Եվ ընտրյալներ են հռչակված, խնկված որ բարեբանված…» (Նարեկացի)
Հայն ի վերուստ սրբության իր կատարյալ իմաստավորումն է ունեցել, սրբության բարձր ճաշակով է օժտված եղել ու սրբապաշտ է եղել: Հայի՝ ի վերուստ ունեցած սրբության պատկերացումը, նույնն է թե՝ հայ սրբի նկարագիրն է, օրինակ, արտահայտված Նարեկացու «Մատյան»-ի հետեւյալ հատվածում՝
(Սրբերը,- ք. Մ.) անկեղծություն են ամբողջովին եւ լուսավոր արդարություն՝
Եվ որքան հնարավոր է աստծո մարդուն աստծուն նմանեցնել,
Պարզերես են նրանք եւ վարքով, բարձր ու անխոնարհելի,
Նրանց կյանքն զգաստ է եւ անըստգյուտ,
Աստվածպաշտությունն ամուր, անհեղլի,
Ընթացքն արիական եւ անկասելի,
Ճշմարտությունը միատարր եւ անցնդելի,
Դիմագրավությունը զորեղ եւ անհաղթելի,
Տեսողությունը պայծառ եւ անապշելի Իմաստասիրությունը երկնային եւ անկոխելի,
Պատկերը մաքուր եւ անաղարտելի:
Նրանց անունները հիշատակել եւ աղոթքը հայցել՝
Աստված ինքն էր, որ մեզ սովորեցրեց:
Բայց տեսե՜ք, թե ինչպես է այսօրվա՝ մեծամասնական հայը իր սրբության ճաշակը այլասերել, ու՞մ է նա իր սուրբը (սրբերը) համարում՝ Հայոց թագավորությունը վերացնողներին, Հայաստան աշխարհը թալանողներին ու ավերողներին, 301-ից ի վեր հայի գլխին հա եղեռն բերողներին ու հային իր հայրենիքից ցիրուցան անողներին, հային իր հայրենական հավատքից ու կենսաձեւ բարոյականությունից կտրողներին ու ուծացնողներին, նրան իր հոգեւոր ու նյութական հարստությունից զրկողներին…
Պարզ է՝ սրանք բոլորը այլազգիներ, ավելի ստույգ՝ որոշակ ազգային ծագում չունեցողներ՝ խառնածիններ, տոհմիկությունից զուրկ մարդիկ են (ինչպես ավետարանիչ Պողոսն է բնութագրում իսկական քրիստոնյային): Սրանց մասին եկեղեցին՝ մեծամասնական հայի մեծագույն սուրբը ասում է՝ «սուրբ են եւ վերջ»՝ նրան, որպես այդ եկեղեցու հոտ, մնում է դրանց պաշտել: «Վերին» հրամանով պաշտելով՝ մեծամասնական հայը հորթային հրճվանք է ապրում՝ իր համար բնավ հոգ չտանելով պատմությունից պարզելու, թե ովքեր են այդ «սրբերը», որտեղից եւ ինչու են հայտնվել Հայաստանում, ինչե՜ր են արել, նրանց ժամանակակից ու նրանցից մեծապես տուժած հայերը ի՜նչ են նրանց ու նրանց արածների մասին ասել: Կարծես դրանք պատմությունից դուրս ու անկախ են:
Դրան հակառակ՝ այսօրվա մեծամասնական հայը չի տեսնում իր բուն՝ Հայոց սրբերին (իրակա՛ն Մաշտոցին…, իրակա՛ն Նարեկացուն…, իրակա՛ն Նժդեհին…): Նրանց անգամ վատաբարո (կռապաշտ, աղանդավորական, ֆաշիստ…) հայեր է անվանում: Պատահում է նաեւ, որ մերօրյա՝ իր ազգային դեմք-դիմագիծը կորցրած մեծամասնական հայը եղծում է իր ազգային սրբերին՝ Մաշտոցին, Նարեկացուն, Նժդեհին…՝ նրանց համարյա քրիստոնեական քարոզիչ դարձնելով: Այլ կերպ ասած՝ կրոնական հոտի վերածված մերօրյա մեծամասնական հայի համար ոչ սուրբը, ավելին՝ անգամ սրբության ոխերիմ թշնամին սուրբ է, իսկ սուրբը՝ ոչ սուրբ:
Հաջորդիվ խոսելու եմ հայ մեծամասնականի կողմից մերժված հայ սրբերի դասի երկու ներկայացուցիչների՝ Միստակես ու Արձան քրմապետերի մասին, ովքեր ապրել ու անմահացել են 301թ.-ին՝ Հայոց մեծ հայրենականին: Քանի որ հայի ընկալմամբ սուրբը «հավերժի ճամփորդ» լինելու հետ մեկտեղ նաեւ պատմության ծնունդ է, մի քանի խոսք 301-ի պատմությունից:
Շարունակելի
Քուրմ Մանուկ
«Լուսանցք» թիվ 9 (230), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



