Հանդիպման մասնակիցները քննարկել են ԼՂ-ի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ այդ գործընթացի հետագա քայլերը:
Այսպես՝ ԵԽ-ն եւ ԵՄ-ն միասնաբար հասկացնում են պաշտոնական Բաքվին, որ ԼՂՀ այցելելու համար այլեւս Ադրբեջանի «թույլտվությունը» պարտադիր չի՛ լինելու, եւ սա կարող է անմիջական կապ ստեղծել նաեւ Արցախի իշխանությունների եւ եվրակառույցների միջեւ:
Այս տարածաշրջանային խնդիրը նաեւ արծարծվել է, երբ վերջերս նախագահ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, մասնակցել «Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան» նիստին: Նա հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի եւ եվրակառույցների բարձրաստիճան ղեկավարների հետ: Իսկ Արցախի ներկայացուցիչները, նաեւ նախագահ Բակո Սահակյանը շարունակում են հանդիպումներ ունենալ ինչպես եվրոպական ու ամերիկյան, այնպես էլ ռուսաստանյան ուղղություններով:
Աբխազիայի խորհրդարանական ընտրություններին էլ Արցախի ներկայացուցիչները որպես դիտորդներ են մասնակցել՝ Ռուսաստանի, Լատվիայի, Վենեսուելայի, Նիկարագուայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Մերձդնեստրի եւ այլ երկրների դիտորդների հետ միասին:
Հիշեցնենք, որ ժամանակին քննարկվում էին չճանաչված, բայց անկախ երկրների՝ միմյանց անկախությունը ճանաչելու հնարավոր ծավալումները: Հարցը վերաբերում էր Արցախին, Աբխազիային, Հարավային Օսիային եւ Մերձդնեստրին: Անգամ քննարկվել է այդ պետությունների՝ ԱՊՀ-ին անդամագրվելու հարցը: Բայց այն դեռ գործի չի դրվել:
Իսկ ադրբեջանցի քաղաքագետ Զաֆար Գյուլիեւը իր մտավախության մասին է գրել: ՌԴ նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի հաղթանակից հետո ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի՝ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալման շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին… Եվ ոչ մի բացատրություն այլեւս չեղավ ո՛չ Ռուսաստանում, ո՛չ էլ Ադրբեջանում: Նշվել է, որ ռուսները հաշվի են առնում նաեւ Հայաստանի հետ ռազմավարական դաշինքը: Ըստ քաղաքագետի՝ Կրեմլը ԼՂ հարցում Ադրբեջանի հույսերը չի արդարացնում, եւ Բաքուն դժգոհ է, որ Մոսկվան նպատակուղղված ու հետեւողականորեն փորձում է արգելափակել «հարավային միջանցքին» վերաբերվող բոլոր այլընտրանքային էներգետիկ եւ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը: Զուգահեռ նաեւ Թեհրանն է դեմ այս ծրագրին եւ չի բացառվում, որ Իրանն այլեւս «դեմ լինի Բաքվի յուրաքանչյուր քայլի», չնայած Ադրբեջանի ՊՆ Սաֆար Աբիեւը հայտարարել է, թե Ադրբեջանը ոչ մի պարագայում թույլ չի տա, որ իր տարածքը որեւէ երկիր օգտագործի Իրանի դեմ:
Հայկ Թորգոմյան
* * *
Թեսթային կրթակարգի ձայնը հետո է լսվելու
Տարբեր առիթներով անդրադառնալով մեր երկրի ներկայիս թեսթային կրթակարգին՝ «Լուսանցք»-ը շեշտել է, որ սերունդ կրթելու այդ ձեւը սերնդին զրկում է մտածելու ունակությունից: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նեղացել էր մեզնից, թե ձեր թերթը ոչ մի նոր բան չի սիրում: Փորձելով «չնեղացնել» պետական պաշտոնյային՝ բացատրել էինք, որ դեմ ենք ոչ թե նորին, այլ՝ արտերկրից նոր կապկումներին:
Հիմա մեր փոխարեն կխոսեն եվրահայերի երազանք Քեմբրիջի դասախոսները: Բանն այն է, որ թեսթերի միջոցով կրթություն ստացած ուսանողները որեւէ նոր գաղափար չեն կարողանում առաջադրել: Այսպիսի եզրահանգման են եկել համալսարանի դասախոսները՝ ելնելով բազմամյա սեփական փորձից: Օրինակ, կրթական նույն հաստատության պատմության պրոֆեսորներ Ռեբերտ Թոմբսը եւ Դեվիդ Աբուլաֆիան վստահ են, որ տարիների ընթացքում ուսանողները դադարել են մտածել ոչ ստանդարտ ձեւով եւ այլեւս չեն արտահայտում սեփական գաղափարները: Ավելին, այն սխալները, որոնք հիմա անում են գերազանցիկները, նախկինում միայն թույլ ուսանողներն էին անում: Թեսթերի պատճառով ուսանողները վաղուց արդեն մտածելու կարիք չունեն:
Իսկ մտածել չկարողանալու պատճառը, Լոնդոնի հռետորական դպրոցի նախկին տնօրեն եւ կառավարության խորհրդական Ջոն Մակինտոշի կարծիքով, կրթության թեսթային համակարգն է: Այն ուսուցիչներին եւ ուսանողներին բառացիորեն «ռոբոտների» է վերածել: Նույն Քեմբրիջում ուսանողները չգիտեն, թե ինչպես պետք է շարադրություն գրել, բայց, այ, թեսթերը անսխալ են գրում:
Մի խոսքով, այս ամենը հանգեցրել է այն բանին, որ Ջերի Ջարվիսը, ով 4 տարի գլխավորել է Մեծ Բրիտանիայում խոշորագույն քննական կենտրոն Edexcel-ը, կոչ է արել արմատական բարեփոխում կատարել որակավորման համակարգում:
Փաստորեն, ՀՀ-ն որդեգրում է մի կրթակարգ, որի ձեռքը զարգացած աշխարհը կրակն է ընկել:
Անի Մարության
Կքանդեն, թե «Հին Երեւանը» սկսվի, իսկ այդ Երեւանը… չկա
Գործադիրը երեկվա նիստում որոշեց լիազորել Երեւանի քաղաքապետին ՀՀ անունից «Ի Էմ Սի» եւ «Գլենդել հիլզ» ՓԲԸ-ների, «Սերգե-Ագոպիգ-Դեր-Սահագույան» ՍՊԸ հետ կնքել Երեւանի Արամի, Փ.Բուզանդի, Եզ. Կողբացու փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության եւ ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագրեր:
Նաեւ՝ ի գիտություն ընդունվեց, որ նշված տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մաuին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից ոչ ուշ, քան 3 տարվա ընթացքում, Երեւանի Մաշտոցի զբոսայգում Երեւանի ենթակայության «Կենտրոն-Կանաչապատում» ընկերության կողմից տեղադրված տաղավարները ենթակա են ապամոնտաժման՝ «Հին Երեւան» քաղաքաշինական ծրագրի իրագործումն ապահովելու համար:
Եթե ոչ պաշտոնական լեզվով ասենք, ապա Մաշտոցի պուրակի տաղավարները կքանդվեն, երբ մեկնարկի «Հին Երեւան» քաղաքաշինական ծրագիրը: Այլ կերպ ասած՝ տաղավարները կարող են չքանդվել, քանի որ «Հին Երեւան»-ը այդպես էլ կարող է չսկսվել:
Կամ՝ հին Երեւանի այդ ի՜նչը պիտի պահպանեն, երբ նշյալ փողոցներում արդեն հին շենքերը հիմնականում քանդվել են:
Եվ ճիշտ այն պահին, երբ կառավարությունը նիստում հիշյալ որոշումն էր կայացնում, բնապահպանները կառավարության շենքի մուտքի մոտ ցույց էին անում՝ պահանջելով ապամոնտաժել Մաշտոցի պուրակի տաղավարները:
Իսկ ապամոնտաժողները առայժմ չե՜ն կարող դա անել, որովհետեւ, վարչապետի ձեւակերպմամբ, «հարկ է հաշվի առնել բոլորի շահերը, այդ թվում՝ սեփականատերերի»: Իսկ ոչ պաշտոնական ձեւակերպմամբ սա նշանակում է, որ կառավարությունն այսօր կրակն է ընկել իր նախկին-նախկին որոշումների ձեռքը: Տարիներ առաջ այդ սեփականատերերին թու՞յլ են տվել Աբովյան փողոցում կրպակներ դնել, թույլ են տվել եւ հասկանալի է՝ ինչպես, որովհետեւ, օրինակ, ինձ ոչ ոք այդպիսի թույլտվություն չի տա: Եվ եթե այսօր մեկ այլ վայրում՝ Մաշտոցի պուրակում այդ տաղավարներին տեղ չտան, սեփականատերերի բերանը փակել կկարողանա՞ն: Հազիվ թե:
Այնպես որ, ստիպված էին միջանկյալ լուծում գտնել, որը, սակայն, կարծես այդպես էլ միջանկյալ չի դառնա, քանի դեռ դժգոհ են Մաշտոցի պուրակի ակտիվիստները:
Ա. Քարամյան
«Լուսանցք» թիվ 9 (230), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



