Չկայացած Գարուն
Դե արի ու մի՛ խենթացիր վարդապետ՝ արդարության հուղարկավորության համար: Հոգեհանգստի ժամանակ ասված ճոռոմ ճառերի և Մարիամի թախծոտ աչքերից կախված արյան շիթերի համար: Նրա խաչված Որդու դարավոր ողբի ու մեղքերի քավության համար: Չարքաշ շինականի աղերսի պես հնչող ամենօրյա աղոթքներում չարյաց փրկության և մի կտոր հանապազօրյա հացի համար, որն երկնքից է կախված:
Դե արի ու մի՛ խենթացիր, երբ անարդարության զորավոր ձեռքը զորավոր ավետարանի վրա դրված երդմնազանց է դառնում… իսկ զորավոր ավետարանը դառնում է անզօր, դարերի փոշին կուլ տված մի հասարակ մագաղաթ: Եվ այս ամենից հետո ինչու՞ երկրի արգանդը ճշմարտության ցավից չի գալարվում, կամ լեռների ուղեղները չեն շանթահարվում կեղծիքից: Եվ այսքանից հետո մենք անարդարության ձեռքը պետք է համբյուրենք ու դնենք գլխներիս, քանի որ չկարողացանք կտրել ու դեն նետել…
Անհանդուրժելի է, բայց փաստ է: Փաստ է նաև այն, ինչպես մեծ պոետն է ասել՝
– Գարուն ա, ձուն ա արել…
Իսկ ո՞վ է այս ամենի մեղավորը: Իհարկե, Ադամը, որի սիրտը թթու խնձոր ուզեց խակ-խակ ծառից պոկեց ու կերավ, և մինչ օրս էլ մնաց կոկորդը… Որովհետև գողացվածը չի մարսվի երբե՛ք…
Տիր՝ Ահարոն Ղազարյան




Armenian