Հայ Արիական տոնացույց՝ նվեր ՀԱՄ 18-ամյակին – Առաջին անգամ նշված են բոլոր Հայ Աստվածների տոները

 

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը հայտարարել էր, որ Հայոց արիադավան-հեթանոսական հավատի քրմական դաս է ձեւավորում (պարբերաբար ներկայացվել են եւ՛ քրմի թեկնածուները եւ՛ նրանց կատարած ծեսերը), ինչը կնպաստի Հայոց հավատի հետեւորդների համակարգված կրթմանը եւ համայնքների ձեւավորմանը: Այդ նպատակով ՀԱՄ-ը ստեղծել է Հոգեւոր հանձնախումբ, որն էլ մայրաքաղաք Երեւանում եւ ՀՀ մարզերում ընտրել է ապագա քրմերի թեկնածուներ: Հանձնախումբը գլխավորում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, եւ հոգեւոր ոլորտի պատասխանատուների ավելի քան 1 տարվա գործունեությունը շուտով կտա արդյունքներ եւ առաջիկայում կընտրվեն Հայոց հավատի նոր քրմեր:  

 


 

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը հայտարարել էր, որ Հայոց արիադավան-հեթանոսական հավատի քրմական դաս է ձեւավորում (պարբերաբար ներկայացվել են եւ՛ քրմի թեկնածուները եւ՛ նրանց կատարած ծեսերը), ինչը կնպաստի Հայոց հավատի հետեւորդների համակարգված կրթմանը եւ համայնքների ձեւավորմանը: Այդ նպատակով ՀԱՄ-ը ստեղծել է Հոգեւոր հանձնախումբ, որն էլ մայրաքաղաք Երեւանում եւ ՀՀ մարզերում ընտրել է ապագա քրմերի թեկնածուներ: Հանձնախումբը գլխավորում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, եւ հոգեւոր ոլորտի պատասխանատուների ավելի քան 1 տարվա գործունեությունը շուտով կտա արդյունքներ եւ առաջիկայում կընտրվեն Հայոց հավատի նոր քրմեր:
Այս ընթացքում կատարվել են նաեւ պատմա-գիտական եւ հոգեւոր-իմաստասիրական ուսումնասիրություններ («Լուսանցք»-ը հաճախ է հրապարակել այդ նյութերը), եւ առաջին անգամ հրապարակվում է հայ արիների 1-տարյա տոնացույցը, որը նույնպես առաջին անգամ ներառել է բոլոր Հայ Աստվածներին նվիրված տոները, նաեւ մինչ այժմ նշված տոնակատարությունները:

Իհարկե, ուսումնասիրությունները դեռ շարունակվում են, եւ տոների օրերը կարող են դեռ մասնակի փոփոխությունների ենթարկվել: Դժվար է վերականգնման գործընթացը, քանզի 301թ. խաղաղասիրություն եւ համբերություն քարոզող քրիստոնյա ներխուժարարներն ավերել եւ ոչնչացրել են գրեթե ամեն բան…

Հետագայում «Լուսանցք»-ի էջերում եւ www.hayary.org կայքէջում առավել մանրամասն կպարզաբանվեն տոները, օրերը (նաեւ շարժական տոներ կան) եւ այն իմաստները, որ դրված են տոների հիմքում: Այժմ դրանք ներկայացվում են հակիրճ: Հաջորդ տարի հայ արիները կտոնեն այս տոնացույցով:

1. Հունվարի 1 – Մեծն հայորդի Գարեգին Նժդեհի ծնունդը (ծնվ. 1886թ. հունվարի 1-ին – մահ.՝ 1955թ. դեկտեմբերի 21-ին)

Հայ արիները Գարեգին Տեր-Հարությունյանին (Նժդեհ) ընդունում են որպես Հայոց ազգային գաղափարախոսության եւ հավատի համակարգային վերականգնող, ռազմական հմուտ զորավար ու նվիրյալ ազգային գործիչ, ով Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնին ապավինելով, իր կյանքով ու գործունեությամբ նահատակվեց եւ անմահացավ՝ հանգրվանելով Հայոց Մեծերի շարքում…

Նժդեհը հայ արիների համար ոչ միայն Արորդի է, ում հոգին այսօր էլ պայքարում է վասն հայենյաց, այլեւ, ըստ Հայոց Դիցակարգի, Մարդ-Աստված է՝ Աստվածամարդ՝ Երկրային Աստված՝ ով երդվեց Վահագնի աջի վրա եւ ապրեց Վահագնականչով…

2. Հունվարի 14 – Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրը

Գարեգին Նժդեհի ստեղծած Ցեղակրոն ուսմունքը Հայ Ցեղամարդու, իրապես Հայ Տեսակի արարման տեսություն է՝ հիմնված Հայոց հավիտենարժեք հասկացությունների վրա:

(Գարեգին Նժդեհի մասունքները վերաթաղված են (1983թ.) Սյունիքի Խուստուփ լեռան լանջին, Կապանի՝ Նժդեհի անվան հուշահամալիրում եւ Եղեգնաձորի Սպիտակավոր վանքի բակում: Այս սրբավայրեր ամենամյա ուխտագնացություններ են լինում՝ հունիսի 17-ին դեպի Սպիտակավոր վանք, հոկտեմբերի 7-ին՝ դեպի Խուստուփ եւ Կապան):

Յուրաքանչյուր տոն նորոգումի խորհուրդ ունի եւ վերածնում-վերանորոգում-վերականգնում է կապը Տիեզերական Իրականության եւ Օրինաչափությունների հետ: Բնական ազգերի համար ծիսական տոները կյանքի անբաժան մաս են կազմում:

3. Փետրվարի 13 – Տրնդեզ – Տիառն ընդ առաջի տոն, Տերն ընդ առաջ՝ Տիրոջն առաջ գնալու տոն

Կրակներ վառելը, Տրնդեզ անելը՝ խորհուրդ ունեցող կրակ վառելը (կրակե դեզ վառելը)՝ Երկնքի Արէգակի Երկրային Արտացոլանքի խորհուրդն է նախանշում, եւ Արէգակը (Արական ու Է(Ի)գական Ակունքը)՝ որպես Երկրային Կյանքի Պահապան-Ակունք է փառաբանվում: Սա է պատճառը, որ արի մարդիկ հաճախ Տերն ընդ առաջը նաեւ որպես Տրնդեզ են նշում:

Իրապես փառաբանվում է Տիեզերքի Տերը՝ Արարիչը, Ամենայն Ստեղծին՝ Ամենայն Ակունքի Արարողը, Ում արարած մարդիկ Արէգակի խորհուրդ կրակներով ընդառաջ են գնում Նրան՝ իրենց սերն ու երախտագիտությունը հայտնելով, Երկրային Գարնան (Կյանքի) Վերածննդի սպասումով…

4. Մարտի 1-ին – Աստվածահայր Արայի հրաշագործության տոն

Հայ Արա(ր) – Աստվածահայր, Հայ Տեսակի Հայր Աստված – Գերագույն Աստված:

Երկրում Մարտի 1-ը նախանշում է գարնան այցը, որը ձմռան քնից պետք է արթնացնի երկրային նիրհած բնությունը: Եվ Հայր Արան, Ով Իր Աստվածային Գործառույթով Երկնի ու Երկրի Հայկական Աշխարհների Հայրն է, հետեւում եւ հայ արիներին է պարգեւում Բնության Զարթոնքը:

Ձմեռը բնության մեջ նախանշում է հարաբերական մահ, իսկ Հայ(ր)Արան Իր Աստվածային Զորությամբ ապահովում է գարնան գալուստը, որը բնության մեջ հարաբերական կյանքն է նախանշում:

5. Մարտի 21 – Հայարիական Նոր Տարվա տոն եւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի վերածննդի օր

Այս երկուսը միախառնվում են, քանզի Փետրվարի 13-ի՝ Տիեզերքի Տիրոջն առաջ գնալու եւ Մարտի 1-ի՝ Աստվածահայր Արայի հրաշագործության տոներից հետո, երբ այլեւս գործի է դրված Տիեզերակարգը: Վահագն Աստվածը կռիվ է տալիս Չարի Վիշապի հետ՝ Երկրում, որն այսօր դեռ Տիեզերական եւ Երկրային Չարիների տիրույթում է, Տիեզերքի Արարչի եւ Հայր Արայի որոշումները հաստատելու համար:

Եվ Արի Հայերը ու բոլոր Արիները Վահագն Աստծո վիշապաքաղության, վիշապասանձության շնորիհիվ, Տիեզերքի Արարչի եւ Հայր Արայի կամքով տոնում են իրենց Նոր Տարին՝ Ամանորը, որը բնական զարգացումներով լինում է Մարտի 21-ին, իրապես՝ Արեգ ամսվա Արեգ օրը…

Այդ օրը հայ արիները զարդարում են տոնական ծառը՝ տոնածառը (ծառզարդար) եւ (Բ)Արի Վահագնի եւ Չարի Վիշապի ահեղ մարտի հուր-բոցերի ներքո փառաբանում են Վահագն Աստծո հաղթանակը՝ որպես երկնի ու երկրի երկունք, որից հետո Վահագնի վերածնունդը նախանշում է Բնության Նոր Կյանքը՝ Նոր Տարին…

Իսկ կրակի վրայով թռչելը նաեւ հաջորդ՝ վերածնված գարուն մտնելն է նախանշում, ինչպեսեւ՝ Վահագն Աստծո հետ Վիշապի արձակած կրակների դեմ մարտնչելը՝ Վահագնին Երկնային Արէգակի արտացոլանք Երկրային Կրակով աջակցելը…

Այդ օրը նոր ամուսնական զույգերը, նաեւ հղի կանայք կրակի դեզի վրայով թռչելիս Մայր Անահիտին են դիմում՝ գալիք Զատիկի տոնին բազմազավակ ընտանիք եւ բարի ազատում ստանալու ակնկալությամբ:

6. Ապրիլի վերջին շաբաթվա մեջ – Զատիկի տոն, որը նշվում է նաեւ Մայր Անահիտի հրաշագործության տոն

Մայր Անահիտ – Աստվածամայր – Հայ Տեսակի Մայր Աստվածուհի:

Մարտի 21-ից՝ գարնան վերածննդից հետո, գարնանային օրահավասարին՝ Լուսնի լրման՝ լիալուսնի օրը հայ արիներն արդեն նշում են բնության մեջ գարնանային զատումի՝ բնության գունագեղ բաժանումների (երբ ամեն բան առանձնանում է իր գույնով եւ համուհոտով), բերքատվության եւ ամենայն բերրրիության տոնը, քանզի Մայր Անահիտն Իր Աստվածային Գործառույթով նաեւ մայրությունն ու բերրիությունն է ապահովում:

Եվ այդ օրը բազմագույն ներկված ձվերով ձվախաղը գարնան գույների զատումը՝ Զատիկն է նախանշում եւ Մայր Անահիտը հովանավորում է հայարի օջախներում բազմազավակությունը, հաջող ծնելիությունն ու մայրությունը, հայոց արտերում ու այգիներում բերքատվություն-բերրիությունը…

7. Մայիսի առաջին շաբաթվա մեջ – Հայոց հյուրընկալության Աստված Վանատուրի տոնը

Մարտի 21-ի՝ Ամանորի եւ Ապրիլի 26-ի՝ Զատիկի տոներից հետո, երբ գարունը արդեն բերք ու բարիքի եւ բնական ընթացքի ու ամռան սպասման մեջ է, հայ արիները հյուրընկալ դռները բաց փառաբանում են Վանատուր Աստծուն, որ հայ օջախները միշտ հյուրընկալ պահի եւ Հայաստան աշխարհը լի ու առատ դարձնի…

8. Հունիսի 22 – Հայոց ողջախոհության Նանե Աստվածուհու տոն

Հայ արիների հյուրընկալության, լի-առատության եւ Վարդավառ-սիրո տոնի միջեւ նշվում է ողջախոհության Աստվածուհու տոնը եւ հայ արիները փառաբանում են Նանե Աստվածուհուն՝ ակնկալելով որ Նա իր ողջախոհությամբ կօգնի նաեւ տարվա հաջորդ կեսն անցկացնել առավել կազմակերպված եւ նպատակային, նաեւ գալիք ձմռանը դիմակայելու պատրաստ:

Այդ օրը նաեւ ամառային արեւադարձի օրն է եւ մարդիկ ողջախոհության Աստվածուհուն փառաբանում են Բնական Կարգի պահպանման եւ բնության բարիքներով մարդկանց ապահովելու համար:

9. Հուլիսի 27 – Վարդավառի տոն, որը նշվում է նաեւ որպես սիրո Աստղիկ Աստվածուհու տոն

Վարդ՝ Վ-Արդ նշանակում է Գերագույն-Վերին Սերումի Խորհուրդ, Գերագույն Սիրո Խորհուրդ: Վարդավառը նախաշնում է Գերագույն Սիրո խորհրդով վառվել-խանդավառվելը, օծվելը: Այդ օրը հայ արիները միմյանց նաեւ ջրում են՝ ջրոցի խաղալով, քանզի ջուրը նախանշում է մաքրություն, ջրվելը՝ մաքրվել, իսկ Սիրո Գերագույն Խորհրդի կրող եւ պահապան Աստղիկ Աստվածուհուն (ուրեմնեւ՝ յուրաքանչյուրն իր սիրուն) ընդառաջ գնալու համար կատարվում է ջրով մաքրվելու-օծվելու արարողություն:  

10. Օգոստոսի 11 – Նավասարդի տոն, որը նշվում է նաեւ Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած հաղթանակի օր

Հայ Նահապետն այդ օրը, աշնանային արեւադարձից 40 օր առաջ հաղթեց Արարատը նենգորեն նվաճած Տիտանյան Բելին եւ վերատիրեց Հայոց Աշխարհն ու հայությանը բերեց ազատ կյանք: Եվ իզուր չէ, որ եղավ մի ժամանակահատված, երբ օգոստոսի 11-ը եւս նշվում էր որպես Նոր Տարի՝ Նոր Կյանքի օր… Հայկ Նահապետը Հայոց Դիցակարգի համաձայն Մարդ-Աստված է՝ Աստվածամարդ՝ Երկրային Աստված, ով խոսել է Հայ Աստվածների հետ, անգամ կատարել Աստվածային Առաջադրանքներ…

Օգոստոսի 11-ը հին Նավասարդ ամիսն է: Նավ-Աս-Արդ՝ ուժականության-զորության խորհրդի հաստատում: Նավասարդյան խաղերն էլ առավելապես զորախաղեր են եղել, որի ժամանակ Հայկյան զինվորի պատվավոր կոչում է տրվել:  

11. Սեպտեմբերի 23 – Նախնյաց տոն

Տոնը նշվում է աշնանային գիշերահավասարին, եւ այդ օրը հայ արիները հիշում են են բոլոր նախնիներին՝ դրանով իրենց մեջ նորոգելով հավերժության ընթացքը, հայ տեսակի առաքելությունն եւ շարունակականությունը նախնյաց հետ փառաբանելով:

Այդ օրը հայ արիները շփվում են նախնյաց բոլոր հոգիների հետ:

12. Հոկտեմբերի  2-րդ կեսին – Հայոց իմաստության Աստված Տիրի տոն

Նախնյաց նվիրված տոնակատարությունը եւ նախնիների հոգիների հետ շփվելը վերաիմաստավորվելու է մղում հայարիներին, եւ նրանք դիմում ու փառաբանում են Տիր Աստծուն՝ Նախնյաց հոգիների հետ նորոգած կապն ու կյանքը Աստվածային Իմաստնությամբ պատելու եւ պահպանելու համար: Նաեւ մարդկանց եւ հոգիների Հայկական Աշխարհների կապը մշտառկա պահելու համար:

Տիր Աստվածը նաեւ գիտության եւ դպրության, գիր-գրականության, արվեստի ու արհեստների, հայոց մշակույթի եւ ավանդույթ-սովորույթների պահապան Աստվածն է, որի համար այդ օրը Նրան փառաբանում եւ Նրա տոնը նշում են բազմաթիվ ասպարեզների ազգային շերտեր:  

13. Նոյեմբերի առաջին շաբաթվա մեջ – Հայ Տեսակի Արարման տոն

Այդ օրը հայերը փառաբանում են Տիեզերքի Արարչին՝ Հայ տեսակի Արարման համար եւ նվիրվածությունն են հայտնում Արարչին: Տիեզերաաշխարհներում Հայ Աստվածների, Հայ Հոգի-Ոգիների եւ Հայ Մարդկանց Արարումը Արարչի Կամքի եւ Սիրո Արգասիք է, եւ հայերը, փառաբանելով Տիեզերքի Միակ Տիրոջը՝ հավաստում են հավատարիմ մնալ Տիեզերակարգին եւ Հայ Տեսակի Առաքելությանը:

Հայերը փառաբանում են Արարչին՝ նաեւ Հայ Աստվածներ եւ Հայկական Տիեզերաաշխարհներ պարգեւելու, Արարչական Գենով Օծելու համար:

14. Դեկտեմբերի 22 – Հայոց արդարադատության Աստված Միհրի տոնը

Այդ օրը ձմեռային արեւադարձի օրն է նաեւ, ու այս բնական կարգի վերահաստատումից պաշտվել է նաեւ որպես լույսի ու ջերմության Աստված (Արեգակ-Աստված):

Հայ Տեսակի Արարման տոնից հետո հայ արիները ձմեռային արեւադարձի օրը փառաբանում են Միհր Աստծուն՝ Տիեզերական արդարության եւ իրավունքի վերահաստատման ակնկալիքով, Հայ Տեսակի Առաքելության վերաիմաստավորման համար՝ Երկիր մոլորակում եւ Տիեզեաաշխարհներում:

(Հայ արիները դեկտեմբերի 15-ին նշում են Հայ Արիական Միաբանության ստեղծման օրը (1993թ.), որը համարում են Հայ Տեսակի Արիական (Արարչական) Որակների վերականգնման օր):

ՀԱՄ  Հոգեւոր  հանձնախումբ

* * *

2011թ.  դեկտեմբերի 15-ին լրացավ  Հայ Արիական Միաբանության 18-ամյակը

ՀԱՄ Գերագույն Խորհուրդը (ԳԽ) շնորհավորում է կառույցի  հիմնական, համակիր եւ օժանդակ հազարավոր անդամներին՝ հերթական հոբելյանի կապակցությամբ: Հայ Արիական Միաբանությունը հիմնադրվել է ՀՀ Աբովյան քաղաքում 1993թ. դեկտեմբերի 15-ին: Այսօր ՀԱՄ-ը կազմակերպական կառույցներ ունի Հայաստանի մայրաքաղաք Երեւանում եւ հանրապետության բոլոր մարզերում, նաեւ Արցախում, Ջավախքում եւ Սփյուռքում:

Դեկտեմբերի 18-ին Հայ Արիական Միաբանության գլխավոր գրասենյակում տեղի ունեցավ տոնական միջոցառում եւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը ներկայացրեց հայ արիների 18-ամյա գործունեությունը: Նա անդրադարձավ ինչպես Հայաստանի անկախացման, երկրի սահմանների պաշտպանության եւ Արցախի ազատագրման տարիների, այնպես էլ անկախ Հայաստանի ու Արցախի հռչակումից հետո ու այսօր էլ շարունակվող ՀԱՄ գործունեությանը:

ՀԱՄ առաջնորդը ներկայացրեց նաեւ առանձին ոլորտներում ՀԱՄ աշխատանքներն ու հաջողությունները, որոնք նպաստել են Հայ Արիական Միաբանության նաեւ միջազգային ճանաչմանը: Կարեւորեց հատկապես քաղաքական ու հանրային կյանքում ձեռնարկած՝ երկրում հայ ազգայնականության դիրքերն ամրապնդած, արիադավան-հեթանոսական հավատի եւ Հայ Աստվածների պաշտամունքի վերահաստատմանն ուղղված եւ Հայաստանի ու Սփյուռքի հայ արիական-ազգայնականության շուրջ համախմբված ուժերի եւ անհատների միավորմանն ուղղորդած քայլերը:

Այնուհետեւ քաղաքամայր Երեւանի եւ ՀՀ մարզերի ներկայացուցիչների հետ ՀԱՄ ԳԽ անդամները մեկնեցին Կարմիր բլուր եւ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմի թեկնածուները ծիսական արարողություն կատարեցին՝ Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին եւ Հայ Արի Տեսակին փառաբանելով: Հայ Արիները Հայաստանին ու հայությանը վերամիավորում եւ հաղթական վերազարթոնք մաղթեցին:

Միացյալ Հայաստանի վերակերտմանը հասնելու ծիսական արարողություն եղավ նաեւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի արձանի մոտ: Հայ արիների մի խումբ էլ Հայկ Նահապետի արձանի մոտ քրմական ծիսական արարողություն կատարեց հայության համախմբման եւ վերջնական հաղթանակի համար:

Փա՜ռք Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին եւ Հայությանը:

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ – 18.12.2011թ.

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի  համակարգող

«Լուսանցք» թիվ 45 (221), 2011թ.

 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։