Հայաստանը՝ թյուրք-ադրբեջանական եւ իրանական խնդիրների կենտրոնում

Հետեւանքները կարող են թե՛ դրական, թե՛ բացասական լինել

Տարածաշրջանում թյուրքական տարրը այլեւս լուրջ խնդիրների է հանդիպում ոչ միայն հայկական, այլեւ իրանական ուղղության հետ, իսկ ադրբեջանական կրոնական խաղերը որեւէ լուրջ արդյունք չի ունենում: Անգամ իսլամական աշխարհում են համոզված, որ ադրբեջանցիները երբեք հավատացյալ մահմեդականներ չեն դառնա: Այս հարցում նույնիսկ վրացիները համոզվեցին, երբ իրենց պետության մահմեդականների հոգեւոր առաջնորդների վերջին ժամանակների կրոնախաղերին հանդիպեցին…

Անգամ խոսում են, թե ԿԳԲ-ական Հեյդար Ալիեւի պես, նախկին ԿԳԲ-ի գործակալ Փաշազադեն հագել է կրոնական համազգեստ եւ աջ ու ձախ իսլամին ոչ հարիր քարոզչություն է իրականցնում: Իրանի հոգեւոր առաջնորդները նրան չեն էլ համարում իսլամի հետեւորդ: Բայց Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Փաշազադեն, ով, չգիտես ինչու, կրում է Ալլահշուքյուր անունը, սկսել է զբաղվել նաեւ քաղաքական հարցերով, վերջերս ընդունել էր Վրաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ Ֆրիդոն Տոդուային, ով նաեւ Վրաստան-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահն է, եւ խորհուրդ տվել, որ «հայերը եւ Հայաստանը երբեք չեն դառնա Վրաստանի բարեկամը»… Ըստ զլմ-ների, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակը ականջները կախ լսել է այս խոսքերը՝ Փաշազադեին սիրալիր հրավիրելով Վրաստան:

Այսպես, թուրք-ադրբեջանցիների հետ ախպերացած քրիստոնյա Վրաստանը քրիստոնյա Հայաստանին ռազմա-քաղաքական եւ տնտեսական շրջափակումների ենթարկելը քիչ համարելով, այժմ էլ կրոնա-գաղափարախոսական խաղեր է տալիս իբր մահմեդական Ադրբեջանի հետ… Սա մեկ անգամն եւս հավաստում է, որ Վրաստանը չի կարող վստահելի գործընկեր լինել, ու պատմության դասերը ճշմարիտ են, վրացիները միշտ պատրաստ են հայերին թիկունքից հարվածել, երբ հատկապես սրվում են հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանմական հարցերը:

Վրաստանին մի կողմ թողնելով՝ առայժմ, նշենք, որ Ադրբեջանն առանց հիմնավորման մեղադրում է նաեւ Իրանին: Եվ ինչպես Հայաստանից, Իրանից եւս ինչ-ինչ հողային պահանջներ է ներկայացնում՝ մոռանալով, որ թյուրքական քոչվորները իրենք են խցկվել տարածաշրջան եւ հայերի ու պարսիկների հողերի հաշվին պետություն ստեղծել: Այն էլ՝ հուդա-բոլշեւիկյան օժանդակությամբ: Բաքուն Իրանին սկսել է մեղադրել նաեւ ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեջ՝ իբր Բաքվում գործող օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ ահաբեկչություն է կատարվում: «Ազ ԹիՎի» հեռուստաալիքը մի տեսանյութ է հեռարձակել, որտեղ մի քանի ձերբակալված անձինք խոստովանել են, թե Իրանի հետախուզական ծառայության կողմից վերջիններիս հրահանգ է տրվել Ադրբեջանում գործող օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն հավաքել ու ահաբեկչություն իրականացնել: Եվ իբր թե ահաբեկչական գործողություններ կատարելու նպատակով իրենց վարժանքները կատարել են Իրանում: Պաշտոնական Թեհրանը մեկ անգամ չէ, որ զգուշացրել է Բաքվին՝ հակաիրանական քարոզչությունը դադարեցնել, սակայն ամեն բան առաջվա պես շարունակվում է:

Անգամ Բաքուն կուժեղացնի քարոզչությունը, քանի որ  Իրանի նկատմամբ վերջին պատժամիջոցները կհանգեցնեն ճգնաժամի ալիքի սրմանը: Տեսակետ կա, որ պատժամիջոցների կիրառման դեպքում միջազգային շուկայում նավթի գները կթանկանան 35%-ով, իսկ ռազմական գործողությունների դեպքում՝ կրկնակի: Պատժամիջոցների մասին միայն հայտարարություններ հնչեցնելու փաստից Լոնդոնի բորսայում նավթի գներն ավելացան 1,5%-ով:

Իսկ որոշ հայ տնտեսագետներ կարծում են, որ Հայաստանի տնտեսության վրա պատժամիջոցների ազդեցության հնարավորությունները կարող են եւ դրական եւ բացասական հեռանկարներ ունենալ: Հայտնվելով մեկուսացման մեջ՝ Իրանը ստիպված կլինի փնտրել եկամուտների նոր աղբյուրներ, ինչը կստիպի Թեհրանին արագացնել Հայաստանում էներգետիկ նախագծերի իրագործումը, մասնավորապես՝ նավթավերամշակման գործարանի: Մյուս կողմից՝ չունենալով նավթային պաշարներ՝ Հայաստանը կախվածության մեջ է նավթի գներից, եւ դրանց բարձրացումը տնտեսության վրա բացասաբար կանդրադառնա: Իսկ պատժամիջոցներին Հայաստանի միանալը բացառում են մեր վերլուծաբանները՝ նշելով, որ դա նաեւ միջազգային հանրության համար է հասկանալի: Վրաստանը անվստահելի է նաեւ արտաքին աշխարհի հետ կապվելու առումով, այս դեպքում միայն իրանական ուղղության վրա կարող է հույս դնել Հայաստանը:

Իրանը եւս փորձում է հենվել Երեւանին, որպեսզի հայկական կողմը կարողանա միջնորդություններ անել Արեւմտյան ուղղության հետ: Թեհրանը նաեւ շարունակում է աշխարհին հիմնավորել իր միջուկային ծրագրի խաղաղասիրական նպատակները: Իսկ վերջերս Երեւանում ԻԻՀ դեսպանությունը մի դատապարտող հայտարարություն հրապարակեց՝ միջուկային ոլորտի գիտնական Ահմադի Ռոշանի սպանության մասին. «Սա համարվեց ԻԻՀ գիտական առաջընթացը խոչընդոտելու եւ միջուկային տեխնոլոգիայի զարգացումը կանխելու բռնություն: Եվ կան ուժեր, որոնք ցանկանում են ինչպես նախկինում, պահպանել եւ շարունակել իրենց տիրապետությունը այլ ազգերի նկատմամբ»:

Պատժամիջոցների եզրին կանգնած Իրանը փորձում է հակազդել եվրոպական քաղաքականությանը նաեւ Ռուսաստանի ու Չինաստանի, ինչպես նաեւ՝ որոշ լատինաամերիկյան երկրների հետ դաշնակցային հարաբերությունները ամրապնդելով: Իրանը նաեւ սպառնացել է, թե կփակի Հորմուզի նեղուցով նավարկությունը, որտեղով իրականացվում է համաշխարհային նավթային փոխադրումնրի 40%-ը:

Ահա այս համապատկերին է ավելացել նաեւ ադրբեջանա-իսրայելական համագործակցությունը, ինչը տարածաշրջանում կարող է պայթյունավտանգ հետեւանքներ ունենալ: Ադրբեջանը փորձում է շահարկել իրանական խնդիրը՝ իր քաղաքական նպատակներին հասնելու համար, որի առաջնահերթ հարցը արցախյան խնդիրն է: Բաքուն այնքան է խճճվել խաղերի մեջ, որ վերջերս նեղանալու հիմքեր է տվել Անկարային: Բաքվին մեղադրել են ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության հիմնադիր նախագահ Ռաուֆ Դենքթաշի հուղարկավորությանը փոքրաթիվ պատվիրակություն ուղարկելու համար, ընդգծել, որ դրանով Ադրբեջանը նեղացրել է թուրքերին, որոնք ադրբեջանական խնդիրները եւս թուրքական են համարում:

«Թուրքերը սպասում էին, որ Ադրբեջանն ավելի ակտիվորեն եւ ավելի բարձր մակարդակով կմասնակցի Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության հիմնադիր Դենքթաշի հուղարկավորությանը եւ ավելի ուշադիր կլինի այդ հարցի նկատմամբ: Իմացեք, որ մենք ձեզանից շատ նեղացած ենք այս հարցում»,- ուղիղ եթերով ասել է «Kanal D»-ի հաղորդավարը: Ադրբեջանցիներն էլ մեղադրում են, թե հունվարի 20-ին, երբ Ադրբեջանում սգո օր էր հայտարարված, թուրքական «CNN Turk» հեռուստաալիքի «Բարի օր» ծրագրում Իրֆան Դեյիրիմջին Ադրբեջանին ցավակցություն հայտնելու փոխարեն մեղադրանքներ է հնչեցրել…

Նման խնդիրներ միշտ ծագել են թուրք-ադրբեջանական հարաբերություններում, սակայն Ֆրանսիայի Սենատի՝ Հայոց ցեղասպանությունը քրեականացող օրենքի ընդունումը որոշակի սրել է այս հարաբերությունները: Սա գուցե նաեւ ադրբեջանա-իսրայելական համագործակցության հետեւանքն է, քանի որ Թել Ավիվը խնդիրներ ունի Թուրքիայի հետ, եւ Ադրբեջանը ստիպված է մի քանի ճակատով գործել, իսկ ավելի շատ՝ կենտրոնանալ Իրանի ուղղությամբ: Չնայած Եվրամիությունը հետաձգել է իրանական նավթի նկատմամբ էմբարգո կիրառելու մասին որոշումը, սակայն Վաշինգտոնը ավելի վճռական է տրամադրված: ԵՄ պաշտոնյաներից մեկը նշել էր, թե հաշվի առնելով այն փաստը, որ Եվրամիություն ներկրվող նավթամթերքի 68%-ը կատարվում է Իրանից, եւ քանի դեռ ԵՄ անդամ երկրները այլընտրանքային ուղիներ չեն գտել, Իրանի նկատմամբ նավթային էմբարգո չի կիրառվի:

Բայց ԵՄ-ն, համենայնդեպս, արգելել է Իրանից նավթի նոր գնումներն ու սառեցրել է այդ երկրի կենտրոնական բանկի ակտիվները: ԵՄ-ի անդամ պետություններին թույլատրվել է մինչեւ հուլիսի 1-ը կատարել Իրանից նավթ գնելու մասին պայմանագրերը, որպեսզի օգնեն Իրանից նավթի հիմնական գնորդ հանդիսացող Հունաստանին, Իսպանիային եւ Իտալիային գտնել նավթամատակարարման այլընտրանքային ուղիներ: Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարները հորդորել են Իրանի առաջնորդներին «անհապաղ դադարեցնել միջուկային վիճահարույց ծրագիրը, քանի որ միջուկային զենք ձեռք բերելն անընդունելի է»: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ նոր պատժամիջոցները կրկին ցույց են տվել, որ միջազգային համայնքը վճռորոշ է լուծելու «Իրանի միջուկային ծրագրով ներկայացվող լուրջ վտանգը»: Սակայն Մոսկվան համաձայն չէ նման խստացումների հետ, եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խիստ քննադատել է իրանական նավթի նկատմամբ էմբարգո սահմանելու մասին ԵՄ որոշումը՝ նշելով, որ Թեհրանի նկատմամբ Բրյուսելի սահմանած միակողմանի պատժամիջոցները ոչ մի խնդիր չեն լուծում: Այս անգամ արդեն Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովն է հայտարարություն արել, որ Իրանից նավթի արտահանման յուրաքանչյուր խաթարման հետեւանքով Հորմուզի նեղուցն անպայմանորեն կարգելափակվի: Իսկ սա, շատերի կարծիքով, ռազմական գործողությունների դրդապատճառ կլինի:

Թուրքերը այս դեպքում արդեն պետք է կարգավորեն հարաբերությունները Ադրբեջանի հետ, եւ Անկարան փորձել է առաջինը քայլ անել: Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը նաեւ Անկարային է դրել դժվար կացության մեջ: Թուրքիան մերթ ընդ մերթ փորձում էր պաշտպանել Իրանին՝ միջուկային ծրագիրը իրականացնելու հարցում, սակայն այժմ հայկական ճակատում պարտությունը գուցե ստիպի, որ Արեւմուտքի հետ նոր առճակատման չգնա եւ միանա Իրանի դեմ պատժամիջոցներին: Հատկապես որ՝ Թեհրանը Սիրիայի դեմ թուրքական կամ արեւմտյան քայլերի դեպքում հարվածելու է Թուրքիային:

Բայց Իրանի հետ խնդիրներ ունենալու դեպքում Անկարա-Բաքու հարաբերությունները պետք է նորից կարգավորվեն: Ինչը խոչընդոտվում է Ադրբեջան-Իսրայել կապով: Բայց թուրքերը քայլն արեցին, երբ վարչապետ Էրդողանը Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո սպառնաց, թե կհետապնդեն Խոջալուի ցեղասպանության ճանաչման հարցը, քանի որ հայերը զանգվածաբար սպանել են ադրբեջանցիներին: Սա իհարկե առավելապես ազդակ էր ուղղված Բաքվին, քանզի չկա Խոջալուի ցեղասպանություն, ընդհակառակը՝ կան որոշակի ապացույցներ, որ ադրբեջանցիներն են փակել Խոջալուի բնակիչների ճանապարհը, իբր գյուղը չդատարկվի, եւ անգամ սպանդ են կազմակերպել, որ հայերին մեղադրեն հետագայում՝ ջարդերի համար… Սակայն սա կարող է «արջի ծառայություն» լինել Ադրբեջանբին, քանզի այս դեպքում հայկական կողմը կարող է բերել հակառակ փաստարկները, նաեւ ներառել Սումգայիթի ու Բաքվի հայերի ջարդերը, Դաշտային Արցախի ու Շահումյանի շրջանի հայերի զանգվածային տեղահանությունները եւ այլ թուրքական ոճի դաժանություններ Արցախում եւ այլ տարածքներում…

Արամ Ավետյան

– ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Վալենտին Սոբոլեւի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել է նախորդ տարեվերջին ՀՀ եւ ՌԴ անվտանգության խորհուրդների միջեւ ստորագրված համագործակցության 2012-2013թթ. ծրագրում ներառված հարցերի լայն շրջանակ: Հատկապես սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանը՝ այդ թվում սահմանային անցակետերի արդիականացման և վերազինման, ինչպես նաեւ սահմանապահների վերապատրաստման համատեղ ուսումնական կենտրոնի ստեղծմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ արտակարգ իրավիճակների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը, ռազմարդյուանբերության ոլորտում համագործակցության ընթացքին վերաբերող այլ հարցերի, ինչպես նաեւ քննարկվել է ՀԱՊԿ տեղեկատվական կենտրոնների ստեղծման նախաձեռնությունը:

Առաջիկայում Երեւան կայցելի նաեւ ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը: Այսպիսով՝ Հայաստանը եւ Ռուսաստանը համատեղ պատրաստվում են տարածաշրջանային հնարավոր ծավալումներին:

«Լուսանցք» թիվ 3 (224), 2011թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.