ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԻՆ

ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԻՆ

Կուզեմ ըլլա քու մարմարիո’նըդ պեղված
Ոլիմպիոսի ամենեն խոր արգանդեն.
Եվ իմ մուրճիս տակ ըզգենու հըրեղեն
Միս մը կընոջ, լույսով, տենդով սըրարբած:

Աչքերդ ըլլան վիհեր՝ ուր մարդ երբ սուզի՝
Հավերժին մեջ անմահացած ըզգա զինք.
Գիծերդ անե’ղծ ըլլան, ըլլան քու ըստինք
Դաշնակություն մ’ուր կենսահյութը հուզի.

Մերկ ըլլաս դուն բանաստեղծի մ’հոգվույն պես,
Եվ հեթանոս այդ մերկությանըդ ներքև
Տառապի’ մարդն ու չըկրնա դըպչիլ քեզ:

Թե հարկ ըլլա զոհ մը ընել քեզ պարգև,
Բագինիդ ե’ս պիտի ուզեմ մորթըվիլ՝
Որպեսզի կուճդ ըմպե արյանս հուսկ կաթիլ:

Դանիել Վարուժան


Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։