Վասն սթափության

Հավատը բազմիցս է մեզ ոտքի հանել:

Ոտքի ենք ելել, նոր նեղությունը վանելու համար ինչ-որ բան արել ու մեր արածից այնպես զարմացել, որ հավատ շարժող Գերագույն Ուժը չենք էլ զգացել:
Փոքր արածի մեծ ապրումներով Գերագույն Ուժից շատ ենք հեռացել: Հետո նորից ենք ժամանակի մեջ ընդարմացել: Հավատի քաղցին կրկին մոտեցել, երկնքին կրկին մուրացել: Հետո Զորավոր մեր Անհատների խոսքերի առջեւ ականջ ենք բացել, հավատով լցվել, գործի մի չնչին մասը կատարել ու ընդարմացել:

Եվ այդպես՝ բազմիցս: Եվ այդ անգամները վկայություն են, որ «հավատք» կոչվածը իրեն հակառակ ինչ-որ բան ունի:

Կատարյալ միջոց լինելու դեպքում «հավատք» կոչվածը գեթ մեկ անգամից պետք է որ բոլոր հարցերը լուծեր: Մինչդեռ, որքա՜ն նոր խնդիրներ…

Եվ մի՞ թե Ճշմարտությունը պայմանավորված է հավատքի առկայությամբ կամ բացակայությամբ:

Մի՞թե հավատքի պակասից կամ բացակայությունից Ճշմարտությունը կարող է դադարել գոյություն ունենալ:

Ներաշխարհի ճշմարտության քաղցից է, որ հավատքի խնդիր է առաջանում: Եվ այդ քաղցը նույնպես կրում է սովորական քաղցի բոլոր օրինաչափությունները:

Մի ժամանակ մարդիկ իրենց հանապազորյա հացի խնդիրը աստծուն չէին վերագրում:

Սովին չտրվելու համար կամ սնունդ էին ստեղծում կամ էլ ստեղծողին էին թալանում:

Ստեղծողներն էլ թալանին աշխատում էին պատրաստ լինել, որ եկող տարի առավել չչարչարվեն: Հետո հայտնվեցին խորամանկ մարդուկները, որոնք Դիցազներին ուժով չափվելու մարտահրավեր արին եւ առաջարկեցին քարից ջուր քամել:

Դիցազներն էլ առաջինը մզեցին քարերը, բայց փոշի ելավ, այլ ոչ թե ջուր:

Էս մարդուկներն էլ պանիրը քարի տեղ քամեցին ու հպարտությամբ իրենց հաղթող հռչակեցին:

Դիցազներն էլ որոշեցին այդ պիղծերի համար այլեւս գործ չանել ու փակվեցին ագռավաքարերում:

Այդ մարդուկները չհասկացան էլ, որ Դիցազները իրենց հակառակորդ չընդունեցին եւ այդ պատճառով ոտքի ճկույթի տակ չտվին:
Դրանք են, որ մինչ այժմ հավատի մոմեր են վաճառում:

Մոմերը վաճառվում են, որովհետեւ գնորդների երեւակայություն կոչվածը աստծուն կաշառելու սին պատկերներ է նկարում:
Արդյո՞ք սուտը չէ «հավատք» կոչվածի միակ սպառողը:

Արդյո՞ք սուտը չէ հավատքի համար իրեն պատռողը:

«Հավատք»՝ նշանակում է ոչ թե մեկ, այլ շատ:

Եվ այդ հավատներն են, որ մարդկանց ավելի շատ տրոհում են, քան միավորում:

Արդյո՞ք դեռեւս եղել է մի մարդ, որն իր հավատով ցամաքեցրել է աղբյուրը բոլոր տառապանքների:

Եթե եղել է, ապա շատ վաղուց չպետք է լիներ գեթ մեկ տառապող:

Արթնացի՛ր Հայ Մարդ:

Քո Ազատ Նախնիք չէին տառապում: Ու տառապանքը որպես հոգեւոր կատարելացում՝ չէին կտակում: Երգելով էին Նրանք կառուցում տուն ու դպրոց, բերդ ու ամրոց:

Թափ տուր Ոգիդ տառապանքի հառաչներից:

Թափ տուր միտքդ  հառաչանքի շառաչներից:

Փորձիդ հավատա:

Արդեն կատարած գործիդ հավատա:

Անդրանիկ Աթոյան

ՀԱՄ լիազոր ներկայացուցիչը ՌԴ – ում

* * *

«Նոյան տապան»-ի ոդիսականը

Հաղթանակ զբոսայգում «Նոյան տապան»-ի կառուցման հարցում հստակ որոշում չկա: Եթե որոշվի, որ կառուցվելու է, նախքան աշխատանքները կկազմվեն նախագծա-նախահաշվարկային փաստաթղթեր: Դեռեւս պարզ չէ, թե կառույցի սեյսմիկ ռիսկայանությունն ինչպես կլինի: Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը ասել է, թե սեյսմիկ տեսանկյունից վտանգավոր է ժայռի վրա նման շինություն կառուցելը: Տարածքը գտնվում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ, հետեւաբար քաղաքապետարանը պետք է վերջնական որոշում կայացնի:

Հիշեցնենք, որ մի խումբ մտավորականներ, գիտնականներ են հանդես են եկել այդ առաջարկով՝ Արարատ լեռան դիմաց, կառուցել «Նոյան տապան» պատմամշակութային գիտակրթական համալիր:  

Հիշեցնենք նաեւ, որ նման առաջարկով տարիներ առաջ կառավարությանը դիմել էր Հայ Արիական միաբանությունը, բայց՝ Արարատի մարզում դա կառուցելու համար: Անգամ գծագրերն ու հայոց հնագույն պատմության ներկայացման ծրագրերն են հրապարակվել…

Կարեն Բալյան

Հ.Գ. – «Նոյան տապանի» կառուցման գաղափարը եւ առաջարկները հայ արիներն արել են եւ՛ ՀՀ խորհրդարանին եւ՛ կառավարությանը, զլմ-ներով մեկ անգամ չէ, որ արծարծվել է: Բայց լռություն էր…

Անահիտ Աստվածուհու ոսկեձույլ արձանի բեկորները Հայաստան բերելու համար եւս հայ արիները պաշտոնապես դիմել են ՀՀ նախագահին եւ մշակույթի նախարարից պատասխան են ստացել, որ դա առայժմ հնարավոր չէ… 2004թ.-ից 2 անգամ ՀԱՄ-ը փորձել է գոնե պետական մակարդակով դիմելու հարցը կազմակերպվի, բայց ապարդյուն… Հիմա ՀՀ ԿԳ նախարարը «գործ է բացել» Մայր Անահիտի արձանի բեկորները բերելու համար, կարծես այն տարիներին տեղյակ չէր ՀԱՄ առաջարկին…

Մի քանի անգամ հայ արիները դիմել են նաեւ Երեւանի Նժդեհի հրապարակում հայ կոմունիստի արձանը մեծ հայորդու արձանով փոխարինելու համար, նորից ձայն չկա… Նժդեհական Հանրապետականը լռում է… Երեւի մի ընտրարշավի ժամանակ էլ այդ հարցը կբարձրացնեն, մոռանալով նախկին դիմողներին…

«Լուսանցք» թիվ 6 (227), 2011թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.