Խաղում է 2-րդ եւ 3-րդ նախագահների խաղերը
Բայց ո՞վ կհաղթի վերջում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նիստում պաշտոնապես գրանցվել են 8 կուսակցությունների ու 1 դաշինքի համամասնական ընտրական ցուցակները: Խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Ժառանգություն», «Հ.Յ.Դաշնակցություն», «Հանրապետական», «Միավորված Հայեր», «Հայաստանի Դեմոկրատական» եւ «Հայաստանի Կոմունիստական» կուսակցությունները, ինչպես նաեւ «Հայ Ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքը:
ՀԱԿ-ը կռահում է, որ ընտրություններին հասել է ընտրազանգվածի եւ արտերկրի աջակիցների մեծ կորստով, ինչն իրապես կազդի ընտրական արդյունքների վրա եւ հավանական է, որ ՀԱԿ-ը չհայտնվի ԱԺ-ում: Հսկայական ընդդիմադիր զանգված ՀԱԿ-ը կորցրեց կոալիցիա-կոնգրես բանակցություններում, այնուհետեւ «Ազատ դեմոկրատներ»-ի ստեղծումով մասնատվեց եւ հիմա էլ…
ՀԱԿ-ից նոր հիասթափված լսարանի այլընտրանքը դարձել է ԲՀԿ-ն: Գուցե սրա համար էլ ԲՀԿ-ն դեռ մերժում է Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿ-ի հետ համագործակցելու առաջարկը:
Ըստ վերլուծաբանների, ԲՀԿ ցուցակի որակը բավարար չէ 50+1% ձայն ունենալու համար, ինչը հնարավոր է միայն ՀՀԿ-ի դեպքում: Եվ ԲՀԿ-ն ընդդիմադիր կեցվածք է ընդունել հենց ՀԱԿ-ի ձայները իր կողմը գրավելու համար: Անգամ սա ոչ թե ԲՀԿ-ի խաղն են դիտարկում վերլուծաբանները, այլ ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ծրագիրը՝ ՀԱԿ-ին տապալելու համար: Եվ այս տարբերակը կարծես աշխատում է:
Բայց ԲՀԿ-ի «գաղտնի ղեկավար» ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի միջոցով զուգահեռ իր խաղը ներդրեց նախընտրական պայքարում, ինչը կամա, թե ակամա հուշում է, որ ՀՀ 2-րդ նախագահը ամեն կերպ ցանկանում է տիրանալ վարչապետի աթոռին:
Եթե ԲՀԿ-ն գործեր միայն գործող նախագահի հեռահար նպատակներով, ապա նախկին արտգործնախարարի եւ նրան հարող մի քանի երկտասարդ նորաթուխ բհկ-ականների ձայները վաղուց կտրված կլինեին, բայց… այն հայտարարությունները, թե կոալիցիան ձեւական է եղել՝ Գագիկ Ծառուկյանը չի կարողանում լռեցնել: Զլմ-ներն արագ արձագանքեցին, թե իշխանություններին քննադատելիս ԲՀԿ-ն պետք է առաջին հերթին լինի նաեւ ինքնաքննադատ, հիշի հետեւյալը. ՀՀ-ում ամենակոռումպացված բնագավառի՝ առողջապահության ոլորտի պատասխանատուն Գագիկ Ծառուկյանի թիմի անդամ Հարություն Քուշկյանն է, քաղաքացիների սոցիալական վիճակի եւ զբաղվածության պատասխանատուն բհկ-ական Արթուր Գրիգորյանն է, իսկ քաղաքաշինության համար պատասխանատու է ԲՀԿ նախընտրական շտաբի պետ Վարդան Վարդանյանը:
ԲՀԿ կարկառուն դեմքերը եւս լռել են, իսկ երբ «Panorama.am»-ը փորձել է պարզաբանումներ ստանալ ԲՀԿ ղեկավարի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանից, երջինիս հեռախոսահամարն անջատված է եղել……
Իսկ ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասել է. «Եթե ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը կարծում է, որ այն կուսակցությունը, որին ինքը մեծ ոգեւորությամբ անդամակցել է, վերջին 4 տարիներին զբաղված է եղել ձեւականությամբ եւ ունեցել է դիտորդի կարգավիճակ, ապա դա իր խնդիրն է… Բայց կոնկրետ ես ավելի բարձր կարծի
քի եմ մեր կոալիցիոն գործընկեր կուսակցության մասին»: Նա խորհուրդ է տվել Վարդան Օսկանյանին (այս դեպքում նույնն է թե՝ Ռոբերտ Քոչարյանին) կոալիցիայի մասին պատկերացումների հարցով զանգահարել ԲՀԿ նախարարներին:
Դե, իհարկե, քոչարյանական «երիտասարդ գվարդիան» է արագ արձագանքել ԲՀԿ-ում նորաթխվելուց հետո:
Վահան Բաբայանը ի պատասխան Էդուարդ Շարմազանովի, արձագանքել է. «Մենք շատ լավ գիտենք՝ ում զանգահարենք եւ երբ զանգահարենք»: Հասկանալի է ու շատ պարզ:
ՀՀԿ մամուլի խոսնակը հավելել է, եթե կոալիցիա չկա, ապա իշխանական կոալիցիայի գոյության ավարտի վերաբերյալ հայտարարություններ անողներին խորհուրդ է տալիս «մի հատ էլ զանգել իրենց նախարարների աշխատասենյակներ ու տեսնել՝ աշխատո՞ւմ են, թե՝ ոչ»:
Ինչպես մինչընտրական գործընթացներն էին հավաստել, այդպես էլ եղավ. ԱԺ ընտրությունների պայքարում բախվելու են ՀՀ 1-ին, 2-րդ եւ 3-րդ նախագահների թիմերը, ինչքան էլ դա թաքնված կամ անուղղակի արվի:
Արտակ Հայոցյան
Վաճառականի մը նամակները կամ կատարյալ մարդ ըլլալու արվեստը
… Մեծ ուրախություն զգացի, լսելով, որ հնչակյան կուսակցության անդամ գրվեր եք: Ես ալ դաշնակցական արձանագրվեցա եւ Միհրանիս ալ պիտի գրեմ, որ ինքն ալ ուրիշ կուսակցության մը արձանագրվի, այս կերպով ամենքը բռնած կըլլանք:
Իթթիհատի ալ անդամ գրվելու միտք ունիմ: Պետք է ժամանակին հարմարիլ:
Աղեկ միտքս ինկավ: Քանի որ հիմա հեղափոխական կուսակցության մը անդամ եք, չե՞ք կրնար ատկե օգուտ քաղել…
* * *
Ես Ազգային երեսփոխանի պաշտոնին ու պարտականություններուն մասին որոշ գաղափարներ ունիմ, որոնց մասին կարծեմ դուք ալ համակարծիք եք:
Երեսփոխան մը, ըստ իս, պետք է անկախ դիրքի տեր ըլլա, այսինքն՝ վաճառական կամ կառավարական պաշտոնյա ըլլա, որպեսզի կարենա օգտակարապես իր պաշտոնը կատարել:
Կուսակցականներն ալ, մասնավորաբար, պետք չէ որ երեսփոխան ըլլան: Այդ մարդիկը այնքան ազգակործան սկզբունքներ ունին, որ վնասե զատ ուրիշ արդյունք մը չեն կրնար տալ:
* * *
Վերջերս մեր հայրենակիցները զիս ազգային երեսփոխան ընտրած էին եւ անցած շաբթու, առաջին անգամ ըլլալով՝ ներկա գտնվեցա ժողովին: Թեեւ զբաղումներս շատ են, բայց չուզեցի մերժել այս պաշտոնը, նախ՝ հայրենակիցներս չվիրավորելու համար եւ երկրորդ՝ որովհետեւ ես այն համոզումը ունիմ, որ մարդ ձեռքեն եկած ծառայությունը զլանալու չէ իր ազգին, մանավանդ, երբ միայն բարոյական օժանդակություն մը կը խնդրվի իրմե:
Երվանդ Օտյան
Կոչ՝ իշխանության եւ ընդդիմության դերակատարներին
Հայ Արիական Միաբանությունն իր մտահոգությունն է հայտնում մինչնախընտրական եւ նախընտրական քաղաքական ծավալումների վտանգավոր հեռանկարի առումով: Ներկա զարգացումներն արդեն նախանշում են, որ նպատակային միջամտության դեպքում հետընտրական գործընթացները կարող են առավել վտանգավոր երանգներ ստանալ:
Համաշխարհային բեւեռների, աշխարհաքաղաքական ուղղությունների ազդեցության գործակալներն այլեւս չեն սպասում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հերթական ընտրությունների ավարտին, եւ այլոց կամքին ու իրենց դերին համահունչ խառնակչություններ են սկսել ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական ոլորտներում:
Այդ մեծ ու փոքր չափանիշների գործակալները հանդես են գալիս եւ՛ ընտրացուցակներում գործող անձերի տեսքով, եւ՛ որպես չեզոք դիրքերում պատսպարված, բայց արտաքին հրահանգներին անհամբեր սպասող կամակատարներ……
Հայ Արիական Միաբանությունը, հաշվի առնելով իր ներկա սուղ հնարավորությունները, չի մասնակցում ՀՀ ԱԺ ընտրություններին, բայց չի էլ պատրաստվում դիտողի կարգավիճակում մնալ, երբ օտարներն ու նրանց գործակալները, տարբեր չափսերի խամաճիկները արդեն իսկ սկսել են նախապատրաստել «արաբական հեղաշրջումների» հայկական տարբերակի մշակումը, ինչը կարող է ծավալվել սիրիական եւ իրանական առկա տարածաշրջանային խնդիրների ծիրում:
Մեր թշնամիներն ու ոչ բարեկամները եւս սպասելու են հետընտրական գործընթացների իրենց համար նպաստա
վոր պահին, ինչը եւս մտահոգում է հայ արիներին եւ ազգայնականներին, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում եւ Սփյուռքում……
Հայ Արիական Միաբանություն կոչ է անում հայությանը, իշխանության եւ ընդդիմության գործող պատասխանատուներին՝ հեռու մնալ օտարի եւ նրանց ներդրած գործակալների (նաեւ կուսակցական գործիչների) խաղերից, որոնց մի մասի դեմքը բացահայտված է վաղուց, քանզի օգտագործվելուց հետո օգտագործվածները հայտնվելու են իրենց համապատասխան տեղում…
Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝ կամ կարգավորել ներպետական դաշինքային (եռակուսակցական) գործելակերպը, ոմանց սին ընդդիմադիր կեցվածքը կամ ցրել իշխանական կոալիցիա հայտարարվածը (եթե իրապես կան տարաձայնություններ) եւ ընտրություններից հետո, ըստ անհրաժեշտության, ձեւավորել նոր իշխանական դաշինք:
Կոչ ենք անում ընդդիմադիր ուժերին՝ զերծ մնալ արհեստական խառնաշփոթին նպաստելուց, կեղծ ընդդիմադիրների եւ կառույցից կառույց փախչողների հետ համագործակցելուց, քանզի օտարները միշտ «քավության նոխազներ» են նախապատրաստում:
Իշխանությունները ներքաղաքական եւ միջազգային խառնակչություններից երկիրը հեռու պահելու համար պարտավոր են անցկացնել հիրավի ազատ ու արդար ընտրություններ, ինչը թույլ կտա խուսափել օտարների ու նրանց գործակալների նպատակային միջամտություններից: Իսկ եթե ներքաղաքական պահանջը անհիմն ու պատվիրված կլինի, իսկ արտաքին միջամտությունները՝ անտեղի, ապա պետք է գործել արագ եւ կտրուկ, օրենքի բոլոր խստությունների կիրառմամբ, որպեսզի ծավալումները չֆինանսավորվեն դրսից եւ մի նոր «մարտիմեկյան» ամոթի առաջ չհայտնվի Հայաստանը:
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ
02.04.2012թ.
«Լուսանցք» թիվ 12 (233), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



