Վրաստանը՝ եվրա-գավառամտային հիբրիդ

Կրկին բանավեճեր են ծավալվում, թե, ի վերջո, ով է մեղավոր Ջավախքի խորացող ճգնաժամի մեջ՝ Վրաստանի կառավարությո՞ւնը, որ տարածաշրջանային լեզվի կարգավիճակ չտալով հայերենին, դրանով զրկում է ջավախքահայերին բազմաթիվ կենսական, կրթական, բարոյական ու բազմապիսի այլ իրավունքներից, թե՞ ջավախահայությունը, որ չտիրապետելով վրացերենին, կանգնում է այսպիսի խնդրի առաջ: Այսպիսի երկմոտեցմամբ քարոզչություն իրականացնում են հատկապես վրացիները եւ ոչ միայն վրացական շրջանակներում՝ պետական քաղաքականությունը արդարացնելու համար:

Հայության համար մի բան հստակ է. Վրաստանի պետական քաղաքականությունը Ջավախքի հանդեպ որեւէ կապ չունի միջազգային իրավունքի հետ, քանի որ այս պետության կողմից ազգային փոքրամասնությունների իրավունքների համար ստորագրված միջազգային փաստաթղթերի պահանջները գրեթե չեն իրագործվում: Եվ դեպի եվրոպական արժեքներ ձգտող Վրաստանը գործնականում ընթանում է բոլորովին տարբեր ուղղությամբ, ինչը, չգիտես ինչու, «անտեսանելի» է մնում Արեւմուտքի համար…

Սոցիալական ցանցերում եւս այս հարցը քննարկվում է, օրինակներ կան անգամ «Եվրոպայի սրտից»՝ Ավստրիայից: Ավստրիայի պետական լեզուն գերմաներենն է, սակայն այդ երկրում միայն գերմանացիներ չեն ապրում, ուստի, ելնելով այս հանգամանքից՝ երկրում գերմաներենի կողքին գոյություն ունեն պետականորեն ճանաչված մի քանի տարածաշրջանային (regional) լեզուներ եւս՝ խորվաթերեն, հունգարերեն, սլովեներեն, չեխերեն, սլովակերեն, ռումիներեն: Սա նշանակում է, որ համապատասխան մարզերը բնակեցնող տվյալ էթնոսի ներկայացուցիչներն իրավունք ունեն սեփական լեզվով իրավաբանորեն շփվելու, այն գործածելու վարչաիրավական ոլորտներում, պետական պաշտոնական գրագրության մեջ եւ այլն: Ավստրիան, վրացիների համար էլ հաստատ քաղաքակիրթ պետություն է ու ոչ միայն չի աղավաղում ոչ գերմանացիներով բնակեցված սեփական երկրի քաղաքների, գյուղերի ու այլ բնակավայրերի անվանումները, այլ՝ պետական ցուցատախտակների վրա գերմաներենի (սեփական անվանման) կողքին կարելի է տեսնել տվյալ էթնոսի լեզվով եւ անվանմամբ բնակավայրերի անուններ:

Իսկ ահա հայկական Ջավախքում տեղանվանումները փակցվում են բացառապես վրացերեն ու անգլերեն, ընդ որում՝ անգլերեն անվանումը «բխեցվում է» վրացերենից: Այսպես՝ օտարերկրացին անգլերենով կարդալու է ոչ թե գյուղի ճշգրիտ հայկական անունը՝ Մեծ Խորենիա, այլ՝ վրացական աղավաղումը՝ Դիդի Խորենիա:

Ինչպես ամեն տեղ, այնպես էլ Ավստրիայում այսպիսի «բարի կամքի դրսեւորումը» այլ էթնիկ հանրույթների հանդեպ բխում է միջազգային օրենսդրությունից, տվյալ պարագայում նշված ազգերը երկրում համարվում են «indigene VՓlker» (գերմ.՝ «բնիկ ժողովուրդներ»), որոնց վրա տարածվում են համապատասխան միջազգային իրավունքները: Ջավախքում ջավախահայությունը նույնպես համարվում է «indigene VՓlker»:     

Մեկ այլ եվրոպական օրինակ Իտալիայի Սյուդտիրոլ (գերմ.՝ Հարավային Տիրոլ) շրջանից, որը բնակեցված է գերմանացիներով: Այս մարզը իր անվանումն ստացել է Ավստրիայի պատմական Տիրոլի մարզից, որի հարավային մասն անցել է Իտալիայի տիրապետության տակ: Եվ սկսվել են գերմաներենի գործածման արգելանքները, փորձ էր արվում մարզը կտրտելով միացնել այլ՝ հիմնականում իտալաբնակ մարզերի եւ այլն (այսպես է վարվում  նաեւ Վրաստանը՝ Սամցխո-Ջավախետի ստեղծելով Ջավախքի տարածաշրջանում…):

Բայց Հարավային Տիրոլի հիմնահարցն իր հանգուցալուծումը գտավ այն ժամանակ, երբ Մայր պետության-Ավստրիայի կառավարությունը հանդես եկավ Իտալիայի առջեւ՝ մարզի գերմանացիների հանդեպ հալածանքները դադարեցնելու եւ մեծ արտոնություններ տալու խիստ պահանջներով: Արդյունքում՝ մարզի գերմանացիներն ունեն ամենալայն արտոնությունները, իսկ մարզն էլ արագ զարգանում է: Տարածաշրջանային լեզուն այստեղ բնականաբար գերմաներենն է, իսկ իտալացի պաշտոնյան պետք է լիարժեք տիրապետի այդ լեզվին: Բնակավայրերի անունները մատնանշող ցուցատախտակներում նույնպես առկա է տեղաբնիկ լեզուն՝ գերմաներենը:

Սոցիալական ցանցերում օրինակ է բերված նաեւ Ղրիմից, որտեղ բնակչության 60%-ը կազմում են ռուսները (Սամցխե-Ջավախք-Ծալկայի տարածաշրջանում հայությունը ներկայումս ավելի մեծ տոկոս է կազմում), ռուսերենը տարածաշրջանային լեզու հռչակելու Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի որոշումը Ղրիմի ռուսների շրջանում դադարեցրեց լարվածությունը եւ ռուսներն իրենց զգացին Ուկրաինայի լիարժեք, այլ ոչ թե «երկրորդ կարգի» քաղաքացիներ…

Օրինակներ էլի կարելի է բերել, բայց այսքանն էլ բավական է, որ «եվրազարգացած» վրացական պաշտոնյաները հասկանան, որ Ջավախքի հարցում իրենք «վայրենի զարգացում» են ապրել, ոչ թե եվրազարգացում… իսկ Մայր պետության-Հայաստանի իշխանությունները պետք է գիտակցեն, որ իրենցից մեծ բան
է կախված՝ Ջավախքում իրավիճակը շտկելու առումով: Եվ ոչ միայն Ջավախքում, այլեւ Վրաստանի հայության շրջանում, նաեւ հայկական հուշարձանների պահպանության հարցում:

  Անի Մարության

Վրացական թեման՝ փակ թեմա՞ հայերիս համար

Կառավարության երեկվա նիստից հետո մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը խոսեց Թբիլիսիում գտնվող սբ. Նշան եկեղեցու խնդրից: «Խոսք եղավ, որ եկեղեցին հատուկ հրկիզված էր, բայց երբ մեր մասնագետները գնացին,-ասաց նա,- պարզվեց, որ հատուկ հրկիզում չի եղել: Այսպես շատ հեշտությամբ երկու բառի խաղով կարելի է երկու ժողովուրդների, երկու երկրների միջեւ խնդիրներ ստեղծել: Պետք է զգույշ լինենք: Եթե հատուկ հրկիզում է, այո, պետք է դատապարտենք, բայց եթե հրկիզում չէ, այլ հունվարի 1-ին հրավառության հետեւանքով 10 օր կամաց-կամաց ծխել է եկեղեցու ներսում, ապա դա լրիվ ուրիշ իրավիճակ է, այսինքն՝ շեշտադրումները պետք է զգույշ դնենք»:

Այս պահի դրությամբ նախագծի մասով երկուստեք աշխատանքներ են տարվում: Վրացական կողմը այս տարի սկսելու է հրատապ ամրակայման աշխատանքները: «Նրանք խոստացել են հետագայում նաեւ հիմանական վերականգնումով զբաղվել»,-վստահեցրեց մշակույթի նախարարը: Թե ինչքան գումար է նախատեսել վրացական կողմը վերականգնման համար, Հ. Պողոսյանը տեղյակ չէր: Վերականգնման աշխատանքներում մասնակցելու են նաեւ հայ մասնագետներ՝ կոնստրուկտորներ, հնագետներ, որմնանկարների մասնագետներ եւն:

Ի դեպ, հայկական կողմին հուշեմ, որ «հավատալ» այն «թեզին», թե 10 օր շարունակ ծխալ-չհանգցվելը դիտավորություն չէ վրացական կողմից, գավառամտություն է: Ու ծիծաղելի է վրացական եղբայրության վրա դողալը, երբ վրացին ինքը թքած ունի դրա վրա…

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 2 (223), 2011թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։