ՄԵՌԱԾ ԱՍՏՎԱԾՆԵՐՈՒՆ

ՄԵՌԱԾ ԱՍՏՎԱԾՆԵՐՈՒՆ

Արյունափառ Խաչին տակ,
Որուն թևերը տըրտմություն կը ծորեն
Աշխարհիս վրա բովանդակ,
Ես պարտըված, Արվեստիս դառըն սըրտեն
Կ’ողբամ ձեր մահն, ո’վ հեթանոս Աստվածներ:
Մեռա˜վ Խորհուրդն. և Բնությունն է արյունե’ր
Օրենքներու կարկինին սուր սըլաքով:
Ձանձրո˜ւյթը մնաց, պըճնըված փուշ պըսակով:
Մարդն է ինկած գարշապարին տակ հըսկա
Խուլ Աստծո մը հրեա:

Դիո’ս, մեռար: Մեռար դուն,
Ո’վ Ապողոն, որուն կառքեն քառաձի
Կու գար խըրխինջն Արևուն:
Կայծակն անտեր՝ աստղերուն մեջ կը հածի
Կույր օձի պես: Սիրամարգներ չեն քաշեր
Հերայի սայլն՝ որ ուներ լույս սարիքներ.
Ոչ ալ կ’հոսին, իբրև սերմեր դիցական,
Զևսի անձրևն ոսկի, արյունն ՈՒրանյան:
Չե’ն արծարծեր ոտնաթևերն Հերմեսին
Աստղերը որբ երկնքին:

Անտառին մեջ, Անահի’տ,
Ալ չեմ լըսեր շանդ հաչյուններն՝ ետևեն
Նախընտրած գեր երեիդ.
Կապարճդ հողին տակ կը փըտի. լիճերեն
Իուրն իր խըմել կ`երթա եղնիկը անվախ:
Չի’ պըսակվիր Պանը շոճով. ամեն ցախ
Անոր շունչով նորեն առույգ չի’ ծաղկիր:
Դափ չե’ք զարներ, Այծեմնարդե’ր բարեկիր,
Լոկ կը տեսնեմ Ավանդությունն՝ որ կու լա
Նըստած կոճղի մը վըրա:

Հավերժահարսե’ր, մեռաք դուք.
Կը խածատեն փըրփրուն գետերը՝ ցավեն,
Իրենց ափերն հեղհեղուկ:
Նայուհինե’ր, եղեգներուն ընդմեջեն
Ա’լ չեք երգեր՝ երբոր ցաթե լուսընկան.
Կանաչ լոռերն այժըմ կ’ըլլան ձեզ պատան:
Լուսազմայլիկ աղբյուրին մեջ չեմ տեսներ
Բիբերուդ կայծն, անբա’խտ Նարգիս: Տատրակներ
Երբ գուռին մեջ կու գան լըվալ կըտուցնին՝
Դոդոշներեն կը խըրտչին:

Քեզմե, ո’վ վեհ Պոսիդոն,
Ծովն է թափուր: Անտառներեն բուստերու
Չի’ խոյանար բարձրահոն
Քռանըժույգը’դ փըրփրագեղ. ոչ ալ քու
Երեքարձենըդ կ’առխըթե դըղըրդմամբ
Նըվիրական դելփինին նուսն ապըստամբ:
Մեռա’վ Սիրենը ժայռին տակ Սիկիլյան.
Կ’անցնի նավազն անկե առա’նց դյութության:
Չ’ըլլար փրփրուն՝ Աստղիկ, ոչ ալ կոնքը՝ կուր.
Ծո˜վն, Աստվածնե’ր, ծո˜վն է տխուր:

Տանս ակութեն, Թերափնե’ր,
ՈՒ՞ր հեռացաք, ո՞ր ջերեռանդ սըրբուհին
Ձեզ իր խաչովն է փըշրեր,
Ձեր մեջ պապերս պապե’րն իրենց դրոշեցին՝
Ընծայելով ամեն օր աղ ու նեկտար:
Չըկաս, Էրո’ս. պիտի քույրս իմ սիրահար
Որո՞ւ ձոնե դահամունքներն իր ուխտին.
Չըկա և’ դուռը պահպանող Շան անդրին…
Միայն սնարես կավեր է Խաչ մ’հաղթական՝
ՈՒր կա լոկ փառքը Մահվան:

Եվ այժըմ այդ Խաչին տակ,
Որուն թևերը տըրտմություն կը ծորեն
Աշխարհիս վրա բովանդակ,
Ես պարտըված, Արվեստիս դառըն սըրտեն
Կ’ողբամ ձեր մահն, ո’վ հեթանոս Աստվածներ:
Տեսե’ք, բոլոր մեր անտառներն ու ծովեր,
Աղբերակներն ու երդիքները խաղաղ
Ամայացա˜ն ու տաղտկացա˜ն: Այժմ, ավա’ղ,
Մարդն է ինկած գարշապարին տակ հըսկա
Խուլ Աստծո մը հրեա:

Դանիել Վարուժան


Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։