Ցեղասպանության ճանաչումը՝ ռազմա-քաղաքական խնդիր

Աշխարհն արդեն զգուշանում է նոր համաթուրանականությունից

Համաշխարհային առաջատար զլմ-ները եւս իրենց գլխավոր թեման են դարձրել Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի ընդունումը: Անգլիական «BBC»-ն գրել է, որ չնայած Ֆրանսիայի կառավարության՝ օրինագծին դեմ լինելու հանգամանքին, Սենատի գերակշիռ մասը կողմ է քվեարկել, եւ այժմ հերթը նախագահ Սարկոզիինն է: Նշվել է, թե ԱԳ նախարար Ալեն Ժուպպեն հայտարարել էր, որ օրինագիծն անիմաստ է եւ ոչ արդյունավետ ու լուրջ հետեւանքներ է ունենալու ֆրանս-թուրքական հարաբերությունների վրա: Մասնավորապես՝ Ֆրանսիայից թուրք դեսպանի հետկանչը եւ Թուրքիայում ֆրանսիական բիզնեսի համար հավելյալ խոչընդոտների ստեղծումը արդեն համարվել է իրողություն:

Իսկ ԱՄՆ-ի «CNN» հեռուստաընկերությունը նշել է, որ ֆրանս-թուրքական հարաբերությունների մակարդակն արդեն իսկ իջեցված է դեկտեմբերի 22-ին նույն օրինագծի՝ ֆրանսիական խորհրդարանի ստորին պալատում ընդունումից հետո: Ընդգծվել է, որ քվեարկությունից առաջ սենատոր Էրվե Մարսելը վճռական ասել է, որ Ֆրանսիան արդեն ընդունել է Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացված ոճիրը, որպես ցեղասպանություն եւ Հոլոքոստին վերաբերող նույն չափանիշները պետք է գործեն նաեւ Հայոց ցեղասպանության դեպքում. «Եթե մենք վիճարկում ենք հրեական ցեղասպանությունը, մենք հնարավոր է պատժվենք: Մինչ այժմ եթե մենք վիճարկում էինք Հայոց ցեղասպանությունը, ոչ մի պատիժ չէր հետեւում: Ինչու պետք է մեկի համար մենք պատժվենք, մյուսի համար՝ ոչ: Բոլորը հավասար են օրենքի առաջ»: «CNN»-ը նաեւ հիշեցրել է, որ ստորին պալատում տեղի ունեցած դեկտեմբերյան քվեարկությունից հետո Անկարայից հնչած քննադատությանն ի պատասխան, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել էր, որ Ֆրանսիան այլ ազգերի հավանության կարիքը չունի իր քաղաքականությունն իրականացնելու համար:  

Փարիզում տեղի ունեցող նշանակալից իրադարձություններին զուգահեռ ֆրանսիական մեկ այլ քաղաքում՝ Ստրասբուրգում եւս թեժ քննարկում է ծավալվել: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ժամանակ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը դիմել է ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդին՝ առաջարկելով, որ պատմական այս պահին, երբ Սենատը քննարկում է նախագիծ ցեղասպանությունները կանխարգելելու եւ պատմական ճշմարտությունը վերականգնելու համար, ԵԽ անդամ բոլոր երկրները ճանաչեն ու դատապարտեն Հայոց ցեղասպանությունը: Նա դիմել է նաեւ Թուրքիայի պատվիրակներին, որոնք սկսել են դահլիճում աղմկել: Ն. Զոհրաբյանը կոչ է արել առաջին հերթին հենց Թուրքիային ընդունել ու դատապարտել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված զարհուրելի ոճրագործությունը՝ Հայոց Ցեղասպանությունը.«Ունեցեք համարձակություն գիտակցելու եւ ընդունելու պատմական ճշմարտությունը»:

Ի պատասխան ԵԽ գլխավոր քարտուղարն ասել է, որ ինքը Սենատում քննարկվող նախագծի վերաբերյալ դիրքորշում չունի, ընդհանրապես դիրքորոշում չունի այս հարցի վերաբերյալ եւ կարծում է, որ ԵԽ անդամ երկրների ազգային խորհրդարանները իրենք են իրավասու ունենալ դիրքորոշում, եւ ինքը նրանց ոչինչ պարտադրել չի կարող:

Ինչեւէ, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կատարեց իր խոստումը, եւ հիմա ամերիկահայությունը պատրաստվում է նորից պահանջել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից՝ կատարելու իր խոստումը, որ տվել էր ԱՄՆ հայությանը որպես նախագահի թեկնածու՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին 304-րդ բանաձեւը թերեւս նույնպես թեժ քննարկվի:

«Հոլոքոստի եւ ցեղասպանության ինստիտուտի» գործադիր տնօրեն Իսրայել Չառնին կրկին Իսրայելին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը. «Իսրայելը պետք է վերջ դնի այս խաղին եւ ամբողջովին ընդունի Հայոց ցեղասպանությունը»: Հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը եւ Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ այլք:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատում, ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը հունվարի 23-ին ընդունվել է ձայների մեծամասնությամբ. օրինագծին կողմ է քվեարկել սենատորների մեծամասնությունը. քվեարկությանը մասնակցած 237 սենատորներից կողմ է քվեարկել 127 սենատոր, իսկ 86-ը՝ դեմ: Այդպիսով, այդ երկրում ցեղասպանությունը ժխտող յուրաքանչյուր ոք կպատժվի: Այն սահմանում է 1 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք:

«Այս օրը ոսկե տառերով կգրվի ոչ միայն ֆրանսիացի եւ հայ ժողովուրդների բարեկամության պատմության մեջ, այլեւ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության տարեգրքում եւ կլրացնի մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման առկա մեխանիզմները: Սենատի ընդունած որոշումը 2001թ. Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի տրամաբանական շարունակությունն է»,- ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ֆրանսիան վերահաստատեց իր առանցքային դերակատարությունը որպես համամարդկային արժեքների անշահախնդիր պաշտպան:

«Ֆրանսիայի Սենատն, ընդունելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, ցույց տվեց ամբողջ աշխարհին, որ առաջնորդվում է համամարդկային արժեքներով»,- նշել է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում շատ երկրներ կհետեւեն Ֆրանսիայի օրինակին: Անձամբ Ֆրանսիայի նախագահին իր երախտագիտությունն է հայտնել մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, ով փարիզյան որոշման ընդունման պահին ռուսաստանյան Սոչիում քննարկումների մեջ էր արցախյան խնդրի կարգավորման համար:

Իսկ Փարիզում Սենատի շենքի մոտ հավաքված ֆրանսահայերը ուշ գիշերին ցնծում եւ երգում էին՝ «Զարթի՛ր, լաո, մեռնիմ քըզի»:

Հայտնի է, որ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատիժներ են սահմանված նաեւ Շվեյցարիայում եւ Սլովակիայում: Այժմ կարծիք կա, թե Գերմանիան նույնպես կհետեւի Ֆրանսիայի օրինակին:

Անկարայի եւ Բաքվի որդեգրած պանթյուրքիզմը, որը Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն կոչում է նեոօսմանականություն, նորից անհանգստացնում է եվրոպացիներին: Առայժմ այս գաղափարակիրները միայն Հայաստանին ու հայերին են, ինչպես դարեր առաջ, դիտարկում որպես թուրքերի համար թշնամի պետություն եւ թշնամի էթնոս, բայց եւ՛ Գերմանիայում եւ՛ այլուր հասկանում են, որ սա դեռ սկիզբն է:

Իսկ Անկարան շարունակում է սպառնալիքներ տեղալ Ֆրանսիայի հասցեին՝ նշելով, որ դեռ կսպասեն նախագահ Սարկոզիի ստորագրությանը, որից հետո բոլորը կտեսնեն, թե ինչի է ընդունակ Թուրքիան…

Իսկ ֆրանսիացի սենատոր Նատալի Գուլեն, ըստ թուրքական աղբյուրերի, ցեղասպանության օրենքը բողոքարկելու համար ստորագրահավաք է սկսել եւ մտադիր է վերոնշյալ օրենքը բողոքարկելու համար այն տեղափոխել Սահմանադրական դատարան: Խորհրդարանում ընդունված օրենքը ՍԴ կարող են տեղափոխել ամենաքիչը 60 պատգամավոր կամ սենատոր՝ օրենքի ընդունմանը հաջորդող մեկ ամսվա ընթացքում: Ըստ թուրքական զլմ-ների, ընդունված օրինագծին ընդդիմացող անդամների մասնակցությամբ առաջիկա օրերին կապահովվի անհրաժեշտ 60 թիվը, քանի որ քվեարկության ժամանակ դեմ էին քվեարկել 86 սենատոր:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երդվել է այլեւս չայցելել Ֆրանսիա, քանի որ, ըստ նրա տրամաբանության, ընդունված օրինագիծը հակասում է խոսքի ազատության սկզբունքին եւ արվում է նախընտրական քարոզչության նպատակներով: Այսպես է արտահայտվել նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը՝ հասկացնելով, որ Ֆրանսիան կզգա դեռ թուրքական ուժը…

Եվ այսպես՝ Ֆրանսիա-Թուրքիա եւ ինչ-որ տեղ էլ Հայաստան հակամարտությունը միտում ունի վերածվելու ոչ միայն տարածաշրջանային խնդրի, այլեւ համաշխարհային: Եվ այս անգամ միջազգային հանրություն կոչվածը թերեւս աջակից է Հայաստանին:

Բայց պետք է  միշտ զգոն լինել, քանզի 1915-ին եւս աջակիցներ ուներ Հայաստանը, իսկ 1919-ին գրեթե փլատակներից վերհառնեց Թուրքիան… եւ Մուդրոսի պայմանագիրը առ այսօր «սառեցրել» է Սեւրի դաշնագիրը:

Արտակ Հայոցյան

Փոխհատուցումը Արեւմտյան Հայաստանն է
Իսկ Արցախը ազատագրված հայկական հողերի մի մասն է ընդամենը
 

Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ) ողջունում են Ֆրանսիայի օրենսդիրների հետեւողականությունը՝ Հայոց ցեղասպանությունը ժխտողներին պատժելու հարցում: Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատում՝ Սենատում եւս ընդունվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, եւ այդ երկրում ցեղասպանությունը ժխտող յուրաքանչյուր ոք կպատժվի: Հավատում ենք, որ Ֆրանսիայի նախագահը կստորագրի Սենատի որոշումը, ինչպես որ խոստացել էր վերջերս Երեւան այցի ընթացքում:

Մենք ողջունում ենք նաեւ Շվեյցարիայի եւ Սլովակիայի խորհրդարանականներին, որ առաջնորդվելով համամարդկային արժեքներով՝ նույնպես պատիժ են սահմանել Հայոց ցեղասպանության ժխտողականության համար:

ՀԱՄ-ը եւ ՀԱՀ-ը  կոչ են անում բոլոր այն երկրներին եւ միջազգային կառույցներին, որոնք ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, նույնպես օրենքներ ընդունել ցեղասպանությունը ժխտողներին պատժելու համար:

Մենք, նախեւառաջ, մեր կոչը հղում ենք Հայաստանի իշխանութ
յուններին, կառավարությանն ու խորհրդարանին, որ առանց վարանելու, առաջիկա օրերին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ներկայացնեն եւ հաստատեն մինչեւ նոր խորհրդարանական ընտրությունները: Եվ թող այս Ազգային Ժողովը հեռանա պատմական մեծ առաքելությամբ: Եվ նոր ընտրված Ազգային Ժողովն էլ նման առաջարկով կդիմի նաեւ ՄԱԿ-ին:

Անկարայի սպառնալիքները Փարիզին հավաստում են, որ Թուրքիան պատրաստ չէ հաշտվել իր իսկ պատմության հետ, ինչը խիստ կասկածի տակ է դնում հայ-թուրքական հորջորջվող արձանագրությունների վավերացումը, եւ նույնիսկ վավերացումից հետո դրա՝ առանց նախապայմանների կատարումը: Սա պետք է հաշվի առնեն նաեւ ԱՄՆ-ի օրենսդիրները, որոնք հանուն չեղած եւ թերեւս այս կերպ չկարգավորվող հայ-թուրքական հարաբերությունների, հետաձգում են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Կոնգրեսում:

ՀԱՄ-ը եւ ՀԱՀ-ը  Հայաստանի իշխանություններին նաեւ կոչ են անում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կամ այն ժխտելու համար դատապարտումը բավարար պայման չհամարեն 1,5-3 մլն. հայ նահատակների արյան դիմաց: Միլիոնավոր հայերի արյունը երբեք չի կարող բարոյական դատով կամ դատապարտումով ավարտվել, եւ փոխհատուցումը պետք է զոհերի հոգիների համար եւս ընդունելի լինի:

Իսկ փոխհատուցումը, բացի բարոյական, իրավական, ֆինանսական եւ այլ առումներից, պետք է ներառի հատկապես միլիոնավոր զոհերի հայրենիքի՝ հայկական տարածքների վերադարձը զոհերի ժառանգներին ու ազգակիցներին: Արեւմտյան Հայաստանը պետք է վերադարձվի բնիկներին՝ հայերին, եւ միավորվի Հայաստանի Հանրապետությանը, որն այժմ բոլոր հայերի Հայրենիքն է եւ Հայ դատի պահանջատերը (սփյուռքահայության հետ միասին):

Հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն միայն այն դեպքում, երբ նման փոխհատուցումներն ամբողջապես իրականանան: Նույնն է նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների առումով՝ Արցախը հայկական հողերի դեռ ազատագրված մի մասն է ընդամենը:

Հայ Արիական Միաբանություն

Հայ Ազգայնականների Համախմբում

Երեւան – 24.01.2012թ.

«Լուսանցք» թիվ 3 (224), 2011թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.