Արամազդների, Միհրերի տեղակ,
Բոցբեղ-բոցմորուք շեկ Վահագներին փոխարինելու
Եկավ մի հրեա սևմորուք-սևբեղ,
Եվ Աստղիկների, Անահիտների ու Նանեների
Երեկվա տեղում այսօր հաստատեց
Իր մորը դալու՞կ, թե՞ ամոթահար…
Մեհյանների տեղ ու բագինների,
Նրանց դեռ տաք-տաք մոխիրի վրա,
Հասակ նետեցին
Դեռևըս անծեփ և փայտակտուր աղոթատեղիք`
Իրենց խաչերը սուր մխրճելով
Նախ`սրտերի՜ մեջ,
Ապա` երկընքի’…
Ատրուշանների խուրձ – խուրձ բոցերի առատության տեղ
Կենտ-կենտ հասկերի չար աղքատությամբ
Պաղ-պաղ մոմերն են ուզում դառնալ հաց մի նոր հավատի,
Որ իրեն կոչում կամավորություն,
Բայց տարածվում է բռնությամբ անքող:
Պարույր Սևակ