Պատմաբանները կասե՛ն իրենց խոսքը,

եւ  արեւմտյան խեղկատակները թուրքերի հետ դեռ կհայտնվե՛ն պատմության աղբանոցում

Թուրքական զլմ-ները նշում են, որ Եվրախորհրդարանի պատգամավորները հայտարարել են, թե Ստամբուլի (Պոլսի) «Ագոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի գործով թուրքական դատարանի կայացրած դատավճիռն իրենց խորապես հիասթափեցրել է: Բրյուսելում կազմակերպված «Եվրոպական սեղան»-ի ընթացքում եվրախորհրդարանում Թուրքիայի հարցով համազեկուցող Ռիա Օմեն-Ռյույտենը նշել է, թե Դինքի դատավարությունը Թուրքիայի համար բաց թողնված հարմար առիթ էր. «Թուրքիան առիթը բաց թողեց եւ մեկ անգամ եւս պարզ դարձավ, որ այս երկրի դատաիրավական համակարգը, միանշանակ, բարեփոխումների կարիք ունի: Եվրախորհրդարանում բոլորը համակարծիք են, որ իրավիճակն ամոթալի է»:

Անգլիացի խորհրդարանական Էնդրյու Դաֆֆը նշել է, թե անձամբ ծանոթ է եղել Դինքի հետ. «Նա մեծատառով մարդ էր. առիթ եմ ունեցել նրա հետ մի քանի անգամ հանդիպելու: Շատ ամոթալի է այն իրողությունը, որ սպանությունից հետո այսքան ժամանակ է անցել, բայց այն դեռ ամբողջապես չի հետաքննվել ու դատապարտվել: Կան երիտասարդ, առաջադեմ, լիբերալ փաստաբաններ, որոնք պաշտպանում են այն տեսակետը, որ երկրի դատական համակարգը պետք է բարեփոխել: Սակայն դա հեշտ բան չէ: Իշխող «Արդարություն եւ զարգացում կուսակցությունը» այս հարցում անորոշ տեսակետ ունի: Նրանք հակված են ռեֆորմներ անելուն, բայց արագ գործի անցնելու համար անհրաժեշտ քաջությունը չունեն»:

Այսպես Հրանտ Դինքի սպանության եւ դատավարության գործը եւ Հայոց ցեղասպանության հարցի շուրջ քննարկումները համընկան եւ հավաստեցին, որ թուրքը մնացել է թուրք եւ, անգամ եվրադեմք ընդունած, մնալու է այդպիսին… Մարդասպան, առավելապես՝ հայասպան:

Ֆրանսիայի Սենատում ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման փաստը նոր ճանապարհ բացեց Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում, սակայն դեռ խնդիր կա՝ եկավ նոր սպասման ժամանակը, քանզի ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի պաշտպանության հարցը հանձնված է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդին: Անկարան կարողացավ Ֆրանսիայի Սենատի անդամների միջոցով առժամանակ կասեցնել նախագահ Սարկոզիի կողմից օրենքի ստորագրումը, ինչը տարբեր տարակարծությունների տեղիք տվեց: Բայց շուտով ամեն բան կպարզվի: Այդպես էլ այս վճռական պահին հայկական հասարակական եւ պետական կառույցները չկարողացան հաղթահարել սեփական բարդույթները առաջացած խնդրի վերաբերյալ, որի արդյունքում հայ հասարակությունը զրկվեց ճշգրիտ կողմնորոշվելու եզակի հնարավորությունից:

Ֆրանսիայում ստեղծված Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ‘Արմենակ Աբրահամյանը եւս հանդես է եկել հայտարարությամբ՝ մասնավորապես նշելով, որ «նախագահ Նիկոլա Սարկոզին քննադատեց այդ օրինագծի դեմ հանդես եկած մի շարք նախարարների եւ իր դժգոհությունը հայտնեց այդ օրինագծի չեղյալ հայտարարման պահանջով Սահմանադրական խորհուրդ դիմելու փաստի առթիվ եւ հայտարարեց, որ եթե Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական որակի հունվարի 23-ին Սենատի հավանությանն արժանացած փաստաթուղթը, ապա իրենք կպատրաստեն մեկ այլ օրինագիծ եւ կներկայացնեն խորհրդարանի հաստատմանը: Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը մշտապես խոսել եւ այս վճռական պահին նույնպես խոսում է Արեւմտյան Հայաստանի հայերի պատմական իրավունքների մասին, որի մեկ մասն էլ կազմում է հունվարի 23-ին Սենատի հավանությանն արժանացած փաստաթուղթը»:

Ինչպես Հայ Արիական միաբանությունն է իր հայտարարությամբ համադրել հայկական պահանջատիրության հարցը, այնպես էլ շատ այլ հայկական կազմակերպություններ վստահ են, որ Հայոց ցեղասպանության դատապարտմանը պետք է հետեւեն համալիր այլ հարցեր, ինչպես՝ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների, այնպես էլ մարդու համապարփակ իրավունքների պաշտպանության, Արեւմտյան Հայաստանի հողերի պահանջատիրության առումով: Նշենք նաեւ, որ ելնելով ստեղծված իրադրությունից, Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը համապատասխան լիազորություններով օժտել է փաստաբան Ֆիլիպ Գրիգորյանին, «Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի կողմից՝ դատական հայցով դիմելու Ֆրանսիայի Հանրապետության Սահմանադրական խորհուրդ»:

Մինչ  Ֆրանսիայում, Հայաստանում եւ Թուրքիայում ու Ադրբեջանում կրքերը բորբոքվում են, ԱՄՆ-ում փորձեր նախաձեռնվեցին հանդարտեցնելու դրանք: Եվ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Թուրքիային թուրքանման… օճառվելով հայտարարեց, թե Հայոց ցեղասպանության հարցը պատմաբանների խնդիրն է: Այս երգված երգը այլեւս չի զարմացնում, հատկապես, երբ դա երգվում է ազատության անվան տակ ամեն ինչ ու ամեն բան առնող-ծախող մի անբարո երկրի կողմից, որը ԱՄՆ-ն է… ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները իհարկե բացատրություն պահանջեցին եւ հենց նախագահ Բարաք Օբամայից, ով խոստացել էր ընտրվելու դեպքում սատարել Հայոց ցեղասպանության ճանաչմանը… Ասում են՝ նոր ընտրություններում եւս պատրաստվում է խաղալ հայերի զգացմունքների հետ…

Բայց ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամներ եւ Ամերիկայի հայկական համագումարը իրենց տարակուսանքն ու անհանգստությունն են արտահայտել Հայոց ցեղասպանության վերաբերյալ պետքարտուղարի մեկնաբանությունների առիթով: Այդ կինը պատասխանելով Հայոց ցեղասպանության, եւ վերջերս Ֆրանսիայում դրա ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման վերաբերյալ հարցին, մասնավորապես նշել է. «Ես կարծում եմ ճիշտ կլինի ասել, որ այս հարցը միշտ էլ դիտվել է ավելի որպես պատմական վիճաբանություն եւ հետեւություն, քան՝ քաղաքական: Եվ իմ կարծիքով՝ դա Միացյալ Նահանգների կառավարության կողմից որդեգրած ճիշտ դիրքորոշում է, քանի որ որքան էլ սարսափելի եւ հուզումնառատ լինեն այդ իրադարձությունները, այս պատմական խնդիրն իշխանական ուժերի միջոցով լուծելը մի շատ վտանգավոր դուռ է բացում»…

Ամերիկայի հայկական համագումարն իր նամակում պետքարտուղարին եւ նախագահ Օբամային, նաեւ Կոնգրեսի բոլոր անդամներին կոչ է արել միանալ Քլինթոնին ուղղված նամակին, որպեսզի նա հրաժարվի իր անբարենպաստ հայտարարությունից: Նամակը նաեւ կոչ էր անում Օբամայի վարչակազմին միանշանակորեն հաստատել Հայոց ցեղասպանության փաստը ապրիլի 24-ին եւ հաստատակամորեն ճանաչել ցեղասպանությունը. «Պետքարտուղար Քլինթոնի պատասխանը անհիմն է եւ պահանջում է կտրուկ հստակեցում: Պարոն նախագահ, եկել է ժամանակը կատարելու Ձեր քարոզարշավի խոստումը եւ միանշանակորեն հաստատել Հայոց ցեղասպանության եղելությունը»:

Կարծում ենք՝ Հիլարիին հարկ է նաեւ հիշեցնել, որ իր ամուսնու, այն ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնին եւ նրա օգնական Մոնիկա Լեւինսկուն ամերիկյան ազատ սեռական իրավունքից օգտվելուց «բռնելու» ժամանակ, հայերը նրան խորհուրդ չտվեցին դիմել պատմաբաններին կամ սեռաբաններին… Չնայած խնդիրը համաամերիկյան եւ համաշխարհային հնչեղություն ստացավ… Իսկ գուցե պատմությունը «ապացուցի՞», որ հենց այդպես էլ պիտի աներ ԱՄՆ նախագահ Քլինթոնը…

1915-1923թթ. 1,5-3 մլն. հայ է կոտորվել իր իսկ հայրենիքում՝ Հայաստանում, հարյուր հազարավոր կանայք ու աղջիկներ են բռնաբարվել, հարյուր հազարավոր մանուկներ ու անօգնական մարդիկ են սրի քաշվել, հարյուր հազարավոր հայ երեխաներ են «թրքացվել»… հայերը հայրենիքի տարածքների եւ ունեցվածքի զգալի կորուստ են ունեցել…

Եվ  սա դեռ պատմաբանները պետք է ապացուցե՞ն: Այս ամենը նո՞ր պիտի որակեն ցեղասպանություն… Իսկ Հիլարին չի ամաչու՞մ, որ Սադամ Հուսեյնին կախաղան բարձրացնելուց առաջ, պատմաբանների փոխարեն նրան դահիճ է անվանել, Իրանի եւ Սիրիայի իշխանություններին այսօր անմարդկային է կոչում… Եվ այսպես լիքը բաներ կան ու դեռ լինելու են… Եվ Հայ Արիական միաբանությունը արդարացի զայրույթ եւ հայտարարություն է տարածել հենց այս եւ այլ հիմնավորումներով (տե՛ս ստորեւ*):

Ո՞վ է Հիլարին, կամ իր նմանները, որ արդեն պատմական ակնհայտ փաստը վիճարկելու իրավունք են տալիս: Պատմաբաննե՞րն են իրենց ասել, թե՞ բարեկամ Թուրքիան: Իսկ գուցե ԱՄՆ խոստումնազանց նախագա՞հը…

Այս ամենը թուրքերին մի պահ այնքան լկտիացրեց, որ Թուրքիայի Եվրաինտեգրման հարցերով նախարար Էղեմեն Բաղըշը հունվարի 30-ին Ցյուրիխում հայտարարել էր. «1915թ. դեպքերը ցեղասպանություն չեն: Թող գան ու ձերբակալեն ինձ»՝ նկատի ունենալով Ֆրանսիայի արդարադատությանը: Բայց նա «մոռացել» էր, որ Շվեյցարիայում Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտումը արդեն քրեորեն հետապնդելի արարք է համարվում, եւ այդ երկրում դեռ 2007թ. կայացվել էր դատավճիռ Թուրքիայի «Աշխատավորական կուսակցության» նախագահ Դողու Փերինչեքի նկատմամբ, ու դատարանը սահմանել էր 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի եւ 20 հազար եվրո տուգանքի պատժաչափ:

Պետնախարար Էղեմեն Բաղըշի դեմ Շվեյցարիայում եւս հետաքննություն է սկսվել: Ցյուրիխի դատախազ Քրիստին Բրաունշվեյգը տեղեկացրել է, որ նման հայտարարությունը, ըստ Շվեյցարիայի քր.օրենսգրքի 261 հոդվածի, բնութագրվում է ռասսայական խտրականության հատկանիշներով եւ կարող է համապատասխան մեղադրանք առաջադրվել: Միայն թե այս պարագայում դիվանագիտական անձռմխելիության հարցն է մեջտեղ գալիս, որը պետք ուսումնասիրվի: Սա իսկապես հավաստում է, որ Շվեյցարիան հետամուտ է իր որոշումներին: Ահա հենց սրանից էլ վախենում են թուրքերը: Հիմա նաեւ Սլովակիան, շուտով գուցե Ֆրանսիան կդառնան «թուրքական վտանգավոր գոտիներ», ինչը կարող է տարածվել եվրոպական համագործակցությունում:

Ինչեւէ, Անկարայում Շվեյցարիայի դեսպան Ռայմոնդ Կունցը հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ այն բանից հետո, երբ շվեյցարացի դատախազ Քրիստին Բրաունշվայգը վարույթ է սկսել Թուրքիայի Եվրաինտեգրման հարցերով նախարար Էղեմեն Բաղըշի դեմ: Իսկ թուրք պաշտոնյայի դեմ գործ հարուցելու համար հիմք է դարձել Շվեյցարիայի հայ համայնքի կողմից ներկայացված բողոքն այն մասին, որ պաշտոնյա թուրքը խախտել է Շվեյցարիայի քրեական օրենսգրքի՝ ազգայնամոլության դեմ պայքարի 261-րդ հոդվածը: «Հիմա մենք քննելու ենք Հայոց ցեղասպանութունը ժխտելու մասին Էգեմեն Բաղըշի արտահայտությունը: Կուսումնասիրենք նաեւ նրա դիվանագիտական անձեռնմխելիության հետ կապված հարցը»,- ասել է շվեյցարացի դատախազը:

Դառնալով ԱՄՆ-ում ընթացող ծավալումներին, նշենք, որ մի շարք կոնգրեսականների պահանջը պետքարտուղար Քլինթոնից՝ վերանայել իր դիրքորոշումը  Հայոց Ցեղասպանության հետ առնչվող, դեռ բաց է մնում, իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուի այցը ԱՄՆ, հաստատ կապված է Հայոց ցեղասպանության չճանաչման վերաբերյալ բանակցությունների հետ: Կոնգրեսականներին նաեւ հետաքրքրում է, թե Դավութօղլուն ինչ միջոցներով է պատրաստվում ամերիկացիներին համոզել՝ ցեղասպանության ժխտումը քրեականացնող հոդվածը չքննարկելու համար:

Թուրքիայի հետ ներկայիս անկանոն հարաբերությունները Թել Ավիվին եւս ստիպել էին վերստին արծարծել հայոց ցեղասպանությյան հարցը: Ինչը կարծես հետընթաց է ունենում: Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը առաջին անգամ հրապարակայնորեն դեմ է հանդես եկել «Երուսաղեմի կողմից հայերի ցեղասպանության ճանաչման գաղափարին»: RTV հեռուստաալիքի հետ զրույցում նա իր դիրքորոշումը պայմանավորել է Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության խաթարման սպառնալիքով:

Այսինքն ստացվում է՝ Վաշինգտոնի համար արդարությունը զիջում է Թուրքիայի հետ հարաբերություններին, իսկ Թել Ավիվի համար՝ Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությանը… Այ հենց սա է ներկայիս «քաղաքակրթության» իրական դեմքը:

Իսրայելի ԱԳ նախարարն ասել է. «Իսրայելն իր հիմնադրման օրից չէր համաձայնում որեւէ այլ պատերազմի կամ ողբերգության բնորոշման համար Հոլոքոստ տերմինն օգտագործել: Մենք կարծում ենք, որ այն, ինչ ապրել են հրեաները 2-րդ համաշխարհայինի տարիներին չի կարող համեմատվել ոչ մի բանի հետ: Այլ հակամարտությունները կամ Աֆրիկայում, Ասիայում, Բալկաններում տեղի ունեցած ջարդերը տերմինաբանության միջոցով հերթական Հոլոքոստի վերածելը մենք չենք ընդունում… Մենք հանդես ենք գալիս ի պաշտպանության այն գաղափարի, որ բոլոր փաստերը, պատմության բոլոր տխուր էջերը ներկայացվեն այնպես, ինչպիսին նրանք կան: Որեւէ այլ երկիր, բացի Ֆրանսիայից, օրենսդրությամբ չի ընդունել հայերի ցեղասպանությունը: Մենք չենք պատրաստվում խառնվել: Այսօր այն պատմական իրադարձություններից վերածվել է քաղաքական բանավեճի: Այդ իսկ պատճառով, չեմ կարծում, որ այս պահին Իսրայելը պետք է խառնվի այս խնդրին»:

Ըստ հրեա նախարարի ուղեղի ծալքերի տրամաբանության՝ Ցեղասպանություն լինում է միայն Եվրոպայում եւ միայն հրեաների հետ… Աֆրիկայում, Ասիայում, Բալկաններում… եւ Արեւմտյան Հայաստանի տարածքում միայն պատմական «տխուր էջեր» կարող են գրվել…

Եթե ԱՄՆ պետքարտուղարի եւ Իսրայելի ԱԳ նախարարի ուղեղի ծալքերը հաշվենք, այս դեպքում գոնե ամերիկուհին մի ավել ծալքով կհաղթի…

Անսպասելի չէր արդեն, որ Իսրայելի Կնեսետի կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովը խոսնակի խնդրանքով Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծի քննարկումը հետաձգել է մինչեւ դեկտեմբերի  կեսերը, քանի որ Կնեսետի խոսնակ Ռեուվեն Ռիվլինը ցանկություն է հայտնել ներկա լինել այդ նիստին: Նախնական տվյալներով, հանձնաժողովի անդամների մեծ մասը դեմ է հանդես գալիս Հայոց ցեղասպանության ճանաչմանը: «Ոչ մի շանս չկա, որ Կնեսետը կընդունի ցեղասպանությունը, դա անհնար է: Մենք չենք կարող թույլ տալ, որ 100 տարի առաջ տեղի ունեցած պատմական վիճելի հարցերի պատճառով փչացնենք մեր հարաբերությունները մահմեդական աշխարհում մեր գլխավոր ռազմավարական գործընկերոջ՝ Ադրբեջանի հետ»,- ասել է ԱԳ փոխնախարար Դանի Այալոնը:

Այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծն ընդունեց, Ֆրանսիայի դեսպանը Անկարայում՝ Լողանտ Բիլին,  իր առաջին հարցազրույցում նշեց. «Հասկանալու համար, թե ինչ էր պատահել 1915թ., պիտի ուշադրություն դարձնել այն փաստին, որ թուրքերը նույնպես Օսմանյան կայսրության հետ կապված ցավոտ հուշեր ունեն: Թուրքերին արտաքսել էին Բալկաններից եւ Կովկասից, որից հետո 2,5 միլիոն թուրք սպանվել էր Օսմանյան կայսրության փլուզումից հետո»: Ֆրանսիայի դեսպանը Անկարայում հաշտության քայլեր է անում եւ հայտնել է, որ իր երկրում մարդիկ չգիտեն, որ «թուրքերն այն ժամանակ կորցրել են 2,5 միլիոն բնակչի, երբ Օսմանյան կայսրությունը փլուզվեց, մինչ մենք կորցրեցինք 1,6 միլիոն 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ ամբողջ աշխարհում»: Բայց Թուրքիան նաեւ պետք է գիտակցի, որ Ֆրանսիան շատ ու շատ հայերի տունն է հանդիսանում: Հիշելով նրանց ցավերը, զանգվածային զոհերը, Հայոց ցեղասպանությունը դարձել են Ֆրանսիայի պատմության մի մասը:

Հայ-թուրքական հարաբերություններում կամուրջ կառուցելու համար էլ դեսպանն առաջարկել է ֆրանսիայում բնակվող հայերին այցելել Թուրքիա: Նրա կարծիքով հայերը չգիտեն, թե որքան են փոխվել թուրքերը… (Հասկացանք՝ դիվանագիտությունը դիվանագիտություն, բայց չափերն էլ պետք է պահպանել… թուրքին մինչեւ ուղնուծուծը հենց հայը գիտի – Ա.Ա)…

Եվրոպայի հայկական միությունների ֆորումից հայտնում են, որ Սլովակիայի Ազգային Խորհուրդի  արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հայտնի քաղաքական գործիչ Ֆրանտիշեկ Շեբեյը հանդիպել է ԵՀՄՖ-ի եւ Սլովակիայի հայկական համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ, որի ընթացքում քննարկվել են Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի ընդունման հարցերը: Կողմերը հանգել են այն եզրակացության, որ Սլովակիայի ԱԽ-ի կողմից 2009թ. ընդունված օրենքը, որի քննարկումներին Շեբեյը չի մասնակցել, այդ ժամանակվա խորհրդարանի անդամ չլինելու պատճառով, չափազանց կարեւոր են արդարությունը վերականգնելու եւ Հայոց ցեղասպանությունը ու Հոլոքոստը մի հարթության վրա բերելու նպատակով:

Ըստ Շեբեյի, դա առաջին հերթին անհրաժեշտ է հրեա ժողովրդի համար, քանի որ դրանից Հոլոքոստի ողբերգությունն առավել կընդգծվի, իսկ Իսրայելի Կնեսետում մոտալուտ ժամանակներս Հայոց ցեղասպանության ընդունման հարցը պետք է լուծում ստանա: Սլովակ գործիչը նշել է, որ Սլովակիայի ԱԽ-ն 2004 եւ 2009 թթ. իր հայտնի որոշումներով հարգանքի տուրքն է մատուցել Թուրքիայի վայրագ, ապամարդկային գործուղություններից տուժած հայ ժողովուրդին: Ըստ Շեբեյի, Թուրքիան բացարձակ տեղ չունի եվրոպական ընկերակցության մեջ…

Արամ Ավետյան

Հ.Գ. – Նշենք նաեւ, որ ՌԴ «Սոչիի հայերի միություն» կազմակերպությունը նախաձեռնել է համառուսաստանյան ստորագրահավաք՝ կոչ անելով ՌԴ պետդումայի պատգամավորներին՝ ընդունել հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ:

«Երկրամաս» թերթը հայտնում է, որ ստորագրահավաքն արդեն ընդգրկել է ռուսական ավելի քան 22 շրջաներ, «նախնական տվյալներով՝ ստորագրահավաքին մասնակցել են 28 ՀԿ-ներ, 5 հրատարակչական կազմակերպություններ, 13 տեղեկատվական ռեսուրսներ»:

* * *

* Հայերը ոչ միայն զանգվածաբար ոչնչացվել են, այլեւ՝ հայրենիք են կորցրել…

Հայ Արիական Միաբանությունը իր զայրույթն է հայտնում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանի հակահայ հայտարարությունների համար:

Զանգվածային լրատվամիջոցները հավաստում են, որ ԱՄՆ պետքարտուղարը Հայոց ցեղասպանության դատապարտումն ու ժխտողականությունը համարում է պատմաբանների գործը եւ իր երկրի նախագահ Բարաք Օբամայի հետ հրաժարվում է կատարել ամերիկահայերին տրված նախընտրական խոստումը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

Իսրայելի ԱԳ նախարարը ավելի հեռուն է գնացել՝ տեսակետ հայտնելով, որ այն, ինչ ապրել են հրեաները 2-րդ համաշխարհայինի տարիներին, չի կարող համեմատվել ոչ մի բանի հետ, եւ այլ տարածքներում տեղի ունեցած ջարդերը տերմինաբանության միջոցով հերթական Հոլոքոստի վերածելը իրենք չենք ընդունում…

Ամերիկուհին դեմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը, քանի որ դա վնասում է Թուրքիայի հետ հարաբերությունները, իսկ իսրայելցին դեմ է «2-րդ Հոլոքոստի» գոյությանը, քանի որ դա կխանգարի Ադրբեջանի հետ ռազմավարական գործընթացներին…

Հայ Արիական Միաբանությունը դիմում է ՀՀ իշխանություններին՝ ամերիկա-իսրայելական այսօրինակ կեցվածքի շարունակականության դեպքում հրաժարվել այդ երկրների հետ համագործակցությունից եւ ՄԱԿ-ում ու եվրակառույցներում բարձրացնել հետեւյալ հարցերը.

1. Ի՞նչ իրավունքով են ԱՄՆ-ի իշխանությունները, առանց պատմաբանների թույլտվության, դատապարտել Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնին եւ կախաղան բարձրացրել նրան:

2. Ի՞նչ իրավունքով են ԱՄՆ-ի իշխանությունները, առանց պատմաբանների թույլտվության, սպանել «Ալ Քաիդա» խմբավորման ղեկավար Բեն Լադենին, երբ տարիներ անց հնարավոր է պատմությունն այլ բան ապացուցի…

3. Ի՞նչ իրավունքով են ԱՄՆ-ի իշխանությունները, առանց պատմաբանների թույլտվության, Իրանի եւ Սիրիայի վարչակարգերին համարում մարդկության թշնամիներ, երբ իրենք են արաբական երկրները, Աֆղանստանը, Սերբիան եւ այլ պետություններ ռմբահարելու եւ անմեղ մարդկանց սպանելու հրամաններ արձակել եւ դեռ արձակում են… Իսկ պատմաբանները նաեւ այլ եզրակացություններ են տալիս:

4. Ի՞նչ իրավունքով են Իսրայելի իշխանությունները, առանց պատմաբանների թույլտվության եւ Ադրբեջանի շահերը հաշվի առնելու, ռմբահարում Պաղեստինը եւ ձերբակալում ու սպանում շատ արաբների: Պատմաբանները այլ բան են ասում, իսկ Ադրբեջանը ճանաչում է Պաղեստինի անկախությունը…

5. Ի՞նչ իրավունքով են Իսրայելի իշխանությունները, առանց պատմաբանների թույլտվության, թմբկահարում «Հոլոքոստի եզակիության առասպելը», երբ հարյուր հազարավոր մարդիկ են շարունակում սպանվել ու խոշտանգվել…

Կարելի է այս ցանկը շարունակել, բայց այսքանն էլ բավական է զգուշացնելու, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը դեմ գնալով մարդկային արդարության հաստատմանը, նախընտրում են թուրքի եւ ադրբեջանցու հետ բարեկամությունը: Իսկ ինչ մնում է «2-րդ Հոլոքոստին», ապա եթե հրեաներին սպանել են Եվրոպայում, ապա հայերին սպանել են իրենց հայրենիքում, եւ հայերը ոչ միայն զանգվածաբար ոչնչացվել են, այլեւ՝ հայրենիք են կորցրել…

Սա զգուշացում է համայն հայությանը՝ համարժեք պատասխաններ տալու:

Հայ Արիական Միաբանություն – 07.02.2012թ.
Հայոց Ցեղասպանությունը բնութագրվում է Գենոցիդ տերմինով
 

Ըստ որոշ հրապարակումների, Իսրայելի արտգործնախարար Լիբերմանը ասել է, որ Հոլոքոստ տերմինը կիրառելի չէ Հայոց ցեղասպանության առումով, մոռանալով Հիտլերի խոսքերը «թե ով է այժմ հիշում հայերի ջարդերը»: Հարցի վերաբերյալ Ազգային ժողովի կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ պարզաբանում խնդրեցին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից:

Եվ նախարարը նկատեց, թե որեւէ մեկը Հոլոքոստ տերմինը չի կիրառում Հայոց ցեղասպանությունը բնութագրելու համար: «Հայոց ցեղասպանությունը բնութագրվում է Գենոցիդ տերմինով: Եվ ոչ միայն այն պատճառով, որ տասնյակ երկրների եւ մի շարք միջազգային կազմակերպություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Երբ Ռաֆաել Լեմկինը առաջին անգամ առաջարկեց Գենոցիդ տերմինը՝ նա հիմնվում էր հենց Հայոց մեծ Եղեռնի օրինակի վրա: Հետագայում այդ տերմինը սկսվեց կիրառվել տարբեր միջազգային ատյանների կողմից տարբեր միջազգային փաստաթղթերում»,- ասել է Նալբանդյանը:

Նա հիշեցրել է, որ Երուսաղեմի Հոլոքոստի եւ Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Իսրաել Չարնին ասել է, որ Իսրայելը պետք է վերջ դնի իր բառախաղին եւ վերջապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Չարնին ինչ-որ քաղաքական հաշվարկներով չի առաջնորդվել, երբ այդպիսի բան է ասել: Իսրայելում բոլորն էլ լավ գիտակցում են, որ Չարնին լավ գիտի, թե ինչ է նշանակում Հոլոքոստ եւ Ցեղասպանություն»,- ասել է Նալբանդյանը:

«Լուսանցք» թիվ 5 (226), 2011թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։