Լսեցին նրանք Վերդիի օպերան ու ծրագիրը կոչեցին «Նաբուկո»

Թյուրքական կողմը հերթական ցանցն է հյուսում
 

Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչու են եվրոպացիները էներգետիկ ծրագրերից մեկը կոչել «Նաբուկո»: Պատասխանը գտա, երբ բոլորովին վերջերս կարդացի «Նյու Յորք թայմս»-ի մի հրապարակում, որ նվիրված էր «Նաբուկո»-ին: Հոդվածը կոչվում էր «Նաբուկո» ծրագիրը եւ փոփոխված լանդշաֆտը»: Այստեղ խոսվում է այն մասին, թե  ինչու է ծրագիրը կոչվել «Նաբուկո»: Այդպես է կոչվել Վերդիի համանուն օպերայի պատվին: Վիեննայի օպերային թատրոնում քաղաքական այդ դրաման լսել են ապագա «Նաբուկո» կոնսորցիումի հինգ մասնակիցները, իսկ դրաման նվիրված է հրեաների ճակատագրին, որոնց բաբելոնական թագավոր Նաբուգոդոնոսորը քշեց Բաբելոնից: Լսեցին մասնակիցները ու ծրագիրը կոչեցին «Նաբուկո»:

Դեռ 2002թ.-ից ծնված  այս նախագծի մասին Եվրոպան խոսեց հատկապես 2006թ. եւ 2009թ. հունվարներին, երբ ռուսական գազը Եվրոպա էր հասնում ընդհատումներով՝ պայմանավորված ՌԴ-ի ու տարանցիկ Ուկրաինայի միջեւ գազի գնի շուրջ անհամաձայնություններով:

Ամերիկյան այս պարբերականը պատմում է, որ սկզբից ավստրիական OMV-ին, թուրքական  BOTAS-ին, հունգարական  MOL-ին, ռումինական Transgaz-ին եւ բուլղարական Bulgargaz-ին միացավ գերմանական RWE-ն: Սակայն այնպես, ինչպես մտածված էր «Նաբուկո»-ն, չեղավ, եւ ցայսօր շատ բան է փոխվել: «Եվ այսպես, ինչպես է փոխվել լանդշաֆտը»,-գրում է «Նյու Յորք թայմս»-ը՝ միաժամանակ հավելելով մեկ այլ հարց՝ փոխե՞լ է արդյոք Եվրամիությունը իր քաղաքականությունը: Եվ միանգամից պատասխանում. «Եվրոպական հանձնաժողովը պաշտոնապես չի հրաժարվել «Նաբուկո»-ից, բայց վերլուծաբանները հավաստիացնում են, որ հանձնաժողովը փոխել է իր դիրքորոշումը եւ ծրագրին չեզոք է վերաբերում… Ավելին՝ եվրահանձնաժողովը հիմա ավելի ու ավելի շատ է խոսում Հարավային միջանցքից՝ իբրեւ Կենտրոնական Ասիայից Հարավային Եվրոպա գազ մատակարարող միակ երթուղու, քան «Նաբուկո»-ից»:

«Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում էներգետիկ հարցերով եվրոպական կոմիսար Գյունտեր Օթինգերը, պատասխանելով այն հարցին, թե ի վերջո կյանքի կկոչվի՞ «Նաբուկո»-ն, պատասխանել է. «Ես վստահ եմ, որ Հարավային միջանցքը կբացվի, բայց «Շահ դենիզ»-ի կոնսորցիումը (ադրբեջանական գազային նախագիծ) պետք է ինքը որոշի, թե ում է ուզում վաճառել իր գազը»:

Այսպիսով, ամերիկյան պարբերականը փաստերը մեջբերելով՝ ընթերցողին ինքնաբերաբար հանգեցնում է հետեւյալին. «Նաբուկո»-ին ոչ միայն կողքից հետեւողները, այլեւ՝ հենց իրենք՝ շահագրգիռ կողմերը հավատ չեն ընծայում: Ադրբեջանը խոստանում է, խոստանում, բայց այդպես էլ որոշակի չի ասում՝ գազով կլցնի՞ խողովակաշարը, թե՞ ոչ:

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Բաքուն այդպես խաղում է ոչ թե այն պատճառով, որ ուզում է հնարավորինս շատ շահույթ կորզել (սա էլ, անշուշտ, կա), այլ՝ որ չի կարող «Նաբուկո»-ն ապահովել այդչափ ծավալի գազով, որովհետեւ գազի արդյունահանման հետ կապված տեխնիկական խնդիրներ ունի: Իսկ ներկայիս արդյունահանման մեծ բաժինն էլ ուղղում է Ռուսաստանի հետ կնքված համապատասխան պայմանագրով սահմանված վառելիքի ծավալները բավարարելուն: Իրական պատճառը թողած՝ Ադրբեջանը նեղացած կեցվածք էր ընդունել, թե իբր ինքը չի պատրաստվում գազ տալ «Նաբուկո»-ին, որովհետեւ իրեն ոչ մի բանակցության ու փաստաթղթի ստորագրման չեն կանչել: Եվրոպան այս անգամ երեւի լուրջ էր մտահոգվել, որովհետեւ Ավստրիան խնդրել էր Թուրքմենստանին՝ աջակցել «Նաբուկո»-ին, այն է՝ գազով լցնել խողովակաշարը:

Թուրքմենստանը ցայսօր պաշտոնական պատասխան չի տվել:

Ի դեպ, իսկ Թուրքիան կխաղա:

Կխաղա մինչեւ վերջ:

Որովհետեւ «Նաբուկո»-ն մի ծրագիր է, որը սրանց թույլ է տալիս զգալ ինչպես ձուկը ջրում: Այսինքն՝ «Նաբուկո»-ն այսօրվա դրությամբ առավելապես քաղաքական ծրագիր է, ու Թուրքիան խարդավանքների վարպետ է: Նա մշակել է հերթական ցանցը, ու կրկին իր փոխարեն խաղալու է Ադրբեջանը:

Բանն այն է, որ Թուրքիան տարեվերջը մեկնարկեց այն խոստումներով, թե 2012թ.-ն բոլորովին նոր շրջան է լինելու «Նաբուկո»-ի համար: Խոստմանը հավատարիմ մնաց. հենց տարեսկզբից հայտարարեց, թե ՎՈւԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) խորհրդարանական ասամբլեան քննարկել եւ հաստատել է «Նաբուկո»-ի 2012թ. գործողությունների ծրագիրը: Այս մասին հայտնեցին նաեւ ադրբեջանական զլմ-ները՝ հղում անելով ՎՈւԱՄ-ի խորհրդարանական ասամբլեայի ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլթոն Մամեդովին: Նրա խոսքերով, գործողությունների ծրագրում ներառված է «Նաբուկո»-ի իրացման հարցը:

ՎՈւԱՄ-ի այս դիրքորոշումը («Նաբուկո»-ի հարցի շտապ արծարծումը) ենթադրում է, որ ընդդեմ Ռուսաստանի եւս մեկ ճակատ է բացվում: Չմոռանանք, որ «Նաբուկո»-ն մի ծրագիր է, որ կոչված է նվազեցնելու Եվրոպայի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից: «Այս տարի ՎՈւԱՄ-ի խորհրդարանական ասամբլեայի հիմնական թեման էներգետիկ անվտանգությունն է լինելու»,- ասել է Մամեդովը: Հիմա հասկանալի է, թե ինչու է ՎՈւԱՄ-ի գլխավոր խնդիրը «Նաբուկո»-ն: Ավելին՝ Մամեդովը հավելել է, թե «Նաբուկո»-ից զատ ՎՈւԱՄ-ը քննարկելու է «սառեցված հակամարտությունների» հարցը…

 

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 1 (222), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։