Որոշում կա, որ «Եվրատեսիլ-2012»-ի Հայաստանի մասնակիցն ու երգը ներքին ընտրությամբ կլինի: Ընտրությունը պետք է կատարի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ձեւավորած հատուկ հանձնախումբը, որտեղ կլինեն երաժիշտներ, հեռուստատեսության մասնագետներ եւ երաժշտական պրոդյուսերներ:
Բայց մայիսի 22-26-ը Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ին հայ երգիչները հրաժարվում են մասնակցել: Փետրվարի 23-ին նրանք հանդես են եկել Եվրոպական հեռարձակողների միությանը եւ ՀՀ Հանրային հեռուստաընկերությանն ուղղված հրաժարվող հայտարարությամբ: Մասնավորապես նշում են. «Փետրվարի 23-ին, Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում, ադրբեջանցի դիպուկահարի արձակած կրակոցից զոհվել է ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող Ալբերտ Ադիբեկյանը: Եվ սա այն պարագայում, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի միջնորդ երկրները բազմիցս կոչ են արել հակամարտող կողմերին հետ քաշել դիպուկահարներին շփման գծից:
Մենք հայտարարում ենք, որ հրաժարվում ենք մասնակցել Բաքվում անցկացվող մրցույթին:
Մենք հրաժարվում ենք ելույթ ունենալ մի երկրում, որը հայտնի է հայերի զանգվածային ջարդերով ու կոտորածներով, մի երկրում, որտեղ հայատյացությունը հասցված է պետական քաղաքականության մակարդակի, մի երկրում, ուր մուտքն արգելված է ազգությամբ հայ որեւէ մեկի համար, եթե նույնիսկ նա այլ երկրի քաղաքացի է, ինչին ականատես ենք լինում գրեթե յուրաքանչյուր ամիս:
Որքան էլ ադրբեջանական իշխանություններն ասեն, թե իբր երաշխավորում են մասնակիցների անվտանգությունը, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ 2004թ. ՆԱՏՕ-ի կազմակերպած միջոցառումներից մեկի ժամանակ Բուդապեշտի հյուրանոցում գիշերը ադրբեջանցի մարդասապան սպայի ձեռքով անկողնում քնած պահին կացնահարված Գուրգեն Մարգարյանի ճակատագրին կարող է արժանանալ ազգությամբ հայ յուրաքանչյուր երգիչ կամ պատվիրակության որեւէ անդամ:
Մենք հրաժարվում ենք ելույթ ունենալ մի երկրում, որը Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում, Մինգեչաուրում եւ Մարաղայում կազմակերպեց զանգվածային ջարդեր եւ կոտորածներ, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր: Մի երկրում, որը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության վրա, փորձեց բռնի ուժով հայաթափել Ղարաբաղը եւ մեր քույրերին ու եղբայրներին դուրս մղել իրենց պատմական հայրենիքից: Արցախի մեր քույրերի եւ եղբայրների հերոսական ինքնապաշտպանության շնորհիվ նրանց զինված ուժերը դուրս մղվեցին Արցախից, սակայն այսօր էլ շարունակում են հայերին կոտորելու սպառնալիքները: Եվ այդ ամենը կատարվում է նախագահի եւ իշխանության տարբեր մարմինների մակարդակով, որոնք տարիներ շարունակ իրենց քաղաքացիներին դաստիարակում են ռեւանշիզմի եւ հայատյացության ոգով: Մենք կոչ ենք անում ՀՀ Հանրային հեռուստաընկերությանը հրաժարվել այդ երկիր մասնակից ուղարկելուց եւ միաժամանակ հայտարարում, որ մենք այժմ էլ պատրաստ ենք մասնակցելու «Եվրատեսիլ-2012»-ին, եթե Եվրոպական հեռարձակողների միությունը որոշի մրցույթը տեղափոխել ցանկացած այլ երկիր, որտեղ կտիրի համերաշխության եւ հավասար մրցակցության այն մթնոլորտը, ի
նչն առկա էր անցած տարի Հայաստանում անցկացված մանկական «Եվրատեսիլ»-ի օրերին, որին, ի դեպ, չմասնակցեց Ադրբեջանը: Հայտնում ենք նաեւ, որ պատրաստ ենք մասնակցելու «Եվրատեսիլ»-ի բոլոր հետագա մրցույթներին»:
Արդեն հայտնի է նաեւ «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի անցկացման օրը, Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարել է, որ այդ երգի միջազգային մրցույթը տեղի է ունենալու դեկտեմբերի 1-ին Ամստերդամի (Հոլանդիա) HMH համերգասրահում: Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցում են Եվրոպական հեռարձակողների միության անդամ-երկրներից մեկական ներկայացուցիչ: Մրցույթին կարող են մասնակցել 10-15 տարեկան երեխաներ: «Մանկական Եվրատեսիլ-2010» մրցույթում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով: 2011-ին մրցույթն անցկացվեց Հայաստանում եւ մեր ներկայացուցիչ Դալիթան իր «Welcome to Armenia» երգով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:
Գոհար Վանեսյան
Բաքվի անմարդկային կերպարը
«Խոջալուով» Բաքուն փորձում է կոծկել ադրբեջանաբնակ փոքրամասնությունների, բնիկ ժողովուրդների ցեղասպանությունը.- նշում են վերլուծաբանները: Խոսքը հայերի, թալիշների, լեզգիների, եզդիների, քրդերի եւ այլոց մասին է: Բնիկներին կոտորելով կամ ձուլելով՝ Բաքուն չբավարարվեց եւ Խոջալուի դեպքերի մասին կեղծ քարոզչությամբ քաղաքական խնդիրներ է առաջ քաշում: Հայտնի է, որ 1988-1991թթ. Խոջալու են բերվել-բնակեցվել Միջին Ասիայից Անդրկովկաս վերադարձած թուրք-մեսխեթները, որոք Ստալինի ժամանակ տեղահանվել էին Վրաստանից:
Բազմաթիվ փաստեր կան, որ հայ-ադրբեջանական զինուժերի շփման գծում զոհվող ադրբեջանցի զինվորները քաղաքացիությամբ են ադրբեջանցի, իսկ ազգությամբ՝ թալիշ, եզդի, քուրդ եւ այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են: Բերվել են առաջին գիծ՝ հենց զոհաբերելու մտադրությամբ: Նույնը եղել է նաեւ 1992թ.՝ Խոջալուի բնակչության նկատմամբ՝ թուրք-մեսխեթցի փախստականներին բնակեցրել էին Արցախյան իրադարձությունների կենտրոնում՝ այնտեղ, որտեղ գրոհ էր սպասվում.- նշում են քաղաքագետները:
Խոջալուի բնակիչների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կողմից կատարված դավաճանությունը պաշտոնական Բաքուն փորձում է ներկայացնել որպես հայերի վրեժխնդրություն՝ Սումգայիթում կազմակերպված արյունալի կոտորածների համար: Ականատեսները նշում են, որ անգամ փախչող խոջալուեցիների վրա կրակել են ադրբեջանցի զինվորները, որպեսզի հայերի վրա բարդելու նախապես գործադրված ծրագիրը իրականանա… «Խոջալու»-ի խաղաքարտը մշտապես խաղարկելով՝ պաշտոնական Բաքուն (այսօր նաեւ՝ Անկարան) փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Խանլարում եւ Ադրբեջանի այլ բնակավայրերում, ինչպես նաեւ ԼՂՀ սահմանամերձ բնակավայրերում, մասնավորապես, Մարաղա գյուղում կազմակերպված հայկական կոտորածներից:
Իսկ համաշխարհային հանրության կողմից ցայսօր ոչ մի կտրուկ գնահատականի չեն արժանացել Ադրբեջանի կողմից կատարված այդ հանցագործությունները:
Երեւանում կկայանա «Սովի եւ կրակի միջեւ. իշխանություն՝ կյանքերի գնով» խորագիրը կրող վավերագրական ֆիլմի շնորհանդեսը, այնուհետ ֆիլմը կներկայացվի նաեւ Եվրոպայի, ԱՊՀ-ի ու Ամերիկայի մի շարք խոշոր քաղաքներում: Կինոնկարը տրամադրվելու է բոլոր նրանց, ում հետաքրքրում է ճշմարտությունը Արցախի եւ Ադրբեջանի միջեւ մղված պատերազմի ընթացքում զոհված Խոջալուի բնակիչների ողբերգական մահվան հանգամանքների վերաբերյալ: Տեսաժապավենը դեռեւս ռուսերեն եւ անգլերեն տարբերակներով է, շուտով կթարգմանվի եւս 7 լեզուներով: Ստեղծագործական խումբը հավաքել է փաստավավերագրական մեծաքանակ նյութեր, որը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն լայն հասարակության, այլ նաեւ հետազոտական շրջանակների համար: Իսկ այն նյութերը, որոնք հավաքվել են Ադրբեջանի կողմից վերահսկվող Աղդամում զոհված խաղաղ բնակչության եւ հայաբնակ Ստեփանակերտի բնակչության ողբերգական մահվան հանգամանքների ուսումնաս
իրության արդյունքում՝ հիմք են մեծածավալ կինեմատոգրաֆիական նախագծի ստեղծման համար, որը կկարողանա լույս սփռել ադրբեջանցիների կողմից ավանդաբար կիրառվող շահարկումների վրա, որոնք կապված են Արցախի խաղաղ բնակչությանը իրենց պատմական հայրենիքից տեղահանելու Բաքվի կողմից կիրառվող փորձերի հետ:
Իսկ «Xocali.net»-ը մերկացրել է հերթական ադրբեջանական կեղծարարությունը: Կայքի փոխանցմամբ՝ դեռեւս 2009թ. ադրբեջանական քարոզչամեքենայի ջանքերով շրջանառվում էր լուսանկար, որն իբրեւ թե արված էր Աղդամում: Սակայն պարզվել էր, որ լուսանկարն արվել էր Կոսովոյում, իսկ նրանում զետեղված են սպանված ալբանացիներ, որոնց ադրբեջանցիներն ամեն կերպ ցանկացել են ներկայացնել որպես Աղդամում սպանված Խոջալուի բնակիչներ: Բացահայտումից հետո ադրբեջանական կողմը փորձել է արդարանալ՝ ընդգծելով, որ նկարները շատ նման են եղել, ինչի հետեւանքով իրենք խառնել են: Սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը՝ նման բացահայտումները չկասեցրեցին ադրբեջանցիների նմանօրինակ արարքները:
Այսպես, «1նյուզ.ազ» կայքը զետեղել է 2012թ. փետրվարի 18-ին Ստամբուլի ցուցահանդեսում ներկայացված լուսանկարները, որում կրկին ներկայացվել են կեղծ լուսանկարներ, որոնք վերստին տարածվում են համացանցում:
Սակայն «ստի ոտքերը կարճ են» եւ հայկական կողմի պատասխանները, բացահայտումները ավելի ու ավելի փաստացի են դարձնում թուրք-ադրբեջանական ստախոսությունն ու ապատեղեկատվությունը:
Վերջերս Մոսկվայի իշխանությունները արգելել են ադրբեջանցիներին ՌԴ-ում ՀՀ դեսպանության առաջ բողոքի ակցիա անցկացնել՝ Աղդամի իրադարձությունների 20-ամյակի կապակցությամբ:
Ակցիան չարտոնելու հիմնական պատճառ է նշված այն, որ հավաքի անցկացման նպատակը չի համապատասխանում «Հավաքների, ցույցերի եւ զանգվածային միջոցառումների մասին» ՌԴ համապատասխան օրենքին, սակայն ադրբեջանցիների «օրենքին համապատասխանեցված» հայտը կրկին մերժվել է:
Արտակ Հայոցյան
Հ.Գ. - Իսկ Երեւանում, Ծիծեռնակաբերդի բարձունքում հայ երիտասարդների բարձրացրած ջահերն այս բառերն էին պատկերում. «Այլեւս երբեք, որպեսզի չկրկնվի մարդկության դեմ ոճրագործությունը, ինչպիսին տեղի ունեցավ քսանչորս տարի առաջ Սումգայիթ քաղաքում»:
Հիշեցնենք, որ 1988թ. հայաշատ Սումգայիթում պետական մակարդակով կազմակերպած ու իրականացրած ջարդերին զոհ գնաց մի քանի հարյուր մարդ: Ադրբեջանցիները սպանել են, տանջել, բռնաբարել ու այրել բազմաթիվ հայերի, ինչը ԽՍՀՄ տարիներին վախեցան որակել ցեղասպանություն…
Իսկ սումգայիթյան բռնությունների ու կոտորածների իրական դատավարությունը այդպես էլ անավարտ մնաց…
«Լուսանցք» թիվ 8 (229), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



