
Հայ հեթանոսներն այդ օրերին տոնածառ էլ են դնում, քանի որ դա չեն համարում զուտ քրիստոնեական ավանդույթ: «Տոնական ծառը-տոնածառը, ծառզարդարը հին հայկական ավանդույթ է: Մեր տոնածառին սովորական խաղալիքների կողքին կախում ենք նաեւ հեթանոսական, արիական խորհրդանիշ ունեցող խաղալիքներ` արեւի, կեռխաչերի, հավերժական պտույտների, ազգային տարազների ու հայկականությունն ընդգծող տարբեր գույների, անգամ Գառնու տաճարի տեսքով եւ այլն»,- ասում է ՀԱՄ առաջնորդը:
Հետաքրքիր մի զուգադիպություն եւս կա: Քրիստոնյա հայերը վաղուց հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը նշում են հին Նոր Տարին, իսկ հայ արադավան հեթանոսներն այդ օրն օգտագործում են` հիշելու Նժդեհի Ցեղակրոնության հռչակման օրը՝ Հայ Ցեղակրոնի օրը՝ հունվարի 14-ին:
Հայ հեթանոսները դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը տոնում են մի կարեւոր օր` ձմեռային արեւադարձը, որը խորհրդանշում է լույսի ու արեգակի (արդարադատության) Աստված Միհրի ծնունդը:Այդ օրը բնությունը դուրս է գալիս ձմեռային խորը քնից եւ գնում դեպի բնության վերածնունդ ու ջերմացում: Հայ Արիական Միաբանության անդամներն ու քրմի թեկնածուներն այս տարի արեւադարձը նշել են դեկտեմբերի 23-ին` Էլար-Դարանում` Աբովյանում գտնվող մի պատմական տարածքում, որտեղ հնում հեթանոսական տաճար է եղել: Ի դեպ, հայ արիները հեթանոսական ծեսերն ու տոները միշտ անց են կացնում հայկական հին հուշարձանների մոտ եւ պատմական վայրերում` Գառնիում, Զվարթնոցում, Կարմիր բլուրում, Էրեբունիում, Մեծամորում, Քարահունջում (Զորաց քարեր), Վահագն Աստծո, Հայկ Նահապետի, Սասունցի Դավթի արձանների, Նժդեհի վերաթաղված մասունքների մոտ (3 վայրերում) եւ այլն: ՀԱՄ առաջնորդը նշում է, որ այդ վայրերում տիեզերական մեծ էներգիա կա, եւ հատկապես բնության կարեւոր փուլերի ժամանակ, ինչպիսին է նաեւ ձմեռային արեւադարձը, տիեզերքի դարպասները կարծես բացվում են, դեպի վեր գնացող ու վայր իջնող ազդակները գործում են… եւ յուրաքանչյուրն իր ցանկությունը կարողանում է հասցնել բարձրյալին՝ Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին եւ նախնյաց հոգիներին:
Այդ օրը կրակ են վառում, ծիսական արարողություններ կատարում, ձոներ ասում, որից հետո սեղանի շուրջ շարունակում են տոնը-տոնախմբությունը:
Ի դեպ Արմեն Ավետիսյանը համոզված է, որ կաթոլիկները պատահական չեն Սուրբ Ծնունդը տոնում դեկտեմբերի 25-ին: «Նրանք հասկանում են, որ բնությանը չեն կարող հակադրվել,- ասում է նա,- այդ օրն ավելի մոտ է արեւադարձին, ու տիեզերքի դարպասները բաց են, պատահական չէ նաեւ, որ կաթոլիկները (նաեւ հայ առաքելականները) իրենց եկեղեցիները կառուցել են հեթանոսական տաճարների հիմքերի վրա` հասկանալով, որ այնտեղ էներգետիկ եւ տիեզերահաս մեծ դաշտ կա»:
Նշենք, որ ըստ գիտական տեսակետի` կաթոլիկ եկեղեցին, IV դարից սկսած, Քրիստոսի ծնունդը նշում է դեկտեմբերի 25-ին, որպեսզի մոռացության տա դրանից մի քանի օր առաջ նշվող գիշերահավասարի տոնը եւ միաձուլի այն քրիստոնեական տոնին: «Այդ օրը բոլոր 7 բնական ազգերը տոնում են արեւադարձի օրը,- ասում է Արմեն Ավետիսյանը` հիշեցնելով, թե որոնք են այդ ազգերը` հայեր, հույներ, հրեաներ, պարսիկներ, շեղաչյաներ (ճապոնացիներ, չինացիներ, կորեացիներ…), հնդիկներ եւ եգիպտացիներ,- բոլորը (ովքեր փոքրիշատե հարազատ են մնացել իրենց նախնյաց) այդ օրը կրակ են վառում, որը ոչ թե կրակապաշտություն է, այլ արեւապաշտություն, քանի որ կրակը արեգակի (ԱրԷգԱկ՝ արական եւ ի(է)գական ակունք) երկրային պատկերն է խորհրդանշում: Սակայն տարբեր ազգեր տարբեր Աստվածներ ունեն, բազմաստվածություն է ամենալայն իմաստով, հետեւաբար փառաբանման ոճը կարող է տարբեր լինել: Մի բան նույնն է` բոլորը փառաբանում են Արարչին եւ Աստվածներին»:
Արմեն Ավետիսյանն իր քրիստոնյա եղբայրներին ու քույրերին Ամանորի կապակցությամբ համերաշխության կոչ է անում: «Մենք բոլորս հայ ենք եւ ինչ որ կանք, դա ենք, ուրիշ հայ ազգ չենք կարող ստեղծել,- ասում է նա,- մեր գենետիկ կոդը նույնն է` անկախ նրանից` քրիստոնյա ենք, թե հեթանոս, թե անգամ կրոնափոխ-ծպտյալ հայեր»:
ՀԱՄ առաջնորդը հիշեցնում է, որ Հայաստանում բացվեց ողնուղեղի դոնորական կենտրոն, եւ ամբողջ աշխարհին հայտնի դարձավ, որ աշխարհի բոլոր ազգերին ողնուղեղի դոնոր կարող են լինել միայն հայերը: «Ինչպես առաջին կարգի արյունը, որը բոլորին սնուցում է, բայց միայն իր կարգից է վերցնում, այնպես էլ հայկական ողնուղեղը բոլորին տալիս-սնուցում է, բայց միայն հայկականից է վերցնում,- ասում է նա,- դա նշանակում է, որ հայերն արմատն են՝ հիմքը՝ արմատ-ակունքը: Եվ Հայկական լեռնաշխարհն էլ մարդկության հիմքն է ու հավերժական փրկության օրրանը… Եվ ասել գենետիկ (այն է՝ ծինաբանական) կոդ` հաշվի առնելով ոչ թե այս ասվածը, այլ կրոնական, կուսակցական կամ այլ պատկանելությունը, ուղղակի ծիծաղելի է»…
Անի Գասպարյան
Ankakh.com – (լրացումներով)
http://ankakh.com/2011/12/167199/