ՁՈՆ

ՁՈՆ

Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.
-Քեզի ընծա˜, իմ հայրենիք –
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…
-Քեզի ընծա˜, հին հայրենիք –
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող լու’յս ելաներ:

Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
-Ձեզի ընծա˜, հայ պանդուխտներ –
Ան տարաշխարհիկ բույսի մ’’էր ծըղոտ…
-Ձեզի ընծա˜, հեգ պանդուխտներ –
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո’ղբ ելաներ:

Եղեգնյա գըրչով երգեցի արյուն.
-Ձեզի ընծա˜, սուրի զոհեր –
Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն…
-Ձեզի ընծա˜, կրակի զոհեր –
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի’րտս ելաներ:

Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
- Քեզի ընծա˜, հայր ալեհեր –
Ցամաքած աղբյուրեն մեր զայն հոտեցի…
-Քեզի ընծա˜, մայր կարևեր –
Եղեգնյա գըրչով օճախս երգեցի.
Ընդ եղեգան փող ծու’խ ելաներ:

ՈՒ պայքա˜ր, պայքա˜ր, պայքա˜ր երգեցի.
-Ձեզի ընծա˜, հայ մարտիկներ –
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…
-Ձեզի ընծա˜, քաջ մարտիկներ –
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո’ց ելաներ:

Դանիել Վարուժան


Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։