Հայաստանը եւ Հունաստանը, ինչպես եւ Կիպրոսը, կարող են ստեղծել միասնական ճակատ, սակայն ՆԱՏՕ-ական Հունաստանի ու Թուրքիայի խնդիրները հաճախ լուծվում են հենց Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում, ինչը արգելակում է հայ-հունական ռազմա-քաղաքական դաշինքի ստեղծմանը: Այս դաշինքը կարող է լուրջ գործոն դառնալ, հատկապես որ, Թուրքիայի 1-ին եւ 2-րդ թշնամիները հենց Հունաստանն ու Հայաստանն են:
Այստեղ խոչընդոտ է նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանը ԱՊՀ անդամ է եւ ՀԱՊԿ-ից կստանա անհրաժեշտ ռազմա-քաղաքական աջակցություն, եթե Թուրքիայի հետ խնդիրներ ունենա, իսկ այս դեպքում ՆԱՏՕ-ն կաջակցի Թուրքիային, եւ Հունաստանի խնդիրը բարդ կլինի: Եվ այս մասին հայկական ու հունական (նաեւ կիպրական) կողմերը պետք է լրջորեն մտորեն…
Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 20-ամյակի եւ ՀԱՊԿ ստեղծման 10-ամյակի հոբելյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտնեց, որ ԼՂ-ի հակամարտության կարգավորման գործընթացում իրենք չեն խառնվում: «Հայաստանը մեր դաշնակիցն է, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները շարունակվում են: ՀՀ-ն ՀԱՊԿ լիիրավ անդամ է՝ իր իրավունքներով եւ պարտավորություններով: Իրավունք ունի օգնություն ստանալ դաշնակիցներից: Իսկ թե ինչպե՞ս, կախված է գործողությունների ձեւաչափից, ըստ որոնց էլ որոշում կկայացվի: Բայց կարող եմ ասել, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի կողմից կստանա անհրաժեշտ աջակցությունը, որի իրավունքը նա ունի»:
Իհարկե, այս խոսքերով Ադրբեջանին ակնարկելով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ինչ-որ բաներ Թուրքիային եւս լսեցրեց, բայց դա դեռ արձանագրել չենք կարող: Իսկ անդրադառնալով Իրանի նկատմամբ հնարավոր ռազմական գործողություններին եւ ՀԱՊԿ-ի քայլերին՝ Բորդյուժան ասել է, որ լավ կլինի, որ «Իրանի նկատմամբ ռազմական հարվածներ չլինեն, բայց մենք դիտարկում ենք իրավիճակը ու քննարկում, թե փախստականներ լինելու դեպքում ինչ քայլեր ենք ձեռնարկելու: Բայց հուսանք, որ Իրանի նկատմամբ գործողություններ չեն լինի»:
Եթե հաշվի առնենք, որ Մոսկվան նաեւ Սիրիային է հայտնել իր աջակցությունը, ապա հասկանալի է, որ Հայաստանը կամա, թե ակամա կարող է ներքաշվել տարբեր հակամարտությունների մեջ: Ուստի պետք է դրան ոչ միայն պատրաստ լինել, այլեւ սեփական շահերը հետապնդելու ծրագրեր ունենալ…
Մարտին սկզբներին Նախիջեւանում կայացած Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Ահմեդ Դավութօղլուի, Ալի Աքբար Սալեհի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը ավարտվել է «Նախիջեւանյան հայտարարության» ընդունմամբ, որտեղ պատշպանվում է «մշակութային ժառանգության, երեք երկրների պատմական արմատների եւ հոգեւոր արժեքների ընդհանրությունը եւ նվիրվածությունը բարիդրացիական եւ բարեկամական հարաբերություններին»: Հաստատելով իրենց հավատարմությունը «Ուրմիական հայտարարությանը»՝ Նախիջեւանում նախարարները հաստատել են միջազգային եւ տարածաշրջանային տարբեր կազմակերպությունների շրջանակներում միջազգային եւ տարածաշրջանային կյանքի հրատապ հարցերի վերաբերյալ փոխադարձ խորհրդատվություններ անցկացնելու մտադրությունը: Կողմերը հաստատել են «Ղարաբաղյան հարցի շուտափույթ լուծման կարեւորությունը ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միջազգային մակարդակով ճանաչված պետական սահմանները հարգելու սկզբունքների հիման վրա»: Ադրբեջանը, Իրանը եւ Թուրքիան հաստատել են, որ «իրենց տարածքը ոչ մի հանգամանքների պարագայում չեն տրամադրի իրար դեմ թշնամական գործողությունների ծավալման համար»: Նաեւ մտադիր են ուժեղացնել պայքարը ահաբեկչության, կազմակերպված հանցագործության, թմրանյութերի եւ զենքի ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի, անլեգալ միգրացիայի դեմ: Բացի այդ, փաստաթղթում խոսվում է առեւտրա-տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային ոլորտների ուժեղացման պայմանավորվածության մասին: Նրանք նաեւ պաշտպանել են Մերձավոր Արեւելքում միջուկային եւ մասսայական ոչնչացման այլ զենքերի ազատ գոտու ստեղծման գաղափարները: Պատրաստ են քննարկել Բաքու-Թբիլիսի-Կարս եւ Նախիջեւան-Ջուլֆա-Թավրիզ երկաթուղիների միացման հավանականությունը:
Այս բոլոր ձեւակերպումները գրեթե ցանկություններ են, ինչը հաջորդ օրերին պետական քաղաքականության մակարդակով դրժվել է:
Հատկապես Ադրբեջանն ու Իրանը շարունակում են միմյանց մեղադրել ահաբեկչության եւ լրտեսության մեջ, նաեւ տարածքային պահանջներ են ներկայացնում: Իսկ Թուրքիան եւ Ադրբեջանը իրենց տարածքները տրամադրում են անգամ Իսրայելին՝ ռազմական փորձարկումների համար:
Այնպես որ հաջորդ՝ ԱԳՆ ղեկավարների ձեւաչափով հանդիպումը Վանում որեւէ բան լրջորեն չի փոխի:
Իսկ Հայաստանը ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ գործընկերության շրջանակներում կարող է իրապես ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում եւ հայ-հունական (կիպրական), հայ-ռուսական (ԱՊՀ-ական), հայ-իրանական, անգամ հայ-վրացական ու հայ-սիրիական հարաբերություններով չեզոքացնել հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հնարավոր վտանգները:
Վահագն Նանյան
Վրացին ռուսին դեռ սովետական է համարում
Վրաստանի ԱԳ նախարարությունը Մոսկվային մեղադրել է իր երկրի ինքնիշխանությանը «բացահայտ սպառնալու» մեջ: Ըստ վրացական կողմի, այդ վտանգը ռուս-վրացական սահմանին մոտ, Նովոռոսիյսկում ռազմական ուղղաթիռների գունդ տեղադրելու փաստն է: Գունդը Վրաստանից հեռու է ընդամենը 380 կմ, իսկ Աբխազիայից (Վրաստանն այն դեռ համարում է իր երկրի գրավյալ տարածքը) ավելի մոտ է: Թբիլիսիի անհանգստությունը պայմանավորված է ՌԴ Օդային Դեսանտի Զորքերի հրամանատար Վլադիմիր Շամանովի այն հայտարարությամբ, թե գունդը տեղադրվել է, քանի որ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում իրավիճակը բարդանում է: Խոսքը ներքաղաքական խմորումների մասին է նաեւ:
Մոսկվան կարծում է, որ «Վրաստանի հետ հարաբերությունները լարվում են: Կան նաեւ խնդիրներ Հյուսիսային Կովկասում: Ըստ երեւույթին, մենք կսկսենք գործնականում կիրառել մեր ռազմական ուղղաթիռները՝ մարտական պատրաստության ժամանակ»: Իսկ Թբիլիսին հիշեցրել է, որ անցյալ տարի Ռուսաստանը «Վրաստանի գրավյալ տարածքում» տեղադրել է օպերատիվ-տակտիկական «Տոչկա-Ու» հրթիռային համալիրը եւ «Սմերչ» հրետանային դիվիզիան: «Սմերչ»-ը զինված է ռեակտիվ համակարգերով եւ տեղակայվել է Հարավային Օսիայում գտնվող ռուսական ռազմաբազայում:
Վրաստանն այսօր պատերազմելով, պարտվելով եւ չհաշտվելով Ռուսաստանի հետ, դեռ կռիվ է տալիս իր մոտ անցյալի՝ արդեն մեռած ԽՍՀՄ-ի հետ: Վերացնում է ԽՍՀՄ բոլոր հետքերը: Այժմ էլ Աջարիայում, Բաթում քաղաքում է ապամոնտաժվել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հուշարձանը: Թբիլիսին «մաքրագործելուց» հետո, անցել են այլ վայրեր:
Հերթական հուշարձանը եւս ապամոնտաժվել է բազմաթիվ մարդկանց բողոքների ուղեկցությամբ, ուստի այն տեղադրվելու է քաղաքի ծայրամասային թաղամասերից մեկում: ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է հուշարձանը քանդելու որոշումը՝ այն գնահատելով որպես ԽՍՀՄ ժողովուրդների հիշատակը պղծելու արշավանք: Հիշեցնենք մի քանի «մաքրագործումներ»՝ 2009թ. պայթեցվեց Քութաիսիի հուշարձանը, իսկ 2010թ.՝ քանդվեցին մի քանի շրջկենտրոններում տեղադրված հարթաքանդակները եւ այլ խորհրդային հուշակոթողներ:
Հետաքրքիր է, որ խորհրդային տարիներին ամենամեծ վնասները կրել են հայերը եւ Հայաստանը, անգամ Մերձբալթիկայի երկրները ԽՍՀՄ-ին կուլ գնալով՝ կարողացան իրենց տարածքները պահպանել: Հատկապես Միջին Ասիայի հանրապետությունները ձեռք բերեցին հսկայածավալ տարածքներ եւ ստեղծեցին իրենց մշակույթը: Վրաստանն ու Ադրբեջանն էլ տարածքային եւ տնտեսական ձեռքբերումներ ունեցան, բայց ամենավիրավորված կեցվածքն ընդունել են հենց ամենաօգտվածները…
Վրաստանի դեպքում դա նաեւ հակառուսական ընդգծվածություն է ստացել, ինչն էլ, ըստ ՌԴ Օդային Դեսանտի Զորքերի հրամանատարի, «Վրաստանի հետ հարաբերությունները լարում է»:
Կարեն Բալյան
Եվրաալիքն անգամ եվրաադրբեջանցի չի կերտի
Ադրբեջանի Գուբա քաղաքում որոշակի շարունակվում են անկարգությունների վերածված բողոքի ցույցերն ընդդեմ քաղաքային իշխանությունների: Հատուկ ջոկատայինների եւ ցուցարարների միջեւ բախումների հետեւանքով տուժել են ինչպես ցուցարարներ, այնպես էլ ՆԳ նախարարության զինծառայողներ: Գուբայում զանգվածային անկարգություները սկսվել էին տեղի գործադիր մարմնի ղեկավար Ռաուֆ Հաբիբովի վիրավորական արտահայտություններից հետո այն մասին, թե գուբացիները «ծախել են իրենց մարզն ու իրենց»: Ցուցարարներն այրել էին գործադիր մարմնի շենքի հյուրասրահներից մեկը, ինչպես նաեւ գործադիրի ղեկավարի տունը: Ավելի վաղ Գուբա էր մտցվել զրահապատ տեխնիկա եւ ջրցան մեքենաներ:
Պաշտոնական Բաքուն կարող էր չանհանգստանալ այս հուզումներից, եթե Արեւմուտքում բացահայտ չխոսեին ադրբեջանական իշխանափոխոււթյան մասին: Անգամ փաստագրական տեսաժապավեններ են ցուցադրվում համացանցում, Ալիեւների՝ տարբեր երկրներում կուտակած հարստությունների եւ ունեցվածքի մասին:
Գուցե սա է պատճառը, որ Իլհամ Ալիեւը մերթ ընդ մերթ մոռանում է թշնամի Հայաստանին եւ իր գաղափարակիցներին հրահրում է հակառուսական հայտարարությունների, որպեսզի Արեւմուտքը գնահատի դա:
«Ադրբեջանի թիվ մեկ թշնամին Ռուսաստանն է,- ասել է Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն եւ հավելել,- Մոսկվան 1990-ականներին ցանկանում էր վերացնել Ադրբեջանը որպես պետություն եւ միայն ՄԱԿ-ի կողմից Ադրբեջանի անկախության ճանաչումն է փրկել իրավիճակը»:
«Ռուսաստանը միջուկային զենք ունեցող երկիր է: ՄԱԿ-ի որեւէ բանաձեւ Ռուսաստանի շահերին հակասելու դեպքում անհնար է լինում իրագործել, քանի որ հակառակ դեպքում, անխուսափելի է դառնում 3-րդ համաշխարհային եւ միջուկային պատերազմը: Արեւմուտքը միջուկային պատերազմ չի ցանկանում, եւ այդ պատճառով էլ կոչ է անում Ադրբեջանին զուսպ լինել: Լեռնային Ղարաբաղի շուրջ տարվող բանակցությունները եւ դրա հետ միասին Ռուսաստանի փլուզումը պատճառ կդառնան Ադրբեջանի տարածքային ամբողջակության վերականգմանը»:
Այսպես, ի շահ Արեւմուտքի, Բաքուն խոսում է ՌԴ փլուզման մասին, ինչը ԽՍՀՄ փլուզումից հետո Արեւմուտքի երազանքն է. «Բանակցությունների ձգձգումը ոչ թե վնաս, այլ օգուտ է Ադրբեջանին, քանի որ այդ բոլոր բանակցությունները հնարավոր համաշխարհային պատերազմը կանխելու իմիտացիոն բնույթ են կրում»,- ասել է Ադրբեջանի նախագահի ոչ պաշտոնական խորհրդականը:
Սակայն առանց հակահայ դրսեւորման՝ Ադրբեջանը չի կարող հանգիստ լինել եւ, ինչպես տեղեկացրել է Մայր Աթոռի մամլո ծառայությունը, Գերագույն հոգեւոր խորհուրդը դատապարտելի է
համարել Ադրբեջանի կրոնական առաջնորդների հակահայ հայտարարությունը: Մասնավորապես նշվել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Փաշա Զադեի նստավայրում Ադրբեջանի կրոնական համայնքների հոգեւոր առաջնորդների կողմից ստորագրված պատմական իրողություններն աղավաղող հակահայկական համատեղ ուղերձի մասին, որը վերաբերում էր Խոջալուի դեպքերին: Գերագույն հոգեւոր խորհուրդը դատապարտելի է համարել Ադրբեջանի կրոնական առաջնորդների հայտարարությունը, որը հակասում է տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումների ժամանակ ձեռք բերված համաձայնությունների եւ հանդուրժողականության ու համերաշխության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված կոչերի ոգուն: Ցավով է արձանագրվել, որ ուղերձը ստորագրվել է Ադրբեջանի կրոնական փոքրամասնությունների՝ ռուս ուղղափառ, կաթոլիկ, հրեական համայնքների առաջնորդների կողմից եւս…
Հայաստանյայց առաքելական եկեղեցու պատասխանատուները պետք է այլեւս համոզվեն, որ թուրքի կամ ադրբեջանցու խոսքը անարժեք է եղել ու այդպիսին էլ կա, իսկ գործը նենգ է եւ վտանգավոր:
Սա նաեւ հայ հանրությունը պետք է գիտակցի, որ ամեն անգամ մենք եւ այլոք չկրկնենք «թուրքը մնում է թուրք»… անգամ եթե արեւմտյան եվրաալիքի հեղափոխական հոսքը եվրաթուրք կամ եվրաադրբեջանցի «կերտի»:
Նարե Մշեցյան
«Լուսանցք» թիվ 10 (231), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



