Բարեկամների եւ հակառակորդների ժամանակը

Եվ  պետք է հաշվի առնել՝ ո՞վ է ի՛նչ ասում  ու ի՞նչ է ասե՛լ  նախկինում

Ժամանակին միասին գործած եւ աշխատած ընդդիմադիրներն ամիսներ առաջ անհամաձայնություններ ունեցան եւ պառակտվեցին:  Ավելի ստույգ՝ ՀԱԿ-ից հեռացան քաղաքական ու տնտեսական կարկառուն ՀՀՇ-ական դեմքեր եւ հիմնեցին «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Այսպես ՀԱԿ-ը տապալեց ոչ միայն միասնական ընդդիմություն ստեղծելու գաղափարը, այլեւ՝ իշխանական կոալիցիայի հետ բանակցությունները: Այս ամենը միայն զգալիորեն պակասեցրեց կոնգրեսականների շարքերը, եւ հավատն էլ նրանց նկատմամբ զգալիորեն պակասեց: Կոնգրեսը թերեւս միասնական ընդդիմություն ստեղծելու փորձեր էլ չարեց, պարզապես ակնկալում էր, որ բոլոր ընդդիմադիրները պիտի «սուսուփուս» գան եւ անդամագրվեն ՀԱԿ-ին: Իսկ դա անհնարին բան էր, քանզի ՀԱԿ-ը առ այսօր դիտարկվում է ՀՀՇ-ի ժառանգորդը, չնայած մեկ տասնյակից ավելի կուսակցություններ կան կոնգրեսի կազմում, եւ ընդգծված ազգային, ավելին՝ ազգայնական ուղղվածությամբ քաղաքական ուժերը երբեք չէին կարող եւ չեն անդամակցի ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կառույցին:

Այժմ էլ, երբ  կարծես մնացել են համակիրներով, միեւնույնն է՝ ՀԱԿ անդամները դժգոհ են ԱԺ ընտրությունների հետ կապված ցուցակի շուրջ Լ. Տեր-Պետրոսյանի որոշումներից: Լրատվամիջոցները արձանագրել են, որ 2011թ. վերջին ՀԺԿ նախագահ եւ ՀԱԿ անդամ Ստեփան Դեմիրճյանը պնդում էր, թե գարնանամուտին ընդդիմադիր ալիքի սրացում է լինելու, սակայն ՀԱԿ-ի հանրահավաքային տրամադրությունը սառել է: Եվ սա ոչ թե ձմռան ցրտերից է, այլ ՏԻՄ ընտրություններում կրած անհաջողությունից, հատկապես Սասուն Միքայելյանի՝ Հրազդանում կրած պարտությունը խիստ թեւաթափ է արել նրանց: Ինչեւէ, ընտրացուցակի 1-3 տեղերը նախատեսվում են Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ստեփան Դեմիրճյանի եւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի համար: Բայց կարծես 2-րդը լինելու ցանկությունը շատերին է ստիպելու ընդվզել: Ա. Սարգսյանը անգամ հայտարարել է, թե իրեն պատգամավորական մանդատ պետք չէ, ինչը դիտարկվում է ընդվզում: Ընդվզում են նաեւ ՀԱԿ այլ կուսակցությունների ներկայացուցիչներն ու ՀՀՇ-ականները:

Դժվարին իրավիճակ է հատկապես ՀԱԿ անդամ ՍԴՀԿ-ում: Երկու մասի պառակտված հնչակյանները, ատենապետներ Լյուդմիլա Սարգսյանի եւ Գեւորգ Պերկուպերկյանի կողմնակիցների են բաժանվել: Պետական ռեգիստրը Պերկուպերկյանին ճանաչել է իբրեւ կուսակցության ատենապետ: Գ. Պերկուպերկյանը նամակով դիմել է ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանին՝ պահանջելով հանձնել կուսակցության օրինական գույքը, եւ խնդիրը կարող է դատական ընթացք ստանալ, ինչը ստիպել է ՀԱԿ-ական ՍԴՀԿ-ին մտածել ընտրացուցակում կուսակցական մասնակցության մասին, ինչը կարող է հետագայում ամբողջ ընտրացուցակի կասեցման պատճառ դառնալ:  

Սա շատ նման է ՀՌԱԿ-ի պառակտման գործընթացին, որից հետո Հարություն Առաքելյանի եւ Էդվարդ Անտինյանի կողմնակիցները կանգնել են նույնպիսի նախընտրական եւ հետընտրական վտանգի առջեւ:

Իսկ «Ազատ դեմոկրատներ»-ի մոտ դեռեւս խաղաղ է: Նրանց համագումարը կկայանա մարտի առաջին կեսին: Կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը հայտնել է, որ շարունակվում են նաեւ «Ժառանգության» կուսակցության հետ հանդիպումները: Իսկ վարչության անդամ Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել է, թե 2 կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպում են ու քննարկում ընտրություններին դաշինքով մասնակցելու հարցը:

Մարտը համագումարներով հարուստ է լինելու, նաեւ իշխանական՝ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն իրենց հիմնական քայլերը ծրագրել են մարտյան համագումարներում:

Հետաքրքիր իրադարձություններ եղան ԵԿՄ համագումարում: Գեներալ Մանվել Գրիգորյանը հայտարարել է, որ երկրապահները պետք է ակտիվ մասնակցություն ունենան առաջիկա համապետական ընտրություններին եւ որ իրենք վստահում են գործող նախագահին. «Հարգելի՛ Սերժ Ազատիչ, դուք մեր մարտական ընկերն եք, մենք հավատում ենք ձեզ»: Եվ չի բացառվում, որ երկրապահներն առաջիկա ընտրություններում սատարի ՀՀԿ-ին: Համագումարին մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանը եւ նշել, որ ԵԿՄ-ն, չլինելով քաղաքական կազմակերպություն, ունի հասարակական մեծ դեր, թեեւ նրա նկատմամբ հակասական վերաբերմունք է եղել. «Պետք է վերականգնենք այդ հավատը»: Մ. Գրիգորյանը այդ օրը հանդիսավորությամբ նախագահին հուշանվեր հանձնեց: Համագումարին ներկա էր նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Այս համապատկերին ուշագրավ էր այն լուրը, որ ՀՀՇ նախագահը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն: Արամ Մանուկյանը կանչվել է հարցաքննության: Փետրվարի 12-ին Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում թիվ 25/26 ընտրատեղամասում նա ականատես է եղել, թե ինչպես են ընտրակաշառք փոխանցում… Ոստիկանությունը գործը փոխանցել է Հատուկ քննչական ծառայությանը, եւ ՀՀՇ նախագահը պատրաստ է մինչեւ վերջ աջակցել քննչական մարմնին՝ հանցագործներին բացահայտելու ուղղությամբ:

Առավել ուշագրավ եւ հետաքրքիր էր նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի՝ ԲՀԿ անդամ դառնալը: «Սարդարապատ» շարժման անդամ Տիգրան Խզմալյանը այս առիթով ասել է, թե եթե «Օսկանյանն անդամագրվեր ՀՀԿ-ին կամ ՀԱԿ-ին՝ կծիծաղեինք, ՀՅԴ-ին՝ կլացեինք», բայց ԲՀԿ-ին անդամագրման պարագայում որեւէ էմոցիայի առիթ չի տեսնում: Ըստ Տ. Խզմալյանի, ԲՀԿ-ում ընդգրկվելը ոչ մի տարօրինակ բան չի նշանակում, այդ կուսակցության համամասնական ցուցակում լինելը նորմալ է: Մամուլում նա նշել էր. «Ոչ մի իրական կուսակցություն չկա: Անգամ Դաշնակցությունը իրականում գտնվում է արտասահմանում, այստեղ գտնվող Դաշնակցությունը ավելի շատ ինչ-որ տանիք է, խրտվիլակ: Մնացած կուսակցությունները որեւէ գաղափարախոսություն, դերակատարում չունեն՝ այն պարզ պատճառով, որ չեն ներկայացնում հասարակության որեւէ շերտ: Կարելի է, իհարկե, ասել, որ սպասարկում են վաճառականների կամ մի քանի «գերարիստոկրատների» շահը, բայց դա յուրօրինակություն չէ: Բոլորն էլ դա են սպասարկում եւ կռիվ են տալիս կերակրատաշտակի կողքը մի տեղ բացելու համար: Այնպես որ՝ ժողովրդի համար, իրական կյանքի համար Օսկանյանը կամ Սոսկանյանը, կամ էլ՝ Ոսկանյանը կլինի՞, թե՞ չի լինի՝ որեւէ առնչություն մեր իրական խնդիրների հետ՝ արտագաղթ, գնաճ, անվտանգություն, մարդկային երջանկություն, չունի»: Խոսելով ՀՀ-ում արժանապատվության ճգնաժամի մասին, նշվել է, որ ժողովուրդը չէր հանդուրժի «հանցագործ ռեժիմի 2-րդ պարագլխի (Ռոբերտ Քոչարյանի)»՝ բացեիբաց քաղաքականություն մտնելը, եւ «Օսկանյանը Քոչարյանի մարդն էր, Քոչարյանին հարող կուսակցության մեջ էլ պետք է լիներ»: Ահա թե ինչու ԲՀԿ մտնելը ծիծաղի առիթ էլ չի տալիս:

«Լուսանցք»-ը նամակներ է ստանում սփյուռքահայերից, ովքեր նույնպես կարծիքներ են հայտնում այս կամ այն նախընտրական գործընթացի եւ որեւէ քաղաքական կամ պետական գործչի նկատմամբ: ԱՄՆ-ի քաղաքացի Արդավաստ Ավագյանը (94 տարեկան, ardavast@att.net, Գլենդել, Լոս Անջելոս) ՀՀ պատգամավորներին, կուսակցություններին ու լրատվամիջոցներին ուղարկված իր էլէկտրոնային նամակում նշել է. «Հայաստանի Ազգային Ժողովի պատվարժան պատգամավոր. Չափազանց կարեւոր է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար իմանալ կուսակցությամ մեջ Վարդան Ոսկանյանի մտնելու հնարավոր հետեւանքների մասին: Նա ՀՀ-ի իսկական հայրենասերներից չէ: Նա մեկն է այն հայ ուղեղներից, որոնք սիոնիստական Ամերիկայի վտանգավոր վարակները բերում են Հայաստան: Ոսկանյանը կարծում է, որ բոլոր երկրները պետք է ղեկավարվեն համաշխարհային կառավարության կողմից: Նա վտանգավոր մարդ է Հայաստանի համար» (անուն-ազգանունը եւ նամակը տպագրել ենք առանց սրբագրման կամ ուղղումների):

Վ. Օսկանյանը հասցրել է հայտարարություններ անել, որին արձագանել է նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Առնվազն զարմանալ կարելի է, որ ընդամենը երեկ, այս կամ այն կուսակցությանն անդամակցած մարդը կարող է կուսակցության դիրքորոշումն արտահայտելու հավակնություն ունեցող հայտարարություններ անել կոալիցիոն հուշագրի վերաբերյալ: Օսկանյանի հնչեցրած հայտարարությանն ի պատասխան, ասել է ՀՀԿ ներկայացուցիչը: Հիշեցնենք՝ նախկին ԱԳ նախարարը, ով արդեն ԲՀԿ-ական է, հայտարարել էր. «Եթե ԲՀԿ-ն որոշեր, որ միասնական ցուցակով է գնալու ընտրություններին կոալիցիոն մյուս կուսակցությունների հետ, ես չէի անդամակցի ԲՀԿ-ին, բայց ես այդ հուշագրին նայում եմ զուտ իրավական տեսանկյունից: Այն չի կարող ուժի մեջ լինել այնքան ժամանակ, որ այդ կուսակցությունները նույն ցուցակով չեն ներկայանում ընտրություններին»:

Ըստ Է. Շարմազանովի՝ հնչած հայտարարությունների բովանդակությունը նոր չէ, բայց հասկանալի չէ, թե արդյո՞ք դրանք արվում են կուսակցության անունից, թե Օսկանյանը փորձ է անում պարտադրել իր մոտեցումներն իրեն իր շարքերն ընդունած կուսակցությանը:

Ամերիկահայերը միշտ առավել ակտիվ են եղել ընտրական ժամանակահատվածներում, ու մեկ նամակ էլ խմբագրությունը ստացել է հայր եւ որդի Ռոբերտ եւ Հայկ Նազարյաններից՝ հետեւյալ մտահոգությամբ. «Չընդունելով ներքին թշնամու գոյությունը Հայաստանում, մենք անուղղակիորեն պաշտպանում եւ հովանավորում ենք նրան»: Հոդվածագրերն ունեն կայքէջ, եւ այս թեմաները նաեւ այնտեղ են արծարծում (http://www.armeniantheory.com եւ www.youtube.com/armenoidmedia): Հայր եւ որդին գրել են. «Դարերից ի վեր Հայաստանում ներդրված եբրայածինները եւ այժմ էլ սիոնիստական գործակալները եւ նրանց լսափող հանդիսացող մամուլը, ռադիոալիքները, հեռուստաալիքները եւ վերջապես Հայ Սիոնիստական Կոնգրեսը (ՀԱԿ) զօր ու գիշեր թմբկահարում եւ մեր ուղեղի մեջ են խցկում «Հայաստանի առաջին նախագահ» կամ «Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահ» հասկացողությունները եւ պարտադիր կերպով այն կապում են եբրայեցու փեսա Լեւոնի հետ: Բայց արի ու տես, որ «Հայաստանի առաջին նախագահ» եւ «եբրայեցու փեսա Լեւոն» բառակապակցությունները իրար հետ ոչ մի առնչություն չունեն: Կամ ավելի ճիշտ իրար հետ այնպիսի առնչություն ունեն՝ ինչպես ծիրանի ծառը փայտահատի հետ, որի միակ նպատակն է բնից կտրել մեր կենաց ծառը… Վերհիշենք, թե ինչպես Արցախյան ազատագրական շարժման ընթացքում, սովետա-սիոնիստական պետության անվտանգության կոմիտեն, Արցախի Երեւանի կոմիտեի մեջ ներդրեց իրենց գործակալ, եբրայեցու փեսա Լեւոնին: Անհրաժեշտ է վերհիշել նաեւ, թե ինչպես սովետա-սիոնիստական պետությունը, Գորբաչովի ղեկավարությամբ, արհեստական երկրաշարժով պատժեց մեզ՝ ազգային ազատագրական շարժման համար, որի ուղղվածությունը չէր համապատասխանում միջազգային սիոնիզմի ծրագրերին: Այնուհետեւ, չմոռանանք, որ հենց այդ ժամանակ, երբ մենք նորագույն ցեղասպանության մեջ էինք (արհեստական երկրաշարժ), Արցախի Երեւանի կոմիտեի որոշ անդամներ «ձերբակալվեցին», եւ 6 ամսով տեղափոխվեցին Մոսկվա վերապատրասման: Ահա այդտեղ էլ, ըստ այդ անհատների ստրկամտության եւ ծախվածության աստիճանի, բաշխվեցին նրանց դերակատարությունները ապագա Հայաստանի իշխանության վերնախավի մեջ»: Այնուհետեւ հոդվածագիրները նշում են, որ՝ «շնորհիվ Հայ ազգային պետական այրեր Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի եւ մյուսների, մենք կարողացանք կազմակերպել անարյուն թավշյա հեղաշրջում եւ մեր ձեռքը վերցնել մեր ազգային պետության ղեկավարումը, որը մեզնից խլվել էր միջազգային սիոնիզմի կողմից: Այս փայլուն կազմակերպված պետական հեղաշրջումից հետո Հայաստանի նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը: Ահա հենց նրան պետք է համարել անկախ Հայաստանի անկախ ազգային պետականության առաջին նախագահը… իսկ երկրորդ նախագահը Սերժ Սարգսյանն է: Ներկայիս Հայաստանի ազգային պետական այրերը պարտավոր են բարոյական խիզախություն ցուցաբերել ընդունելու համար այս ակնհայտ ճշմարտությունը եւ շարունակելու Սարգսյանի եւ Դեմիրճյանի, նաեւ մյուս ազգի նվիրյալների գործը, ովքեր իրենց կյանքի գնով Հայաստանը իրապես դարձրին ազգային անկախ պետություն»:

Անգամ Արթուր Բաղդասարյանը խոսեց այն մասին, պատասխանեց այն մեղադրանքներին, թե ինչու չմիացավ Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Իսկ ինչո՞ւ պիտի միանայի մի քաղաքական գործչի, որի ամբողջ քարոզչությունն ուղղված էր դեպի մեր կուսակցությունը եւ անձամբ ինձ, երբ ինձ անվանում էր նույնիսկ ազգի դավաճան»: Նման հայտարարություններ արվել են ոչ թե մարտի 1-ից հետո, այլ նաեւ դրանից առաջ: ՕԵԿ նախագահը հայտնել է, որ 1-ին նախագահը ընտրություններից հետո դիմել է նրան իրենց միանալու կոչով. «Բայց մարդը, եթե ուզում է համագործակցի, Ձեր նկատմամբ պետք է պարկեշտ լինի»: Սակայն ՕԵԿ նախագահը եւ ներկայիս ԱԱԽ քարտուղարը «մոռացել» է, որ Ռոբերտ Քոչարյանն էլ իրեն «բրիտանական գործակալ» է ասել, բայց ինքը շարունակել է համագործակցել, իսկ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ (ով Քոչարյանի հետ նույն թիմում էր եւ գուցե դեռ՝ է) քաղաքական կոալիցիա է կազմել…

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը հայտնել է, թե ինչ է սպասվում մարտի 1-ի հանրահավաքին եւ կկարողանա՞ ՀԱԿ-ը ժողովրդին ոտքի հանել: Նա կարծում է, թե անկեղծ ցանկության դեպքում կարելի է ժողովրդին ոտքի հանել, դա միանգամայն հնարավոր է եւ անհրաժեշտ: «Բոլոր նախադրյալները կան, որ ՀԱԿ-ը կկարողանա ոտքի կանգնեցնել ժողովրդին: Որեւէ պրոբլեմ գոյություն չունի, բացի ՀԱԿ-ի ղեկավար օղակի այսօրվա հոգեվիճակից»,- ասել է նա:

«Ղարաբաղ» կոմիտեի մեկ այլ անդամ, Հանրային Խորհրդի նախագահ, ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը, ըստ լուրերի, խորհրդարան չի գնա, քանի որ «իշխող կուսակցությունը նրան ցուցակում ընդգրկելու հարցը վերջնականապես փակել է»: Կարծիք կա, որ Վ. Մանուկյանն առհասարակ չի մասնակցի, որովհետեւ նրան դուր չի եկել այն սցենարը, որն առաջարկվել է ՀՀԿ-ի կողմից, կամ էլ ՀՀԿ-ն Մանուկյանին լավ խաղացող չի պատկերացրել (գրել է «Երկիր»-ը):

ՀՀԿ-ն վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպումներ է սկսել ՀՀ մարզերում: Վարչապետը հայտնել է, որ այսպես հրապարակայնորեն քննարկվելու է նաեւ ՀՀԿ նախընտրական ծրագիրը:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարել է. «Իմ միակ նպատակն է ավելի լավը դարձնել խորհրդարանը, որ ես ներկայացնում եմ, ինչը մեր երկրի օգտին է»: Արդար ընտրությունները եւս մեր երկրի, մեր ժողովրդի օգտին են լինելու. «Պաշտոնները մշտական չեն, դա հանրությունն է տվել, հիշեցրել, որ պատգամվոր են դառնում 5 տարով»,- ասել է նա եւ հավելել, որ հզոր ժողովրդավարական հաստատություններ կարելի է ունենալ միայն միջազգային չափանիշներին լիովին համապատասխանող ժողովրդավարական գործընթացների միջոցով, եւ դա մեր պետականության ինքնիշխանությունն ու անկախությունն ամրապնդելու եւ մեր ընտանիքների համար ավելի լավ երկիր կառուցելու միակ ճանապարհն է: Բայց կասկածները չեն սպառվում, արդար ընտրություններին չհավատացողների մեծ զանգված, այնուամենայնիվ, կա:

«Հայաստանը պետք է ոչ թե անցնի 100%-անոց համամասնական ընտրակարգի, այլ 100%-անոց մեծամասնականի»,- կարծիք է հայտնել Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը: Ըստ նրա՝ ավելի լավ է հանել համամասնականը, քանի որ մեծամասնականը ինչ-որ առումով ավելի անկեղծ է Հայաստանի նման երկրի համար: Սա մի հերթական հակադրում է «Ժառանգության», ՀՅԴ, ԲՀԿ եւ այլ կուսակցությունների առաջադրած միայն համամասնական ընտրակարգին անցնելուն: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը համաձայնել է ԼՂՀ նախկին ԱԳ նախարարի մտքին, շեշտել, որ ընտրակարգի պարագայում կարեւոր է մարդու իրավունքը. «Ինչո՞ւ պիտի մարդը պարտադիր կուսակցական լինի, որպեսզի ընդգրկվի համամասնական ցուցակում: Մեր իրականությունում ընդդիմադիր կուսակցությունները մեկ մարդու կուսակցություններ են, կուսակցականներն էլ գնում-դաբրո են ստանում կուսակցության պարագլուխներից»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի խոսքերով՝ գործարար աշխարհ-քաղաքականություն կապը պետք է այլեւս վերացնել. «Մեր ցուցակներում գործարարներ չեն լինելու: Իսկ վերջինների՝ մեծամասնականով առաջադրվելը իրենց սահմանադրական իրավունքն է: Որեւէ մեկը չի պատրաստվում ոտնահարել մեր քաղաքացիների սահմանադրական իրավունքը: ՀՀԿ-ն աջակցելու է նրանց, ում աջակցելու է ժողովուրդը: Որեւէ մեկը թող չփորձի ժողովրդի կամքի վրա խաղալ»: Այսպես հանրապետականները լրջորեն «կպել» են մարդկանց հետաքրքրող այս թեմային եւ բոլոր ուղղություններով են աշխատում: Գործարարների թեման քննարկել է նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը, նա գործարար պատգամավորների առաջադրման մեջ վատ բան չի տեսնում:

Աշխուժացել է նաեւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նրա հրավերով Հայաստան են ժամանել մի խումբ հեղինակավոր տնտեսագետներ՝ Արեւելյան Եվրոպայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, որոնք մասնագիտացած են հետխորհրդային երկրների տնտեսությունների հիմնախնդիրների մեջ: Արտերկրի մասնագետները ոչ միայն տվել են բարձր փորձագիտական եզրակացություն, այլեւ ԲՀԿ աշխատանքային խմբի հետ արել են մի շարք առաջարկներ: Որոշ լուրերի համաձայն, ԲՀԿ-ն պատրաստել է Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրից էապես տարբերվող սոցիալ-տնտեսական ծրագիր, որում հաշվի են առնված վերջին տարիներին հայաստանյան տնտեսության հիմնական տապալումներն ու սխալները, նշված են դրանց շտկման ձեւերը: Հենց այդ ծրագիրն էլ առաջարկվելու է որպես այլընտրանք գործող կառավարության տնտեսական քաղաքականությանը:

Բայց իշխանական կոալիցիայից կան դժգոհողներ, որոնք դժգոհում են ոչ միայն ներկա իրավիճակից, այլեւ նախատեսվող քայլերից: Նշվում է, որ «ՀՀ-ում հայ ժողովրդի իշխանությունը յուրացրած վարչախումբը ձեռնամուխ է եղել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի ընդունմանը, ըստ որի Զինված ուժերը կարող են օգտագործվել արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման, այդ թվում՝ հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակման կամ արգելման նպատակով: Իսկ ԱԺ նիստում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը օրենքի նախագծի քննարկումների ժամանակ դիրքորոշում է ներկայացրել, թե ԶՈւ-ն կարող են օգտագործվել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին անվտանգության ապահովման նպատակով, ինչը քննարկվել է նաեւ Վենետիկի հանձնաժողովում ու դրա վերաբերյալ կասկածներ չեն կարող լինել:

Քննարկումները գնալով կթեժանան եւ գուցե սոցիոլոգիական հարցումներից զատ մեզանում եւս կիրառվեն ռուսաստանյան նախընտրական «տեխնոլոգիաները», որոնցից է նաեւ էքստրասենսների ներգրավումը ընտրական գործընթացին: «Կաշպիրովսկին վերադառնում է» գլխագիրը վերջերս հայտնվել էր ռուսաստանյան մամուլում: Նշվում էր, որ «ԽՍՀՄ մայրամուտի տարիներին հայտնի էքստրասենս Անատոլի Կաշպիրովսկին դարձել է ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկու վստահված անձը»: Լիբերալ-դեմոկրատական կուսակցության վստահելի անձանց ցուցակը գրանցվել է ՌԴ Կենտրոնական ընտրական հարձնաժողովում, եւ Կաշպիրովսկին ցուցակում 9-րդն է ու ներկայացված է որպես թոշակառու: 1990-ականների հայտնի էքստրասենսը, որը ժամանակին հեռուստատեսության միջոցով բուժական հոգեթերապիայի էր ենթարկում խորհրդային երկրի ամբողջ բնակչությանը, այլեւս քաղաքական դեմք է: Հիշեցնենք նաեւ, որ արցախյան պայքարի տարիներին նրան հանձնարարել էին, որ հեռուստաեթերով հանդարտեցներ հայերին, սակայն պայքարի ելած հայությունը էքստրասենսին ու իր տերերին ուղարկեց գրողի ծոցը…

Մեր ազգն այսօր էլ ի զորու է  զատել թացը չորից, ինչը կիրառելու դեպքում կարող ենք ունենալ իսկապես Ազգային Ժողով՝ բառի իսկական իմաստով:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 7 (228), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.