Ես հրաժարվում եմ հասկանալ

Վերջերս էր, թերթերում էի կարդում, որ «Հայրապետական կոնդակով Հայոց բանակին պահապան հռչակվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնում պահվող հայոց Աշոտ Բ Երկաթ թագավորի Սուրբ Խաչը, որի մեջ ամփոփված է Տիրոջ կենարար խաչափայտի մասունքը»:

Հենց այս տողերը առիթ դարձան, որպեսզի առաջին անգամ անկեղծանամ հանրության առջեւ ու ասեմ, թե ես, որպես հայ, սեւակյան օրինակով, ինչքան բան եմ հրաժարվում հասկանալ:

Ես հրաժարվում եմ հասկանալ, որ Հայոց բանակի պահապանը խաչն է (հռչակվել): Որովհետեւ նրանց հասկացած խաչը 301թ. ծնունդ է, իսկ Հայոց բանակը նրանց՝ «մեր թվարկությունից» առաջի թվագրությունն ունի: Խաչը կարող է պահապանը հռչակվել Հայաստանի Հանրապետության բանակի (քանի դեռ մեր հայրենիքը ամբողջությամբ չենք վերատիրել), բայց դա էլ եմ հրաժարվում հասկանալ, քանզի…ի՜նչ է, մեր թագավորներից մնացած մի թուր չունեի՞նք:

Կասեք՝ ի՜նչ է, հոգեւոր ուժը ուժ չէ:

Կասեմ՝ ուժ է, բայց ամեն ազգի համար ուժ է ի՛ր հոգեւորի ուժը:

Սիրելիներս, գոնե տեղյա՞կ եք, որ Ձեր պաշտած ուժը հոգեւորի զորությունը չի կարող ունենալ եւ երբեք էլ չի ունենա, քանզի ճիշտ ուղղությամբ չի սնում: Երեխայի համար ավելի առողջարար է սեփական մոր կրծքի կաթը, քան ուրիշինը: Ուրիշինն ուղղակի օգնում է, որ անկաթ մնացած երեխան չմեռնի, օգնում է, բայց չի զորացնում: Իմ ժողովրդի («ազգ» եզրույթն այստեղ գործածել չեմ կարող) մի մասը պաշտում է Հիսուսին, մի հատված էլ կա՝ արմատներին վերադառնալու փոխարեն հնդիկ Աստվածների գիրկն է ընկել, մի մասը ճշմարիտ եհովական է, մյուս մասը՝ ավետարանչական, մի մասը՝ հին կտակարանն է պաշտում, մի մասը՝ նորը, մի մասը մեռած հոգիների ցուցակագրմամբ ուժեղանալուն է հավատում, մյուս մասը՝ ողջերին միայն ապավինում: Ժողովուրդս պաշտում է հույն, հնդիկ, հրեա… աստվածներին, բայց հայ աստծուն չի պաշտում:

Ժողովուրդս անկեղծորեն հավատում է հույն, հնդիկ, հրեա… աստվածներին, հավատում է ու դա օգնում է, որ նա գոյատեւի, բայց ոչ՝ ապրի: Գոյատեւում է, քանզի սնումը ճիշտ գծով չի արվում:

Եվ զինվորներն ինչքան էլ հավատան 301-յան խաչին, ուղի՛ղ-ճի՛շտ սնուցմամբ չեն զորանա, քանզի իրենց չի բացատրվում, թե ով է Տերը:

Ընդհանրապե՛ս ոչինչ չի բացատրվում, միտումնավոր չի բացատրվում, ու զինվորս, ժողովուրդս կարծում է, որ Տերը Հիսուսն է: Ժողովուրդս չգիտի, որ Տերը Միակն է՝ Տիեզերքի Արարիչը: Ու մինչ Հիսուսի, Բուդդայի, Զեւսի… ծնվելը Տիեզերքը վաղու՜ց կար: Ժողովուրդս չգիտի, դրա համար էլ Տե՜ր է ասում ու պատկերացնում է իր պաշտած Աստծուն:

Բայց ես հրաժարվում եմ հասկանալ, որ ժողովուրդս չգիտի: Ես, որպես հայ քուրմ (քանի՜ կյանք պիտի ապրեմ Հայ Քրմին հասնելու համար), պաշտում եմ Հայ Աստվածներիս, բայց Հայ Գլխավոր Աստվածություն Հայր Արայիս Տիեզերքի Արարիչ չեմ համարում: Բնական Տիեզերակարգությունը չեմ խառնում, պաշտում եմ Հայ Աստվածներիս, ուտում եմ սեփական մորս կարթը, հավելյալ սննդի կարիք չունեմ:

Ես հրաժարվում եմ հասկանալ, որ այս պարզ ճշմարտությունը գիտակցելու համար ժողովրդիս ժամանակ է պետք:

Ես հրաժարվում եմ հասկանալ, որ Հայաստանի Հանրապետության կրթության նախարարը, ով ոսկեղենիկ հայերենի գաղտնիքներին չի տիրապետում եւ աջակցում է օտարալեզու դպրոցների բացմանը, ստորագրահավաքի կոչով է հանդես եկել՝  Մեծ Բրիտանիայի թանգարանից Անահիտ Աստվածուհու արձանի բեկորները Հայաստան բերելու համար:

Կեղծ է, ցուցադրանք է, ճշմարիտ չէ՝ տվյա՛լ անձի համար: Ճշմարիտ չէ ու ողբերգականորեն ցավալի է:

Ես հրաժարվում եմ հասկանալ, որ ժողովրդիցս շատերը հայրենիքից ու հայրենասիրությունից են խոսում կոկոները տաք ժամանակ, բայց հենց գալիս է գործելու պահը, պարզվում է՝ բոլորը գիտնականներ են ու իրենց բեռնավորված ուղեղը բանակին վնաս է:

Ես հրաժարվում եմ հասկանալ, որ հայրենիքից ու ազգից խոսացող կա, որ պարզապես ստախոս է՝ պարզամիտ թե խորունկ, լավագույն դեպքում՝ ճշմարտախոս չէ:

Ես հրաժարվում եմ հասկանալ, որ ազգայնականությունից խոսացողը կարող է շաղակրատ, գավառամիտ ու նեղճակատ լինել, որովհետեւ իրական ազգայնականը, հայ ազգայնականը լայն մտահորիզոն ունի ու բաց ճակատ: Նաեւ՝ խոսում է ըստ էության:

Ես, ի վերջո, հրաժարվում եմ հասկանալ, թե ինչու ստիպված այսքան խոսեցի:

Երեւի որովհետեւ շատ բաներ եմ հրաժարվում հասկանալ:

Քուրմ Արամ

Հայ Արիական միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դաս

«Ձյոշերը»՝ փորձանք  նորմալ մարդկանց գլխին

Այս օրերին «Հայկական ժամանակ» օրաթերթի փոխխմբագիր Հայկ Գեւորգյանի մասին շատ գրվեց եւ, ի պատիվ լրագրողական հանրույթի, համարժեք արձագանք եղավ ու ճիշտ ժամանակին: Հատկապես լավ աշխատեցին (հասկանալ՝ ժամանակին համընթաց) օրաթերթերն ու էլեկտրոնային մամուլը: Բայց Հայկի հետ կապված դեպքը ահազանգ պետք է լինի նաեւ մյուս լրագրողների համար, որովհետեւ, ինչպես Հայկն էր ասում «Նուբարաշեն»-ից դուրս գալուց հետո, հանկարծ կարող է պարզվել, որ հերթական՝ մեկ այլ լրագրող էլ է «թաքնվում» իրավապահ մարմիններից եւ «թաքնվելու» ավելի լավ տեղ չի գտնում, քան կառավարության գլխավոր մասնաշենքն է, նախարարությունների դահլիճները, թերթի էջերը:

Սա զավեշտ է, որ ծիծաղելի չէ բնավ: Անհեթեթություն է, որ ողբերգություն է իսկական: «Ողբերգություն» բառն էլ սիրտ ճմլելու համար չեմ ասում, այլ՝ իրավիճակը ներկայացնելու: Ընդհանրապես համանմա՛ն իրավիճակները ներկայացնելու:  Բայց նախ ասեմ՝ ապրի Նիկոլ Փաշինյանը, որ հավատաց իր լրագրողին ու ժամանակին նրան պաշտպանելու քայլ հանձն առավ: Ապրեն գործընկերները, որ աջակցեցին իրենց «համքարության» ներկայացուցչին:

Բայց… ինչու՞ պիտի այս ամենը լիներ ու դեռ նույնակարգ վիճակներ էլի կպայթեն հենց լրագրողների գլխին (ճիշտ է, մենք գուցե մյուսներից ավելի պաշտպանված ենք, բայցեւ՝ ավելի խոցելի ենք, քանզի մեր մտածածը գրչի ծայրին է): Որովհետեւները շատ են, բայց մի որովհետեւ-ի անպայման պետք է հիշել այն պարզ պատճառով, որ դրանցից Երեւանում շատ կա, թափա՜ծ են: Միշտ էլ կգտնվեն «մենթերի» (սեփական համազգեստը հարգող ոստիկանի մասին չէ խոսքս) հետ «աշխատող» «ձյոշեր» (ռուսերեն ՊպՔպՉօռ բառի կրճատ ժարգոնային տարբերակի արտասանական ձեւն է): Աշխատանք, որ «գործ սարքել է» կոչվում: Մարդու գլխին սարքում են, ու մարդը ստիպված է լինում իրեն պատռելով ապացուցել, որ չի թաքնվել, որ ոչ մեկի վրաերթի չի ենթարկել, որ ոչ մեկի չի ծեծել, գլուխը չի ջարդել: Չի կարողանում ապացուցել, որովհետեւ «ձյոշը» խոստացել է, որ կսարքի: Դե, «ձյոշին» էլ «մենթերը» խոստացել են, որ նրա բնակվելու տարածքում չեն տարածի, թե ինքը «մենթերի» հետ գործ է անում: Այնպես որ, Հայկ ջան, քո պարագան ինձնից լավ կիմանաս, բայց իմ փորձից ելնելով եմ քեզ խորհուրդ տալիս: Համարյա մեկ ու կես տարի մեծ քամակով գրասենյակային մի քննիչի չէի կարողանում ապացուցել, որ ցանկության դեպքում իսկ այդ տղամարդուն ծեծել չէի կարող: Ասեմ՝ ափսոս, որ ֆիզիկապես չէի կարող: Թե չէ հաստատ կսատկացնեի, որ սրտիս դարդ չլիներ: Բայց դե բնություն է, ինչ է թե տղամարդ են, ուժ է տալիս: Ասա էդ բութ ուժն ու՜մ է պետք:

Սկզբում գլխի էլ չէի, որ գործ սարքող է, ասում էի՝ ու՜մ եմ ինչ արել: Հետո պարզեցի, որ լա՜վ էլ արել էի (միշտ գրածդ մեկի դուրը չի գալիս)… Էնպես որ, Հայկ եւ մյուս լրագրողներ, զգույշ մնանք, մեկը չէ, մյուս «ձյոշը» կհայտնվի: Ասում եմ չէ՝ դրանցից Երեւանում թափած են:

Ուղղակի թող բախտներս բերի ու արդարադատության համակարգում նորմալ մարդկանց հանդիպենք:

«Ձյոշի» սարքած գործից տուժած

Էռնեկյանի դուրը եկել էր մարելը

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, ով մեր երկրում հայտնի է «Զվարթնոց»-ի, «Հայփոստ»-ի, գյուղատնտեսական տարածքների եւ այլ բիզնեսներով, երեկ առաջին անգամ էր ներկա գտնվում նամականիշերի մարմանը: Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի այն հարցին, թե հետաքրքի՞ր էր Էռնեկյանին մարման գործընթացը, վերջինս պատասխանեց. «Իհարկե»: Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, ով մեր երկրում հայտնի է «Զվարթնոց»-ի, «Հայփոստ»-ի, գյուղատնտեսական տարածքների եւ այլ բիզնեսներով, երեկ առաջին անգամ էր ներկա գտնվում նամականիշերի մարմանը: Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի այն հարցին, թե հետաքրքի՞ր էր Էռնեկյանին մարման գործընթացը, վերջինս պատասխանեց. «Իհարկե»:

Իսկ «Հայփոստ»-ում ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված 2 նամականիշերի մարման արարողությունն էր, որին ներկա էին Մանուկ Վարդանյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Էդուարդո Էռնեկյանը, ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերին նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ մարվեցին եւ շրջանառվեցին ՀՀ եւ ԼՂՀ անկախության 20-ամյակին նվիրված նամականիշերը:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 5 (226), 2011թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.