ՀԱՅ – ԱՐԻԱՑԻՆ

ՀԱՅ – ԱՐԻԱՑԻՆ 

Մենք Հայկի ցեղից սերված հա՛յ ենք,
Եվ թշնամու համար միշտ վա՛յ ենք,
              Կարծր որձաքար,
              Հավերժ փորձաքար ենք…
Բայց՝ ո՛չ անապատի դեղին ավազ,
Այլ՝ այգեստան խաղողի ոսկեվազ,
Տեսա՜կ-տեսա՜կ մրգի մառան,
Խելքի մի մեծ շտեմարան,
                Ինչքա՜ն հանճար,
                Մտքի կաճառ…
Մենք Արիացեղ ա՛զգ ենք,
Ցորենի արտ, ոսկե հա՛սկ ենք,
Ու պապակ շուրթին՝ սառն աղբյուր,
Սիրած սրտին՝ սեր ու համբյուր,
Ինչքան կարծր, այնքան փխրուն,
Ինչքան փխրուն, այնքան կարծր,
Եվ միշտ հպա՛րտ, վե՛հ ու բա՛րձր,
Նաև նրբի՜ն ու սիրասու՜ն,
Ու միշտ բարի, թույլին հասնող,
Ականջալուր խղճին լսող,
               Բեկյալին փրկող,
               Անճարին օգնող,
Հիվանդին՝ դեղ-բալասան,
Հզո՛ր ու մի՛շտ անսասան,
               Ունե՛նք ամուր կամք,
               Եղե՛լ ենք ու կա՛նք…
Կամ՝ աշխարհի հետ ծնվել,
Կամ՝ աշխարհն ենք մենք ծնել…
Ու Արիացեղ ազգեր բազմացրել՝
Ցանելով ինչպես ցորենի հասկեր…
Ճերմակահեր Արարատը վկա՛,
Ճշմարտությունն այդպես է որ կա…
               Այս ասքի մասին,
               Մեր ազգի մասին
               Առասպելներն են ասում,
               Աշխարհն է խոսում՝
               Որ մենք դարավոր,
               Հավերժ փառավոր,
               Եղել ենք կանգուն
               Եվ միշտ աննկուն…
Ինչքան փորձել են թրատել,
Մեր արմատից մեզ հատել,
Ընդդիմացե՛լ ենք, չե՛ն կարողացել,
Շիվ ենք տվել ու շատացել,
Ինչքան վիշտը մեզ հարվածել,
Դիմացել ենք ու տոկացել,
Ինչքան ցավը մեզ դաղել,
Այնքան երգել ենք խրոխտ տաղեր,
Արարել ենք ու ստեղծագործել,
Մեր վաստակը քրտինքով օծել.
               Վառել ենք հանգածը,
               Շինել ենք քանդածը,
Հնի հետ նորն ենք շենացրել,
Ու կրկին գոյատևել,
Հավերժի մեջ հարատևել…

Տիր՝ Ահարոն Ղազարյան


Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։