Քաղաքական հստակեցումները մոտենում են ավարտին

Ինչքան մոտենում են խորհրդարանական  ընտրությունները, այնքան շատ քաղաքական ուժեր են արձագանքում «Ընտրություններ-2012»-ին: ՀԱԿ-ի կազմում հանդես կգան 18 քաղաքական ուժեր, չնայած «Հանրապետություն» ու «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցությունները առանձին հայտարարություններ էլ են արել: Իսկ ՀՀՇ-ն եւ ՀԺԿ-ն, որոնք Կոնգրեսի ակունքներում են, արդեն նախաձեռնել են ընտրացուցակի կազմումը: ՀԺԿ անդամ Ստեփան Մինասյանը հայտնել է, որ ՀԱԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորելու են ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Անգամ տեղեկություններ կան, որ ՀԺԿ ղեկավարությունը ցուցակում պահանջել է զգալի ներկայություն, այլապես դուրս կգան Կոնգրեսից: Կարծես նմանատիպ պահանջ է ներկայացրել նաեւ ՍԴ Հնչակյան կուսակցությունը:

Եվ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ասել է, որ Կոնգրեսի համամասնական ցուցակ կազմելը բավական բարդ աշխատանք է: 18 կուսակցությունների դաշինքն աննախադեպ բան է եւ բարդ է ցուցակի շուրջ համաձայնության գալը: «Իշխանությունները լուրջ ակնկալիք ունեին, որ չենք գա համաձայնության: Ոչինչ, մենք իրենց կհիասթափեցնենք»,- ասել է նա: Եվ այլեւս միանշանակ է, որ Կոնգրեսը ընտրություններին կմասնակցի դաշինքով:

Հայտնի է, որ ՀԱԿ-ից ու ՀՀՇ-ից հեռացած գործիչները ստեղծել են «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որը նույնպես պատրաստվում է ընտրություններին: Զլմ-ները հատկապես ընդգծում են, թե ԱԴԿ-ն սլաքն ուղղում է ոչ թե իշխանության, այլ իրենց 20 տարվա համակիրների՝ ՀՀՇ-ի դեմ: Ալեքսանդր Արզումանյանը վերստին հավաստել է, որ ՀԱԿ-ից հեռանալու պատճառն այն էր, որ «շարժման ղեկավարությունը որոշել է այլ ֆորմատ ձեւավորել, որ ազատական-ժողովրդավարական գաղափարախոսության վերաբերյալ տարակարծություններ են եղել»: ՀԱԿ-ը ընդգրկում է տարբեր գաղափարախոսություն ունեցող մի քանի ուժեր, ուստի այդ դաշինքը չի կարող լինել ազատական.- կարծում է ՀՀ նախկին ԱԳ նախարարը եւ հավելում, որ նախագահական ընտրությունների դեպքում նման դաշինքը արդյունավետ էր, ինչը չի կարելի ասել խորհրդարանական ընտրությունների պարագայում:

Հետաքրքիր է, որ արծարծվում է նաեւ «Ազատ դեմոկրատներ»-ի ու «Ժառանգության» ընտրություններին միասնական մասնակցելու հարցը: Իսկ «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հայտնել է. «Այս պահի դրությամբ դեռ քննարկված չէ այն հարցը, թե ինչ ձեւաչափով ենք մասնակցելու ընտրություններին, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ իր համար առավել ընդունելի է լայն համագործակցությունը, իսկ եթե դա չստացվի, մենք այս անգամ պետք է պատրաստ լինենք նաեւ միայնակ գնալու»:

Ինչպես միշտ, ընտրությունների շեմին հանկարծ վերհառնում են տարիներ շարունակ «փակի տակ մնացած» կուսակցությունները, քաղաքականությունից գրեթե մեկուսացած գործիչները եւս, ինչպես ասենք՝ «Ազգային Ժողովրդավարների Դաշինք»-ը վաղուց չերեւացող Արշակ Սադոյանով, «Հզոր հայրենիք»-ը, Դեմոկրատական կուսակցությունը, ՍԻՄ-ն ու ԱԻՄ-ը, վերջինս՝ իր նախագահ Պարույր Հայրիկյանով, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միությունն իր ղեկավար Խոսրով Հարությունյանով… Անգամ հանրությանը ոչինչ չասող եւ տարիներ շարունակ ոչինչ չդրսեւորած «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցությունը հայտարարել է, թե ահա միայնակ է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին… Իսկ կոմունիստների կարծիքով էլ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններն իրենց համար ճակատագրական են լինելու եւ «շռնդալից՝ առնվազն 17-18%-ի չափերով»: «Փայլուն ձեւով անցնելու ենք ԱԺ»,- ասել է ՀԿԿ 1-ին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: ՀԿԿ-ն առաջիկա ընտրություններին ցանկանում է մասնակցել դաշինքով, սակայն Հայաստանում իրական համախոհներ չի տեսնում, համագործակցության առաջարկ Կոմկուսը ստացել է միայն Կոմունիստական առաջադիմական միացյալ կուսակցությունից: Այս ուղղության որոշ գործիչներ դաշինքում տեսնում են նաեւ սոցիալիստական ուղղվածության այլ ուժերի համագործակցություն, որոնց հետ բանակցություններ են վարվում: Իսկ ՌԱԿ-ՀՌԱԿ-ը «ռամկավարական» երկպառակությունների մեջ դեռ շարունակում է հայտարարություններ անել առաջիկա ընտրություններին մասնակցության մասին: «Սարդարապատ» շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյան էլ հայտնել է, թե ընդդիմադիր տաբեր ուժեր առաջարկում են իրենց ցուցակներով մասնակցել ԱԺ առաջիկա ընտրություններին, բայց ինքը մերժում է բոլոր առաջարկները եւ ընդհանրապես չի մասնակցելու ընտրություններին. «Մենք լուծումը տեսնում ենք քաղաքացիական դաշտում, պետք է կարողանալ բոլորին համախմբել այդ նպատակի շուրջ»: Եվս մեկ «մոդել» առաջարկել է ԱԻՄ նախագահը՝ «կատարյալ ժողովրդավարության մոդելը», որի համահեղինակներն են քրիստոնյա-դեմոկրատները, Դեմկուսն ու Միավորված կոմկուսը, որի մասին, ըստ Պարույր Հայրիկյանի, դեռ ոչ մի ուժ չի արձագանքել: Բայց կան հիացական արտահայտություններ Արտաշես Գեղամյանից եւ Րաֆֆի Հովհաննիսյանից, անգամ ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ն են այդ նախագիծը նայել, ԲՀԿ-ն է դրական գնահատել, բայց… Տեղեկատվություն կա, որ ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ԱԺ ընտրություններում կարող է լինել ԲՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համարում: «Սիվիլիթաս» հիմնադրամն օրերս ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներին՝ նրանց ներկայացնելով հիմնադրամի տարեկան զեկույցը: Ռումինիայի, ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Սիրիայի, Իրանի, Ուկրաինայի, Շվեյցարիայի, Հնդկաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի ներկայացուցչության ղեկավարը ծանոթացան հիմնադրամի ծրագրերին: Վ. Օսկանյանը նշել է, որ հիմնադրամը շարունակելու է քաղաքացիական հասարակությանն աջակցելու եւ նրա մասնակցությունը Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում մեծացնելու գործը: Ըստ ամենայնի, զրկվելով Ռ. Քոչարյանի ռուսաստանյան աջակցությունից, Գ. Ծառուկյանը որոշել է օգտվել Վ. Օսկանյանի Արեւմուտքի եւ Արեւելքի հնարավոր աջակցություններից… ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը եւս չի հերքում իր հնարավոր մասնակցությունը ԲՀԿ ցուցակով:

Նախկին ԱԳ նախարարը դեռ սերտ կապեր ունի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչով էլ պայմանավորված է «Սիվիլիթաս»-ի ակտիվացումը: Իսկ ՀՀ 2-րդ նախագահը ընտրությունների վերաբերյալ որեւէ հայտարարությամբ հանդես չի գա.- ասել է նրա մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը: Մեր հավաստի աղբյուրների համաձայն, Պուտին-Քոչարյան համագործակցությունը սեւեռված է լինելու միայն տնտեսական ոլորտի վրա, եւ այս առումով գործող նախագահ Սերժ Սարգսյանը առավել անկաշկանդ կգործի… Չնայած ՀՀ երիտասարդական շարժումների, նախաձեռնությունների եւ անհատ քաղաքացիների առաջարկով Երեւանում հիմնվել են «Պուտին» ակումբներ, եւ սա դեռ միակը չէ, նման մի ակումբ էլ կստեղծվի Ռուսական գրքի տանը: Իսկ թե ինչու են ոմանք փորձում հայությանը Պուտին «հրամցնել», կարելի է ենթադրել՝ կամ փող աշխատելու նախընտրական «շուկաներ» են բացել, կամ «շողոքորթությունը սահմաններ չունի» բարեգործական ակումբներ…

 ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը օրերս կոալիցիայի հանդիպումից հետո հայտնել է, որ կոալիցիոն հանդիպումներն առավել հաճախակի են դառնալու: Եվ չնայած ԲՀԿ-ն միացել է ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» 100%-ով համամասնական ընտրություններ անցկացնելու նախաձեռնությանը, ՀՀԿ-ում խնդիր չեն տեսնում: Իսկ ՀԱԿ-ի այն նկրտումներին, թե կոալիցիան ներսից կպայթեցնեն, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը դա բացառում է եւ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի խղճին է թողնում վերջինիս այն հայտարարությունը, թե ՀՀԿ-ն ավազակապետության գլուխ կանգնած թալանչիների կուսակցություն է. «Դա քաղաքական տեխնոլոգիա է, որն իր համար անընդունելի է եւ ինքն ավելին ասել չի ուզում, քանի որ այդ դեպքում կնմանվի նրան»: Ըստ պատգամավորի, ՀՀԿ ցուցակում լինելու են նոր դեմքեր: Նա հերքեց ընտրությունները կեղծելու նախապես հնչող կարծիքները. «Կան ուժեր, որոնք իրենց եւ հանրությանը նախապատրաստում են, թե ընտությունները կեղծվելու են», նման բան չի լինելու, նաեւ ուժեղացված հսկողություն են սահմանելու տեղական եւ միջազգային դիտորդները: Հայաստանում կա 2 միլիոն ընտրող, որոնցից ավելի քան 60%-ը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի ընտրություններին:

ՀՀԿ խմբակցության պատգամավորը նշեց նաեւ, որ ՀՀԿ ցուցակի հետ կապված սկզբունքները հայտնի են, իսկ նոր դեմքերը հիմնականում քաղաքական գործիչներ են լինելու՝ ՀՀԿ-ն առաջնորդվում է գաղափարները համադրելու ճանապարհով:

ՀՀԿ-ն արդեն որոշել է կուսակցության հերթական համագումարի օրը. այն կանցկացվի մարտի 17-ին: Համագումարին քննարկվելու են նաեւ կանոնադրական խնդիրներ, բայց նախեւառաջ կուսակցության խորհուրդն է ձեւավորվելու, գործադիր մարմինը, նախագահի ընտրություն է լինելու, հետո, քանի որ նախընտրական տարի է, կլինեն նաեւ ընտրական գործընթացներին առնչվող հարցեր:

Եթե ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն գործուն մասնակցում են ներքաղաքական գործընթացներին, ապա ՕԵԿ-ը ներկուսակցական խնդիրներ է լուծում, անգամ անձնավորված խնդիրներ՝ կապված ՕԵԿ նախագահ, ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ ՕԵԿ-ական նախարարների կամ գործարար շրջանակների հետ: Սա է պատճառը, որ վերստին արծարծվում է ՕԵԿ մի քանի անդամների՝ ՀՀԿ ընտրացուցակում ընդգրկելու հարցը, որպեսզի օրինացերկրականները միայնակ մասնակցելու դեպքում անսպասելի խնդիրներ չունենան…

Հիշեցնենք, որ Հայ Արիական միաբանությունը եւ Հայ ազգայնականների համախմբումը դեռ շարունակում են Երեւանում եւ մարզերում իրենց համակիրների հետ հանդիպումները, համախոհ ուժերի հետ բանակցությունները:

Մի բան սակայն այլեւս հստակ է, որ առաջիկայում Հայաստանի (որոշակիորեն նաեւ սփյուռքի) հայ ազգայնական ուժերը նախընտրական հարցերով եւս կհամախմբվեն Հայ Արիական միաբանության շուրջ, որի քաղաքական ղեկավարությունն էլ կանի համապատասխան հայտարարություն ՀՀ ազգայնական քաղաքական ուղղվածության որոշման մասին……

Այսպես որոշակի գաղափարների տիրապետող քաղաքական ուժերը որոշակի ընդհանրացումների եւ դաշինքների փորձերը դեռ շարունակում են, ինչն առավել պարզ կլինի 1-2 ամիս անց:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 4 (225), 2011թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.