Հայկական գործոնի դերը՝ պատերազմի եւ խաղաղության ժամանակ

 

Եթե ցանկություն կա դառնալ եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ, ապա պայման էլ կա դրված՝ պետք է առաջնորդվել խաղի այն կանոններով, որոնք ընկած են եվրոպական պետությունների ու կառույցների հիմքում: Իսկ եվրոպական չափորոշիչները ոչ բոլորն են, որ կարող են համարվել համամարդկային, ավելին՝ կան չափորոշիչներ էլ, որոնք հաստատ մարդկային չեն՝ հակամարդկային են, ազատությունը ոտնահարող եւ սանձարձակության, այլասերվածության տանող: Բայց լուրջ խնդիրներ կան, որ համաեվրոպական լուծումներ են պահանջում եւ դրանք մեր ազգային շահերին են վերաբերում: Ու դա է պատճառը, որ դեպի Եվրոպա տասնյակ տարիներ է ինչ մղում կա: Եվ պետք է կարողանալ համադրել մեր ազգային եւ համաշխարհային նշանակության շահերը՝ միաժամանակ հեռու մնալով ապականումից ու այլասերումից: Բարդ է հաստատ, բայց լուծումներ միշտ կգտնվեն……

Վերջերս եվրոպական երկրների ու կառույցների վերաբերմունքը փոփոխություն է կրել, եւ հայության շահերը կարծես առավել ընկալելի են դարձել, գուցե նաեւ՝ ընդունելի, քան մեր հակառակորդներինը: Եվ սա այժմ հուսադրող ու տրամադրող է:

Մի տեսակետ էլ է փոխվել. Եվրոպան մեր տարածաշրջանն այլեւս չի դիտարկում իբրեւ մեկ միավոր, ինչպես նախկինում էր, երբ փորձ էր արվում անընդհատ հավասարություն դնել Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի միջեւ: Քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ բարեփոխումներն են թելադրում վերաբերմունքն ու համագործակցության աստիճանը:

Եվրոպական կառույցները նաեւ ռազմա-քաղաքական առումով են առավել ուշադիր դարձել մեր տարածաշրջանի նկատմամբ, եւ վերջերս ՀՀ ՊՆ ներկայացուցիչները հանդիպել են ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի պատվիրակությանը եւ քննարկվել են անցնող տարվա ընթացքում համագործակցության արդյունքները: Ստորագրվել է նաեւ 2012թ. համագործակցության ծրագիրը, որում մանրամասնորեն սահմանված են ՀՀ պաշտպանական բարեփոխումներին համապատասխանող ոլորտներում իրականացվելիք միջոցառումները՝ ռազմական հոգեբանության եւ սոցիոլոգիայի, սոցուսումնասիրությունների, մարդու իրավուքների, առաջնորդության, հետաքննության եւ նախաքննության մեթոդիկայի ու մի շարք այլ ուղղություններով:

Եվրոպական կառույցները ՀՀ ներքաղաքական իրավիճակը բավարար են գնահատել, անգամ նախընտրական խնդիրներին են դեռեւս հանգիստ մոտենում եւ ահա նաեւ զինված ուժերի խնդիրներն են առաջարկում համատեղ կարգավորել: Սա եւս կարեւոր է, քանզի հայկական բանակը ինչպես ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականների, այնպես էլ ՌԴ եւ ԱՊՀ ռազմական պատասխանատուների կողմից ճանաչվում է տարածաշրջանի ամենապատրաստվածն ու մարտունակը:

Եվրոպական ուղղությունը այսօր մի միջանկյալ օղակ կարող է լինել տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հնարավոր հակամարտության պարագայում: Եվրոպական համագործակցությունը նաեւ առավել հայամետ կեցվածք է որդեգրել այժմ, քան պաշտոնական Վաշինգտոնն ու Մոսկվան: Ուստի՝ տարածաշրջանում հնարավոր է գտնել փոխշահավետ եզրեր ընդհանուր քաղաքականություն վարելու համար: Այս առումով գրեթե նույնն է իրավիճակը ամերիկյան ուղղության հետ: Իսկ Իրան-Հայաստան-Ռուսաստան տնտեսական համագործակցության ուղղությունը կարող է տարածաշրջանում առավել ամուր դիրքեր ստեղծել կողմերի համար, բայց իրանական կողմը նույն կերպ փորձում է աշխատել նաեւ Ադրբեջանի հետ (այն դեպքում՝ երբ Ադրբեջանը Հայաստանին թշնամի երկիր է համարում, իսկ Իրանից տարածքային պահանջներ ունի), ինչը թուլացնում է այս ուղղահայաց տնտեսական ուղղության զարգացման դիրքերը: Թեհրանը հավասարության նժար է դրել նաեւ Հայաստանի ու Թուրքիայի հետ համագործակցության հարցերում, ինչը եւս անվստահության տեղիք է տալիս: Անգամ իր այցը Երեւան այդքան կարեւորած ԻԻՀ նախագահը պաշտոնական արարողակարգով չեղավ Ծիծեռնակաբերդում եւ չայցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որը նույնպես թուրքական գործոնին է առնչվում:

Իսկ Հայաստանի նկատմամբ Արեւելքի ուշադրությունը նկատելի է նաեւ Արեւմուտքում: Վերջերս Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի եւ Չինաստանի զինվորական պատվիրակության այցերը եւս վստահաբար կապված են տարածաշրջանի խնդիրների եւ գերտերությունների շահերն ընկալելու հետ: Հայաստանն այսօր Կովկասյան տարածարջանում հաղթանակած եւ առավել կայուն երկիր է եւ այսօր իր դիրքով ու կշռով չի զիջում Վրաստանին ու Ադրբեջանին, իսկ արտաքին քաղաքական նախաձեռնություններում անգամ առաջ է անցել այդ երկրներից: Եվ Իրանի նախագահն իր կարճ այցի ընթացքում հասցրել է հանդիպել ՀՀ նախագահից զատ նաեւ վարչապետի եւ ԱԺ նախագահի հետ, անգամ հանդիպում է ունեցել ՀՀ-ում բնակվող իրանցիների հետ:

Թեհրանը հաշվի առնելով հայկական գործոնի ներկա կայուն եւ ընդունելի կարգավիճակը տարածաշրջանում, երբ պաշտոնական Երեւանը կարողանում է հավասարակշռված քաղաքականություն վար
ել ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Եվրոպայի հետ, ցանկանում է արեւմտյան, հատկապես՝ եվրոպական ուղղության հետ Երեւանին որպես միջնորդ տեսնել, առավել եւս, երբ նոր պատժամիջոցներ կարող են կիրառվել Իրանի դեմ՝ կապված միջուկային ծրագրի գաղտնիության հետ: ԻԻՀ նախագահն անգամ նշել է, որ Հայաստանի ու Իրանի հարաբերությունների զարգացման հարցում որեւէ սահմանափակում չի տեսնում:

Հայաստանի հետ հարաբերությունները փորձում է կարգավորել նաեւ Թուրքիան: Սա նաեւ ամերիկյան պարտադրանք է: Բայց հայ-թուրքական արձանագրությունների հարցը դժվար թե վերակենդանացվի, քանի որ թուրք ազգայնամոլները փորձում են այն հանել տալ մեջլիսի օրակարգից: Իսկ Ֆրանսիայի ԱԺ կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծի ընդունման փաստը ավելի է ալեկոծել թուրքերին ու նաեւ զգաստացրել:

Հայկական կողմը նախապես եւ այժմ էլ ցույց է տվել, որ պատրաստ է առանց որեւէ նախապայմանի գնալ սահմանների բացմանը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, ինչը Անկարան չկարողացավ անել՝ կախված լինելով ադրբեջանական գործոնից, որը արցախյան հարցը դարձրել էր նախապայման:

Այսպես, հայկական գործոնը կարեւոր դեր կարող է ունենալ ինչպես Իրանի եւ Արեւմուտքի, այնպես էլ Թուրքիայի եւ Եվրոպայի, Ադրբեջանի ու Ռուսաստանի, Իսրայելի եւ Իրանի ու այլ երկրների միջեւ հարաբերությունների հաստատման կամ զարգացման, ինչպես նաեւ ապակայունացման եւ հակամարտության համար: Իսկ քրդական հարցի հետ հայկական գործոնը կարող է անգամ սպառնալից լինել Թուրքիայի համար:

Արեւմուտքի եւ Իրանի միջեւ պատերազմի դեպքում Հայաստանը կարող է բանակցողի եւ խաղաղության ձգտողի դեր ունենալ: Կարող է նաեւ ի շահ Արեւմուտքի կամ Իրանի գործել եւ մեկ այլ դերակատարում ունենալ, որեւէ մեկի հաղթանակի դեպքում:

Թուրքիայի եւ Եվրոպայի (այն կարող է Ֆրանսիան սկսել) առճակատման դեպքում Հայաստանը կարող է թուրքերի հետ փուլային համաձայնագիր ստորագրել եւ հակամարտության միջնորդի դեր ստանձնել: Կամ էլ՝ նպաստել առճակատման սրմանը եւ Թուրքիայի հնարավոր մասնատմանը:

Ադրբեջանի եւ Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանը կարող է պատասխան հարվածով ՌԴ եւ ԱՊՀ զինված ուժերի աջակցությունը պահանջել թեկուզ կարճ պատերազմի համար, կամ էլ՝ նախաձեռնել եռակողմ հայ-թուրք-ադրբեջանական մի պարզ համաձայնագիր, որը կամրապնդի եւ՛ մեր եւ՛ Մոսկվայի դիրքերը տարածաշրջանում:

Իսրայել-Իրան հակասությունները կարող են բանակցությունների վերածվել Հայաստանի միջնորդությամբ եւ կարող են նպաստավոր պայմաններ ստեղծել որեւէ կողմի տարածաշրջանում ամրապնդվելու համար: Այսպես կարող է լինել Թուրքիա-Իսրայել հակամարտության առումով, եթե հաջող ընթացք ստանա Հայաստան-Իսրայել համագործակցությունը, որն անվնաս կպահի հայ-իրանական եւ հայ-արաբական հարաբերությունները:

Հայ-քրդական համագործակցությունը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել մի շարք երկրներում, հատկապես՝ Թուրքիայում: Հայաստան-Իրան համագործակցությունն էլ կարող է թալիշների կամ լեզգիների (այստեղ նաեւ Ռուսաստանն է շահագրգռված) հետ խնդիրներ առաջ բերել Ադրբեջանում:

Իսկ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները դրական կամ բացասական ազդեցություններ կարող են ունենալ ինչպես Ադրբեջանի ու Թուրքիայի, այնպես էլ՝ Վրաստանի համար:

…Սրանք եւ  այլ նմանատիպ հնարավորությունները տարաբնույթ իրավիճակներ եւ հեռահար քայլեր կարող են առաջացնել, քանի որ Կովկաս-Մերձավոր Արեւելք տարածաշրջանում նոր փոփոխությունների շունչ է զգացվում: Արաբական հեղափոխական ալիքը կարծես արաբական երկրներին «հեռացրեց» տարածաշրջանային առճակատումներից, սակայն Պաղեստինի եւ Սիրիայի խնդիրները կարող են նոր լիցք հաղորդել համաարաբական գործոնին: Հատկապես, երբ Ռուսաստանն ու Իրանը հայտարարեցին Սիրիային պաշտպանելու իրենց ռազմական մտադրությունների մասին:

Իսրայելի ուժային կառույցների ղեկավարները չնայած դեմ են Իրանի վրա ռազմական հարձակման գաղափարին, բայց ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը կարող է մտափոխել նրանց: Վերջերս Իսրայելի ծովային ուժերի նախկին հրամանատար, բրիգադի գեներալ Աբրահամ Բութսերը հայտարարել էր, որ Իսրայելը չունի այն կարողությունը, որպեսզի հարձակվի Իրանի վրա եւ կասեցնի վերջինիս միջուկային ծրագրերի իրականացման գործընթացը՝ հասկացնելով Արեւմուտքին, որ իրենք պետք է նախաձեռնող լինեն:

Իսկ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդային ուժերի հրամանատար, գեներալ Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ ԻՀՊԿ օդային ուժերն համալրված են 2000 կմ հեռահարությամբ հրթիռներով, դրանից ավելի հեռահարության կարիք Իրանը չունի, քանի որ Իսրայելի հեռավորությունն Իրանից ընդամենը 1200 կմ է, եւ վերջինիս կարող են հարվածել նույնիսկ Իրանի կենտրոնական Սեմնան նահանգից:…

Իսրայելական զլմ-ները հաճախ են արծարծում Հայոց ցեղասպանության հարցը, ինչպես նաեւ հոդվածներ են հրապարակվում, որոնցում Ադրբեջանն ու Վրաստանը ներկայացվում են որպես Հայաստանի տարածքներ: Իսկ «Պոսլեդնայա ինֆորմացիա» անունը կրող իսրայելական թերթի լրագրող Դանիելա Բատինին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ տպագրել էր մի հոդված, որում Վան քաղաքը ներկայացվել է որպես հայկական քաղաք: Թերթը նաեւ տպագրել է քարտեզ, որտեղ Ադրբեջանն ու Վրաստանը հայկական տարածք են համարվել: Սա ահազանգի պես են ընդունել Թուրքիայում, Ադրբեջանում եւ Վրաստանում:

Անցյալ տարի նորովի հարաբերություններ հաստատվեցին նաեւ Հայաստանի ու Հունաստանի միջեւ: Ինչը նույնպես մտահոգում է Անկարային: Ծրագրեր եղան հատկապես ռազմական համագործակցության ոլորտում:

Միաժամանակ ամրապնդվել են հայ-կիպրական հարաբերությունները, ինչը նույնպես մտահոգում է թուրքերին:

Վերջերս հաճախակի են դարձել ՀՀ ու ԼՂՀ նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բակո Սահակյանի այցերն այլ երկրներ, եւ Արցախի անկախության միջազգայնորեն ճանաչումը, կամ որ ավելի լավ է՝ ՀՀ-ԼՂՀ վերամիավորման իրավաբանական հաստատումը, կարող է նոր հեռանկարներ բացել հայկական գործոնի հաղթական ծավալման համար:

Եվ սա հեռահար նպատակ չէ, անգամ կարելի է հրապարակել օրերս Սոչիում սպասվող եռակողմ հանդիպմանը՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ: Անգամ՝ ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ:

Արամ Ավետյան

* * *  

Պայմանավորվածությունները պետք է ներառեն պատժիչ կետեր

Հայկական ռազմա-քաղաքական նպատակների առաջխաղացումը Ադրբեջանին անընդհատ ստիպում է տպավորություն ստեղծել, թե ինքն այնքան ուժեղ է, որ եթե ցանկանա, ապա կարող է իր կամքը թելադրել Հայաստանին եւ Արցախի հարցը լուծել ռազմական ճանապարհով: Սակայն «Լուսանցք»-ը բազմիցս ներկայացրել է ՆԱՏՕ-ական եւ ԱՊՀ-ական ռազմական գործիչների տեսակետները հայկական բանակի մասին, ինչը հավաստում է, որ ադրբեջանական հոխորտանքները բացառապես ներքին խուճապը կանխելու վախից են: Ադրբեջանը ռազմական ճանապարհով արցախյան խնդիրը լուծելու հնարավորությունը չունի: Եվ ռազմատենչ հոխորտանքները միայն քարոզչություն են՝ հայտարարությունների վրա հիմնված եւ առավելապես ներքին սպառման համար են:

Ադրբեջանը հետ է կանգնել 2011թ. Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ձեռք բերած համաձայնություններից, այն է՝ շփման գծում տեղի ունեցող դեպքերի առնչությամբ քննություն անցկացնելու պայմանավորվածությունից, որպեսզի խուսափի այն տխուր բացահայտումներից, ինչը բացասական կազդի առանց այն էլ պարտվողի հոգեբանությամբ տառապող ադրբեջանական զինուժի վրա:

Ըստ փորձագետների, Ադրբեջանը փորձում է Հայաստանի նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրել, որը իրականացնում է նաեւ շփման գծում ժամանակ առ ժամանակ իրականացվող սադրանքներով, ինչից Ադրբեջանը չի ցանկանում հետ կանգնել, որովհետեւ այլ ելք չունի ադրբեջանցիների «հերոսական» ոգին պահելու առումով: Բայց հայկական բանակը երբեք տեղի չի տա Ադրբեջանի կողմից իրականացվող ճնշումներին, ուստի՝ Բաքվի նման քաղաքականությունը հաջողություն չի կարող ունենալ:

Սոչիում 2011թ. կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո տարածվել էր հետեւյալ հայտարարությունը. «Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահները ՌԴ նախագահի հրավերով 2011թ. մարտի 5-ին հանդիպեցին Սոչիում եւ հանգամանորեն քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքն ու հեռանկարները: Քննարկելով 2010թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում ընդունված եռակողմ հայտարարության գործնական կիրառման հարցերը՝ նախագահները, ի լրումն դրանում նախատեսված միջոցառումների, պայմանավորվեցին վստահության հետագա ամրապնդման հետեւյալ քայլերի մասին. 1. Ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը: 2. Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով եւ կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ»:

Սակայն, ինչպես միշտ, Բաքուն խուսափում է իր պարտականությունների կատարումից եւ այդպես կշարունակվի, եթե պայմանավորվածության կողմերը չկիրառեն ստանձնած պարտավորություններից խուսափելու համար պատժիչ գործողություններ:

Եվ 2012թ. հունվարի 23-ին նոր եռակողմ հանդիպումը նույն տխուր արդյունքները կարձանագրի, եթե պարտավորությունների տակ չդրվի պարզ եւ հստակ գրված՝ մեղավորին (կամ մեղավորներին) պատժելու պարտադի
ր տողը: Անգամ պատժելու ձեւերը կարելի է արձանագրել:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 2 (223), 2011թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։