Հանկարծ շատ չուշանանք

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար

Վարդան Օսկանյանին

Բաց նամակ


Պարոն նախարար

Սույն թվականի ապրիլի 2-ին, կեսօրին մոտ Ախալցխայի շրջանում` Ածխոր-Ախալցխա ճանապարհահատվածում պարեկային ոստիկանության աշխատակիցը հրազենային կրակոցով սպանել է Ախալցխայի բնակիչ, երկու երեխաների հայր, 28-ամյա Միշա Կիրակոսյանին: Ընդ որում՝ այդ տականքը կրակել էր թիկունքից` առանց նախազգուշացնելու: Ի՞նչ տարբերություն սրա եւ քնած հայ սպային կացնահարող Ռամիլ Սաֆարովի միջեւ: Ոչ մի: Թերեւս միակ տարբերությունն այն է, որ Սաֆարովը մեր թշնամին է, իսկ այդ տականքը` մեր «բարեկամ» վրացի ժողովրդի ներկայացուցիչը:

Պարոն Օսկանյան: Ժամանակին, երբ մենք արտահայտում էինք հարյուրավոր մտահոգ երիտասարդների կարծիքը` հայտարարելով, թե Ջավախքում իրավիճակը աղետալի է, թե երաշխավորված չէ հայերի մշակութային, կրթական ու անգամ ֆիզիկական անվտանգությունը, եւ դիմում էինք Ձեզ եւ Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանին՝ կոչ անելով հանդես գալ համատեղ մամուլի ասուլիսով ու հայտարարել, որ դուք երաշխավորում եք ջավախահայերի անվտանգությունը, շատերը մեզ ծայրահեղականության մեջ մեղադրեցին, իսկ Դուք հայտարարեցիք, որ դրա անհրաժեշտությունը չկա:

Կա’, պարոնայք: Եվ հրատապ է: Քանզի չի կարող անվտանգ լինել մեր հայրենակիցների գոյությունը մի երկրում, որի երիտասարդ նախագահի քաղաքական կուռքը հայերի դահիճ Աթաթուրքն է, եւ որի ոստիկանության ներկայացուցիչը, որն ի պաշտոնե պիտի ապահովեր բնակչության անվտանգությունը, կրակում է խաղաղ բնակչության վրա՝ ինչպես թշնամիների:

Պարոն նախարար: Մենք չենք ցանկանում մեր հայրենակիցների ու մեր ողբերգությունը վերածել քաղաքական փաստի, սակայն կրկնությունից խուսափելու այլ ելք չենք տեսնում: Ի վերջո հեղեղը առաջին կաթիլից է սկսվում:

Այսօր կրկին դիմում ենք Ձեզ՝ կոչ անելով համատեղ ասուլիս հրավիրել Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանի հետ եւ հայտարարել, որ երաշխավորում եք Վրաստանի տիրապետության ներքո գտնվող հայկական երկրամասերի հայ բնակչության անվտանգությունը:

Հարգարժան նախարար՝ դիմում ենք ձեզ ակնկալելով համապատասխան քայլեր, որոնց բացակայությունը կընդունենք որպես հույսներս միայն մեզ վրա դնելու իրողություն, իսկ այդ ժամանակ մեղավորներ փնտրելու ժամանակը անցած կլինի անվերադարձ…

Մենք սպասեցինք, որ ձերբակալված ոստիկանի վերաբերյալ «մխիթարական» տեղեկություններ կլինեն, և Ձեզ դիմելու կարիք չի լինի, սակայն այդպես չեղավ:

ՀԱՄ «Ոգու Պահապաններ» ուսանողական եւ երիտասարդական կազմակերպության խորհուրդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։