Ատոմը՝ նաեւ ռազմաքաղաքական տարր

Աշխարհի կործանումից՝ դեպի 3-րդ աշխարհամարտ

Աշխարհի կործանման հերթական (մայաների՝ այն էլ ներկայումս սխալ մեկնաբանված, խառնել են տիեզերափուլերի բնական հաշվարկը) աղմուկը դեռ չի դադարել, եւ ահա, այժմ արծարծվում է 3-րդ համաշխարհային պատերազմի նախանշանների, վտանգի խնդիրը:

Վերլուծաբանները չեն բացառում, որ դա կարող է առաջանալ Իրանի եւ Իսրայելի միջեւ ծագած հակամարտությունից: Շատ հանգամանքներ կան, որոնք խոսում են ռազմական իրավիճակի հնարավոր լարման մասին, բայց կան հակառակ հանգամանքները եւս, որ գրեթե բացառում են Իսրայելի եւ Իրանի միջեւ ռազմական բախման հավանականությունը:


Հայաստանը, չի բացառվում, որ որոշակի առնչություններ, նաեւ դերակատարում ունենա այս հակամարտության մեջ: Հայ-իրանական հարաբերություններն ավանդաբար լավ եւ բարեկամական են, դրանք ավելի են ընդգծվել ադրբեջանա-իրանական հակամարտության համապատկերին: Իսկ Իրան-Իսրայել հակամարտության հետեւանքով ստեղծված ապակայունությունից կփորձի օգտվել նաեւ Ադրբեջանը: Սա կարող է անմիջականորեն առնչվել արցախյան հարցին եւս: Հատկապես, որ Իրանը հանդուրժողական եւ չեզոք դիրք է բռնել իսլամական աշխարհում, ինչը հարցը զերծ է պահում կրոնականացումից՝ նաեւ քրիստոնեություն-իսլամ հակամարտության վերածվելուց: Իսկ եթե Բաքուն որոշի հարձակվել հայկական դիրքերի վրա, ապա հաստատ դա կանի Անկարայի հետ բանակցելուց հետո:

Վերջերս աշխուժացել են նաեւ հայ-հրեական (իսրայելական) հարաբերությունները, ինչը շատերը կապում են թուրք-հրեական լարվածության հետ: Իհարկե Թել Ավիվը դեմ չի լինի, որ Բաքվի հակաիրանական  քաղաքականությանը միանա նաեւ Անկարան, բայց թուրքերը այլ խնդիր են լուծում եւ նրանց անհրաժեշտ է տարածաշրջանում ստանալ թյուրքական, իսլամական ու արաբական աշխարհների աջակցությունը:

Ուստի՝ իրանա-իսրայելական հակամարտության մեջ Ադրբեջանի ներգրավումը չի հիմնավորում նաեւ Թուրքիայի ներքաշումը հակամարտության գոտի: Իսկ թուրքերի նման ցանկությունը կբացառվի հենց Իսրայելի կողմից, ինչն էլ կթուլացնի Ադրբեջանին եւ Հայաստանին ձեռնտու կլինի:

Իսկ Թուրքիան կարող է ներքաշվել մեկ այլ հակամարտության մեջ. թուրք-սիրիական հարաբերությունները կարող են լարվել, եթե արաբական երկրները չկարգավորեն իրավիճակը Սիրիայում: Սա արդեն կարող է Իսրայելին ձեռնտու լինել, քանի որ այս ճակատում հաստատ հակամարտությանը կմասնակցի նաեւ Իրանը: Թեհրանն արդեն հայտարարել է, որ Սիրիայի վրա հարձակումը կստիպի իրեն հարվածել Թուրքիային, ՆԱՏՕ-ի ռազմաբազային: Սա նույնպես Հայաստանին ձեռնտու է:

Այսպես տարածաշրջանային հնարավոր ապակայունացումը կարող է ակամա նպաստավոր լինել հայության նպատակների իրագործման համար: Եվ Հայաստանը պետք է կարողանա ճիշտ կողմնորոշվել (թեկուզ առանձին դեպքերում) Իրանի եւ Իսրայելի հետ հարաբերություններում:

Հասկանալի է, որ տարածաշրջանում թելադրող լծակներ ունեն նաեւ ԱՄՆ-ն, ՌԴ-ն եւ Եվրոպան: Եվ այս ուղղությունները եւս իրենց շահերը կհետապնդեն բոլոր հակամարտություններում: Անգամ կնպաստեն դրանց ծավալմանը կամ՝ դադարեցնել կտան…

Չինաստանը եւս փորձում է հեռու չմնալ Կովկաս-Մերձավոր Արեւելքից՝ հասկանալով, որ համաշխարհային բեւեռ ձեւավորելու համար այս տարածաշրջանը առաջնային է դիտվում: Հետո Իրանի խնդիրը նաեւ Պեկինին է հուզում, քանզի թյուրքական եւ իսլամական գործոնները հասնում են մինչեւ Չինաստան:

Իհարկե այստեղ կկարեւորվի նաեւ Հայաստանի դերը, եւ Չինաստանի ՊՆ պատվիրակությունը օրերս այցելել է Երեւան: Քննարկվել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության եւ կադրերի ու ռազմական

կրթության վերաբերյալ հարցեր, երկկողմ ռազմական գործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռազմական կրթության, թիկունքային ապահովման, ռազմատեխնիկական եւ այլ ոլորտներում փոխգործակցության զարգացման ուղղությամբ: Նախարար Սեյրան Օհանյանը համոզմունք է հայտնել, որ հայ-չինական երկկողմ ռազմական գործակցությունը զարգացման մեծ հեռանկարներ ունի:

Չինական աշխուժացումը հավաստում է, որ ոչ միայն Արեւմուտքը եւ Իսրայելը, այլ հենց Իրանը հնարավորություն ունի տարածաշրջանը ներքաշել լուրջ բախումների մեջ: Իսրայելը միայնակ կդժվարանա պատերազմել Իրանի եւ արմատական արաբական աշխարհի հետ, բայց ԱՄՆ-ի կամ այլ դաշնակիցների օգնությամբ, հատկապես հրթիռաավիացիոն հարվածների դեպքում Իրանը լուրջ խնդիրներ կունենա: Եվ այստեղ է, որ Ռուսատանն ու Չինաստանը կարող են փոխել հակամարտության ընթացքն ու ավարտը:

Թեհրանը դեռ փորձում է խաղաղ դիրք ստեղծել, բանակցություններ է առաջարկել: Բանակցություններին մասնակցելու համար Թեհրան կժամանեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավարության ներկայացուցիչները: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Թեհրանը համաձայնել է նաեւ ԱԷՄԳ-ի փորձագետներին թույլ տալ մուտք գործել իր միջուկային օբյեկտներ, անգամ խոստովանել է, որ ուրանի մինչեւ 20% հարստացման ուղղությամբ աշխատանքներ է տանում, չնայած այս հայտարարությունը լրացուցիչ քննադատություն է առաջ բերել Արեւմուտքում:

Եվ եթե բանակցությունները ձախողվեն, ապա գերտերությունների եւ տարածաշրջանային երկրների քայլերը կարող են եւ իրական դառնալ: Այդժամ Իրանը հնարավոր է հարվածի նաեւ Ադրբեջանի ուղղությամբ, եւ Հայաստանը պետք է այս ծավալումներին եւս պատրաստ լինի:

Իրանի դեմ որեւէ ռազմական գործողություն կդիտվի որպես սպառնալիք՝ ուղղված ՌԴ-ին. հայտարարել է ՆԱՏՕ-ում ՌԴ դեսպան Դմիտրի Ռոգուզինը. «Իրանը մեր հարեւանն է, եթե ներքաշվի ռազմական գործողությունների մեջ, ապա այդ պարագայում ուղղակիորեն սպառնալիքի տակ կդրվեն նաեւ Ռուսաստանի ազգային շահերը»: Օրերս ՌԴ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը եւս Իրանի վրա հնարավոր ռազմական հարձակման մասին հնչող հայտարարությունների առնչությամբ իր մտահոգությունն է հայտնել: Իսկ ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը հայտարարել է. «ՄԱԿ-ի ԱԽ շրջանակներից դուրս Իրանի նկատմամբ Արեւմուտքի կիրառած միակողմանի պատժամիջոցները բացասական ազդեցություն կունենան Իրանի ժողովրդի վրա»: Սա Արեւմուտքում շատերն են դիտում որպես նախապատրաստական շարժ. «Ռուսաստանը պատրաստվում է պատերազմի… Մոսկվան չի բացառում իր միջամտությունը ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանին պատերազմ հայտարարելու պարագայում»:

Սակայն, ինչպես Իրանն է փորձում իր ատոմային ծրագրերի մասով բանակցություններով առժամանակ հանդարտեցնել մթնոլորտը, այնպես էլ Իսրայելն է փորձում դա անել: Բայց, ի տարբերություն Թեհրանի, Թել Ավիվը իրանական կողմի քայլերն է օգտագործում «զինադադարի» համար, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, թե՝ «Առաջին անգամ եմ տեսնում, որ Իրանը սկսի նահանջել» եւ վստահություն է հայտնել, որ Իրանի վրա միջազգային հանրության սահմանած կոշտ պատժամիջոցները տալիս են իրենց պտուղները. «Իրանը սկսել է զիջել իր դիրքերը՝ շնորհիվ սահմանված պատժամիջոցների եւ նրա միջուկային օբյեկտներին ռազմական հարված հասցնելու սպառնալիքի»:

Չնայած Արեւմուտքն է միայն հայտարարում, թե Իրանը փորձում է իր միջուկային օբյեկտները քողարկել գետնի տակ եւ աշխարհի համար ամենամեծ վտանգը ներկայացնում է միջուկային զենքն արմատական իսլամիստների ձեռքն ընկնելը կամ էլ իսլամիստների կողմից սեփական միջուկային զենքի մշակումը, բայց մերթ ընդ մերթ Ռուսաստանն ու Չինաստանը եւս քվեարկում են միջազգային պատժամիջոցների օգտին: Մի շարք զլմ-ներ նշում են, որ Երբ ընդդեմ Հնդկաստանի՝ ԱՄՆ-ի օգնությամբ Պակիստանում միջուկային ծրագիր իրականացրեցին, նույն Արեւմուտքը լռում էր: Սակայն հիմա մտահոգված են, որ «Թալիբանը չվերահսկսի այն»: Հիմա էլ՝ «Այաթոլլահների ռեժիմն է փորձում ստեղծել ատոմային ռումբ», եւ աղմուկն ավելի մեծ է…
Հայկ  Թորգոմյան
Խոստանում է Իրանը ռմբակոծել
 

ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածու հանրապետական Ռիկ Սանտորումը հայտարարել է, որ  2012թ. նոյեմբերի ընտրություններին նախագահ դառնալու դեպքում պատրաստ է ռմբակոծել իրանյան միջուկային օբյեկտները: Այդ մասին Պենսիլվանիա նահանգի նախկին սենատորը հայտարարել է ամերիկյան  «NBC» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ: Նա ասել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը բավականաչափ աշխատանք չի կատարել, որպեսզի խոչընդոտի Իրանի միջուկային զենք ստեղծելը: Սանտորումը նաեւ մտավախություն է հայտնել, որ երկրի նախագահի նման մեղմությունը կարող է «ԱՄՆ-ն վերածել թղթե վագրերի… Եթե ինձ ընտրեն երկրի նախագահ, ես կառաջարկեմ իրանյան առաջնորդներին 2 ճանապարհ՝ կամ նրանք ստուգման նպատակով բացում են իրենց միջուկային օբյեկտները, կամ էլ ԱՄՆ-ն հարված է հասցնում»:

Ավելի վաղ՝ նախագահի թեկնածուն իսլամական հանրապետության կառավարությունը համեմատել էր ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման առաջնորդների հետ՝ նկատելով, որ Վաշինգտոնը պարտավոր է կիրառել ոչ միայն դիվանագիտական միջոցներ խնդիրը լուծելու համար: Սա ասել էր, երբ հայտնի դարձավ, որ Իրանի գիտնականներին հաջողվել է առաջին անգամ բարեհաջող ավարտել սեփական ջերմային միջուկի՝ ջերմահեռացման մասնիկի ստեղծումը, որը անհրաժեշտ է միջուկային ռեակտորի աշխատանքի համար:

Բացի դրանից Հորմուզյան նեղուցի շրջակայքում Իրանի ռազմա-ծովային ուժերի վարժանքների  ընթացքում «երկիր-օդ» միջին հեռավորության դասի հրթիռների ուսումնական արձակում կատարվեց, որն ավելի գրգռեց Արեւմուտքին եւ այս նախագահի թեկնածուին:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 2 (223), 2011թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։