեւ հայրենի տարածքների վերադարձի հարցը:

Կոչ ենք անում նաեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչած եւ դատապարտած մյուս երկրներին՝ այս խնդիրները ներառել իրենց արդեն ընդունած որոշումներում եւ վերահաստատել դրանք լրացված տեսքով:

ՀՀ իշխանություններին եւս ողջունում ենք՝ հատկապես վերջին 1 տարում արտաքին քաղաքականությասն մեջ հայկական շահերի եւ պատմական իրականության բարձր մակարդակով արծարծումների համար, ինչն էլ նպաստում է հայկական հարցի միջազգայնացմանը, բայց կոչ ենք անում՝ ի վերջո Հայաստանի Ազգային Ժողովի կողմից ընդունել ավելի խիստ՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու փաստը քրեականացնող օրինագիծ, որը նույնպես կներառի մեր պահանջատիրական խնդիրները:

Եթե հասունացել է «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրի իրագործումը, ապա Հայաստանը պետք է վերականգնվի իր բնական հայրենիքի սահմաններում, եւ բոլոր թշնամիները պետք է պատասխան տան: Իսկ որ սա լինելու է՝ կասկած չկա, եւ լինելու է ինչպես պատմական արդարության վերականգնման առումով, այնպես էլ Տիեզերական Գարնան ազդեցությամբ ու Հայ Աստվածների կամոք:  

Հայ Արիական Միաբանություն

Երեւան – 23.12.2011թ.

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի  համակարգող

«Լուսանցք» թիվ 45 (221), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։