Եզրագծեր՝ խաբուսիկ կորագծերով

Երեւանում կայացավ հայ-ռուսական միջակառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի հանդիպումը: Վարչապետը հանդիպեց նաեւ ՌԴ առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովին: Երկկողմ հանդիպումներում ստորագրվեցին հուշագրեր: Մի նոր միտում է նկատվում՝ հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ոլորտներում սերտացնելու եւ, վստահաբար, դա պայմանավորված է տարածաշրջանային ռազմա-քաղաքական զարգացումների հետ:

ՌԴ առաջին փոխվարչապետի հետ հանդիպել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ քննարկվել է երկկողմ ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու հարցը, ինչը խթան կլինի հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման համար: Կողմերը կարեւորել են նաեւ ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: Սա կարծես ռուսական կողմի արձագանքն էր այն դժգոհություններին, որն առաջացրել էր Հայաստանում՝ ռուս-թուրքական տարածաշրջանային համագործակցության, հատկապես արցախյան խնդրին երկկողմանի անդրադարձի պատճառով:

Ռուս-թուրքական մերձեցմանը նպաստեց Արեւմուտքի հարաբերությունների խստացումը Թուրքիայի նկատմամբ, ինչը ուժգնացավ հատկապես Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնող օրենքի ընդունմամբ:

Չնայած ԱՄՆ պետքարտուղարը փորձեց հարթել այդ խնդիրը՝ հավաստելով, որ ԱՄՆ-ն չի հետեւի ֆրանսիական օրինակին, միեւնույնն է, առաջացած կնճիռը դեռ չի հարթվում: Անգամ կարող է ավելի կնճռոտվել, որովհետեւ Թուրքիայում կփակվի ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի շտաբը: ՆԱՏՕ-ն ուներ ռազմաօդային ուժերի 2 շտաբ-բնակարան՝ հյուսիսայինը Գերմանիայում՝ ամերիկյան «Ռամշտեյն» ռազմական բազայում եւ հարավայինը՝ թուրքական Իզմիր քաղաքում: Հիմա հյուսիսատլանտյան կազմակերպության բարեփոխումների շրջանակում կրճատվելու է ռազմաօդային ուժերի հրամանատարության շտաբ-բնակարաններից մեկը՝ այն է՝ Իզմիր քաղաքում գտնվողը: Իսկ «Ռամշտեյն» ռազմական բազայում ստեղծվելու է Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի հրամանատարական կետ: ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարությանը եւ զինծառայողներին Գերմանիա տեղափոխելն ու Թուրքիայի շտաբ-բնակարանի փակումը նախատեսված է ընթացիկ տարում, իսկ ամբողջ գործընթացն ավարտվելու է 2013թ.: Սա վստահաբար կթուլացնի Անկարայի դիրքերը տարածաշրջանում:

Անկարային անախորժություններ են սպասում նաեւ Թել Ավիվի կողմից: Հրեական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչ Աբրահամ Ֆոքսմենը «Թուրքիայի վտանգավոր դիվանագիտությունը» խորագրով հոդվածում ասել է. «Տասնամյակներ շարունակ Թուրքիան եղել է ժողովրդավարության «փարոս»: Սակայն ժողովրդավարության լույսը սկսել է մարել: Թուրքական մեդիահսկա «Dogan Holding» ընկերությունը մտավախություն է արտահայտել այն բանի կապակցությամբ, որ Էրդողանի կառավարությունը փորձում է քայքայել թուրքական հասարակության աշխարհիկ հիմքերը»: Ամենաանհանգստացնող հանգամանքը, ըստ հեղինակի, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2010թ. ազատ խոսքի ինդեքսով հրապարակված զեկույցն էր, որտեղ Թուրքիան 178 երկրների շարքում զբաղեցրել է 138-րդ տեղը, իսկ Թուրքիայի լրագրողների միության տվյալների համաձայն, ներկայումս Թուրքիայի բանտերում 97 լրագրողներ են պահվում: «Թուրքիայի իշխանությունները ոչ ժողովրդավարական վերաբերմունք են դրսեւորում նաեւ Թուրքիա-Իսրայել հարաբերություններում, որը կարող է հանգեցնել ծայրաստիճան վտանգավոր կետի,- նշված է հոդվածում,- Թուրքիա-Իսրայել հարաբերություններում առկա խնդիրների համար լուծումներ մշակելու փոխարեն, Թուրքիայի վարչապետ Էրդողանը եւ ԱԳ նախարար Դավութօղլուն Իսրայելի դեմ դիվանագիտական սադրանքների են դիմում»:

Իսրայելում շատերն են այն կարծիքին, որ նոր արտաքին քաղաքականությունը կնպաստի, որ Թուրքիան Արեւմուտքում վտանգավոր բախումներ ունենա իր դաշնակիցների հետ: «Համաս»-ի նման ահաբեկչական խմբավորումների հյուրընկալումը երկրի տարածքում կհանգեցնի նրան, որ Թուրքիան ԱՄՆ-ից ու Իսրայելից կմեկուսանա, սա եւս հրեական կազմակերպություններից շատերի տեսակետն է… Եվ Թուրքիան միայնակ կմնա:

Այս ամենին զուգահեռ ակտիվացել են հայ-հրեական հարաբերությունները: Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հակամարտության համապատկերին Հայաստանում կարծիքները բաժանվել են հրեական պետության հետ հարաբերությունների հարցում: Մի մասը կարծում է, որ պետք է օգտվել հակամարտությունից հանուն սեփական շահերի, մյուսը կարծում է, որ Իսրայելը հայկական հարցում ղեկավարվում է սեփական մղումներով եւ անկեղծ մտադրություններ չունի սերտ հարաբերություններ հաստատելու Հայաստանի հետ: Սակայն փոխադարձ այցերը շարունակվում են, եւ հստակեցումներ դեռ կլինեն:

Արտակ Հայոցյան
Հայաստանի անվտանգությունը՝ առաջնահերթ խնդիր
 

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցել է Ջ. Մարշալի անվան կենտրոնի շրջանավարտների Հայկական Ասոցիացիայի, Եվրոպական անվտանգության ուսումնասիրման կենտրոնի եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից համատեղ կազմակերպված «Հարավային Կովկաս՝ նոր մարտահրավերներ» թեմայով սեմինարին: Նա անդրադարձել է Հարավային Կովկասի անվտանգության խնդիրներին եւ նշել, որ առկա չլուծված հակամարտությունների պարագայում տարածաշրջանային անվտանգությունը բավականին խոցելի է: Սթափ գնահատելով իրավիճակը՝ Հայաստանը կարողանում է հաղթահարել ազգային անվտանգության սպառնալիքները եւ ներկայիս մարտահրավերները: Մեր ազգային անվտանգության երաշխիքներից մեկը ՀՀ միջազգային ներգրավվածության աստիճանի բարձրացումն է, միջազգային ասպարեզում մեր երկրի դիրքորոշումների ներկայացումը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդումը, ինչպես նաեւ՝ տարածաշրջանային խնդիրների կարգավորումն ու համագործակցային մթնոլորտի ձեւավորումը:

Հարավային Կովկասի անվտանգության ապահովման գործում կարեւորվել է ժողովրդավարական բարեփոխումների խորացումը կովկասյան տարածաշրջանում, միջազգային կառույցների հետ համագործակցությունը, այդ թվում Եվրամիության՝ հարավկովկասյան երկրների հետ հարեւանության քաղաքականության Արեւելյան գործընկերությունը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը ՆԱՏՕ-ի հետ, ինչպես նաեւ Եվրամիության հովանու ներքո իրականացվող հայ-վրացական սահմանների ինտեգրված կառավարման ծրագիրը: Հայաստանը կողմ է արժանապատիվ համագործակցությանը տարածաշրջանի երկրների հետ եւ առկա խնդիրները փոխընդունելի եղանակով լուծելու մարտավարությանը՝ հավելելով, որ Հարավային Կովկասում տարածաշրջանային զարգացման իրական երաշխիքներ կարելի է ստեղծել միայն համընդհանուր անվտանգության համակարգի, կայունության եւ փոխվստահության մթնոլորտի առկայության դեպքում:

ԱԱԽ քարտուղարը կարեւորել է տարածաշրջանի 3 երկրների՝ Ադրբեջանի, Վրաստանի ու Հայաստանի համար տնտեսական զարգացման հավասար միջազգային հնարավորությունների ապահովումը, Հայաստանը շրջանցող տարածաշրջանային ծրագրերի անթույլատրելիությունը, ինչը կնպաստի ռազմաքաղաքական հավասարակշռությանը, հետեւաբար՝ կայունության ամրապնդմանն ու զարգացմանը:

ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը եւ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերն իրենց հերթին ընդգծել են տարածաշրջանում խաղաղության եւ փոխըմբռնման մթնոլորտի ապահովման կարեւորությունը:

Արթուր Բաղդասարյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է եկել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը: Ռուսական պատվիրակության կազմում եկել են ՌԴ Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Պոստնիկովը, ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը, ՌԴ Սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Կոզիկը, «Ռոսգրանիցա» դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովը, այլ պաշտոնատար անձինք:

ՀՀ եւ ՌԴ ԱԱԽ քարտուղարների առանձնազրույցը տեղի  է ունեցել ՀՀ-ում ՌԴ Սահմանապահ վարչությունում: Ստորագրվել է այցի արդյունքների վերաբերյալ արձանագրություն եւ պատվիրակությանը ընդունել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Կարեն Բալյան
 

Պատերազմը դեռ «քնացնում» են

Ռուսաստանյան կողմի հետ բանակցություններից հետո Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է Սիրիայի նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Արեւմուտքին հասկացրել է, որ միայն բարեփոխումների ճանապարհով կլուծվի Սիրիայի խնդիրը…

Նախագահ Ասադը տեղեկացրել է, որ մոտ օրերս կհանդիպի Սահմանադրության նախագիծը նախապատրաստած հանձնաժողովի հետ, աշխատանքը ավարտված է, եւ կհայտարարվի Սիրիայի համար այդ կարեւոր փաստաթղթի վերաբերյալ հանրաքվեի ժամկետները:

Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը հայտարարել էր, որ մոտ ժամանակում երկրի Սահմանադրությունը համաժողովրդական քվեարկության կառաջադրվի, իսկ մայիսին բազմակուսակցական ընդհանուր ընտրություններ կանցկացվեն: Արաբական պետությունների լիգան էլ կշարունակի իր առաքելությունը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, թե Արաբական պետությունների լիգան մտադիր է վերականգնել իր գործունեությունը Սիրիայում, որը ժամանակավորապես դադարեցվել էր Դամասկոսի հետ համագործակցությունից խուսափելու մասին մեղադրանքների պատճառով: Լիբանանում գտնվող «Հեզբոլլահ» կազմակերպության առաջնորդն էլ սիրիական ընդդիմությանը կոչ է արել բանակցել նախագահ Ասադի հետ եւ հրաժարվել օտարների հետ համագործակցելուց:

Սիրիական խնդիրը կարծես առժամանակ «ծածկել» է իրականականը, բայց այս հարցերը շաղկապված են տարածաշրջանային խնդիրներով եւ սրանց միաժամանակյա բորբոքումը կարող է հանգեցնել ռազմական առճակատման, ինչից դեռ խուսափում են գերտերությունները:

Վահագն Նանյան

Քադաֆին կգործի՞ շուտով

Լիբիայի նախկին նախագահ Մուամմար Քադաֆին միջազգային ահաբեկիչներին է կտակել միլիոնավոր դոլարներ: Այս լուրը տարածել էին Եգիպտոսի լրատվամիջոցները: Քադաֆիի քայլը, ըստ վերլուծաբանների, պարզ վրեժխնդրություն է, նա հույսեր չէր փայփայում եւ քաջ գիտակցում էր, որ վաղ թե ուշ իր վարչակարգը կընկնի եւ դրանից տարի ու կես առաջ արդեն նախապատրաստվել էր այլ պայքարի…

Լիբիացի քաղաքագետ Իբրահիմ Քուվեյդարը նշել է, որ Քադաֆիի կտակը մոտ 28 մլն. դոլար է, որը միջազգային ահաբեկիչներին է հանձնել Լիբիայի Ջամահարի համայնքի ղեկավարը: Նա միջազգային ահաբեկիչների հետ հանդիպել է Տրիպոլիի իր Բաբ-էլ-Ազիզի առանձնատանը: Միջնորդը գումարի հետ ահաբեկիչներին է հանձնել նաեւ Քադաֆիի մշակած «Վրեժ՝ ռեժիմի անկումից հետո» ահաբեկչական պլանը:

Քուվեյդարի խոսքերով՝ պլանը ահաբեկչական լայն գործողությունների իրականացման մի «ստոր ծրագիր» է, որի թիրախը Լիբիան, արաբական ու եվրոպական մի շարք քաղաքները եւ այն երկրներն են, որոնց իշխանություններն աջակցել են փետրվարի 17-ի Լիբիայի հեղափոխությանը:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 5 (226), 2011թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.