Հայոց պահանջատիրության սպասումով

Ֆրանսիայի Ազգային Ժողովի որոշման՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու փաստը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ Թուրքիան միջազգային վայնասուն է բարձրացրել, որը ցայսօր չի դադարում: Եվ միայն այս որոշման համար չէ, որ աղմկում են թուրքերն ու ադրբեջանցիները, նրանք հասկանում են, որ այդպիսի որոշումը կարող է նախադեպ դառնալ եւ հաստատվել եվրոպական այլ երկրների խորհրդարաններում, նաեւ ԱՄՆ-ում կամ ՌԴ-ում:

Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ն, օրինակ, այսպես է արտահայտվել. «Ռուսաստանը թեեւ հրաշալի հարաբերություններ ունի Անկարայի հետ, սակայն պետք է հաշվի առնի տարածաշրջանում Թուրքիայի տնտեսության աճող ազդեցությունը, որտեղ Թուրքիան ունի ավանդական շահեր», որը հերթական անգամ սրել է ռուս-թուրքական հարաբերությունները տարածաշրջանում: Անդրադառնալով Ռ. Թ. Էրդողանի եւ Ն. Սարկոզիի հանդիպման ժամանակ Ֆրանսիայի սենատի ընդունած՝ 1915-ին հայերի ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծը վերանայելու՝ Թուրքիայի վարչապետի պահանջին, թերթը գրում է. «2009-ին Թուրքիայի վարչապետը Դավոսի տնտեսական ֆորումի ժամանակ իր տեղը դրեց Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին: Այժմ նա վայրահաչում է ավելի խոշոր պետության հասցեին, ընդ որում՝ ՆԱՏՕ-ի անդամ: Թուրքիայի վարչապետի ձայնը գնալով կոշտանում է»: Թուրքիայի հրամայական տոնը բացատրվում է նրա աճող տնտեսության հզորությամբ եւ միջազգային ազդեցությամբ: Պատահական չէ Էրդողանի ակնարկներից մեկը՝ Եվրամիության հասցեին. «Նայեք մեզ ու նայեք, թե ի՞նչ վիճակում է Եվրոպան»: Անկարան կորցրել է ԵՄ մտնելու հետաքրքրությունը, փոխարենը փորձում է սերտացնել հարաբերությունը ԱՄՆ-ի հետ: «Թուրքիան մի կողմ է դրել որդեգրած քաղաքական այն կուրսը, թե հարեւանների հետ պետք չէ վիճել: Ներկայումս Անկարան գործուն մասնակցում է Սիրիայի իրադարձություններին՝ վտանգելով Իրանի հետ բարի դրացիական հարաբերությունը»,- գրում է թերթը՝ հավելելով, որ Թուրքիայի հետաքրքրությունները չեն սահմանափակվում տարածաշրջանով:

Այս թոհուբոհում ԵԱՀԿ զլմ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դ. Միյատովիչը հայտարարել է, թե Ֆրանսիայի Ազգային Ժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրենքի ընդունումը հակասում է խոսքի եւ մտքի ազատության միջազգային նորմերին: «Բացի այդ, դա կարող է միջազգային մակարդակով հրապարակավ բանավեճերը քրեականացնելու համար նախադեպ ստեղծել: Պատմական իրադարձությունների, նույնիսկ այս կամ այն ժողովրդի պատմության ողբերգական էջերի մասին կեղծ, վիրավորական հայտարարությունների համար պատիժ սահմանելը չի նպաստում մարդկանց, ԵԱՀԿ անդամ-երկրների իշխանությունների եւ հասարակությունների միջեւ փոխըմբռնման բարելավմանը»,- ասել է նա: ԵՄ ներկայացուցիչը նաեւ եվրախեղկատակների տրամաբանությամբ եւ բարոյական արժեքներով առաջնորդվելով՝ մտավախութուն է հայտնել, որ այդ օրենքի ընդունումը ԵԱՀԿ մյուս անդամ երկրներին կարող է «դրդել նմանատիպ օրենքներ ընդունել»:

Այս եվրատխմարությանը բացասական արձագանք են տվել նաեւ Հայաստանում: Թուրքագետ Ա. Շաքարյանը նշել է, որ «Հոլոքոստի գովաբանման արգելքը դեռ ոչ ոք խոսքի ազատության սահմանափակում չի որակել», եւ այդ ինչպես է լինում, որ Հայոց ցեղասպանության դատապարտումը դառնում է «դրդիչ» եւ «ազատությունների սահմանափակիչ» երեւույթ: Մեկ այլ թուրքագետ՝ Ա. Հովհաննիսյանն էլ ասել է, որ այդ օրինագծի ընդունումը պարզապես թուրքական դիվանագիտության կրախն էր. «Իհարկե, սա դրական քայլ էր, բայց պետք է նկատի ունենալ, որ քաղաքականությունը նաեւ շահ է, եւ այս պահին Ֆրանսիայի ու Հայաստանի շահերը համընկան»: Նրա կարծիքով, դեպքերի նման զարգացումը հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում Թուրքիայի չկատարած խոստումների պատասխանն էր:

Ա. Շարքարյանը համակարծիք է Ա. Հովհաննիսյանին, որ այս հարցում հայկական եւ ֆրանսիական շահերը համընկան. «Սա հատուկ հայկական հաղթանակ չէր: Ֆրանսիան Թուրքիայի մուտքը դեպի ԵՄ խոչընդոտող հիմնական երկիրն է, եւ այս տարվա թուրք-ֆրանսիական բազմաթիվ առճակատումներից հետո Ֆրանսիայում պարզապես հասունացել էր հակաթուրքական ալիքը, որը եւ արտահայտվեց այս օրինագծի ընդունմամբ»: Անդրադառնալով թուրքական կողմի այն պնդումներին, թե սույն օրինագիծը խոսքի ազատության սահմանափակում է, նա հենց այս համատեքստում համեմատություն անցկացրեց հրեաների ցեղասպանության վերաբերյալ համապատասխան օրինագծի հետ. «Հոլոքոստի վերաբերյալ նմանատիպ օրինագիծը գործում է, եւ ոչ ոք այսօր աշխարհում չի ասում, թե Հիտլերին գովաբանող եւ Հոլոքոստի իրողությունը հրեաների վրա բարդող անձին խոսել արգելելը խոսքի ազատության սահմանափակում է»…

ԱՄՆ Պետքարտուղարի խոսնակը եւս արձագանքել է ֆրանսիական օրինագծին: Մ. Թոները հայտնել է. «Մենք մեր տեսակետն այդ հարցի վերաբերյալ վաղուց հայտնել ենք: Շարունակում ենք աջակցել Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացմանը»:

Թուրքիան մի պարտություն էլ կրեց, երբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձեւ ընդունեց՝ կոչ անելով Թուրքիայի կառավարությանը վերադարձնել բռնագրավված ավելի քան 2.000 քրիստոնեական եկեղեցիներ եւ այլ կալվածքներ «իրենց օրինական տերերին»: Այս հաղթանակը հատկապես նշանակալից է, քանի որ այն տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ Թուրքիայի հեղինակությունը կարծես  բարձրացել էր թե՛ տարածաշրջանում եւ թե՛ միջազգայնորեն: Սակայն, չնայած քաղաքական եւ տնտեսական ուժին՝ ոչ թուրքական վարչախումբը, ոչ էլ Անկարայի լոբբիստները չկարողացան բացահայտ դեմ դուրս գալ Կոնգրեսի ընդունած բանաձեւին, որը կոչված էր պաշտպանելու Թուրքիայում քրիստոնեական փոքրամասնությունների կրոնական իրավունքները: Կոնգրեսի կոչը՝ ուղղված Թուրքիային, փոխհատուցման առաջին փորձ է:

Եթե Ֆրանսիայի Սենատի որոշումից հետո Անկարան հետ կանչեց իր դեսպանին, ապա այս պարտությունից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն չէր կարող ոչինչ ասել՝ բացի հիասթափություն արտահայտելուց: Թեեւ այս բանաձեւը պարտադիր ուժ չունի, քանի դեռ այն չի ներկայացվել Սենատին եւ ստորագրվել նախագահի կողմից, սա արդեն իսկ զգալի առաջընթաց է Թուքիայում ապրող բոլոր քրիստոնյա փոքրամասնությունների համար, ում կալվածքները բռնագրավված են եղել տասնամյակներ շարունակ: Առաջընթացից ոգեւորված՝ հայկական, ասորական եւ հունական համայնքերը շարունակում են իրենց համագործակցությունը եւ կարծես  ճնշում են գործադրում Թուքիայի վրա իրենց պատմական իրավունքները վերականգնելու համար:

Առաջին անգամ աշխարհասփյուռ հայության համար ԱՄՆ-ի Կոնգրեսը Թուքիայից հատուցում պահանջեց, ոչ թե սոսկ ցեղասպանության ճանաչում: Այս բանաձեւը նույնպես կարող է խթան լինել մյուս երկրների եւ միջազգային կազմակերպությունների համար, որպեսզի նրանք էլ, հետեւելով այս օրինակին, պահանջեն Թուրքիայում սեփականության իրավունքների վերականգնումը: Ամերիկահայ կազմակերպությունները սակայն զարմացած են, որ ՀՀ-ում ոչ մի հոգեւորական կամ պաշտոնատար անձ ոչ մի հայտարարություն չարեց այս կարեւոր հարցի կապակցությամբ,- կարծես հայկական եկեղեցիների ճակատագիրն իրենց չի հետաքրքրում:

Մինչ այս դեպքերը Պոլսո պատրիարքին հրավիրել էին Թուրքիայի Սահմանադրությունը փոխելու հարցերով: Սահմանադրական փոփոխություններով զբաղվող խորհրդարանական հանձնաժողովը որոշել է իր կազմում ընդգրկել նաեւ այդ երկրում բնակվող կրոնական փոքրամասնությունների հոգեւոր առաջնորդներին. այս մասին տեղեկացնում է «ՀաբերԹյուրք»-ը: Հանձնաժողովը Պոլսո հայոց պատրիարք Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, հույն ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսին, ասորական ուղղափառ համայնքի առաջնորդ Յուսուֆ Չեթինին հատուկ հրավերներ է ուղարկել՝ միանալու իրենց աշխատանքներին:

Սակայն այստեղ ավելին ակնկալել չարժե, Պոլսո հայոց պատրիարքը համարձակությամբ աչքի չի ընկնում: Ավելին, նա գրավոր հայտարարություն է տարածել, որը վերաբերում է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հնարավոր ընդունմանը, որը թուրքական զլմ-ները մեջբերել են, եւ դրանք չեն փայլում հայամետությամբ. «Մեր պետությունների պատմությունը 1600 տարվա պատմություն ունի»… Այս անհեթեթ

մտքին հանդիպում ենք քրիստոնեական դարաշրջանը անհարկի փառաբանելու ժամանակ եւս եւ անգամ տգետ «հայ պատմաբանների» կողմից (երբ խելագարի պես փախչում եւ անտեսում են հայոց պատմությունը՝ հեթանոսական եւ մինչհեթանոսական ժամանակների), մինչդեռ թյուրքական ծագմամբ քոչվորները մեծ խմբերով Հայկական լեռնաշխարհ են թափանցել միայն 11-րդ դարում, իսկ մեր բնօրրանում խաշնարածական պետություններ սկսել են հիմնել մի քանի դար ուշ: Հաջորդը՝ «հայ-թուրքական 1600-ամյա ընդհանուր պատմությունից եւ հայ ու թուրք ժողովուրդների բարեկամության ու պայծառ ապագայի մասին» խոսելուց հետո, Ա. Աթեշյանը չի վարանում իր հայտարարության մեջ նաեւ քննադատել Ֆրանսիային՝ «նման վնասաբեր օրինագծեր ընդունելու համար»: «Մեր ապագան չենք կարող թողնել այդ ցավալի դեպքերի ստվերի ներքո: Դա մեծ սխալ է»,- նշել է հայ կոչվող պատրիարքը եւ հավելել. «Այս երկիրը (Թուրքիան) մեր բոլորինն է: Նույն օդն ենք շնչում, նույն ջուրն ենք խմում»… Երեւի նման դեպքերի համար է ասված՝ «Դե՛ եկ վարդապետ ու մի՛ խենթանա»:

Ֆրանսիայից հետո հիմա էլ Իսրայելը դաս տվեց Անկարային: Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ առկա լարվածությունը նոր խթան կստանա, քանի որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը չեղյալ է հայտարարել Թուրքիայի հետ հետախուզական սարքավորումների արտահանման պայմանագիրը: Ինչպես տեղեկացնում է իսրայելական «Հաարեց» թերթը, Իսրայելի ՊՆ-ն որոշել է չերկարաձգել «Elbit» ֆիրմայի եւ երկրի ռազմաօդային ուժերի տիեզերական արդյունաբերության գերժամակակակից հետախուզական սարքավորումների Թուրքիա արտահանման պայմանագիրը: 140 մլն. դոլար արժողությամբ պայմանագիրը, որը 2 երկրների միջեւ կնքվել էր 2009թ., նախատեսում էր Թուրքիային վաճառել ինֆրակամիր ճառագայթման «Lorop» տեսախցիկներ եւ համապատասխան սարքավորումներ, որոնք արտադրում է «Elbit» ֆիրման: Պայմանագրով նախատեսվում էր այդ սարքավորումները Թուրքիա առաքել մոտակա ամիսներին: Թուրքական մամուլն արդեն արձագանքել է այս իրողությանը՝ մեկնաբանելով, որ թուրքական իշխանությունները կորցրել են իրենց վստահությունը Իսրայելի մոտ, եւ այդ երկիրն այլեւս շահագրգռված չէ Թուրքիայի հզորացմամբ:

Իսկ Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսեթի քաղաքական տարբեր կողմնորոշումներ ունեցող քաղաքական ուժերը ձգտելու են քննարկման առարկա դարձնել Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ ապրիլի 24-ը որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու հարցը: «Jerusalem Post»-ը գրում է, որ հրեաները հատուկ վերաբերմունք ունեն ցեղասպանություն եզրույթի նկատմամբ, ինչը, բնականաբար, պայմանավորված է Հոլոքոստի իրողությամբ. «Տարբեր իրադարձություններ են որակվել ցեղասպանություն եզրույթով, սակայն 1-ին աշխարհամարտի տարիներին Թուրքիայում հայերի հետ տեղի ունեցածն ամենամոտն է այդ բառի իմաստին»: Թերթի նկարագրությամբ՝ Թուրքիան տարածաշրջանում բավականին ագրեսիվ է դարձել, իսկ Մավի Մարմարայի հետ կապված իրադարձություններից հետո դա ակնհայտ դարձավ նաեւ Իսրայելի հանդեպ:

Անդրադառնալով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին՝ թերթը գրում է, որ նույնիսկ թուրք-իսրայելական հարաբերությունների խիստ վատթարացման պայմաններում, Թուրքիան ձգտում է խանգարել Իսրայելին, «որպեսզի վերջինս չանի այդ ճիշտ քայլը»: Իսկ իսրայելական պատգամավորները միմյանց կոչ են անում. «Եկե՛ք նախ հրաժարվենք Կնեսեթում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւերին ընդդիմանալու մեր անփառունակ սովորությունից: Մենք պետք է անդրադառնանք 1890-ականների հարյուր հազարավոր հայերի սպանություններին, 1915թ. հսկայական ոչնչացմանը, որի ընթացքում միլիոնավոր հայեր սպանվեցին եւ տեղահանվեցին դեպի սիրիական անապատներ, պետք է հիշենք նաեւ նույն ժամանակ Թուրքիայում սպանված տասնյակ հազարավոր ասորիներին, էթնիկ զտումները եւ հարձակումները քրդերի վրա, ինչպես նաեւ 1974թ. ի վեր Կիպրոսի հյուսիսային հատվածի անօրինական օկուպացումը»,- եզրափակում է թերթը: Թե որքանով է հավանական Կնեսեթում Հայոց ցեղասպանության ընդունումը, կհամոզվենք շուտով: Առաջիկայում Հայոց ցեղասպանության հարցը վերստին կքննարկվի նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսում, եւ սա ավելի է մտահոգում Անկարային:

Նման  դեպքերում, նախկինում թուրքերը մեղադրանքներ էին հնչեցնում, որ ԱՄՆ-ում կատարվել է բնիկ հնդկացիական ցեղերի ցեղասպանություն, որը պետք է դատապարտվի: Նման մի նախաձեռնություն էլ եղավ Ֆրանսիայի նկատմամբ՝ մեղադրանքներ հնչեցին ալժիրցիների ցեղասպանության համար: Սակայն Ալժիրի վարչապետը բացահայտ հայտարարեց, որ ոչ ոք իրավունք չունի շահարկելու ալժիրցիների արյունը… Անկարան նաեւ պաղեստինցիների ցեղասպանության մասին էր խոսում, երբ Իսրայելի Կնեսեթն էր քննարկում Հայոց ցեղասպանության հարցը եւ հայտնի չէ, թե էլ ինչ դրսեւորումներ կցուցադրեն դեռ թուրքերը…

Հատկապես, որ Ֆրանսիայի նախագահը մտադիր է Հայոց ցեղասպանությունը ժխտելու փաստը քրեականացնող օրինագծի ընդունումը դարձնել եվրոպական համագործակցության երկրների քննարկման հարց, ինչը կարող է համաեվրոպական որոշում դառնալ: Իսկ Ֆրանսիայում հստակեցվել է սենատում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի քննարկման եւ քվեարկության ժամանակացույցը, այն օրակարգ կներկայացվի սույն թվականի հունվարի 23-ին: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովի ընդունած բանաձեւի համաձայն՝ Հայոց ցեղասպանության ժխտումը այդ երկրի տարածքում քրեորեն հետապնդելի է, նախատեսում է վարչական ու քրեական վարույթների հարուցում՝ 45 հազ. եվրո տուգանք եւ 1 տարի ազատազրկում: Սլովակիայի Ազգային Խորհրդում էլ են փորձելու հաստատել Հայոց ցեղասպանությունը մերժողների նկատմամբ օրենք, համաձայն որի ցեղասպանության, ռասիզմի, հոլոքոստի եւ կոմունիզմի արհավիրքները համարվում են հանցագործություն կատարված մարդկության դեմ ու դրանց արդարացումը կամ մերժումը դատապարտվում է մինչեւ 5 տարի ազատազրկումով, եթե կատարված է կանխամտածված, եւ մինչեւ 3 տարի ազատազրկումով, եթե անկանխամտածված հայտարարություն է արվել: Այսօրինակ մի օրենք գործում է Սլովակիայում դեռ 2009թ-ից:

…Թուրքիան պետք է առերեսվի սեփական պատմության հետ, եւ այդ բանը պետք է անի ի շահ իր ժողովրդի,- ասել է ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը՝ օրինակ բերելով Գերմանիային: Դեռեւս Ֆրանսիայում ՀՀ նախագահը կարծես Անկարային նախազգուշացնելով հայտնեց, որ Թուրքիան պետք է ապաշխարհի. «Դա ոչ նախապայման է, եւ ոչ էլ վրեժխնդրությանը հագուրդ տալու ձգտում: Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ: Երբեւէ Թուրքիայի ղեկավարությունը կարող է ուժ գտնել ու վերաարժեւորել իր մոտեցումները Հայոց ցեղասպանության հանդեպ: Մեր դիրքորոշումը չի փոխվել եւ այն հստակ է՝ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ ունենալ բնականոն հարաբերություններ, ինչպես վայել է հարեւան երկրներին»,- ասել է ՀՀ նախագահը ու նշել. «Այդպիսի հարեւան երկրներ էին, օրինակ, Լեհաստանը եւ Գերմանիան, որի կանցլեր Վիլի Բրանդտը, գիտակցելով իր երկրի գործած մեղքը, ծնկի իջավ Վարշավայի գետտոյում: Վաղ թե ուշ իրեն եվրոպական երկիր համարող Թուրքիան կունենա եվրոպականին հարիր լինելու ղեկավարություն, որը գլուխ կխոնարհի Ծիծեռնակաբերդում: Ավելի լավ է՝ վաղ: Բայց դա Թուրքիայի ժողովրդի գործն է: Մենք նրանց ոչինչ չենք պարտադրում: Դա իրենք պետք է անեն հանուն թուրք ժողովրդի, ինչպես որ Վիլի Բրանդտը արեց հանուն գերմանացի ժողովրդի»…
Հայկ  Թորգոմյան
 

*  *  *
Հայոց պահանջատիրության նոր փուլը
 

Հայ Արիական Միաբանությունը ողջունում է Ֆրանսիայի խորհրդարանի որոշումը՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու փաստը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ:

Աշխարհի ավելի քան 20 երկրներ ու միջազգային կազմակերպություններ արդեն ճանաչել ու դատապարտել են թուրքերի ու այլոց վայրագությունները 1915-1923թթ., ինչը ողբերգական ավարտ ունեցավ հայության համար՝ մարդկային հսկայական կորուստներից բացի, հայությունը կորցրեց նաեւ իր հայրենիքի զգալի մասը: Ըստ պաշտոնական տվյալների, ցեղասպանվեցին ավելի քան 1,5 միլիոն հայեր, սակայն, 1915թ.-ով դա չավարտվեց եւ մինչեւ 1923թ.-ն Արեւմտյան Հայաստանում, ըստ մի շարք պատմագիտական տվյալների, ցեղասպանվել են շուրջ 3 մլն. հայեր: Թուրքական զանգվածային մարդասպանությանը, ցեղասպանությանը հետագայում միացել է նաեւ ադրբեջանցի հորջորջվող մեկ այլ թյուրք հրոսակախումբ, եւ հայերի զանգվածային ջարդերը շարունակվել են նաեւ Արեւելյան Հայաստանում, որն այսօր էլ բռնազավթված է Ադրբեջան կոչված պետության կողմից:

Կրկին ողջունելով ֆրանսիացիների՝ պատմական արդարությունը վերականգնելու ջանքերը, կոչ ենք անում պաշտոնական Փարիզին՝ շարունակել եւ երկրի նախագահի մակարդակով ավարտին հասցնել օրինագծի՝ օրենքի վերածվելու գործը, ինչպեսեւ՝ ցեղասպանության բարոյական ճանաչմանը եւ դատապարտմանը զուգահեռ քննարկել Հայոց պահանջատիրության հարցը: Եթե հրեաների ցեղասպանություն-հոլոքոսթը միայն բարոյական ճանաչման եւ նյութական փոխհատուցման խնդիր ուներ (ինչը լուծվեց), քանի որ հրեաներին իրենց հայրենիքում չէին կոտորել, ապա հայերի ցեղասպանությունն իրականացվել է բուն Հայաստանում եւ բարոյական ու նյութական վնասների հատուցումից զատ պետք է դրվի նաեւ հայրենի տարածքների վերադարձի հարցը:

Կոչ ենք անում նաեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչած եւ դատապարտած մյուս երկրներին՝ այս խնդիրները ներառել իրենց արդեն ընդունած որոշումներում եւ վերահաստատել դրանք լրացված տեսքով:

ՀՀ իշխանություններին եւս ողջունում ենք՝ հատկապես վերջին 1 տարում արտաքին քաղաքականության մեջ հայկական շահերի եւ պատմական իրականության բարձր մակարդակով արծարծումների համար, ինչն էլ նպաստում է հայկական հարցի միջազգայնացմանը, բայց կոչ ենք անում՝ ի վերջո Հայաստանի Ազգային Ժողովի կողմից ընդունել ավելի խիստ՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու փաստը քրեականացնող օրինագիծ, որը նույնպես կներառի մեր պահանջատիրական խնդիրները:

Եթե հասունացել է «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրի իրագործումը, ապա Հայաստանը պետք է վերականգնվի իր բնական հայրենիքի սահմաններում, եւ բոլոր թշնամիները պետք է պատասխան տան: Իսկ որ սա լինելու է՝ կասկած չկա, եւ լինելու է ինչպես պատմական արդարության վերականգնման առումով, այնպես էլ Տիեզերական Գարնան ազդեցությամբ ու Հայ Աստվածների կամոք:  

Հայ Արիական Միաբանություն – Երեւան – 23.12.2011թ.

* * *
Հայաստանին պարտադրել՝ նշանակում է լինել հայության թշնամին
 

Արեւմուտքը վերստին փորձում է կյանքի կոչել հայ-թուրքական հորջորջվող արձանագրությունները, որոնք հե՛նց թուրքական կողմի նախահարձակ նախապայմանների պատճառով հանգեցին իրենց տրամաբանական վախճանին:

Հայ Արիական Միաբանությունը, ի թիվս այլ քաղաքական ուժերի, ի սկզբանե դեմ էր այդ արձանագրությունների ստորագրմանը, առավել եւս վավերացմանը, ուստի միանշանակ ողջունելի է համարում այս իրավիճակը, որի շարունակական տրամաբանությունն էլ ՀՀ իշխանություններին թույլ է տալիս իրավաբանորեն հետ կանչել այդ արձանագրությունների տակ դրված ՀՀ ստորագրությունը:

Չնայած ի սկզբանե դեմ լինելուն, Հայ Արիական Միաբանությունը գնահատում է ՀՀ իշխանությունների սկզբունքայնությունը՝ թուրք-ադրբեջանական նախապայմաններին դիմակայելու եւ արժանի հակահարված տալու հարցում: Ավելին՝ հայկական դիվանագիտությունը կարողացավ ի ցույց աշխարհի բացահայտել, որ Անկարան ու Բաքուն չեն կարող վարել առանձին հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններ, քանզի Արցախ-ԼՂՀ անկախության հարցը անբաժանելի մաս էր դարձել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ: Իսկ համաթուրքական նկրտումները շարունակում են ամուր տեղ գրավել այդ երկրների արտաքին քաղաքականությունում եւ «Մեծ Թուրան» ստեղծելու սին գաղափարները հանգիստ չեն տալիս թյուրքական տարրին, որը դարեր շարունակ բնակվում է Հայաստանից բռնազավթած տարածքներում եւ դեռ ավելի մեծ նկրտումներ ունի՝ «1 ազգ՝ 6 պետություն» Կովկաս-Միջինասիական ծրագրով, մինչեւ ռուսաստանյան Սախա-Յակուտիա եւ չինական Ույղուրստան… Թուրք-ադրբեջանական նկրտումները նաեւ դեպի հարավ են ծավալվում՝ իրանական Ադրբեջանների, Սիրիայի եւ Իրաքի տարածքների ուղղությամբ: Հայտնի է, որ դեպի Եվրոպա եւս ծավալումների երազանք ունի Անկարան՝ ի դեմս Հունաստանի եւ Բուլղարիայի:

Այս ծավալապաշտական գաղափարները եւ ծրագրերը վստահաբար տեսանելի են ինչպես Արեւմուտքի՝ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի, այնպես էլ  Ռուսաստանի, Արեւելքի՝ Չինաստանի, Իրանի, Իսրայելի եւ արաբական աշխարհի ու այլոց համար: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որը նաեւ Եվրոպա է շտապում, հանուն իր նեոօսմանական եւ նեոպանթուրքիստական շահերի, այսօր ոտնատակ է տալիս հենց նույն Արեւմուտքի շահերը:

Եթե Եվրոպան՝ ի դեմս Ֆրանսիայի, նկատում է այս՝ արդեն գործի դրված վտանգը, ապա ԱՄՆ-ն դեռ փորձում է արդեն տապալված հայ-թուրքական արձանագրությունները վերակենդանացնել եւ տարօրինակորեն դա առավելապես պարտադրվում է պաշտոնական Երեւանին:

Այնինչ՝ թուրքական կողմը անգամ պատժի չի արժանացել պաշտոնական Վաշինգտոնին խաբելու եւ խաղացնելու համար:

Փարիզը, Հայոց ցեղասպանությունը ժխտելու փաստը քրեականացնող օրինագծի ընդունման քաղաքականությամբ, ինչը Ֆրանսիայի նախագահը խոստացել է դարձնել համաեվրոպական քաղաքականություն, կարծես թե փորձում է պատժել Անկարային նախկին հանցանքների համար, նաեւ նախազգուշացնել՝ հետագա ծավալումներից ու հանցանքներից զերծ մնալու առումով: Նույնը սակայն չի կարելի ասել Վաշինգտոնի եւ Մոսկվայի մասին: Չնայած վերջերս ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձեւ ընդունեց՝ կոչ անելով Թուրքիայի կառավարությանը վերադարձնել բռնագրավված մի քանի հազար քրիստոնեական եկեղեցիներ եւ այլ կալվածքներ իրենց օրինական տերերին՝ հայերին, իսկ Կրեմլը խստացրեց Թուրքիայի հետ հարաբերությունները Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում:

Հայ Արիական Միաբանություը ՀՀ իշխանություններին եւս մեկ անգամ կոչ է անում հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունների տակ դրված ՀՀ ստորագրությունը, դրա ձախողման մեղադրանքը՝ ուղղված թուրքական կողմին, ներկայացնել բոլոր մասնակից երկրներին եւ սեղանին դնել բոլոր հիմնավորումները առ այն, որ Թուրքիան եւ Ադրբեջանը գործում են որպես մեկ պետություն, որին դիմակայելու համար Հայաստանն ու Արցախը նույնպես պետք է գործեն այդ սկզբունքով, ավելին՝ Արցախ-ԼՂՀ անկախության միջազգայնորեն չճանաչումը պետք է լուծել ՀՀ-ԼՂՀ վերամիավորման նախկին որոշման վերահաստատմամբ:

Հայաստանը չի կարող պարտադրվա՛ծ հարաբերություններ ունենալ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, քանզի այս պետությունները նույն հակահա՛յ շահերն են հետապնդում տարածաշրջանում: Եվ այն պետությունները, որոնք կպարտադրեն Երեւանին ու Ստեփանակերտին գնալ նման հարաբերությունների հաստատման, պետք է հռչակվեն Հայաստանի ու հայության թշնամիներ, եւ պաշտոնական Երեւանը պետք է խզի հարաբերություններն այդ երկրների հետ:

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ

11.01.2012թ.

«Լուսանցք» թիվ 1 (222), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։