Սկիզբը՝ թիվ 7-ում
Հաջորդը, որին կանդրադառնանք, Չատալ Հյույուկ հնավայրն է, Հայոց Միջագետքի ծիսական համալիրներում ներկայացված կյանքի եւ մահվան գաղափարական խնդիրը այս հնավայրում ստանում է որոշակի լուծում: Չատալ Հյույուկ հնավայում հայտնաբերված պատկերներում մարդու կյանքը հստակորեն բաժանվել է երկու մասի՝ երկրային կյանքի եւ անդրկյանքի, որպես երկու կյանքերը իրար միացնող խորհրդանշանների մեջ առկա է շրջանը, խաչը, անգղը:
1. Մարդը իջնում է չորեքթաթ, աստիճաններով ցած, աստիճանները ավարտվում են հիմնասյան մոտ, որի գագաթին նստած են երկու անգղեր՝ կիսափակ թեւերով եւ հսկում են գոգավորության մեջ դրված կլոր առարկային, հիմնասյունը զարդարված է հավասարակողմ խաչերով: Կոմպոզիցիան արտահայտում է դավանաբանական գաղափարախոսության այն հատվածը, երբ մարդ դեռ չի ճանաչել Արարող Ուժին:
2. Արարողը հովանավորում է մարդուն, մարդն ուղղահայաց դիրքով է, գլուխը բարձր պահած իջնում է աստիճաններից: Աստիճանը, որից իջնում է մարդը, կապված է հիմնասյան հետ, որի վրա պատկերված են պարզած թեւերով երկու անգղեր: Նրանք նայում են հիմնասյան գլխի գոգավորության մեջ գլխիվայր իջնող մարդուն: Մարդը իջնում է երկնքից Արարողի հովանավորությամբ, անգղերի օգնությամբ, խաչակիր սյունը աստիճաններով երկինքը կապում է երկրի հետ, որը մարդուն տանում է դեպի կյանք:
Չատալ Հյույուկ
7600 տարի մ.թ.առաջ
Պատկերված խորհրդանշանները Արմենոիդական աշխարհաշինական եւ դավանաբանական գաղափարախոսությունների հիմնական մասն են կազմել եւ այստեղից տարածվում են բոլոր ուղղություններով:
Այստեղից անցում կատարենք Շումեր: «Հավասարակողմ խաչ» գաղափարը լայնորեն է ներկայացված շումերական հարթաքանդակների մեջ, խաչը պատկերված է շումերական մշակութից հայտնի «Էա-Հայա» մարդուն ստեղծած Աստծո հետ: Էա-Հայա Աստվածը պատկերված է որպես ջրհեղեղի տիրակալ, նա իր ձեռքում է պահում թրաշուշանի՝ «fleur-de-lys»-ի նախատիպը:
Խաչի երեւույթը, որպես գաղափարախոսության գլխավոր խորհրդանիշ, ավանդաբանորեն կապված է նաեւ Նոյի թողած ժառանգական իրավունքի, հետջրհեղեղյան առաջին վերաբաժանման հետ պարտադրված Սեմի կողմից, որը մեր ավանդաբանության մեջ հայտնի է որպես «Հայկ եւ Բելի» հակամարտություն: Ակնհայտ է, որ այս ճակատամարտը իրար դեմ է հանել եւ խաչել է երկու հզոր գաղափարախոսություններ:
«Հայկ եւ Բել» ավանդապատման վերլուծության մեջ («Լուսանցք» թիվ 143, ապրիլի 2-8, 2010թ.) մենք առավելագույնս հստակ ներկայացրել ենք Դումուզի աստծուն եւ նրա կատարածը: Եվս մեկ անգամ շեշտենք, արեւապաշտության մեջ ինքնազոհաբերության գաղափարը կենտրոնական է, այդ պատճառով Դումուզին ճակատամարտում գնաց ինքնազոհաբերության եւ զոհվեց երկու գաղափարախոսությունների կիզակետում, այսինքն՝ խաչման կետում: Հետագայում Դումուզիին նվիրված խաչը վերցվել է շրջանագծի մեջ՝ դրանով առանձնացնելով առաջին ինքնազոհության գնացած աստծուն:
Ժայռապատկեր
Շումերական ավանդապատումներում խաչի գաղափարախոսությունը նույնացվում է նաեւ Նիբուրու անունով հանդես եկող աստված մոլորակի հետ, որի անունը բացատրվում է որպես «հատող, խաչվող»: Նրա վրա ապրում էր Ա (Ան, Անու) աստվածը իր կնոջ եւ զավակների հետ: Ավանդապատումներն ասում են, որ մինչեւ ջրհեղեղը նա հաճախակի այցեր է կատարում դեպի երկիր:
Շումերական ավանդապատումներում Նիբուրու մոլորակի հաճախակի հանդիպող հոմանիշը SAR տերմինն է, որը մեկնաբանվում է որպես «բարձրագույն կառավարիչ»: SAR տերմինն իր հերթին նույնացվում է Ան կամ Անու բարձրագույն աստծո հետ:
Նիբուրուի թվային համարժեքը՝ 3600-ը խորհրդանշում է «Հայկ եւ Բել» դյուցազնամարտի տարեթիվը, իսկ նրա գրաֆիկական պատկերը՝ շրջանը, մատնանշում է նաեւ ավարտուն ցիկլի գաղափարը եւ տալիս է տիեզերական նոր սկզբի, այսինքն՝ «զրո»-ի կամ շրջանի գաղափարը, որը դրված է Պորտասարի ծիսական կառույցներից մեկի հիմքում:
Այսպիսով, Հայոց աշխարհում կերտված խաչի խորհրդանշանին վերաբերող առաջին գրավոր տեղեկությունները պատկերավոր ներկայացնում են երկու ուժերի՝ իրար խաչվելու փաստը: Խաչվում էին իրար հետ աշխարհակառուցողական, արեւապաշտական «Արեւի» եւ կրակապաշտական «Լուսնի» գաղափարախոսության կողմնակիցները, որի մասին պատմում է բաբելոնական «Էնումա Էլիշ» ավանդապատումը: Հայոց աշխարհում առաջին անգամ խաչվել են Նիբուրու եւ Տիամատ աստվածները, որի հուշահամալիրը, մեր կարծիքով, Պորտասարն է:
Անդրադառնանք նաեւ շումերական մշակույթից հայտի Զիկկուրատ կառույցին: Կառույցը կրկնում է Չատալ Հյույուկի նկարում պատկերված աշխարհի դիցաբանական մոդելը, առանց որեւէ փոփոխությունների, եւ կոչվեց Զիկկուրատ, իսկ ավելի ճիշտ՝ «Ձիք կուռ ատ»:
Ձիք կուռ ատ
«Ձիք կուռ ատի» ճակատային մասից աստիճանները երկիրը (գետինը) կապում են երկնքի հետ (տաճարի վերեւի կետը), որտեղ գլխավոր քուրմը (արծիվը) կատարում էր ծիսական արարողությունները:
Աստվածներին, որոնք կրում էին խաչ, կարելի է բաժանել պայմանականորեն 4 խմբի:
1-ին խումբ՝ Արարող աստվածներ: Պատկերվում է պարանոցին կախված Խաչով՝ կախված կրծքավանդակին: Խաչ կրելու նման ձեւը բարձրագույն քրմապետի մենաշնորհն էր:
2-րդ խումբ՝ աչքի ընկած եւ առանձնացված աստվածներ: Խաչը կրում էին գլխի վրա: Նրանք բոլոր դիցարանների համար համարվում էին որպես խաչակիր աստվածներ: Եգիպտական բարձրագույն կին աստված Իսիդան՝ Օզիրիսի քույրը եւ կինը, Խորի մայրը, որը համապատասխանաբար համարվում էր արծվագլուխ աստվածների մարմնավորումը՝ գլխի վրա կրում էր խաչ: Հելլենիստական շրջանի Բաբելոնում խաչը համարվում էր Հունական Բաքոս աստծո սրբազան խորհրդանիշը, նա պատկերված է գլխակապով, որի վրա պատկերված են խաչեր:
Նիմրոդը՝ խաչի խորհրդանշաններով
Նկարում պատկերված վեցաթեւ աստղը արտահայտում է իգականի նկատմամբ սիրո գաղափար: Ուղղված է կնոջը եւ բարձրագույն աստվածուհուն, տվյալ դեպքում՝ լուսնի աստվածուհուն: Իրար միջով անցկացրած երկու եռանկյունիները ամփոփում են երկրային եւ երկնային սիրո անբաժանելիության գաղափարը: Եռանկյունին, գաղափարախոսության մեջ եւ առհասարակ, իգական սեռի գաղափարագիրն է:
3-րդ խումբ՝ Եգիպտական աստվածներ, որոնք խաչը հիմնականում պահում էին ձեռքի մեջ:
Օսիրիս
Եգիպտական ավանդապատումներում խաչը գոյություն ունի օղակի հետ միասին: «Անխ»՝ «խաչ բռնակով»՝ իրար միացված են երկու խորհրդանշաններ, խաչը որպես կյանքի, իսկ շրջանը՝ որպես հավերժության նշան: Երկուսը միասին խորհրդանշում են անմահություն եւ կոչվում էր «Crux Ansata» կամ՝ «Կյանքի նշան»: Եգիպտոսում խաչը իր ձեռքում կրում է նաեւ ճշմարտության Աստվածուհի Մաատը: Խաչի խորհրդանշանով կարելի էր բացել մահվան դռները:
Արեւապաշտական գաղափարախոսությունը Եգիպտոսում մշակեց իր կոդեքսը, քանի որ եգիպտական աստվածները կայուն չէին եւ կարող էին շատ արագ կերպով հայտնվել հակառակ գաղափարական դաշտում, այդ պատճառով Խաչը հայտնվեց եգիպտական աստվածների եւ կառավարիչների ձեռքին բռնակով, ինչը հաստատում էր խաչից օգտվելու նրանց ժամանակավոր իրավունքը:
4-րդ խումբ՝ արեւապաշտական գաղափարախոսության մեջ խաչը ուսին կրելը մարտնչողների եւ պայքարողների բարձրագույն խորհրդանշանն էր: Ալեքսանդր Մակեդոնացու դեմ Հայ-Արիք համադաշնության բանակի հիմնական տարբերանշաններից մեկը համարվում էր աջ ուսի խաչը: Հայաստանում Մարզպանի խորհրդանշանը համարվում էր «խաչը՝ կլոր շրջանի մեջ»: Խաչը աջ ուսին՝ որպես ռազմի եւ հավերժության, ինչպես նաեւ ճշմարտության ավանդական եւ ծիսական խորհրդանիշ կրելը պահպանվել է «Սասունցի Դավիթ» էպոսի մեջ:
Դումուզիի աստվածը՝ խաչը ուսին
Շումերական դիցարանում արեւը պատկերված է գծագրորեն խաչի տեսքով, հետագայում սեպագիր խաչը դարձավ
արեւի նշանը: Արեւի նշանը սեպագրից տեղափոխվեց տառային համակարգ եւ նույնագվեց «tav» տառի հետ: «Tay»-ը համարվել է Արարիչի խորհրդանշանը եւ կոչվում էր «կյանքի նշան», եւ այն կրում էին կրծքի վրա: Ըստ մեր ուսումնասիրությունների՝ Արեւապաշտության մեջ խաչը եւ ութակողմ աստղը կրելու ձեւը եւ տեսակը կանոնակագված էր, խաչը կամ ութակողմ աստղ կրելը ցուցադրում էր կրողի զբաղեցրած դիրքը հասարակության մեջ: Այս երկու խորհրդանշանները զրկված են սկզբնական էթնիկական պատկանելությունից, նրանք իշխանական են եւ արտահայտում են արեւապաշտական ճյուղի տարած հաղթանակը:
Ութ ճառագայթանի աստղերի ներկայությունը հնագույն հարթաքանդակների վրա, մեր կարծիքով, ներկայացնում է արեւապաշտական ճյուղի բանախոս եւ լուսավորություն տարածող արքաներին: Արեւապաշտական գաղափարախոսության մեջ ութակողմ աստղի խորհրդանիշը մատնանշում է ծնունդ եւ զարգացում:
Միջագետքի եւ Փոքր Ասիայի տարածքում հայտնաբերված վաղ պղնձեդարի հարթաքանդակներում պատկերված խաչի եւ ութակողմ աստղի կրելու երեւույթը հիմնականում կարելի է բաժանել երկու խմբի՝ համաձայն հրապաշտական գաղափարախոսության, արեւապաշտական «հուրիներ» եւ «արիներ» ճյուղերի, որտեղ «հուրիների» լուսավորական գաղափարախոսության տարածումը հիմնված էր բանախոսության վրա, որի խորհրդանիշն էր «ութակողմ աստղը»: Հայկական արքունիքը 4-րդ հարյուրամյակում դադարեց հանդես գալ որպես այդ խորհրդանշանի բացառիկ պահապան եւ տեր:
Բաբելոնական մշակույթի մեջ խաչի խորհուրդը պատկանում է երկնքի «Անու» աստծուն: Մ.թ. 2000 տարի առաջ Ասորիքում շրջանագծի մեջ ներառված խաչը խորհրդանշում էր արեւը՝ Ասուրին, նրա տակ պատկերվում էր կիսալուսինը, այն խորհրդանշում էր Ասորիքի դիցարանի գլխավոր աստծուն՝ Մարդուկին: Նինվեում խաչը համարվել է Արեւի խորհրդանշան:
Մ.թ.ա. 15-րդ դարում ամբողջ տարածաշրջանում խաչը համատարած երեւույթ էր:
Ասորական թագավորների հուշարձանները հաստատում են, որ նրանք կրել են շղթայակախ խաչեր իրենց վզին՝ կրկնօրինակելով եգիպտացիների դեմ պատերազմող հիքսոսներին: Ասորական ավանդապատումներում արեւի խաչը իրավունք ուներ կրելու միայն վերնախավը:
Մ.թ.ա. 8-րդ դարի ուրարտական ժամանակաշրջանի արձանագրություններից մեկը արված է խաչքարի վրա:
Խաչքարը գտնվում է Էրեբունի թանգարանում:
Այս խաչքարը հաստատում է, որ ուրարտական շրջանում խաչքարը արդեն կիրառելի էր: Ուրարտական ժամանակաշրջանի խաչքարը հստակորեն կարող ենք համարել քրիստոնեական «խաչքար մշակույթի» հայր:
Այս խաչքարը քիչ է ուսումնասիրված եւ մատնված է անուշադրության:
Գործող միակ վարկածն այն է, որ խաչը փորագրվել է պատահականորեն ուրարտական ժամանակաշրջանից հանգամանքների բերումով հայտնված սեպագրված քարի հակառակ կողմում:
Իհարկե, մենք այս մոտեցումը մերժում ենք հիմնովին:
Շումերական հարթաքանդակներ մ.թ.ա. 2300թ., Սուզ
Շրջանագծով նշված է ութաթեւ աստղ նախատիպը
Հավասարաթեւ, քառակողմ խաչը համարվում էր արեւի աստված «UTU», իսկ հայերեն՝ «Ութ Ու – այսինքն՝ ութ եւ»:
Ութ ճառագայթանի աստղը կրել են հիմնականում այն աստվածները եւ արքաները, ովքեր ագրեսիվ չէին (Աստղիկ, Իշտար…): Աստղակիր աստվածները եւ արքաները հնդեվրոպական մշակույթում կարելի է հաշվել մատների վրա: Այդ պատճառով մտքի եւ գաղափարախոսության փայլատակումները, ոգեղենի դրսեւորումները բոլոր ժամանակների գաղափարախոսական պատկերագրությունում ներկայացվել է մեկ աստղի գաղափարագրությամբ՝ Բուդա, Տիգրան Երվանդյան, Տիգրան Մեծ…
Տիգրան Երվանդյանի եւ Տիգրան Մեծի ութ ճառագայթանի աստղը
Արեւապաշտական համակարգի մեջ ութակողմ աստղը առաջնային էր եւ դրանով հանդես գալը բացարձակության նշան էր: Սա չէր նշանակում, որ հավասարակող խաչը, աստղի խորհրդի հետ համեմատած, ցածր հեղինակություն ուներ:
Նրանք արժեքային համակարգում հավասար տեղ էին զբաղեցնում, սակայն ութակողմ աստղը մատնանշում էր կրողի բացարձակությունը՝ լուսավորությունը տարածելու սկզբունքը բանախոսների միջոցով, իսկ խաչակիրները՝ նաեւ ուժի միջոցով:
Խաչը, որպես բարձրագույն խորհուրդ, զարդարում էր նախաքրիստոնեական Ալեքսանդրիա քաղաքի Սերափիս տաճարի գագաթը:
Հայաստանում քրիստոնեության մուտքից հետո տեղի ունեցած վերարժեքավորումների շնորհիվ «արծվի թեւերով արեւի սկավառակի» խորհրդանշանին պատկանող կյանքի եւ լուսավորական խորհուրդները մասնակիորեն տեղափոխվեցին խաչի խորհրդանշանի վրա՝ դարձնելով խաչին անպարտ:
Խաչը, այս եզակի էությամբ, մ.թ. 4-րդ դարից սկսած դարձավ քրիստոնեական խորհրդանշան:
Շարունակելի
Արամ Մկրտչյան
Գերմանիա, հատուկ «Լուսանցք»-ի համար
* Նկարները նայել PDF տարբերակում
«Լուսանցք» թիվ 8 (229), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



