ՎԱՀԱԳՆ

ՎԱՀԱԳՆ

Ո’վ Աստվածն իմ հայրերուս,
Կը մոտենամ ահա բագնիդ, և ինձ հետ
Իր պախուրցեն քաշելով
Կը բերեմ ցուլ մ’հովիտներեն Տարոնի:
Տե’ս, պարարտ է զոհս իմին.
Երբուծին մեջ կաթնաթույր
Հողին ամբողջ կյանքը կա.
Պարանոցն իր մըսուրն ի’նչ է չի’ գիտեր.
Ան սընած է արոտներուն մեջ ազատ,
ՈՒ ակռաներն իր լըվացված են միայն
Հացյաց Դրախտի աղբյուրին մեջ նվիրական:
Երբ կը հևա՝ իր հըզոր  շունչն առջևեդ
Կը վանե հողն ու ավազները գետնեն,
Եվ կուգա սև ռունգերեն հոտը ամբողջ
Դաշտային թաց կանանչին:
Տե’ս, զոհս իմին գեղեցիկ է և վըսեմ.
Գըլուխն վըրա կոր եղջյուրները խարտյաշ
Փառքի պսակն իր կ՝ըլլան.
Կը բորբոքին աչքերուն մեջ ամեհի
Հըզորության սև խունկեր.
Եվ թավամազ իր ագին
Իբրև լորտու կողերուն շուրջն հարասող
Գոռեխներեն, բոռերեն
Մարմինն անբի˜ծ, մարմինը սու˜րբ կը պահե:

Ո’վ դու Վահագն, աստվածահա’յր զորության,
Ո’վ Տիգրանի սերմին մեջ
Դու մարդաց Արեգակ,
Լըվա’ հոգիս, ճառագայթով մը օծե
Շըրթունքներս այս, զի ավասիկ կ’համբուրեմ
Բագինըդ սուրբ և առած մուրճը ահեղ՝
Ըսպասարկու հաղթ բազուկով կը ջարդեմ
Ձուլիս ճակատն և իր արյունն հորդավեժ
Կը նըվիրեմ ծունկերուդ:
…Արդեն ահա կը մըխա
Նըվիրական խարույկն առջևդ ճարճատուն.
Կը շըրջի բոցն ոստերուն մեջ ձիթենվո,
Եվ գիերուն հալած խեժեն արբեցած
Կ’ոստնու ուղիղ, և կ’երգե
Վերափոխումն իրերուն ջինջ հոգիին:
Ա’ռ. արյունոտ ասոնք կողերն են զոհիս.
Ցըռուկն է այս, ասոնք ճարպոտ զիստերն են,
Ահա ըղեղն՝ որ ուղղեց բնա’զդն ու շընչեց
Եղջյուրներուն խեռություն,
Ահա ջերմ սիրտն՝ որ տակավին կը սըրսփա,
Եվ իր լեղին՝ զոր ազդրին վրա կը դընեմ
Հույսով մ’որ ան պիտ’ տոչորի ամբողջ. առ’:
Եվ բոցն որ արդ նետած պսակն իր ծուխի
Վըճիտորեն կը բարձրանա. կը տանի
Ցուլը Ճենճեր առ ճենճեր
Վերն, ապարանքըդ երկնային խընկելու.
Ո’վ դու Հըզոր, ընդունե
Նըվերներս իմ՝ զոր մաքրափայլ սափորով
Կըրակին վրա կը հեղում:
Ահա գինին. ժինչերըդ բա’ց ու շընչե
Քաղցրաբույր հոտն, և հաշտվե՝
Աստվածային գինովությամբ մը զըվարթ՝
Այսօրվան քու ժող’ վուրդիդ հետ կրոնափոխ:
Ահա Հոման. -առջևըդ զայն կը թափեմ
Մաքու˜ր, անու˜շ առա˜տ,
Ինչպես թափեց ծառն իր կուրծքեն վիրավոր
Իմ յոթն անգամ լըվացված
Թակույկներուս մեջ շքեղ,
Զայն ընդունե, համարե
Ինչպես արյունն երեխայի մը՝ անմեղ,
Ինչպես քըրտինքն հըղիներու՝ թանկագին:

Ո’վ վեհ, գո՞հ ես, տըվի քեզ ի’նչ որ կար
Խըրճիթիս մեջ և հոգիիս, քեզ տըվի
Թշնամին ի’նչ որ մոռացած էր այսօրվան
Այրիացած Հաշտիշատիդ մեջ ամա:
Արդ մեր տոհմին իբրև վերջին Վահունի
Բագնիդ առջև ծունկի կուգամ երկյուղած
Կը համբուրեմ հողն ուր քու
Հոգիեդ մաս մ’արմատ կու տա շոճերուն,
Եվ վերցուցած քեզի˜, քեզի˜ կարկառուն
Սա սոթտըված թևերս՝ որոնց արմունկեն
Ցուլին արյունը տակավին կը կաթի,
Ո’վ դու Վահագն, ո’վ աստված իմ հայրերուս
Կ’աղոթե˜մ ես… կ’աղոթե˜մ…

ՈՒժի˜ն համար, կրոնքի˜ն համար բազուկիդ,
Որով դու օր մը պատռեցիր բերաններ
Վիշապներու, երկընքին մեջ սըփռեցիր
Զերդ արևու հունտեր, աստղերն Հադգողին.
ՈՒ˜ժին համար՝ որ թըռիչն է և հոգին
Արարչության անվախճան,
Որուն անհուն համբույրին տակ կը ծընի
Աշխարհներեն մաս մը ծաղիկ, մաս մը բոց,
Կ’ապրի սկըզբունքն Անմահության հյուլին մեջ
Եվ ըղեղին և կամքին,
Որուն հըզոր մատին տակ
Կը ճեղքըվին սերմերն, ավիշն երգելով
Կաղիններուն մինչև գագաթը կ’ելլե.
ՈՒժի˜ն համար՝ որ կը լեցնե ստինքներ,
Կ’օրորե մեր օրրանն, ու մեզ, մահեն վերջ,
Մինչև աստղերը կը տանի, ու մինչև
Երկրորդ կյանքի մ’արարչագործ պատճառին,
Որ կը կանգնե Ազգ մ’ինչպես խումբ մը առյուծի,
Բազուկդ անօր բազուկին մեջ կ’հեղու,
Եվ զերտ հրեղեն վարազահավ՝ իր լուսեղ
Թըռիչքներում ամփոփման տակ կը թըխսե
Մեր մայրերուն ծոցին մեջ
Դյութազուննե˜ր, հանճարնե˜ր,
Այդ սուրբ ՈՒժին համար կ’ը սեմ՝ որուն դու
Իմացական աղպերակն ես հորդահոս,
Ո˜վ դու Վահագն, ահա քեզի կարկառած
Բազուկներս իմ արյունոտ
Կ’աղոթե˜մ ես… կ’աղոթե˜մ…

                                 Դանիել Վարուժան


Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։